լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.06.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Ոչինչ չի փոխվել, ինձ շարունակում են խոշտանգել բանտում». Արկադի Վարդանյան

«Ոչինչ չի փոխվել, ինձ շարունակում են խոշտանգել բանտում». Արկադի Վարդանյան
Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող քաղաքագետ, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, որին հանրությունն առավել հիշում է 2000 թվականին Հայաստանում կազմակերպած բազմահազար ցույցերից, ներման խնդրագիր է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և սպասում է պատասխանի:   

Այս մասին Forrights.am-ին ասաց 71-ամյա Արկադի Վարդանյանի կինը՝ Ելենա Վարդանյանը՝ հավելելով, որ բանտում ամեն օրը, խցում անտանելի շոգը ազդում են Վարդանյանի առողջական վիճակի վրա, որը սրտային անբավարարություն, շաքարախտ ու այլ հիվանդություններ ունի և, որ ինքն է ամուսնուն խնդրել խնդրագիր գրել: Արկադի Վարդանյանի կինը նաև նամակներով դիմել է Հայաստանի նոր ղեկավարությանը, սակայն պատասխան չի ստացել:    

Նշենք, որ Արկադի Վարդանյանը բանտում պահվում է կիսափակ ռեժիմով, մինչդեռ արդեն ավելի քան մեկ տարի օրենքով նա պետք է տեղափոխվեր կիսաբաց ռեժիմ: Քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ընկերոջ հետ ընկերոջ հորը թունավորելու նախապատրաստությանն աջակցելու մեղադրանքով: Ինքը Վարդանյանը պնդում է, որ «կեղծ քրգործով» նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իրենից վրեժ է լուծել իր ընդդիմադիր գործունեության, հրապարակային ելույթների ու բացահայտումների համար:     

Առողջական խնդիրներ ունեցող քաղաքագետը մոտ մեկուկես տարի փորձում է օգտվել կիսաբաց ռեժիմի տեղափոխվելու իր իրավունքից, սակայն ՔԿՀ ղեկավարությունը նրան մերժել էր՝ հիմնավորելով, թե չի կարող ապահովել նրա անվտանգությունը կիսաբաց ռեժիմի պայմաններում:   

Վերաքննիչ դատարանը մայիսի 21-ին բեկանել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատական ակտը, որով դատարանը ճիշտ էր համարել Վարդանյանի ռեժիմը չփոխելու՝ ՔԿՀ որոշումը: «Մենք խնդրել էինք, որ հենց Վերաքննիչ դատարանը պարտավորեցնի փոխել Վարդանյանի պահման ռեժիմը, բայց գործը բեկանվել և ուղարկել է առաջին ատյանի դատարան: Ակնկալում ենք, որ դատական նիստը շուտ կնշանակվի և դրական լուծում կլինի»,-մեզ հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:     

Փաստ է նաև, որ վճիռը բեկանվել է մեկ ամիս առաջ ու դեռ դատական նիստ չի նշանակվել: «Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչն է հապաղելու պատճառը»,-մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց «Արմավիր» ՔԿՀ-ից Forrights.am-ին դիմած Արկադի Վարդանյանը՝ շարունակելով. «Անօրինական վերաբերմունքը իմ հանդեպ շարունակվում է: Ինձ արդեն 15-րդ ամիսն է՝ զրկում են ավելի թեթև ռեժիմի տեղափոխվելու իմ իրավունքից: Այսինքն, ինձ խոշտանգում են բանտում ինձ մոտ սրտային անբավարարության առկայության պայմաններում: Սա ուղղակի բռնություն է: Բացարձակ ոչինչ չի փոխվել: Ես ինչպես նստած էի, այդպես էլ նստած եմ անհասկանալի պատճառով»,-բողոքեց Վարդանյանը:    

Քաղաքագետը կրկին պնդեց, որ ինքը քաղբանտարկյալ է և բանտում է հայտնվել շինծու գործով, որը արդար դատարանի առկայության պարագայում շատ հեշտ կբացահայտվի: «Ճաղերի հետևում էլ ինձ շարունակում են խոշտանգել, սա ինչ է, եթե ոչ՝ քաղաքական հետապնդում: Խոշտանգումները առաջին վայրկյանից մինչև էս վայրկյանը շարունակվում են»,-ասաց նա:   Չնայած Թավշյա հեղափոխությանը, ինչպես Forrights.am-ին ասաց Արկադի Վարդանյանը, հեղափոխությունը դեռ չի մտել բանտեր. Այնտեղ շարունակվում է կալանավորների պահման նույն «ահավոր պայմանների» գործելաոճը: 

«Բժշկական օգնություն ինչպես չկար, հիմա էլ չկա: Այստեղ ամենամեծ բժիշկը, որ կարող է գալ, դա բուժակն է, որը կարող է գալ և ցավազրկող սրսկել, վերջ: Այդքանով սահմանափակվում է իրենց ամբողջ բժշկությունը: Իսկ ֆելշերին էլ, որ առավոտյան կանչես, կարող է երեկոյան նոր գա կամ չգա: Այն, որ իրենք գրել են, թե ես գտնվում եմ բժշկական մշտական հսկողության ներքո, անհեթեթություն է և այս հինգ տարում չի եղել»,-մանրամասնեց բանտարկյալը:   

«Մինչև հիմա չի մեռել, չէ՞, սպասեք». Արդարադատության փոխնախարարի պատասխանը 

Վարդանյանի կնոջը   Առավել ուշագրավ է արդարադատության փոխնախարար Արթւոր Հովհաննիսյանի պատասխանը Արկադի Վարդանյանի կնոջը, երբ վերջինս հունիսի 25-ին հանդիպել է նրան և պնդել, որ բանտում ամուսնու կյանքին վտանգ է սպառնում: «Արթուր Հովհաննիսյանին ասում եմ, բա որ հիմա ինքն էդտեղ մեռնի, պատասխանում է՝ լավ, մինչև հիմա չի մեռել, չէ՞, սպասեք: Հինգ տարի սպասել եք, կարող եք մի քիչ էլ սպասել»,-պատմեց Ելենա Վարդանյանը, ով նաև տարակուսած էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թե քաղբանտարկյալների էջը այլևս փակված է Հայաստանում: 

«Ո՞նց է փակված, եթե քաղաբանտարկյալները դեռ բանտերում են ու խոշտանգվում են»,-հարց ուղղեց Ելենա Վարդանյանը:   Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Արկադի Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր բանտում, նա սրտի նոպա էր ունեցել և ուշագնաց էր եղել, սակայն ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պնդել էր, թե Արկադի Վարդանյանի ինքնազգացողություն չի վատացել, ուշագնաց չի եղել, իսկ առողջ մարդուն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն ՔԿՎ-ն չի տեսնում:   

 Մարինե Խառատյան
3979
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Պարոնա՛յք, կամ վերջ տվեք ՔԿ համակարգում առկա բեսպրեդելին կամ էլ հանդես եկեք հրաժարականներով 20.07.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Պարոնա՛յք, կամ վերջ տվեք ՔԿ համակարգում առկա բեսպրեդելին կամ էլ հանդես եկեք հրաժարականներով

Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանի նշանակումը ոչ մի դրական փոփոխություն չի բերել դատապարտյալների կյանքում: Ինչպես նախկինում, այսօր էլ դատապարտյալները բողոքում են ամենատարբեր խնդիրներից՝ ռեժիմի փոփոխության, պայմանական վաղաժամկետ ազատման, որոնք այդպես էլ լուծում չեն ստա

«Ո՞վ պետք է պատասխան տա օրենքը ոտնահարելու ու անմարդկային պայմաններում պահելու համար». Արկադի Վարդանյան 15.07.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Ո՞վ պետք է պատասխան տա օրենքը ոտնահարելու ու անմարդկային պայմաններում պահելու համար». Արկադի Վարդանյան

Չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելյան այցի ընթացքում ասաց, թե Եվրամիությունը նախկինում անարդյունավետ կերպով միլիոնավոր դոլարներ է ծախսել օրինակ դատաիրավական բարեփոխումների վրա, սակայն հեղափոխությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում այդ առումով ավելի շատ բան է արվել, Հայաստանի

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը պետք է տուն դառնար դատապարտյալների համար, բայց դարձավ տանջարան 3.07.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը պետք է տուն դառնար դատապարտյալների համար, բայց դարձավ տանջարան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակիչների համար  շուրջօրյա ջրամատակարարումը միշտ էլ արգելված հաճույք է եղել, անհաս երազ: Թեև հիմնարկն իր սեփական ջրհորն ունի, շրջակա գյուղերից անկախ, ջուրն այստեղ միշտ ժամով են տվել: Ամբողջ գիշեր և օրվա մեջ ինչ որ ժամանակահատված կտրել են: Շոգերն ընկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: