լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
15.09.2016 | հավաքների ազատություն

կալանքը կիրառվել է զուտ քաղաքական դրդապատճառներով

կալանքը կիրառվել է զուտ քաղաքական դրդապատճառներով
Անդրիաս Ղուկասյանի պաշտպանի հայտարարությունը

Այսօր արդեն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 13.09.2016թ-ին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ հարցին հայտնել է, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացված և´ քրեական հետապնդումը և´ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն իր հիմքում ունի բավարար իրավական հիմնավորումներ, որ խափանման միջոցի ընտրության հարցում լիարժեքորեն հետևել են օրենքի համապատասխան պահանջներին և որպես վստահեցում հայտնել է, որ դատարաններն առիթ ունեցել են անդրադառնալու Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի համաչափությանը և այս պահի դրությամբ համաձայնվել են քրեական հետապնդման մարմինների դիրքորոշմանը (տես` https://www.youtube.com/watch?v=9n8_2kwgisA&feature=youtu.be, ժամը` 1:55:28 – 2:00:51 և 2:01:40 – 2:02:45): 

Այդ կապակցությամբ հանդես եմ գալիս հետևյալ հայտարարությամբ: 

ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանում» թիվ 1900 (2012) բանաձևում քաղաքական բանտարկյալ հասկացության 4 չափանիշներ են սահմանված, որոնք են. 

եթե կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և կից արձանագրություններում ամրագրված հիմնարար երաշխիքների, մասնավորապես, մտքի, խղճի, և դավանանքի ազատության, արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքների և միավորումների ազատության խախտմամբ. 

եթե կալանքը կիրառվել է զուտ քաղաքական դրդապատճառներով՝ կապ չունենալով որևէ մեղադրանքի հետ. 

եթե քաղաքական դրդապատճառներով, կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել: 

եթե քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց հետ համեմատած կալանավորվել է խտրական մոտեցման կիրառմամբ կամ եթե կալանքն արդյունք է ակնհայտ անարդար վարույթի կամ կապված է իշխանությունների քաղաքական նպատակների հետ: 

ՀՀ քննչական կոմիտեում քննվող թիվ 09107116 քրեական գործով հասարակական-քաղաքական գործիչ, «Նոր Հայաստան» շարժման խորհրդի հիմնադիր անդամ, 2013թ. նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցած և ՀՀ սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկած Անդրիաս Ղուկասյանին շինծու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով 2016թ. հուլիսի 29-ին ժամը 19:30-ից, Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, հատկապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, կոչերով, հորդորներով դրդել են հավաքվածներին գնալ դեպի Խորենացի փողոց և անմիջականորեն ստանձնել են երթի ղեկավարումը, հասնելով Նար-Դոսի փողոց` երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի Թաղ թաղամաս, որտեղ Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի կազմակերպմամբ ու ղեկավարությամբ սկսվել են զանգվածային անկարգություններ: 

Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը նույնպես հասարակական-քաղաքական գործիչներ են` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմի անդամներ: ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով», իսկ 5-րդ մասի համաձայն. «5. Սույն օրենսգրքում զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը»:  

Պարզ է, որ Անդրիաս Ղուկասյանը նման գործողություններ չի կազմակերպել, չի ղեկավարել, անգամ նման կոչերով հանդես չի եկել, այլ` հակառակը: Այսպես, Սարի թաղում 29.07.2016թ. նրա ելույթը հետևյալն է.  

«Հայրենակիցներ. Ցանկացած քաղաքական զոհ վերագրվելու է «Սասնա ծռերին»: Դա մեկ: Մենք եկել ենք այստեղ, որովհետև սա ամենամոտիկ տեղնա այն մարտական գործողությանը, որը որ հիմա այնտեղ գնումա: Մենք ունենք տեղեկություն, որ կա մարտական գործողություն, կան վիրավորներ երկու կողմից: Երեսունից ավելի վիրավորներ ունի ոստիկանությունը: Լսեք հիմա մեր գործողությունները այստեղ: Սիրելի հայրենակիցներ, մենք ստեղ ենք անզեն նրա համար, որ հոգեբանորեն ազդենք հարձակվողների վրա: Մեր նպատակն է թույլ չտալ եղբայրասպան բախում, մեր ձայնով, մեր վանկարկություններով պիտի խոչընդոտենք իրենց մարտական ոգուն, իրենց տրամադրվածությանը, ցույց տանք ոստիկաններին, որ ժողովուրդը աջակցում է «Սասնա ծռերին», դրա համար վանկարկում ենք` «Սասնա ծռեր»»: 

Հանրահայտ փաստ է, որ այդ օրը հենց ոստիկանությունն է իր շարքերում գտնվող քաղաքացիական հագուստով սադրիչների միջոցով սադրել անկարգություններ և այդ պատրվակն օգտագործելով, նաև անհամարժեք ուժ ու արգելված զենք է կիրառել հավաքի մասնակիցների, այդ թվում Անդրիաս Ղուկասյանի, ինչպես նաև հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ, ինչի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 61205016 քրեական գործը և 02.09.2016թ-ին Անդրիաս Ղուկասյանը ճանաչվել է տուժող: 

Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է և քննչական խմբի ղեկավար քննիչ Ռ. Մկրտչյանը նրան, ինչպես նաև Արմեն Մարտիրոսյանին ու Դավիթ Սանասարյանին առաջադրել է վերը նշված մեղադրանքը և երկու ոստիկանի ցուցմունքի հղում կատարելով նրանց կալանավորելու միջնորդությամբ դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ 01.08.2016թ. որոշմամբ Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի ու Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: 

Թեև Անդրիաս Ղուկասյանին կալանավորելու, իսկ գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ դատարանը հղում է կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի որոշումների այն հատվածներին, որոնց համաձայն անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը առանձին դեպքերում կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա, այնուամենայնիվ դատարանը Անդրիաս Ղուկասյանին կալանավորել, իսկ գրավի միջնորդությունը մերժել է վերացական արտահայտություններով, գործով առկա որևէ փաստական տվյալի հղում չկատարելով և դրանով չհիմնավորելով, որ Անդրիաս Ղուկասյանն ազատության մեջ մնալով կխոչընդոտի գործի քննությանը: 

Վերաքննիչ դատարանում կալանքի որոշման դեմ բերված բողոքի քննության ժամանակ նախագահող դատավորը ցույց տալու համար, որ Անդրիաս Ղուկասյանին կալանավորել են նրա ընդդիմադիր քաղաքական գործունեության համար, ավելի հեռուն է գնացել և հարցրել. – հիմա Ձեր պաշտպանները, ըստ էության նաև Դուք միջնորդում եք, որ Ձեր նկատմամբ խափանման միջոցը փոխվի, ազատ արձակվեք, այդ դեպքում էլի Ձեր այդ ընդդիմադիր գործունեությունը շարունակելու եք, թե փոփոխելու եք, թե հանուն չգիտեմ ինչի ինչ գործողություններ եք ձեռնարկելու, ասում եք չեմ խուսափի, չեմ անի, իսկ ինչ կարող եք անել: 

Նախագահող դատավորը լսելով Անդրիաս Ղուկասյանի պատասխանն այն մասին, որ իր քաղաքական գործունեության մեջ երբեք բռնությունը տեղ չի ունեցել, որ ինքը բռնության դեմ է, որ եղել է և լինելու է հետևողական իր քաղաքական գործունեության մեջ, բողոքը մերժել է, Անդրիաս Ղուկասյանին թողնելով կալանքի տակ, իր որոշման մեջ չնշելով գործի որևէ նյութ, որևէ փաստական տվյալ, որը ողջամտորեն ենթադրել է տալիս, որ ազատության մեջ գտնվելով Անդրիաս Ղուկասյանը կխոչընդոտի գործի քննությանը, սակայն նշելով, որ. «մեղադրյալի (Անդրիաս Ղուկասյանի) կողմից գրավի մուծումը սույն գործով չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ վերջինիս իրավաչափ վարքագիծը կանխորոշելու համար: Դրա մասին է վկայում նաև վերաքննիչ դատաքննության ընթացքում իր պայքարը շարունակելու մասին մեղադրյալի հայտնած դիրքորոշումը»: 

Ակնհայտ է, որ հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է պահվում իր ընդդիմադիր գործունեությունը, իր քաղաքական պայքարը չշարունակելու նպատակով: Այնուհետև առաջին ատյանի դատարանը քննության առնելով Անդրիաս Ղուկասյանին գրավով ազատ արձակելու նոր միջնորդությունը, 08.09.2016թ. որոշմամբ այն մերժել է` կրկին հղում կատարելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը և կրկին ի խախտումն այդ որոշման, չնշելով գործով առկա որևէ փաստական տվյալ, որով հիմնավորվում է, որ Անդրիաս Ղուկասյանն ազատության մեջ մնալով կխոչընդոտի գործի քննությանը: 

Այսպիսով Անդրիաս Ղուկասյանին շինծու մեղադրանք է առաջադրվել և նա կալանքի տակ է պահվում առանց կալանքն արդարացնող և գրավն անթույլատրելի համարող որևէ փաստական տվյալի առկայության, նրա ընդդիմադիր քաղաքական գործունեությանը և պայքարը խոչընդոտելու համար: 

Բացի Անդրիաս Ղուկասյանին կալանավորելը, քննիչը արգելել է նրա տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները, այդ թվում տեսակցելն իր անչափահաս դստեր և կնոջ հետ, շփումը նրանց ու լրագրողների հետ: Անդրիաս Ղուկասյանի, ինչպես նաև նրա դստեր ու կնոջ այդ իրավունքները երաշխավորված են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 16-րդ, 27-րդ, 33-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածներով, ՄԻԵԿ 5-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածներով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածով, ուստի 31.08.2016թ.-ին գրավոր միջնորդել ենք վերացնելու Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները սահմանափակող այդ որոշումը, ինչպես նաև բողոքարկման համար տրամադրել այն, կարծիք հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմինը նման արգելքներ է կիրառել Անդրիաս Ղուկասյանի ընդդիմադիր հայացքների համար, որպես նրա նկատմամբ կիրառվող պատժի տարր:

 Քննիչ Ռ. Մկրտչյանը, սակայն, առանց որևէ օրենքի հղում կատարելու 05.09.2016թ. գրությամբ տեղեկացրել է, որ «միջնորդություն» վերտառմամբ փաստաթուղթը առավել քան նման է «բախտագուշակի նամակի» և չի կարող դիտարկվել որպես միջնորդություն և վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկման առարկա դառնալ, ինչպես նաև մերժել է տրամադրել տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելանքի մասին որոշման օրինակը, նշելով. «քանզի ենթադրվում է, որ դրա վերաբերյալ ձեր եզրահանգումները լինելու են անհիմն»: 

Նշեմ, որ «Սասնա Ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո հավաքներին մասնակցելու համար Անդրիաս Ղուկասյանը երկու անգամ` 17.08.2016թ-ին և 27.08.2016թ-ին բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ 29.08.2016թ. երթին ու հավաքին մասնակցելու և ելույթ ունենալով արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելու համար ոչ միայն Սարի թաղում հարձակման է ենթարկվել և վնասվածք ստացել, այլ նաև մեղադրվում է ծանր հանցագործության մեջ ու ապօրինի կալանքի տակ է պահվում: 

Ավելին, նրան արգելվել է տեսակցություններն ու հեռախոսազանգերը, ավելին, անգամ մերժվել է այդ արգելքները սահմանող որոշումը բողոքարկելու համար տրամադրելը` զրկելով նաև Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված` կոնվենցիոն և սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության իրավունքից: Վերը նշվածները թույլ են տալիս պնդելու, որ «Նոր Հայաստան» շարժման խորհրդի հիմնադիր անդամ, 2013թ. նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցած և ՀՀ սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկած հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը քաղաքական բանտարկյալ է: 

Եթե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է համարել, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և ընտրված խափանման միջոցն իր հիմքում ունի բավարար իրավական հիմնավորումներ, որ խափանման միջոցի ընտրության հարցում լիարժեքորեն հետևել են օրենքի պահանջներին, ապա շնորհավորելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու (ընտրվելու) կապակցությամբ և հիշեցնելով 13.09.2016թ-ին ՀՀ Ազգային ժողովում ելույթի այն հատվածը, որ մինչդատական վարույթում դատախազին վերապահված լիազորությունների գործող իրավակարգավորումների վերլուծությունն ակնհայտ է դարձնում նրանց հստակ ուղղվածությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, իրավունքների անհարկի սահմանափակումների բացառմանը և, որ քրեական դատավարության օրենսգիրքը անհրաժեշտ իրավական մեխանիզմներ է սահմանում մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակող, վարույթն իրականացնող հետաքննության և նախաքննության մարմինների ապօրինի և անհիմն գործողությունները չեզոքացնելու համար, առաջարկում եմ` 

1.Անդրիաս Ղուկասյանին կալանավորելու և գրավի միջնորդությունը մերժելու մասին 01.08.2016թ. որոշման մեջ, այդ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժելու մասին 24.08.2016թ. որոշման մեջ, գրավի կիրառմամբ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի 08.09.2016թ. որոշման մեջ ցույց տալ որևէ կոնկրետ փաստի, գործով առկա որևէ փաստական տվյալի վրա հղում, որով դատարանը ողջամտորեն ենթադրել է, որ գրավի կիրառմամբ ազատ արձակվելով Անդրիաս Ղուկասյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը: Նման փաստի և փաստական տվյալի բացակայության դեպքում առաջարկում եմ Անդրիաս Ղուկասյանին կալանքից ազատ արձակել: Այդպիսի լիազորություն դատախազն ունի: 

2.Պարզաբանել. եթե ՀՀ գլխավոր դատախազը գտնում է, որ դատարաններն առիթ ունեցել են անդրադառնալու Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի համաչափությանը և այս պահի դրությամբ համաձայնվել են քրեական հետապնդման մարմինների դիրքորոշմանը, արդյոք դա նշանակում է, որ քրեական հետապնդման մարմինները Անդրիաս Ղուկասյանին կալանքի վերցնելու միջնորդություն ներկայացնելով նույնպես դիրքորոշում են ունեցել որպես ընդդիմադիր գործչի, նրան թույլ չտալ հետագա ընդդիմադիր պայքարը: 

3.Հայտնել. իրավաչափ է արդյոք քննիչ Ռ. Մկրտչյանի գրությունը, որով նա` 

1) չի քննարկել Անդրիաս Ղուկասյանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին որոշումը վերացնելու մասին միջնորդությունը, այն որակելով որպես «բախտագուշակի նամակ», 

2) մերժել է Անդրիաս Ղուկասյանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին որոշումը բողոքարկելու համար տրամադրելը. «քանզի ենթադրվում է, որ դրա վերաբերյալ ձեր եզրահանգումները լինելու են անհիմն» պատճառաբանությամբ: 

Պարզաբանեմ, որ ինչպես անձնական ազատությունը, այնպես էլ կնոջ, երեխայի, մերձավոր ազգականների հետ տեսակցելն ու նրանց, ինչպես նաև լրագրողների և այլ անձանց հետ շփվելը Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներ են և դրանց սահմանափակումը դատական պաշտպանության ենթակա է: 

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան 
Կարեն Մեժլումյան
1076
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: