լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.08.2018 | սոցիալական իրավունքներ

«ԴԱՀԿ-ն տունս վաճառել է, ես սկի տեղյակ չեմ եղել». միայնակ թոշակառուն փողոցում հայտնվելու վտանգի առաջ

«ԴԱՀԿ-ն տունս վաճառել է, ես սկի տեղյակ չեմ եղել». միայնակ թոշակառուն փողոցում հայտնվելու վտանգի առաջ
Forrights.am-ի խմբագրություն դիմած 66-ամյա միայնակ թոշակառու Աննա Մինասյանը վերջերս հայտնաբերել է, որ կորցրել է իր մեկ սենյականոց բնակարանը ու իր տունը նոր սեփականատեր ունի: Փողոցում հայտնվելու հեռանկարից սարսափած միայնակ թոշակառուն, ով իր այդ վիճակի համար մեղադրում է նախկին ամուսնուն ու կասկածում ԴԱՀԿ աշխատակից Գևորգ Սողոմոնյանին՝ իր տան աճուրդում շահագրգռված լինելու ու գումար աշխատելու մեջ, մեր միջոցով ուզում է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

«Ես հիմքեր ունեմ, որ իրենք տունը ինձից թաքուն վաճառել են, թանկ են վաճառել, բայց ինձ ասում են՝ էս գնով ա: Ես սկի տեղյակ էլ չեմ եղել՝ տանս վաճառքը երբ է կատարվել: Էդ տանը ես 35 տարի ապրել եմ: Ներկա դրությամբ նոր գնորդն ինձ դուրս է հանում»,- պատմեց մեր խմբագրություն եկած թոշակառուն: 

Աննա Մինասյանի 26 տարվա ամուսինը անցյալ տարի բաժանվել է նրանից ու դատարանով պահանջել տան իր մասնաբաժինը: Շենգավիթ համայնքի Շևչենկոյի անվան փողոցում գտնվող մեկ սենյականոց բնակարանն ի սկզբանե պատկանել է տիկին Աննայի մորը, սակայն նրա ամուսինը գրանցվել է ու համասեփականատեր դարձել: Ամուսնալուծությունից հետո տունը կիսելու գործը հասել է դատարան: Դատարանում նախկին ամուսինները հաշտություն են կնքել, որ եթե մինչև այս տարվա ապրիլի 18-ը Աննա Մինասյանը վճարի տան կեսի գումարը՝ 10 հազար դոլար, ամուսինը կհրաժարվի իր բաժնեմասից ու տունը կմնա նախկին կնոջը: 

66-ամյա միայնակ թոշակառու Աննա Մինասյանը այդ ընթացքում, իրեն չխնայելով, մի քանի տեղ հավաքարար է աշխատել ու գումար հավաքել, սակայն նշված ժամկետում չի ունեցել գումարը: «Չունեի, որովհետև թոշակառու եմ, գնում եմ օրը 300, 500 դրամով աշխատում եմ, որ գումարը տամ ու տանից չզրկվեմ»,-պատմեց թոշակառուն: Մայիսին տիկին Աննան կարողացել է ամուսնուն 6500 դոլար տալ՝ մնացածը խոստանալով տալ ավելի ուշ, օրինակ հունիսին: Այնուհետև ամուսնու փաստաբանի հետ բանավոր պայմանավորվել է մնացած 3500 դոլարը վճարել օգոստոսին: 

Պայմանավորվելուց օրեր անց, սակայն, առանց տիկին Աննային տեղյակ պահելու, ԴԱՀԿ-ն, հիմնվելով Վերաքննիչ դատարանի որոշման վրա, որը եղել է հին պայմանավորվածության հիմքով, ըստ որի՝ գումարը պետք է ամբողջությամբ փոխանցվեր ապրիլ ամսին, հրապարակային աճուրդով վաճառքի է հանել բնակարանը:  «Ամուսնուս հետ պայմանավորվել էի, որ մինչև օգոստոսի 10 մնացած գումարն էլ կտամ, դռան զանգը տալիս են, ասում են՝ նոր տեր ունի տունը, դուրս եկեք»,-դժգոհեց թոշակառուն՝ շարունակելով. «Տունս վաճառել են, բայց ես ոչ մի թուղթ չեմ ստացել, գնորդն էլ գալիս, ինձ նեղություն ա տալիս, ասում ա՝ ես մարդ կբերեմ, քեզ դուրս կշպրտեմ, տունը իմն ա»: 

Երբ ԴԱՀԿ Շենգավիթի բաժնի աշխատակից Գևորգ Սողոմոնյանը այցելել է թոշակառուի բնակարան, տիկին Աննան վերջինս տեղեկացրել է, որ ամուսնու հետ բանակությունների մեջ է՝ մնացած գումարը փոխանցելու համար: Սակայն ԴԱՀԿ աշխատակիցը, ինչպես թոշակառուն է կարծում, մոլորեցրել է իրեն, չի բացատրել իրեն ինչ է սպասում, եթե ամուսինը հետ չվերցնի ԴԱՀԿ-ից դիմումը, պատշաճ վարչարարություն չի իրականացրել և, օգտվելով իր անօգնական վիճակից, վաճառքի է հանել իր բնակարանը: 

«Ինձ ոչ ոք ճիշտ չի բացատրել, ինչ է պետք անել: Ես ոչինչ չեմ իմացել, եթե հասկանայի, կգնայի, կխնդրեի, կասեի մի վաճառեք: Ես հիմա համոզվում եմ, որ դուրսն եմ մնում»,-սրտնեղեց թոշակառուն: 

Տիկին Աննայի բնակարանի մեկնարկային գին է սահմանվել 8,6 մլն դրամը, այն դեպքում, երբ իր հարևանը նման բնակարանը վաճառել է 12 մլնով: ԴԱՀԿ աշխատակից Գևորգ Սողոմոնյանը հենց առաջին օրը 500 դոլար է ուզել թոշակառուից՝ իրենց աշխատանքների համար, այն դեպքում, երբ վերջինս բացատրել է, որ բանակցում է ամուսնու հետո ու մտադիր չէ տունը վաճառել:  

«ԴԱՀԿ-ն եթե օգուտ չունենար, տենց արագ չէր վաճառի, թուղթ էլ չի եկել, որ տունս վաճառվել է: Եթե պայմանավորվածություն չունենայի, կմտածեի՝ իրոք գումարը չեմ տվել, վաճառել են, բայց ես գումարի մեծ մասը տվել եմ: ԴԱՀԿ աշխատակիցն ինձ մոլորեցրել է, երևի գումար է աշխատել իր տան վաճառքից: Խնդրում եմ, գործարքը չեղյալ անեն ու իմ տունը ինձ վերադարձնեն»,-վարչապետին դիմելով՝ ասաց թոշակառուն: 

«Եթե խղճի խայթով առաջնորդվենք, էսօր ոչ մի տուժած մարդու իրավունք մեր ծառայությունը չի կարող վերականգնել». 

ԴԱՀԿ աշխատակից Գևորգ Սողոմոնյանը Forrights.am-ի հետ զրույցում պնդեց, որ թոշակառուն տեղյակ է եղել, որ տունը դրված է աճուրդի, ուստի, եթե դրված էր աճուրդի, բնականաբար պետք է վաճառվեր: «Ես ունեմ համապատասխան կատարողական թերթ, որի համար պատասխանատու եմ ու որը պարտավոր եմ կատարել օրենքով սահմանված կարգով: Եթե ինչ- որ պայմանավորվածություն ուներ, ամեն ինչը գրավոր ա էսօր, պետք է պահանջատերը, իր ամուսինը գար հարկադիր ծառայություն, դիմում ներկայացներ, որ հետ են վերցնում իմ կողմից ներկայացված կատարողական թերթը»,-հայտարարեց ԴԱՀԿ աշխատակիցը: 

Հարցին, թե ինչո՞ւ այդ ամենը չի բացատրել միայնակ թոշակառուին, ԴԱՀԿ ներկայացուցիչը նման պատասխան տվեց. «Ամեն վայրկյան զանգել եմ էդ կնոջը: Ամեն ինչը օրենքով սահմանված կարգով է եղել»: Ինչ վերաբերում է, որ միայնակ թոշակառուն կարող է հայտնվել փողոցում նաև իր գործողությունների արդյունքում, ԴԱՀԿ ներկայացուցն ասաց. «Դա իմ քմհաճույքը չի, ես կատարել եմ օրենքի պահանջը: Մենք օրենքի սահմաններում գործողություն ենք կատարել, ի՞նչ խղճից եք խոսում: Ես իմ օրենքով սահմանված պարտավորությունները չկատարեի՞, ես դրա համար պատասխանատվության ենթարկվեի՞»: 

Դիտարկմանը, թե կարող էր իր պարտականություններ էնպես կատարել, որ թոշակառուն փողոցում չհայտնվեր, հակադարձեց. «Ես կատարել եմ էնպես, ոնց որ օրենքն ա պահանջել: Եթե խղճի խայթով առաջնորդվենք, էսօր ոչ մի տուժած մարդու իրավունքը մեր ծառայությունը չի կարող վերականգնել: Ինչ էլ որ արել եմ, ամեն ինչը ճիշտ եմ արել»: 

Բնակարանի նոր սեփականատեր Սահակը, ով այժմ միայնակ թոշակառուին առաջարկում է իր իսկ բնակարանը հետ գնել 14 մլն դրամով, մեզ հետ զրույցում ասաց, որ բնակարանը գնել է Էլեկտրոնային աճուրդով 11.5 մլն դրամով, այն դեպքում երբ մեկնարկային գինը 8,6 մլն է եղել. «Իրականում ես էդքան եմ տվել, 38 անգամ քայլ է եղել, որի կեսից ավելին ես եմ արել: Ամեն քայլը 50-100 հազար դրամ ա: Ես իմ արածի մեջ վատ բան չեմ տեսնում, ես իմ արածից հետ չեմ կանգնում: Ինձ էլ հաճելի չի, որ նման բան ա դուրս եկել»,- ասաց գնորդը: 

Տիկին Աննայի նախկին ամուսինը՝ Մարտին Աբրահամյանը նույնպես խղճի խայթ չի զգում, որ իր գործողությունների արդյունքում իր 26 տարվա կինը զրկվում է տանից: Մեր հարցին, թե ինքը գիտե՞ր, որ կինը հավաքարարությամբ է այդ գումարը հավաքում, հակադարձեց. 

«Իսկ դուք գիտե՞ք, որ ես առաջին կարգի կույր հաշմանդամ եմ ու հիմա փողոցում եմ մնացել: Դա իմ գործը չի, դա օրենքի գործն ա, որովհետև ես դիմել եմ օրենքին, օրենքը վաճառել ա: Ես էլ եմ դրսում, թող չաներ, ես ի՞նչ մեղք ունեմ: Իրան ժամկետ են տվել, չի վճարել»: 

Մարինե Խառատյան   
6113
Print
սոցիալական իրավունքներ
«Ընտանիքին էս վիճակից մենակ Կառավարությունը կարող է դուրս բերել». գյուղապետ 13.08.2018 | սոցիալական իրավունքներ

«Ընտանիքին էս վիճակից մենակ Կառավարությունը կարող է դուրս բերել». գյուղապետ

Երկու տարուց ավելի է՝ Դիտակ գյուղի փողոցներում համագյուղացի Հովիկ Հովհաննիսյանին չեն տեսել: Արցախյան պատերազմին մասնակցած 59-ամյա Հովիկը վերջնականապես անշարժացել ու գամվել է անկողնուն: Բժիշկներն ախտորոշեցին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ: Հարևաններն ասում են՝ մահացել է Հովիկի ուղեղի վ

«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում 13.08.2018 | սոցիալական իրավունքներ

«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում

«3 տարի է ահազանգում եմ, բայց ոչ ոք քանդողի ձեռքը չի բռնում»

« Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի մեծ դահլիճը, որտեղ սովորաբար տեղի են ունենում միջոցառումներ և համերգները, արդեն 10 օրից ավել է, ինչ «շրջափակված» է մի

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել 6.08.2018 | սոցիալական իրավունքներ

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել

13-ամյա Դավիթը սիրում է դպրոց հաճախել, սիրում է իր դասընկերներին, սակայն գրեթե չի շփվում նրանց հետ: Նա ունի աուտիզմ, որը բնորոշվում է շփման եւ հաղորդակցման խանգարումներով: Մայրը՝ մասնագիտությամբ լեզվաբան, երաժիշտ Կարինե Ղազարյանը, նրա հետ ամեն օր հաճախում է դպրոց, նստում բոլոր դասերին: «

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: