Մեր մասին

Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ն հիմնադրվել է 2008թ.-ին` նախագահական ընտրություններից հետո, երբ հետընտրական զարգացումների՝ իշխանության բռնի գործողությունների արդյունքում, սպանվեցին 10 ՀՀ քաղաքացիներ և բռնության ենթարկվեցին խաղաղ հանրահավաքների բազմաթիվ մասնակիցներ:

Մարդու իրավունքներով մտահոգ մի խումբ լրագրողներ ստեղծեցին կազմակերպություն, որը հնարավորություն էր տալիս պաշտպանել մարդկանց խախտված իրավունքները հրապարակայնացման միջոցով, ի վերջո պաշտպանել մարդու իրավունքները առանց վնասելու այդ իրավունքը:

Լրատվամիջոցները հզոր ուժ են, որոնք կարող են ունենալ թե՛ դրական և թե՛ բացասական ազդեցություն տվյալ իրադարձության վրա: Լրատվամիջոցները այն կարևորագույն գործիքներն են, որոնք իրազեկում են հանրության լայն շրջանակներին մարդու իրավունքների խախտումների մասին, ինչը մոբիլիզացնում է հանրությանը և մղում պայքարի: Այս ոլորտը լուսաբանող լրագրողը պետք է կոմպետենտ լինի թեմային:

Լուսաբանման էֆեկտիվությունը սերտորեն կապված է իրավապաշտպանների, փաստաբանների հետ համագործակցության արդյունավետությունից: Իրավապաշտպան լրագրությունը պահանջում է իրավական գիտելիքներ, ցանկություն և պատրաստակամություն՝ բախվելու բազմաթիվ դժվարությունների և խնդիրների:

Լուսաբանելով այս թեմաները՝ լրագրողներն առավել հաճախ բախվում են իրավական և էթիկական խնդիրների հետ: Լրագրողը առաջին հերթին պետք է առաջնորդվի օբյեկտիվության, անկողմնակալության և հավասարակշռության սկզբունքով, պետք է առկա լինի նաև մարդուն օգնելու գիտակցումը:

Լրագրողներ Հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայքը առաջնորդվում է վերը նշված սկզբունքներով: Սա մի հարթակ է, ում կարող են դիմել ՀՀ բոլոր այն քաղաքացիները՝ լրագրողներ, ակտիվիստներ, ընդդիմադիրներ և այլոք, ում իրավունքները խախտվել են և ում համար թանկ են մարդու իրավունքները Հայաստանում:

www.forrights.am կայքի ստեղծումը հնարավոր դարձավ Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի աջակցության միջոցով 2013թ-ին:

Մեր նախագծերից մեկն է «Հաշվետու և Թափանցիկ Բանակ Քաղաքացիական Վերահսկողության Միջոցով»:

Ծրագրի նկարագրություն. Լեռնային Ղարաբաղի սահմաններին լարվածության պատճառով երկու կողմերից հաճախ զոհեր են լինում: 2014 թ., օրինակ, Հայաստանի Զինված ուժերում 46 մահվան դեպք է գրանցվել, որից միայն 26-ը պայմանավորված է եղել հրադադարի ռեժիմի խախտմամբ: Սա վերջին տարիների մահվան միջին ցուցանիշն է, բայց մահվան դեպքերի պատճառը սովորաբար միջանձնային հարաբերություններն են հայոց բանակի ներսում: Մարդու իրավունքների ոտնահարման և բանակում բռնության բազմաթիվ դեպքեր չէին բացահայտվում հասարակությանը տեղեկացնելու համար: Զանգվածային լրատվամիջոցները բանակում մահվան դեպքերի մասին որոշակի տեղեկություններ էին հրապարակում, սակայն դրանք չէին կարող արտացոլել ամբողջ պատկերը:

«Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների »ՀԿ-ն իրականացրել է Զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ լրագրողական հետաքննություն և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցեր է հարուցել դատավարության ու իրավապահ մարմինների բացակայության ժամանակ: Մեր հոդվածները խթանել են հասարակական քննարկումները, որոնք էլ իրենց հերթին ընդլայնել են քաղաքացիական գործունեությունը:

Պաշտպանության նախարարության և «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ-ի համագործակցությունը նպաստել է Զինված ուժերի թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանը` հասնելով հանրության վստահության և տարածաշրջանում լարվածության նվազեցման:

Pin It on Pinterest