լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
17.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

դատավորը հանրային պաշտպաններ ներգրավեց առանց «Սասնա Ծռեր»-ի համաձայնության

դատավորը հանրային պաշտպաններ ներգրավեց  առանց  «Սասնա Ծռեր»-ի համաձայնության
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 3» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Դեռ նախորդ դատական նիստին՝ ի աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների, «Սասնա Ծռեր» խմբի անդամները բոյկոտել և լքել էին նիստերի դահլիճը՝ հրաժարվելով իրենց պաշտպաններից, ինչի առթիվ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշել էր գործին հանրային պաշտպաններ ներգրավել: 

Այսօր մեղադրյալները հերթով հրաժարվեցին հանրային պաշտպաններից, պնդելով հետ վերադարձնել իրենց պայմանագրային պաշտպաններին. «Դեռ նախորդ նիստին ես Ձեզ առաջարկեցի խնայել հանրային պաշտպանների ռեսուրսը, քանի որ դա պետք է գալու Սերժ Սարգսյանի պաշտպանության համար»,- ասաց Պավլիկ Մանուկյանը: 

Պաշտպան Լուսինե Սահակյանն առարկեց նախագահող դատավորի գործողությունենրի դեմ. վերջինս առանց ամբաստանյալների համաձայնությունը հաշվի առնելու, ցանկանում էր հանրային պաշտպաններին ներգրավվել: 

«Ես պահանջում եմ, որ դատարանի դահլիճ հրավիրվեն սանկցիայի մեջ գտնվող մեր ընկերները և իրենց դիրքորոշումը հայտնեն այս հարցի վերաբերյալ»,- դատավորին դիմեց Վարուժան Ավետիսյանը: 

Դատավոր Մակյանը սանկցիայի մեջ գտնվող մեղադրյալներին հերթով հրավիրեց նիստերի դահլիճ, ովքեր ևս մեկ անգամ հայտնեցին, որ հրաժարվում են հանրային պաշտպանի ծառայություններից: Չնայած «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների անհամաձայնությանը, դատավոր Մակյանն այնուամենայնիվ հանրային պաշտպաններին ներգրավվեց գործի վարույթում՝ օդում թողնելով պաշտպանական կողմի այն դիտարկումը, որ հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը գործին ծանոթ է կիսով չափ, իսկ մյուս հանրային պաշտպան Անյուտա Մկրտչյանն ընդհանրապես գաղափար չունի քրգործի մանրամասներից: 

Դատական նիստն ընդմիջվեց, քանի որ վատացավ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկի Խանդոյանի առողջական վիճակը: Վերջինս 2 օր առաջ էր երիկամային վիրահատության ենթարկվել, իսկ Սմբատն ու Արմենն օրեր առաջ են դուրս եկել հացադուլից: Հրավիրվեց Շտապ օգնություն, համապատասխան բուժզննումից հետո նիստը շարունակվեց: Մեղադրյալների պահանջով՝ քաղաքացիների համար նախատեսված դահլիճից դատավարական դահլիճ տեղափոխվեցին պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը և Արա Ղարագյոզյանը, իսկ «Սասնա Ծռեր»-ի շտաբի պետ Մխիթար Ավետիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ հրաժարվում է պաշտպանից. «Մինչև չկատարվի պահանջս և իմ ընկերները չտեղափոխվեն  «Արմավիր» ՔԿՀ, ես պաշտպանի ծառայությունից չեմ օգտվելու»: 

Արմինե Ֆանյանը կրկին միջնորդություն ներկայացրեց, որ իր պաշտպանյալ Արմեն Բիլյանին տեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, ինչին միացան նաև մյուս պաշտպանները: Արա Ղարագյոզյանը ոչ միայն որպես պաշտպան խոսեց, այլև դիտորդական մարմնի անդամ. 

«ՔԿՀ-ում վիճակն ուղղակի սարսափելի է: Գերբնակեցման խնդիր կա, մարդիկ հերթով են քնում, մի մասն էլ քնում է սեղաններին»: 

Դատավոր Մակյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչև այսօրվա նիստի ավարտ: Դավիթ Գյուրջյանն իր հերթին միջնորդություն ներկայացրեց դատարանին, որ նիստերի դահլիճ վերադարձվի Գագիկ Եղիազարյանը, նշելով, որ ապօրինի է եղել նրա սանկցիան: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, այնինչ մեղադրող-դատախազներն առարկեցին. պնդելով, որ ամեն ինչ իրավաչափ է եղել: 

Դատավոր Մակյանն առանց քննության թողեց միջնորդությունը՝ անհիմն համարելով: Այս անգամ Արայիկ Պապիկյանն առարկեց դատավորի մի շարք անօրինական գործողությունների դեմ, մասնավորապես հիշեցրեց դատախազ Արամ Արամյանի արտահայտության անհետևանք մնալու մասին. «Մեղադրող Արամ Արամյանն իմ պաշտպանյալի նկատմամբ անպարկեշտ արտահայտություն հնչեցրեց, սակայն նրա նկատմամբ միայն նախազգուշացում սանկցիա կիրառվեց դատարանի կողմից: Ես միջնորդում եմ գործի վարույթից հեռացնել դատախազ Արամյանին»: 

Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ մեղադրող Արամ Արամյանն Արայիկ Խանդոյանին «վիժվածք» էր անվանել: Դատավոր Մակյանն այս անգամ ևս առանց քննության թողեց միջնորդությունը, այն համարելով անհիմն. «Արամ Արամյանն արդեն իսկ ենթարկվել է սանկցիայի՝ նախազգոշացման»:  

Հանրային պաշտպանները նորից դիմեցին դատարանին, հայտարարելով, որ իրենք հրաժարվում են շարունակել գործի քննությունը, սակայն դատավորը մերժեց ներկայացված միջնորդությունը: Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը կրկին ընդվզեց դատարանի որոշման դեմ, ինչի պատճառով ենթարկվեց սանկցիայի և հեռացվեց նիստերի դահլիճից ոչ ավել, քան 10 ժամով: Նախազգուշացման ենթարկվեց նաև Սմբատ Բարսեղյանը: 

Պապիկյանը կրկին առարկեց նախագահողի գործողությունների դեմ, նշելով, որ դատարանն առաջնորդվում է «կարող է»-ի սկզբունքով. «Դուք նշում եք, որ հանրային պաշտպաններին գործի վարույթից չեք հեռացնում, քանի որ կարող է կրկնվել նախորդ նիստի դեպքը և մեր պաշտպանյալները հրաժարվեն մեզնից: Դե այդ դեպքում, եկեք նրանց ձեռնաշղթաներ հագցնենք, քանի որ կարող է հանկարծ սկսեն ձեռքերով հարվածել սեղաններին: Ձեր ասածն անտրամաբանական է, հարգելի՛ դատարան»: 

Իրավիճակը հանդարտվելուց հետո մեղադրող-դատախազները շարունակեցին հրապարակել գրավոր ապացույցները, որոնք այս անգամ վերաբերում էին Ժիրայր Սեֆիլյանին պատկանող բնակարանների զննությանը: Այստեղից առգրավվել էին Սեֆիլյանի, նրա կնոջը և 2 որդիներին պատկանող համակարգիչներն ու նոթբուքերը, ինչպես նաև մի շարք թռուցիկներ և փաստաթղթեր: 

Հակոբ Ենոքյանը հազիվ էր ավարտել գործի հատորներից մեկի ընթերցումը, երբ Արմինե Ֆանյանը միջնորդեց հետաձգել գործի քննությունը, քանի որ Արմեն Բիլյանն իրեն վատ է զգում.  

«Դատարանի դահլիճում ցուրտ է, իսկ իմ պաշտպանյալը նոր է հացադուլից դուրս եկել և ստանում է համապատասխան ներարկումներ, իսկ այստեղ իրեն թույլ է զգում»: Դ

ատավոր Մակյանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, իսկ Արմեն Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխման հարցի քննարկումը թողնեց հաջորդ նիստին: 

Քրեական գործի վարույթը կշարունակվի հունվարի 24-ին: 

 Ռոզա Վարդանյան
1433
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ) 28.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ)

Հարցազրույց  ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի հետ 

Արթուր, խոսենք վաղաժամկետ  ազատման  հետ կապված խնդիրների մասին, ինչից ամենաշատն են բողոքում դատապարտյալները և մենք էլ գիտենք, որ այն բավարար

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով 26.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: Համենայն դեպս, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը:

Ըստ

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը 19.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը

 Քիչ առաջ  40 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին մեզ հայտնեցին նրա բարեկամները:  Երեկ՝ հացադուլի 39-րդ օրը Արկադի Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ տեղեկացրել էր, որ պաշտպանյալն անգամ հրաժարվել է ջրից. «Այսօր նա նաև ջրից

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: