լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.02.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են
Քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությունից հետո կալանավայրերում կադրային ռոտացիաներ են  սկսվել: Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղերով փոխեց «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների պետերին: «Դատապարտյալների հիվանդանոցը», որը կալանավայրերի համակարգում ամենայուղոտ պատառն էր համարվում, այժմ ղեկավարելու է Վահան Մարգարյանը: Նա մինչ այդ  «Հրազդան» ՔԿՀ պետն էր: Իսկ հիվանդանոցի պետն էլ՝ Մանուկ Միքայելյանը, տեղափոխվեց «Հրազդան>  ՔԿՀ: 

Առաջին հայացքից կարող է թվալ, թե համակարգում շարժ կա: Իրականում հիմնարկները շարունակում են ղեկավարել նախկին ոստիկանները, սկսած գեներալ-մայոր, «Նուբարաշենի» նախկին հսկիչ Ռաֆայել Հովհաննիսյանից, որը վերջերս ՔԿՎ պետ է նշանակվել: Իրավապահ մարմինների աղմկահարույց բահայտումները, ինչպես, օրինակ, «Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալներից կաշառք ստանալու դեպքերը, կամ Գորիսի բերդում թմրամիջոցների բիզնեսը, որով զբաղվում է ԱԱԾ-ն, դաս չեն լինում:  

Օրերս ԱՆ Դավիթ Հարությունյանը կալանավայրերի վարչական ապարատ բերեց ևս մի «հին դեմքի»: Արսեն Աֆրիկյանը նշանակվեց ՔԿՎ պետի առաջին տեղակալ: Աֆրիկյանը, ինչպես և վարչության պետը, քննչական մեկուսարաններից է սկսել իր աշխատանքային կենսագրությունը, որպես ավագ «օպեր», իսկ դատաիրավական բարեփոխումների տարիներին մի քանի ՔԿՀ-ներ է ղեկավարել: 

2016 թվականի հոկտեմբերին բացահայտվեց, որ մարմնավաճառուհիներ Ալլա Կ-ն, Լուիզա Չ-ն և Դիանա Մ-ն այցելել են Աֆրիկյանի ղեկավարած հիմնարկ՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»  պահվող դատապարտյալներից մի քանիսին, որոնց թվում նույնիսկ ՄԻԱՎ վարակակիր կար: «ՑԲ»-ի առորյայում տարածված այս երևույթը նորություն չէր, և բացահայտումը համակարգի ներսում  մեկնաբանեցին որպես ԱԱԾ-ի կողմից Աֆրիկյանի «գլխին սարքելու» փորձ: Մանավանդ, որ այդ տարի, փետրվարին ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Գեորգի Կուտոյանը, որը սկսեց կալանավայրերում կարգուկանոն մտցնելու գործընթացը: 

Բայց «համակարգը» դիմադրում էր: Աֆրիկյանը, հակառակ սպասումների,  սակայն, ջրից չոր դուրս եկավ: Պաշտոնական լիազորությունների չարաշահման համար արագացված կարգով դատվեցին նրա ենթակաները՝ տեղակալ, համակարգի հին աշխատող Կարապետ Մկրտչյանն ու հերթապահության գծով պատասխանատու Խաչիկ  Խաչիկյանը: Իսկ Արսեն Աֆրիկյանը մեկ այլ կալանավայրում՝ «Աբովյանում», պետ «նստեց: » Եւ ահա, այսքանից հետո նրան նշանակվում են ամբողջ համակարգի վերահսկողությունն իրականացնողի՝ ՔԿՎ պետի առաջին տեղակալի պաշտոնում:  

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Վահան Մարգարյանը նույնպես Դավիթ Հարությունյանի վաղեմի նվիրյալներից է: Նրա առաջին պաշտոնը արդարադատության համակարգում եղել է քրեակատարողական տեսչության պետ: Պաշտոնն այս ժամանակին Դավիթ Հարությունյանը ստեղծել էր Վահան Մարգարյանին համակարգ բերել էր կալանավայրերում  իր իշխանությունն ամրապնդելու, համակարգը լավագույնս վերահսկելու նպատակով: Հետագայում նույն Դավիթ Հարությունյանն էլ այն վերացրեց: 

Համակարգում շատերն են տեղյակ, որ Վահան Մարգարյանը երկար է պայքարել համակարգի ամենայուղոտ պատառը՝ «Դատապարտյալների հիվանդանոցը» ղեկավարելու համար: Որ մի կալանավորը, կամ դատապարտյալը չի երազում հիվանդի կարգավիճակում հայտնվել: Դատապարտյալները վտանգավոր ինքնավնասումներ են կատարում՝ գդալ- պատառաքաղ են կուլ տալիս, որ բերվեն հիվանդանոց: 

2005-2007 թվականներին հիվանդանոցի պետի աշխատասենյակում  նունիսկ պահարան կար, որում հավաքում էին դատապարտյալների ու կալանավորված անձանց մարմնից հանված իրերը: Եւ ահա Մարգարյանի երազանքը իրականացավ: Նա  ղեկավարում է հիվանդանոցը՝ կալանավայր, որը բացի ռեժիմային հաստատություն լինելը, նախ և առաջ մարդասիրական առաքելություն է կատարում: Մինչդեռ գնդապետ Վահան Մարգարյանը ճանաչված է որպես կալանավոր ծեծող: Այս պահին էլ Հատուկ քննչական ծառայությունում նրա դեմ կալանավորին ծեծի ենթարկելու մեղադրանքով գործ է քննվում:

Ըստ ՀՔԾ տեղեկությունների,  2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա. Սարգսյանը ինքնավնասում է կատարել, որի պատճառով իրեն տարել են հիմնարկի պետ Վահան Մարգարյանի աշխատասենյակ: Կալանավորը ցուցմունք է տվել, որ աշխատասենյակում Մարգարյանը այլ աշխատակիցների ներկայությանմբ իրեն բռնության է ենթարկել, ոտքերով ծեծել ու հայհոյել է: Եթե հավատանք կալանավորին, «Դատապարտյալների հիվանդանոցի» նոր պետը հեռու է մարդասիրական առաքելությունից: Իրավապահ մարմնում մեր աղբյուրը հայտնում է, որ չի բացառվում, որ այս գործը «շրջվի» կալանավորի դեմ, նրան մեղադրեն սուտ մատնության համար, իսկ գնդապետ Մարգարյանին «մաքրեն»: 

Ոչ պակաս նշանավոր կենսագրություն ունի  «Հրազդան» ՔԿՀ նորանշանակ պետ Մանուկ Միքայելյանը, որը նախկին ոստիկանապետ, ապա նաև կալանավայրերի վարչության պետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է, 1999-2000 թվականներին աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որպես օպերբաժնի պետ: Այդ ժամանակ ներկայիս ՔԿՎ պետ Ռաֆայել Հովհաննիսյանը այդ հիմնարկի պետն էր: Նրանք էին տանում հոկտեմբերի 27-ի գործով օպերատիվ աշխատանքները: 

Այս մասին, թերևս, ամենապատկերավոր վկայությունը տվել է հոկտեմբերի  27-ի գործով նախկին մեղադրյալ, մեր գործընկեր Նաիրի Բադալյանը: Նա բազմիցս ներկայացրել է, թե ինչպես են իրեն խոշտանգումների ենթարկել գնդապետներ Մանուկ Միքայելյանը, Սմբատ Բուլղադարյանը: Քննչական մեկուսարանի պետը Ռաֆայել Հովհաննիսյանն էր, որը  մամուլում  հերքել է Նաիրի Բադալյանի մեղադրանքները: Նաիրի Բադալյանն այս գործով դիմել է ՄԻԵԴ և որպես փոխհատուցում 10 մլն դոլար է պահանջում Հայաստանից: 

Այսպիսով, արդարադատության ամեն նոր նշանակվող նախարարի հետ հույս է առաջանում, որ քրեակատարողական հիմնարկները վերջապես սոցիալական հաստատություններ կդառնան, որտեղ մարդկանց արժանավայել պայմաններում կպահեն, կբուժեն, կկերակրեն, կլուծեն վերջապես տարիներով արմատացած արատավոր բարքերը, որ երիտասարդ, մաքուր կենսագրությամբ իրավաբաններ կբերվեն ասպարեզ: Բայց թարմացման ժամանակը ոչ մի կերպ չի գալիս: Ինչ որ նպատակներից ելնելով, համակարգը շարունակում են պահել կարծրացած վիճակում:  

Սյուզան Սիմոնյան
1880
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում 11.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Ամեն դեպքում, պատժախցում հայտնաբերվել է  երիտասարդի կախված դին։ Նրան օրերս էին տեղափոխել այստեղ։ 

Մեզ հայտնի դարձավ,

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու 10.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցը «Արմավիր» ՔԿՀ հիասթափեցրել է այնտեղ պահվող 30 ցմահ դատապարտյալներից շատերին: Զեյնալյանը հանդիպել է ցմահականներ Արսեն Արծրունուն, Ստեփան Գրիգորյանին ու Աշոտ Մանուկյանին: Չի ընդունել 8 օր հացադուլ անցկացնող Վաղարշակ Ավետիսյանին, որը գործի վ

«Արմավիր» ՔԿՀ-ում  սրտի կաթվածից մահացել է  ցմահ դատապարտյալ Արտաշես Հովհաննիսյանը 9.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Արմավիր» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացել է ցմահ դատապարտյալ Արտաշես Հովհաննիսյանը

Քիչ առաջ Արմավիր  ՔԿՀ-ում  սրտի կաթվածից մահացավ ցմահ ազատազրկման դատապարտված Արտաշես Հովհաննիսյանը: Նա չէր բոլորել 43-րդ տարին: 

Արտաշեսը 27-րդն  ցմահականն է, որ մահանում է բանտում։ Արտաշեսը դատապարտվել էր

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: