լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
20.11.2014 | սեփականության իրավունք

Հայաստանում «կեղտոտ ձեւով» կողոպտել են ռուս գործարարներին

Հայաստանում «կեղտոտ ձեւով» կողոպտել են ռուս գործարարներին
«Ես ու Վիկտորը 12 տարվա ընկերներ ենք եղել, նա նույնիսկ իմ մոր թաղման արարողության ժամանակ խաչն էր տանում առջեւից…ես չէի կարող պատկերացնել, որ նա ինձ այսքան կեղտոտ ձեւով «կքցի»»,- ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը մինչ օրս ցավով ու հուզմունքով է խոսում իր նախկին ընկերոջ մասին: 

Վիկտոր Տեր-Հովսեփյանը Սովետական Հայաստանի գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին է: Երբ Ալեքսեյը հասկացել է, որ ընկերը յուրացրել է իր ունեցվածքը, խոսել է Վիկտորի եւ նրա հոր հետ: «Մեր առաջին խոսակցության ժամանակ Սուրեն Օսիպովը հստակ հասկացրեց, որ եթե ես փորձեմ պայքարել իր որդու դեմ, ինքը ինձ կոչնչացնի»,- «ForRights.am»-ին ասաց Կորեպանովը: 

Վիկտոր Տեր-Հովսեփյանը Ալեքսեյ Կորեպանովի հետ ընկերություն է արել ավելի քան 10 տարի, տեսել է, որ վերջինս մեծ գումարներ ունի, բարեգործությամբ է զբաղվում նաեւ Հայաստանում, որոշել է նրան ներքաշել հայաստանյան բիզնեսի մեջ: 

«Վիկտորն ինձ ասաց, թե մայրս Արամի 38 հասցեում տուն եւ հողամաս ունի եւ առաջարկեց միասին այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցել: Ես համաձայնեցի եւ այդ նպատակով ստեղծեցինք «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 50%-ը պատկանում էր ինձ, իսկ մյուս 50%-ը Վիկտորը մորը, քանի որ նա պետք է իր անշարժ գույքը ներդներ բիզնեսում եւ ես գումար»,- պատմում է Ալեքսեյ Կորեպանովը: 

Երբ վերջինս 2005 թվականին այցելում է Երեւան, պարզվում է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի մորը «պատկանող» տարածքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատական կարգով եւ այն չի կարող ներդրվել բիզնեսում: 

Վիկտոր Տեր-Հովսեփյանը Կորեպանովին համոզում է Արամի 38-ի փոխարեն տարածքներ ձեռք բերել Կասկադի հարեւանությամբ եւ դրա համար Կորեպանովից եւ մեկ այլ ռուս ներդրողից՝ Դմիտրի Կոտովից վերցնում  է գրեթե 230 միլիոն դրամ գումար: Ներդրված գումարների դիմաց Կոտովը դառնում է «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետեր: 

Հետագա բոլոր գործարքները կնքվել են առանց Ալեքսեյ Կորեպանովի անմիջական մասնակցության, քանի որ վերջինիս մայրը քաղցկեղով հիվանդ է եղել եւ ռուս գործարարը չի կարողացել հաճախակի այցելել Երեւան, անգամ փաստաթղթերն է ստորագրել առանց մանրամասն ծանոթանալու եւ պայմանագրերի բովանդակության մեջ խորանալու: 

«Ես վստահել եմ Վիկտորին, քանի որ վաղեմի ընկերներ էինք: Բացի այդ, գործով զբաղվում էր նաեւ փաստաբանական գրասենյակը, որը եւս լրացուցիչ հանգամանք էր իմ վստահությունը շահելու համար»,- ասում է Ալեքսեյ Կորեպանովը: 

Վիկտոր Տեր-Հովսեփյանը, օգտագործելով այն փաստը, որ նախկին օրենսդրության համաձայն Հայաստանում օտարերկրացիները չեն կարող հողատարածքներ ձեռք բերել, Կորեպանովին համոզել է, որ ձեռք բերված տարածքները գրանցեն Հայաստանի քաղաքացիների անունով: 

«Բացի այդ, Վիկտորը միշտ ասում էր, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք կխլեն ինձնից իմ ունեցվածքը, դրա համար ավելի լավ է գրանցել դա ՀՀ քաղաքացու անունով»,- հիշում է Ալեքսեյը: «Խաբեությունը հենց այստեղ է բացահայտ դառնում: Եթե անհնար էր տարածքները գրանցել ռուս գործարարի անունով, ինչու Վիկտորը դրանք չի գրանցում 

«Անսուր Ինվեստի» վրա, չէ որ իրենք արդեն ՍՊԸ էին բացել Հայաստանում,- բացատրում է փաստաբան Մկրտիչ Դավթյանը: - Պարզ է, որ կողմնակի անձանց վրա սեփականություն գրանցելը ունեցել է մեկ նպատակ, որպեսզի Տեր-Հովսեփյանը հետագայում յուրացնի այդ սեփականությունը»: Եվ հենց այդպես էլ եղել է: 

Վիկտոր Տեր-Հովսեփյանը կողմնակի անձանց «խաղից դուրս թողնելու համար» Ալեքսեյ Կորեպանովին համոզել է գնել նրանցից՝ Կասկադի հարակից տարածքի նկատմամբ ունեցած իրավունքները: Գնումն իրականացնելու համար գործի մեջ է մտել մեկ այլ ռուս գործարար՝ Դմիտրի Աֆոնինը, ով Վիկտոր Տեր-Հովսեփյանին է վճարել 410 միլիոն դրամ՝ ապագայում կառուցվելիք շենքի 21% մասնաբաժինը ձեռք բերելու համար: 

Վիկտոր Տեր-Հովսեփյանը Աֆոնինից ստացած գումարից 272 միլիոն դրամը փոխառություն է տվել «Անսուր Ինվեստին»: Այդ գումարը Աֆոնինի կողմից ներդրումն էր բիզնեսում, սակայն Տեր-Հովսեփյանը գրանցել է փոխառության պայմանագիր եւ այժմ դատարանի միջոցով ՍՊԸ-ից պահանջում է իբր իր «տված» գումարը: Տեր-Հովսեփյանը հաջողության է հասել հայաստանյան դատարաններում: Այժմ «Անսուր Ինվեստ»-ին պարտավորեցրել են վճարել Տեր-Հովսեփյանին ավելի քան 900 հազար դոլար: 

Ուշագրավ է, որ թեեւ պայմանագիրը կնքված է եղել ՀՀ դրամով, այնուամենայնիվ, թե հայցադիմումը եւ թե դատավճիռները կայացվել են այլ արժույթով: Նշենք, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանն էլ ՍՊԸ-ի նկատմամբ է ունեցել ավելի քան 8 միլիոն դրամի փոխառության պարտավորություն, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը չեղյալ է համարել նրա պարտավորությունը՝ հիմք ընդունելով ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի այն արձանագրությունը, որտեղ նշված է որ Տեր-Հովսեփյանն ու «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի մասնակիցների միջեւ չկան պարտավորություններ:  

Սակայն նույն ժողովի արձանագրությունը հիմք չի հանդիսացել հայաստանյան դատարանների համար, որպեսզի չեղյալ հայտարարվեր նաեւ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի փոխառության պարտավորությունը՝ Տեր-Հովսեփյանի նկատմամբ: Փոխառության գործով «Անսուր Ինվեստը» դիմել է Եվրոպական դատարան՝ նշելով, որ հայաստանյան դատարանները խտրական մոտեցում են ցուցաբերել փոխառության գործերը քննելիս՝ մի դեպքում ժողովի արձանագրությունը ընդունելով որպես հիմք, իսկ մյուս դեպքում՝ ոչ: 

«Արդյունքում Վիկտոր Տեր-Հովսեփյանը առանց մի կոպեկ ներդնելու տիրացել է եւ ռուս բարերարների գումարով ձեռք բերված անշարժ գույքին եւ գումարներին, դեռ մի բան էլ դատարանով պարտավորեցնում է իրեն վճարել այն գումարը, որը Դմիտրի Աֆոնինն էր ներդրել բիզնեսում»,- Տեր-Հովսեփյանի հնարամտությունն է ամփոփում է փաստաբան Մկրտիչ Դավթյանը: 

Ալեքսեյ Կորեպանովն ու Դմիտրի Աֆոնինն այսօր կրկին Երեւանում են: Նրանք եկել են, որպեսզի ՀՀ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնեն Վիկտոր Տեր-Հովսեփյանի կատարած հանցագործությունների մասին: Մենք փորձեցինք գործի շուրջ բացատրություններ ստանալ նաեւ Վիկտոր Տեր-Հովսեփյանից: Նա սակայն հրաժարվեց խոսել մեզ հետ՝ ասելով, որ ոչ ինքը, ոչ իր փաստաբանը որեւէ ասելիք չունեն գործի վերաբերյալ: 

Արման Ղարբյան  
1426
Print
սեփականության իրավունք
դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից 16.03.2015 | սեփականության իրավունք

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից

Դավիթաշենի 7-րդ փողոցի 28 տան  սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի մայր և լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը ահազանգում է դատական ատյանների անհիմն ու անօրինական վճիռների մասին, որոնց հետևանքով հարևանը՝ թիվ 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանը զավթ

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից 27.01.2015 | սեփականության իրավունք

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը, ով մեղադրվում էր վաշխառության և խարդախության մեջ, հեռացվել է աշխատանքից: Դեռևս անցած օգոստոսին  «ForRights.am»-ը հրապա

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի 24.11.2014 | սեփականության իրավունք

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դ
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: