լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
17.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Կարո Եղնուկյան․ դասական քաղբանտարկյալը (տեսանյութ)

Կարո Եղնուկյան․ դասական քաղբանտարկյալը (տեսանյութ)
Կարո Եղնուկյանը՝ ժողովրդավարական արժեքների տարածող 

«Կարո Եղնուկյանը մեկն է քաղաքական դրդապատճառներով կալանավորված տասնյակ անձանցից, ում անվերապահորեն կարելի է քաղկալանավոր կոչել»,- Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը այս պնդումն անելիս ակնթարթ անգամ չի վարանում։ Վաղեմի ընկերը ճաղերից այն կողմ հայտնվել է Սասնա ծռեր խմբավորմանն աջակցելու մեղադրանքով, ինչն ըստ Հայրիկյանի, շինծու պնդում է․ 

«Սա, կարծում եմ, հակահայկական դավադրության օղակներից մեկն է․ դրանով ուզում են Հայաստան վերադառնալու, այն կայացնելու և հզորացնելու տրամադրված հայ մարդկանց վախեցնել»,- ԱԻՄ առաջնորդը վստահ է, որ Հայաստանի իշխանությունը պետության թշնամիների կամակատարն է և Եղնուկյանի նմաններին ազատազրկելով՝ իրականացնում է «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» ծրագիրը։ 

Հիմնադիր խորհրդարանի անդամ, ընդդիմադիր գործիչ Կարո Եղնուկյանն ու Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի ընկերությունը 30 տարվա պատմություն ունի։ Ծանոթացել են 1988 թվականին՝ Նյու Յորքում։ Այն ժամանակվանից Եղնուկյան ընտանիքը ողջ կազմով միացել է Հայաստանի անկախության համար պայքարող Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ին։ 1989 թվականին Կարո Եղուկյանը որպես օգնական և որպես թարգմանիչ ուղեկցում էր Վաշինգտոնում սենատորների և կոնգրեսականների հետ հանդիպումներ ունեցող Հայրիկյանին։ 

2009 թվականը Եղնուկյանների համար դառնում է վերադարձի տարի․ Եղնուկյանն ու Հայրիկյանը միասին էին նաև 2013 թվականի նախագահական ընտրությունների և 2015-ի Սահմանադրական փոփոխությունների շրջանում։ Հեռվից հայացք նետելով Կարո Եղնուկյանի քաղաքական և քաղաքացիական պայքարի ընթացքին, Պարույր Հայրիկյանը անառարկելի է համարում մեկ փաստ՝ նա երբեք չի առաջնորդվել նեղ անձնական, շահադիտական նկատառումներով՝ ո՛չ որպես ԱԻՄ-ական, ոչ էլ որպես քաղաքացի․ 

«Նա օրինակելի մարդ է նաև որպես հայ, ով հասկանում էր, որ հայ մարդը պետք է ապրի ու գործի Հայաստանում»,- այս գիտակցումը Կարող Եղնուկյանն ապացուցեց իր և իր ընտանիքի օրինակով, նշում է Պարույր Հայրիկյանը․ «Իր պատվական հայրիկի՝ երջանկահիշատակ Հակոբ Եղնուկյանի վարքը շարունակելով՝ Կարոն մշտապես օգնության ձեռք էր մեկնում կարիքավորներին»։    

Վհուկների որս և անազատության 18 ամիսներ 

Սասնա ծռեր խմբի կողմից ոստիկանության Էրեբունու պարեկապահակային գնդի գրավումով Հայաստանում վհուկների յուրատեսակ որս սկսվեց։ Հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում չեզոքացրին ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներին՝ առանց իրավական հիմնավորումների նրանց զրկելով ազատությունից՝ ոստիկանության զորամասերը վերածելով կոնցլագերների։ Բերման ենթարկված մարդիկ, որոնց բախտ վիճակվեց կրկին ազատության մեջ հայտնվել, հետագայում պատմեցին, որ ոստիկանների ձեռքից առանց խոշտանգումների դուրս գալն արդեն իսկ մեծ բախտավորություն էր։ 

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին իրավապահ մարմինները աչքի տակ առել էին դեռ վաղուցվանից, երբ նա բողոքի այս կամ այն միջոցառման էր մասնակցում։ 2016-ի հուլիսի 17-ի առավոտյան, երբ Եղնուկյանների ընտանիքը դեռ քննաթաթախ էր, բնակարանի դուռը ուժգին թակում են․ անսպասելի հյուրերը Ազգային անվտանգության ծառայությունից էին։ Եղնուկյանի դուստրը՝ Էլմոնը, այդ օրը լավ է հիշում․ դռան թակոցներից իրենք լարվել էին՝ չգիտեին, թե ԱԱԾ աշխատակիցներն այս անգամ ինչ անակնկալ են պատրաստել իրենց համար։ Նրանք եկել էին Կարո Եղնուկյանի հետևից, բայց չունենալով դատարանի որոշում՝ հեռանում են։ 

Սասնա ծռեր խմբի համակիրները հուլիսի 17-ին հաջորդած օրերին բազմամարդ ակցիաներով ողողում են Երևանի փողոցները։ Փակվում է Խորենացի փողոցը, որը դառնում է հանրահավաքների անցկացման հիմնական վայրերից մեկը։ Ցուցարարների շարքերում Կարո Եղնուկյանը չկար։ Դուստրը՝ Էլմոն Եղնուկյանը հիշում է, որ հայրը զերծ էր մնում հանրահավաքներին մասնակցելուց, կանխավ գուշակելով, որ դա իր դեմ է օգտագործվելու։ Եղնուկյանն ակտիվ էր միայն սոցցանցերում։ Այդուհանդերձ, հուլիսի 18-ին Կարո Եղնուկյանը բերման է ենթարկվում, ու նույն օրն ազատ է արձակվում, սակայն հաջորդ օրը նրա բնակարանում, ավտոմեքենաներում և ավտոտնակներում խուզարկությունները տևում է շուրջ 10 ժամ։ Հայտնաբերվում ու ԱԱԾ շենք են տեղափոխվում կասկածելի էին թվացած համակարգիչներ, կրիչներ ու թռուցիկներ։ Բերման է ենթարկվում նաև Կարո Եղնուկյանը, որը հուլիսի 22-ին կալանավորվում է։  

Նրան մեղադրանք է առաջադրվում Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ պատանդ վերցնելու և շենք-շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու հատկանիշներով։ Կալանավորված Եղնուկյանի ու նրա ընտանիքի տեսակցություններն արգելվում է տևական ժամանակով։ 

 2017 թվականի աշնանը Հայաստանում մեծ շուքով և աղմուկով անցկացվում էր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը։ Հայրենիք էին ժամանել հարյուրավոր սփյուռքահայեր։ Կարո Եղնուկյանի ընտանիքը՝ կինն ու 5 երեխաները որոշում են համաժողովի սփյուռքահայ մասնակիցներին տեղեկացնել Հայաստանում քաղաքական հալածյալների մասին։ Արմենիա Մարիոթ հյուրանոցի բակում թռուցիկներ բաժանելիս Եղնուկյաններին են մոտենում ոստիկանները և բռնի ուժի կիրառմամբ ընտանիքին բերման ենթարկում ոստիկանության բաժին։ 

Ինչպես հետո է պարզ դառնում՝ Կարո Եղնուկյանի անչափահաս երեխաներն ու կինը կասկածվում էին Հանրապետության հրապարակում ռումբ տեղադրելու մտադրության մեջ։ Էլմոն Եղնուկյանը պատմում է, որ ոստիկանության բաժանմունքում իրենց խուզարկել են «անմակարդակ ձևով»․ «Ռումբ տեղադրելու մասին իրենց ունեցած օպերատիվ տվյալները շինծու էին։ Այնպես էին մեզ հետ խոսում, կարծես՝ բակում ինչ-որ թեմա ենք քննարկում՝ քուր ջան, չի կարելի․․․ մակարդակի վրա»։ Եղնուկյանի դուստրը վստահ է, որ բերման ենթարկելու հիմնական նպատակը իրենց ահաբեկելն ու ճնշումներ բանեցնելն էր: 

Գրեթե 10 տարի Հայաստանում քաղաքացիական ակտիվ գործողությունների մասնակցող Եղնուկյան ընտանիքը մշտապես իրավապահների  ուշադրության կենտրոնում է եղել։ Կարո և Ռուզաննա Եղնուկյանները Մաշտոցի պուրակի, Փակ շուկայի ակցիաների ակտիվ մասնակիցներն էին։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած Նախախորհրդարանի և Հիմնադիր խորհրդարանի կազմում ընտանիքն անցավ ակտիվ քաղաքական պայքարի միջով։ Որպես Արցախ ուղևորվող ավտոշարասյան մասնակիցներ՝ Բերձորում իրենց մաշկի վրա զգացին ոստիկանական ծեծուջարդն ու ահաբեկումները։ 

Շատերը կհիշեն 2016 թվականի մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի անցկացված քաղաքական ակցիան, որի ժամանակ ցուցարարների և ոստիկանության միջև բախման արդյունքում ճակատային հատվածում վնասվածք ստացավ Ռուզաննա Եղնուկյանը։ Նա անգամ տեղափոխվել էր Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ականատեսները պնդում էին, որ Եղնուկյանի կնոջը վիրավորել է ոստիկաններից մեկը՝ ոտքով հարվածելով նրա գլխին։ Քրեական գործի շրջանակում, չնայած առկա տեսանյութին, մեղավոր ոստիկանը չհայտնաբերվեց։ 

Եղնուկյանների դուստրը՝ Էլմոնը վստահեցնում է, որ քաղաքական հետապնդումներն իրենց չեն վախեցնում, բայց հիասթափեցնող է ոստիկանության բիրտ վարվելակերպը քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ հայտնի քաղաքացիների նկատմամբ․ «Ոստիկանությունն էս իշխանությունների ամենաուժեղ գործիքներից մեկն է, իհարկե՝ բացասական իմաստով։ Կա հիասթափություն․ երբ արտասահմանում ես ապրում, Հայաստանի մասին այլ կարծիք ունես, որ այստեղ ջերմ միջավայր է, մտերմություն ես զգում Հայաստանի ու հայաստանցիների նկատմամբ։ Բայց երբ գալիս ու տեսնում ես, թե ժողովրդի նկատմամբ ինչ է կատարվում, իշխանությունն ու ոստիկանությունը քաղաքացիներին ոնց են վերաբերվում, դա մեծապես հիասթափեցնում է»,-ասում է Էլմոն Եղնուկյանը, հուսալով, որ դատական համակարգը փոքր-ինչ անկախ կգտնվի և 18 ամիս անազատության մեջ գտնվող հայրը կարդարացվի։   

Սա արդարադատության նկատմամբ ծաղրուծանակ է 

Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացի Կարո Եղնուկյանի գործը քննվում է Սասնա ծռերի գործի հետ նույն վարույթում։ Այսպես կոչված 11-ի գործով դատավորը Արտուշ Գաբրիելյանն է։ Գործը քննվում է Էրեբունու դատարանում, բայց նիստերը տեղի են ունենում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում։ Այս պահին ապացույցների հետազոտման փուլն է ընթացքի մեջ։ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը գտնում է, որ իր պաշտպանյալի գործը պետք է առանձնացվի Սասնա ծռեր խմբի գործից ու քննվի առանձին։ 

Գործում Եղնուկյանի մասով քիչ նյութեր են առկա, և եթե նրան առնչվող ապացույցները հետազոտվեն ընդհանուր կարգով, կստացվի, որ առնվազն երկու տարի Եղնուկյանն անազատության մեջ սպասելու է իր հերթին։ Սասնա ծռերի 10 անդամների վերաբերյալ 45 հատոր նյութ կա, որի սպառումից հետո միայն կսկսվի Եղնուկյանի մասին հետազոտությունը։ Սա այն դեպքում, երբ նրան նույնիսկ կալանավորելու հիմքեր չկան, առավել ևս՝ ազատազրկելու։ 

 Ըստ գործի նյութերի՝ 2016-ի հուլիսի 17-ին Կարո Եղնուկյանը հեռախոսով խոսել է Էրեբունու ՊՊԾ գնդում գտնվող Վարուժան Ավետիսյանի և Արամ Հակոբյանի հետ։ Այս 5-6 հեռախոսազրույցները, ինչպես հետագայում է պարզվում, Եղնուկյանի համար դարձան ճակատագրական, քանի որ դրանք դրվեցին  մեղադրանքի հիմքում։ Դատախազության տրամաբանությամբ՝ Վարուժան Ավետիսյանի հետ հեռախոսային խոսակցության փաստն արդեն նշանակում է, որ Կարո Եղնուկյանը նրան օգնել է ոստիկան պատանդներ պահել։ Փաստաբանի գնահատմամբ՝ աբսուրդն այն է, որ Վարուժան Ավետիսյանին ոստիկան պատանդներ պահելու մեջ չեն մեղադրում․ 

«Ինչպե՞ս ինքը պետք է օժանդակեր Վարուժան Ավետիսյանին, որ նա ոստիկան պատանդ պահի, եթե Ավետիսյանին դրանում չեն մեղադրում։ Սա արդարադատության նկատմամբ ծաղրուծանակ է»,- ասում է Տիգրան Հայրապետյանը։  

Կարո Եղնուկյանին ներկայացված երկրորդ մեղադրանքը շենք-շինություններ գրավված պահելն է։ Մեղադրողը կրկին որպես հիմնավորում է բերել Վարուժան Ավետիսյանի հետ հեռախոսային խոսակցությունը, ու կրկին այն դեպքում, երբ Ավետիսյանին այդպիսի մեղադրանք ներկայացված չէ։ «Հեռախոսային զրույցից բացի չկա որևէ ապացույց։ Անձը ունի խոսքի ազատության դրսևորման իրավունք, կարող է նույնիսկ չափն անցնել, վիրավորել մյուսին և այլն, բայց սա չի նշանակում, որ դա կոնկրետ գործողություն է։ Սրանից բացի՝ Եղնուկյանը պետք է այլ բան կատարած լինի, որպեսզի օժանդակություն դիտվի»,- պարզաբանում է փաստաբան Հայրապետյանը։  

Մեղադրանք առաջադրելիս Դատախազությունը հիմնվել է նաև Կարո Եղնուկյանի ու Արամ Հակոբյանի հեռախոսազրույցի վրա։ Եղնուկյանը հարցրել է Հակոբյանին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ոստիկանների փոխանցած սննդից Սասնա ծռերը թունավորվել են։ Իմանալով, որ միայն մեկ հոգի է թունավորված, Եղնուկյանն այդ մասին ասել է կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին։ Վերջինս ամուսնուն հարցրել է՝ անհրաժե՞շտ է հերքել այդ ինֆորմացիան, Կարո Եղնուկյանը պատասխանել է՝ ոչ, կարիք չկա։ Փաստաբանն ասում է մեղադրանքի կողմը վերցրել է այս դրվագը, և պնդել, թե Կարո Եղնուկյանն այդպիսով նպաստել է իրավապահներին հեղինակազրկող տեղեկատվության տարածմանը․  

«Ծիծաղելի է, թե ինչպես են այս դրվագներն իրար կապել։ Հստակ է, որ Կարո Եղնուկյանը չուներ այդպիսի տեղեկատվությունը հերքելու պարտականություն։ Անհիմն ու անհեթեթ մեղադրանք է առաջադրվել,- վստահ է փաստաբան Տիգրան Հայրապետյանը,- նույնիսկ եթե Եղնուկյանը հեղինակազրկել է իրավապահներին, դա ի՞նչ կապ ունի Սասնա ծռերին օժանդակելու հետ»։  

Հայաստանի դատարանները բազմիցս քննել ու մերժել են Կարո Եղնուկյանի կալանքը վերացնելու պաշտպանական կողմի միջնորդությունները Հաշվի առնելով Եղնուկյանի՝ ԱՄՆ քաղաքացի լինելը, քննիչը եզրակացրել է, որ նա կարող է փախուստի դիմել և այդպիսով կալանքի անհրաժեշտություն է տեսել։ Այդ վարկածը հերքելու նպատակով պաշտպանական կողմը Եղնուկյանի ամերիկյան անձնագիրը կամովին հանձնել է իրավապահներին, բայց դա էլ բավարար չի եղել։  

Փախուստի անհեթեթ վարկածը հերքելու նպատակով Կարո Եղնուկյանը դատարանին 1 միլիոն դոլարի գրավ է առաջարկել։ Ներկայացվել է նաև 40-ից ավելի անձնանց՝ պատգամավորների, իրավապաշտպանների, հեղինակավոր գործիչների կողմից ստորագրված երաշխավորագիր։ Այդուամենայնիվ, դատարանը նորից մերժում է Եղնուկյանի կալանքը վերացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Կարո Եղնուկյանի կալանավորման 18 ամիսների ընթացքում նրա մեղավորությունը հաստատող որևէ ապացույց գործում այդպես էլ չհայտնվեց։ 

«Կարո Եղնուկյանը դասական քաղբանտարկյալ է և ամբողջովին համապատասխանում է Եվրախորհրդի 1900 բանաձևի՝ քաղբանտարկյալ տերմինին վերաբերող չափանիշներին»,- ասում է փաստաբան Հայրապետյանը, որին Սասնա ծռերի գործի ներկա ընթացքը հույս չի ներշնչում, որ ի վերջո Կարո Եղնուկյանը կարդարացվի․ «Կարո Եղնուկյանը այս պահին պատիժ է կրում՝ չմեղադրվելով իրական հանցագործության մեջ՝ ցավն այն է, որ դա կարող է տևել երկար տարիներ»։ 

Անարադարությունը՝ հիվանդության պատճառ  

Անարդարության զգացողությունից Կարո Եղնուկյանի մոտ ծանր հիվանդություն է առաջացել՝ էպիզոդային խրոնիկ հիպերտոնիա։ Որոշակի պահերի և էպիզոդների հետ կապված նրա արյան ճնշումը բարձրանում է մինչև 260, մեծանում է սրտի զարկերի հաճախականությունը՝ մինչև 165։ Սասնա ծռերի գործով առաջին 5 դատական նիստերին շտապօգնության ավտոմեքենան մշտապես դատարանի բակում էր՝ գալիս էր Եղնուկյանի հետևից ու տանում հիվանդանոց։ Վերջերս վիճակը սրվել է, ու թեև Եղնուկյանը բերվում է դատարան, չի մասնակցում նիստերին՝ մնալով նկուղում։ 

Դատարանը փաստաբան Տիգրան Հայրապետյանին թույլատրել է կալանավայր՝ Կարո Եղնուկյանի մոտ հոգեբան տանել, որը կզննի ու նրա վիճակին գնահատական կտա։ Բայց  Քրեակատարողական վարչությունն անտեսում է դատարանի դիրքորոշումն ու թույլ չի տվել հոգեբանի մուտքը հիմնարկ․ 

«Սա է պետության վերաբերմունքը Կարո Եղնուկյանի նկատմամբ։ Անգամ կյանքի ու մահվան արանքում գտնվող հարցը անտեսվում է պետության կողմից այն դեպքում, երբ դատարանն արդեն թույլ է տվել»։ 

Հոգեբանի եզրակցությունն անհրաժեշտ է Եվրոպական դատարան դիմելու համար, որպեսզի վերջինս Կարո Եղնուկյանի առողջական վիճակի հետ կապված հրատապ միջոցառումներ ձեռնարկի։ Իր դեմ իրականացվող անարդարություններին Կարո Եղնուկյանը հանգիստ է վերաբերվում և ապագայի նկատմամբ մեծ հույսեր ունի։ 

Տիգրան Հայրապետյանն անկեղծանում է՝ իր համար պատիվ է Եղնուկյանի նման պաշտպանյալ ունենալը, բայց և ծանր է ամեն անգամ մտնել խուց ու նրան գտնել անօգնական վիճակում: 

«Ամեն տեսակցության ժամանակ մեղավորության զգացում եմ ունենում, բայց տեսնում եմ, որ նա ուրախ է և ունի աշխատանքային տրամադրություն։ Գրքերով ու տետրերով զինված գալիս է, գործի ընթացքի մասին իր դատողությունները հայտնում։ Նրա հետ շփումից փոխվում է աշխարհայացքս, մարդկանց նկատմամբ մոտեցումներս։ Նույնիսկ ինքն է ինձ հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու․․․»։ 

 Ռոբերտ Անանյան
3981
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
եթե դատապարտյալին չեն բուժում, պետք է ազատ արձակեն 16.02.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

եթե դատապարտյալին չեն բուժում, պետք է ազատ արձակեն

2018 թ.-ի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ընթացիկ հաշվետվությամբ  դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են 5.02.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են

Քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությունից հետո կալանավայրերում կադրային ռոտացիաներ են  սկսվել: Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղերով փոխեց «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների պետերին: «Դատապարտյալների հիվանդանոցը»

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին 29.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին

ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի ազատումը որևէ կերպ չպարզաբանվեց հանրության համար:   ՔԿՎ նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ներկայացնելու առթիվ արդարադատության նախարարության կայքի լուսանկարներից երևում էր, որ Օսիկյանը չէր գնացել հրաժեշտ տալու իր նախկին

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: