լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.04.2018 | հավաքների ազատություն

Իշխանությունն անցավ ռեպրեսիվ մեթոդների. 57 ցուցարար կասկածյալի կարգավիճակ ունի, 37-ը տուգանվել են

Իշխանությունն անցավ ռեպրեսիվ մեթոդների. 57 ցուցարար կասկածյալի կարգավիճակ ունի, 37-ը տուգանվել են
Հարուցված քրեական գործերի շրջանակում իշխանությունն այսօր արդեն մասսայական գրոհի է անցել ցուցարարների դեմ: Ոստիկանությունից տեղեկացանք, որ այսօր ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 91 քաղաքացի, որոնցից 37-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ հիմնականում տուգանվելով 50 հազար դրամով, իսկ 54 քաղաքացի արդեն կասկածյալի կարգավիճակ ունի ու նրանց գործերն ուղարկվել են քննչական կոմիտե:   

Հիշեցնենք, որ երեկ արդեն իսկ կար 3 ձերբակալված՝ զանգվածային անկարգություններ հրահրելու գործով, որով ձերբակալվածներին կարող է սպառնալ 3-8 տարվա ազատազրկում: Սա նշանակում է՝ իշխանությունն անցել է թե ֆինանսական, թե ուղղակի ձերբակալությունների ճանապարհով ճնշումների կիրառման:    

Քիչ առաջ դատարանը մերժեց ձերբակալված ցուցարար Տիգրան Մազմանյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը: Տիգրանի հայրը՝ Մհեր Մազմանյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած Տիգրանին երեկ են ձերբակալել, այսօր  նոր վկա են ներգրավվել գործով, որին Տիգրանն իբր հրել է: Տիգրանի հայրը եզրակացնում է, որ նա Հանրային ռադիոյի անվտանգության աշխատակից է:    

«Բա ինչի՞ չկար երեկ, երբ ձերբակալում էին: Էսօր են գտել՝ ինչի մեջ մեղադրեն: էդպես են կարում գործը Տիգրանի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Մհեր Մազմանյանը:   

Հիշեցնենք, որ Տիգրան Մազմանյանն ու անչափահաս Էրիկ Խաչատրյանը երեկ ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային ռադիո մուտք գործելու և ուղիղ եթեր պահանջելու համար:  Նրանք ձերբակալված են, ձերբակալման 72 ժամը դեռևս չի լրացել և  կասկածվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելը» և 225.1 հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը» հանցանք կատարելու մեջ։   

Հայրն այսօր տեսակցել է Տիգրանին: «Տիգրանը մեղադրանքների էդ բնորոշմամբ որևէ գործողություն չի արել: Իր արժանապատիվ մասնակցությունն է բերել հանրահավաքին, բայց էն գործողությունները, որ իրեն վերագրվում են անգամ տեսանյութերով չկան»,-ասաց Մհեր Մազմանյանը:    

Տիգրանի հանդեպ ոստիկանությունը բռնություն չի կիրառել, բայց հետապնդել ու բերման է ենթարկել քաղաքացիական մեքենայով ու քաղաքացիական հագուստով: Մինչև ձերբակալվելը Տիգրանը ընկերոջ տանն է եղել: Տանից դուրս գալուց հետո տաքսի է նստել, և կարճ ժամանակ անց իրեն ձերբակալել են ու տարել Կենտրոնի ոստիկանական բաժին:   

«Եթե մենք ապրում ենք էս երկրում, էս երկրի քաղաքացի ենք, ու ոչ թե սուս նստում ենք, այլ արժանապատվորեն բարձրաձայնում ենք էն ինչ կա, տարբեր կեղծ մեղադրանքներով հետապնդումների ենք ենթարկվում»,-ասաց Տիգրանի հայրը՝ հավելելով, որ երկու տարի առաջ ինքն էլ է կալանավորված եղել: 

«Ես շարունակում եմ իմ պայքարը: Տիգրանին փակելով կամ պատանդ պահելով, իմ մոտեցումը չի փոխվում»:    Նրա խոսքով՝ Տիգրանը «Էլեկտրիկ Երևանին» էլ է մասնակցել և պայքարում է արժանապատիվ կյանքի համար: «Գործող իշխանությունը թող տղավարի ասի՝ քաղաքականության համար եմ դատում, քո ունեցած մտքերի համար, բայց ոչ թե շինծու քերական մեղադրանքներ ներկայացնի»,-դժգոհեց Մազմանյանը՝ շարունակելով. 

«Իրենք ընդամենը գնացել են, որ Հանրային ռադիոն ծառայի հանրությանը, ոչ թե իշխանությանը: Ի՞նչ է նշանակում Հանրային ռադիոն հատուկ պահպանվող տարածք է: Հանրային ռադիոն պետք է նաև հանրությանը ծառայի, էն, ինչի համար նախատեսված է»:  

Հանրային ռադիո մուտք գործելու համար մյուս ձերբակալվածը անչափահաս Էրիկ Խաչատրյանն է, որը կասկածյալի կարգավիճակ ունի և գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։   ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը և Մանե Թանդիլյանը անձնական երաշխավորություն են ուղարկել նախաքննության մարմնին՝ խնդրելով ազատ արձակել անչափահասին, որը անձնագիր չունի ու չի կարող լքել հանրապետությունը:   

Էրիկ Խաչատրյանը 16 տարեկան է, սովորում է Զարդարվեստի պետական քոլեջում։ Նա հրաժարվել է պաշտպանից՝ հանրային պաշտպանին դիմելու համար, քանի որ ֆինանսական խնդիր կա: Այս մասին Forrights.am-ին ասաց նրա նախկին պաշտպան Թեհմինե Հովսեփյանը: Ըստ նախկին պաշտպանի՝ անչափահաս Էրիկին ոստիկանները բերման են ենթարկել երթուղայինի միջից՝ Ազատամարտիկների փողոցից։ Անչափահաս տղային տեղափոխել են Կենտրոնի քննչական բաժին, որտեղ նրան թույլ չեն տվել, որ զանգի ծնողին, տեղեկացնի։ 16-ամյա Էրիկ Խաչատրյանի հայրը հուսահատության մեջ է։ 

Այսօր որդու հետ տեսակցելուց հետո նա Aysor.am-ի թղթակցի միջոցով նա հորդորել է Նիկոլ Փաշինյանին, եթե կազմակերպում է, «մինչև վերջ պատասխանատվություն կրի» կատարվածի համար։   

«Միտինգ ա եղել, Նիկոլ Փաշինյանը չի վերահսկել, երեխեն ընգել ա հոսանքի տակ ու գնացել ա, ընգել ա կրակի բերան։։ Ընենց քրեական գործ ա հարուցված, որ ով կարդում ա, ընգնում ա գետնին»,- ասել է Էրիկի հայրը։   

Ձերբակալվել է ևս մեկ անձ` անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով : Ով է նա, հայտնի չէ: Ըստ ոստիկանության՝ վերջինիս մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են 17 մետաղյա ձողեր և 3 փայտե մահակներ:    

Հ.Գ. Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Թումանյան- Մաշտոց խաչմերուկում պետական գույքի վնասումով անկարգությունների կազմակերպածները, որոնք ընդդիմության պնդմամբ սադրիչներ են, բերման չեն ենթարկվել: 

 Մարինե Խառատյան  
2330
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: