լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
2.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Դատարանը ճանաչեց ցմահ դատապարտյալի իրավունքների խախտումները

Դատարանը ճանաչեց ցմահ դատապարտյալի իրավունքների խախտումները
Երևանի Ավան և Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարան օգոստոսի 1-ի նիստում աննախադեպ որոշում կայացրեց: Բավարարելով ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ապօրինի ճանաչեց Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, որով մերժվել էր փոխել նրա պատժի կրման ռեժիմը փակից կիսափակ: 

Դատարանը պարտավորեցրեց Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովին՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները: Սա նշանակում է, որ ցմահ դատապարտյալի պատժի կրման ռեժիմը Հանձնաժողովի նոր որոշմամբ պետք է փակից փոխվի կիսափակի: Բողոքի քննությունն ուղեկցվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի սուր հարցերով Տեղաբաշխման հանձնաժողովի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչներին: 
Նշենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա մայիսին մերժել է Արթուր Մկրտչյանին տեղափոխել պատժի կրման կիսափակ ռեժիմ՝ հիմնվելով 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացրած բնութագրի վրա: Մերժման համար հիմք են ծառայել հիմնականում 3 գործոններ: Քրեակատարողական հիմնարկը նշել է, թե Արթուր Մկրտչյանի հետ ուղղման աշխատանքները շարունակվում են: Բացասական երկրորդ հատկանիշը ազատազրկման 23 տարիներին 9 անգամ տույժի ենթարկված լինելն է: Ընդ որում՝ բոլոր տույժերը մարվել են: Նկատենք, որ Մկրտչյանը 9 տույժերի գերակշիռ մասն ստացել է ոչ թե պայմանավորված վարքագծով, այլ՝ հեռախոս պահելով: 

Երրորդ գործոնը Մկրտչյանի՝ չմարված 10 000 դոլար քաղհայց ունենալն է: Դատարանում ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռոբերտ Ռևազյանը կասկածի տակ դրվեց Տեղաբաշխման հանձնաժողովի դիտարկումը, թե Մկրտչյանի հետ ուղղման աշխատանքներ շարունակելը կարող է հիմք դառնալ նրա պատժի կրման ռեժիմը չփոխելու. «Անձի հետ ուղղման աշխատանքները կարող են շարունակվել մինչև պատժի կրման ավարտը: Տարբերություն չկա՝ դատապարտյալը գտնվում է փակ, թե կիսափակ ռեժիմում, այդ աշխատանքները նույն կերպ շարունակվում են: Կիսափակ ռեժիմում ուղղման գործընթացն ավելի արդյունավետ կարող է լինել»,- ասաց պարոն Ռևազյանը: Ըստ նրա՝ չվճարված քաղհայց ունենալը ևս չի կարող խոչընդոտել ռեժիմ փոխելուն. «Օրենքը չի նախատեսել, որ անձը պարտադիր պիտի չունենա իր դեմ ներկայացված քաղհայց»: 

Փաստաբանը ոչ համաչափ գնահատեց Տեղաբաշխման հանձնաժողովի դիրքորոշումը՝ 9 մարված տույժերը դնել ռեժիմի փոփոխությունը մերժելու հիմքում: Սա այն դեպքում, երբ վերջին 5 տարում ցմահ դատապարտյալը որևէ տույժ չի ստացել. «Ինքն այլևս ուղղման պրոցեսի մեջ է, քանի որ այլևս տույժ չի ստանում»,- շեշտեց Ռևազյանը:

Արթուր Մկրտչյանի բողոքի քննությունն անսպասելի շրջադարձ ստացավ, երբ փաստաբանը ծանոթացավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Տեղաբաշխման հանձնաժողով ուղարկված փաստաթղթին: Պարզ դարձավ, որ քրեակատարողական հիմնարկը Արթուր Մկրտչյանին դրական բնութագրող բազմաթիվ հատկանիշներ չի ներառել բնութագրում: Այդպիսով՝ կազմվել է դատապարտյալի մասին թերի և աղճատված բնութագիր, ինչի վրա հիմնվելով՝ Հանձնաժողովը մերժել է Մկրտչյանին: 

23 տարիների ընթացքում Արթուր Մկրտչյանը երբևէ չի առնչվել քրեական ենթամշակույթի հետ: Որոշակի հակումներ ու հնարավոր կախվածություններ չի ունեցել: Մասնակցել է զարգացման միջոցառումներին: Ունի միջնակարգ կրթություն, մարզվում է ՔԿՀ-ի մարզասրահում: Ինչպես նաև՝ հարազատների հետ կայուն կապ է պահպանում երկարատև ու կարճատև տեսակցությունների միջոցով: Պատիժը կրելու ընթացքում Արթուրը պահպանել է սոցիալապես օգտակար կապերը, և ամենակարևորը՝ դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականություն գոյություն չունի.

«Հարգելի դատարան, թվարկված փաստերը ենթադրում են, որ իմ վստահորդի կողմից որոշակի դրական վարքագիծ է դրսևորվել: Եվ այս դրական բնութագրիչները բավարար են Արթուր Մկրտչյանի ռեժիմը փոխելու համար»,- ասաց փաստաբան Ռևազյանը:«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչ փոխգնդապետ Թովմասյանն արձանագրեց, որ Արթուր Մկրտչյանի բնութագիրը դրական է: Հենց այդ հիմքով են դիմել Տեղաբաշխման հաձնաժողով: 

Եթե Մկրտչյանը դրական է բնութագրվում և 20 տարուց ավելի անցկացրել է բանտում, ինչո՞ւ է Տեղաբաշխման հանձնաժողովը բացասական որոշում կայացնում՝ հիմնվելով բնութագրում ներառված այլ հանգամանքների վրա՝ 9 տույժ, չմարված քաղհայց, աշխատանքների շարունակականություն: Դատավոր Գաբրիելյանի հարցին Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանուկյանը պատասխանեց, թե Քրեակատարողական հիմնարկը պետք է տառացիորեն ֆիքսեր, որ Արթուր Մկրտչյանը դրական է բնութագրվում. 

«Ի՞նչ է նշանակում, որ պարտադիր պետք է գրվի դրական է: ՔԿՀ ներկայացուցիչն ասում է՝ եթե դրական չբնութագրվեր, իրենք Մկրտչյանի համար Տեղաբաշխման հանձնաժողով միջնորդագիր չէին ներկայացնի: Օրենքի կոպիտ խախտում է թույլ տրվել»,- արձագանքեց դատարանը: 

Հանձնաժողովի մեկ այլ դիտարկում, թե ցմահ դատապարտյալը չի վճարել 10 000 դոլար քաղհայցը, զարմացրեց դատավորին. «Առավոտից իրիկուն Տեր Հայրի նման էս մարդու գլխին բան կարդացեք՝ գնա քաղհայցդ վճարի… է որ չունի որտեղի՞ց պիտի վճարի: Քաղհայցի առկայությունը հիմք չի մերժման, օրենքն այդպես է ասում»: Նուբարաշեն ՔԿՀ ներկայացուցիչ փոխգնդապետ Թովմասյանից դատավոր Գաբրիելյանը ճշտեց՝ փակ ռեժիմում ուղղման ի՞նչ աշխատանքներ են տարվում, որ կիսափակ ռեժիմում հնարավոր չէ շարունակել: Ըստ փոխգնդապետի՝ ուղղման աշխատանքները կիսափակ ռեժիմում ավելի արդյունավետ կիրականացվեն. 

«Փաստորեն՝ դուք եք հիմնական արգելք հանդիսանում, որ էս մարդու հետ աշխատանքներ չտարվեն: Դուք դատարանում արձանագրում եք, որ ուղղման աշխատանքներն ավելի լավ հնարավոր է կիսափակ ռեժիմում անցկացնել, բայց միաժամանակ բնութագրի վերջին մասում գրում եք՝ աշխատանքները շարունակվում են: Դա էլ հիմք ընդունելով՝ Հանձնաժողովը մկերժում է ռեժիմի փոփոխությունը: Ձեր այս նախադասությամբ թյուրիմացության մեջ եք գցել Տեղաբաշխման հանձնաժողովին»,- ասաց Արտուշ Գաբրիելյանը: 

Դատավորի աչքից աննկատ չմնաց փաստը, որ Արթուր Մկրտչյանը վերջին 5 տարում տույժ չի ստացել. «Փիլիսոփայությո՞ւն է պետք հասկանալու համար, որ մարդը դրական վարքագիծ է ունեցել: 5 տարի մարդը խելոք նստել ու ասել ա՝ էլ նարուշեննի պետք է չանեմ: Արթուր Մկրտչյանից լավ դատապարտյալ որտեղի՞ց պետք է ճարեք, էլ ո՞ւմ պետք է ուղարկեք կիսափակ, եթե ոչ Արթուրին»,- նկատեց դատավոր Գաբրիելյանը:

Արթուր Մկրտչյանը հանդես չեկավ երկարաշունչ ճառերով: Դատարանին խոստացավ, որ կիսափակ ռեժիմում շարունակելու է դրական վարքագիծ դրսևորել:Արթուր Մկրտչյանի բողոքի բավարարմամբ դատական նիստն ավարտվեց: Դատախազությունն ընդամենը 10 օր ունի բողոքարկելու դատական ակտը: Եթե դա տեղի չունենա, Տեղաբաշխման հանձնաժողովը պարտավորված կլինի կատարել դատարանի որոշումը՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները:      
6044
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Փախուստի փորձ «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկից 15.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Փախուստի փորձ «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկից

Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը փախուստի փորձ է կատարել, տեղեկությունն 
Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 13.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հնարավորություն տվեք մեր կյանքի մնացած տարիներն անցկացնել մեր ընտանիքների հետ   

Հարգարժան պարոն նախագահ, արդեն 15 տարի է, ինչ ցմահ դատապարտյալներս պայքարում ենք Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչար

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում 11.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Ամեն դեպքում, պատժախցում հայտնաբերվել է  երիտասարդի կախված դին։ Նրան օրերս էին տեղափոխել այստեղ։ 

Մեզ հայտնի դարձավ,

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: