լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
24.06.2018 | սոցիալական իրավունքներ

Նախագահի վերահսկողության նախկին պետի քույրն ընդդեմ բժիշկների. Պոլիկլինիկայի տնօրենը ֆինանսական խախտումներ է կատարել

Նախագահի վերահսկողության նախկին պետի քույրն ընդդեմ բժիշկների. Պոլիկլինիկայի տնօրենը ֆինանսական խախտումներ է կատարել
Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում, որի տնօրենը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի քույրն է՝ Ջեննի Հովսեփյանը, կրքերը չեն հանդարտվում: Քաղաքապետարանի ենթակայության այս հիմնարկի կոլեկտիվի 51 ներկայացուցիչները մոտ մեկ ամիս առաջ բողոքներ էին ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «Ելք» դաշինքին, պահանջելով տնօրենի հրաժարականը: 

Ստեղծված իրավիճակին Forrights.am-ը անդրադարձել էր մոտ մեկ ամիս առաջ, «Նոր սկանդալ պոլիկլինիկայում. Բժիշկները պահանջում են տնօրենի հրաժարականը» հոդվածում: Մեր հրապարակումից անմիջապես հետո տնօրեն Ջեննի Հովսեփյանը սկսել է ճնշել «հեղափոխականներին»՝ մեկից աշխատասենյակն է խլում, մյուսին աշխատանքից է ազատում, սպառնում է աշխատողներին: Մեր հրապարակումից հետո նա ժողով է հրավիրել, մատ է թափ տվել բուժանձնակազմի վրա, ասելով, որ դիմելու է դատախազություն և ոստիկանություն իրեն զրպարտողների դեմ, նաև պահանջել է, որ աշխատողները խոստովանեն, թե ով է լրագրող կանչել: 

Գտնվել են մարդիկ, որոնք առաջարկել են Հովիկ Հովսեփյանի քրոջը պաշտպանող նամակ գրել և քանի որ տեքստը դեռ չկար, նրանք առաջարկել են ստորագրություններ հավաքել դատարկ թղթի տակ: Արդեն մեկ ամիս է, Ջեննի Հովսեփյանը աշխատողներին կանչում  է, համոզում է, որ նրանք մասնակցեն իր օգտին ստորագրահավաքին, զանգեն առողջապահության  նախարարություն, ասեն, որ գոհ են տնօրենից: «Սաղին քաշում, մտցնում է կաբինետ, ասում է, որ եթե նախարարությունից զանգեն, կասեք՝ բողոք չունենք», - ասում է «հեղափոխականներից» մեկը: 

Մենք զրուցեցինք թիվ 2 պոլիկլինիկայի 8 աշխատակիցների հետ: Որքան էլ մեծ է վրդովմունքը, նրանք խնդրում են իրենց անունները չհրապարակել: Հարցին, թե ինչն է պատճառը, գրեթե բոլորը մեր զրուցակիցները պատասխանում են. վստահ չենք, որ Ջեննին կգնա: 

Բողոքները շատ են, խախտումները՝ տարաբնույթ  

Ըստ մեր զրուցակիցների, տնօրենն իրենց աշխատավարձերից գրեթե ամեն ամիս 5 տոկոս է պահել: Չի վճարել օրավարձերը, ձմռանը ստիպել է ցուրտ սենյակներում ընդունել հիվանդներին, արգելելով ջեռուցիչներ միացնել, պարտադրել է, որ բիշկները սեփական միջոցներով տարրական բուժպարագաներ գնեն հիվանդների համար, ամսական «նալոգներ» էր հավաքել, պարտադրել է աշխատավարձ ստանալ իր եղբորը պատկանող «Հայբիզնեսբանկից», ստիպել է, որ պետպատվերի շրջանակներում բուժսպասարկում ստացող երեխաների ծնողներից գումարներ վերցնեն էլեկտրասրտագրության և մերսման ծառայությունների դիմաց, առանց փաստաթուղթային ձևակերպման, բուժհաստատության ներսում ապօրինի «ցեխ» է դրել՝ «Ալֆալաբ» լաբորատորիան, որն իր շահույթից մի զգալի գումար՝ 30 տոկոս,  ամեն ամիս իրեն է հատկացրել և այլն: 

Ջեննի Հովսեփյանը խոստացել էր պատասխանել մեր գրավոր հարցերին, սակայն մոտ մեկ ու կես ամիս է անցել, նա դեռ լռում է: Փոխարենը տեղեկացանք, որ տնօրենը մեր հրապարակումից հետո արագ-արագ փորձել է վերացնել իր կատարած խախտումների հետքերը: Նախ, նա փակել է «Ալֆալաբ» լաբորատորիան, վերացնելով այն իր ղեկավարած հիմնարկի տարածքից: Ջեննի Հովսեփյանի աշխատակիցները, սակայն, հասցրել են մի երկու լուսանկար անել «Ալֆալաբում» և ուղարկել մեզ: 

Հետին թվով ֆինանսական փաստաթղթեր են ստորագրել 

Տնօրենը աշխատակիցների աշխատավարձերից 5 տոկոսի պահումներ կատարելու վերաբերյալ պայմանագրեր է պատրաստել և, կեղծիքի ճանապարհով է որոշել հարցը լուծել՝ նա համոզել է աշխատողներից ոմանց հետին թվով ստորագրել այդ պայմանագրերը: Մյուսները չեն համաձայնվել դա անել: Բայց մայիսի աշխատավարձերից կրկին պահել է 5 տոկոսները և կրկին՝ առանց աշխատողների համաձայնության: Նշված պայմանագրերի օրինակները Forrights.am-ի ձեռքի տակ են: 

«Չափորոշիչները իրավունք են տալիս գլխավոր բժիշկներին, որ աշխատակիցների համաձայնությամբ և նրանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա նրանց աշխատավարձից մինչև հինգ տոկոս պահել առողջապահական հիմնարկի կարիքների համար: Մեզանից էլ տարիներ շարունակ այս հինգ տոկոսները պահվել են, - ասում է թիվ 20 պոլիկլինիկայի բժիշկներից մեկը, - բայց նախկին տնօրենները կոլեկտիվի պահանջները դրա դիմաց բավարարում էին: 

Ջեննի Հովսեփյանը նույն իսկ վերելակից չէր թողնում օգտվել, մինչև որ մեր հիվանդներից մի ծեր պապիկ միջանցքում գոռգոռոցը չդրեց: Ինչո՞ւ թողնենք իրեն այդ 5 տոկոսները, եթե ամեն ինչի համար իքներս ենք վճարում՝ գրենական պիտույքների, հիգիռնայի պարագաների, բլանկների, և ամբողջ ձմեռը սառում ենք: Սկզբունքային հարց է, չենք թողնելու իրեն 5 տոկոսները և վերջ»: 

Ահա, թե ինչ պատմեցին մեզ թիվ 20 պոլիկլինիկայի աշխատողները 

1. «Նա բժիշկներին հրահրում է, որ ճնշեն բողոքողներին: Տեսնեիք, այդ ժողովի ժամանակ քիչ էր մնում, ծեծեին ակտիվ բողոքող կանանցից մեկին: Իսկ ես մտել եմ և տնօրենին ասել եմ. եթե մինչև ամսի 15-20-ը դուք ձեզ կարգի չհրավիրեցիք, խնդրում եմ, ես ձեզ խոսք եմ տալիս, որ ժողովուրդը չի մտնելու պոլիկլինիկա: Չնայած, կարմիր կովը իրա կաշին չի փոխի: Հիմա սպասում ենք, որ ինքը իրա խոդով գնա, ես իրեն  ասել եմ, դուք մի քիչ բարիացեք, որ ծաղիկներով ձեզ ճանապարհեն»: 

2.   «Մեզ մոտ եկան քաղաքապետարանից: Նոր նախարարը դեռ չէր նշանակվել: Մենք ուզում էինք խոսել, բայց մեր խոսքը կոծկեցին, ծածկեցին, քաղաքապետարանի աշխատողները բերաններս փակեցին: Ես հասկացա, որ անիմաստ էր դիմել Կամսար Բաբինյանին, նկատի ունենալով նրա հարաբերությունները Ջեննի Հովսեփյանի ընտանիքի հետ: Մենք հիմա ինչ թուղթ ենք ստորագրում, աշխատավարձերի չափի վերաբերյալ, և դա արվում է հետին թվով: Փաստաթղթում  մեր թվերն էր գրված, հիվանդների, և՝ որ պոլիկլինիկայի սուղ պայմաններից ելնելով համաձայն ենք, որ 5 տոկոսը պահվի»:  

3. «Նրա մոտ մտնելը սրբի դուռ գնալ էր: Պետք է մի կես ժամ կանգնեիր ընդունարանում, հետո գործավարը գալիս, ասում էր՝ վաղը եկեք, մյուս օրը եկեք, ու սա պարտադիր պայման էր իր մոտ»: 

4. «Մեր բողոքներից հետո սկզբում շատ բուռն դժգոհություն էր ցուցաբերել, ուզել էր նույնիսկ բացատրագիր գրել տալ այն  աշխատողներին, որոնք ստորագրել են բողոքի տակ: Մեր բողոքում չկար շատ լուրջ փաստ, որ կուզեի նշել: Ամիսներ շարունակ հաշմանդամները դեղորայք չեն ստացել: Ես մոտ 20 տարվա աշխաոտղ եմ, և ոչ մի տարի չի եղել, որ հաշմանդամները էդքան երկար ժամանակ առաջին, երկրորդ խմբերի հաշմանդամները չստանան իրենց դեղերը: Պատասխանն եղել է՝ տենդերը դեռ չեն շահել: Իր մեղավորության պատճառով է դա եղել: Ապրիլի կեսերին նոր մենք ստացել ենք հաշմանդամների դեղորայքը: Բազմիցս հիվանդները բողոքել են թե իրեն, թե ավելի բարձր ատյաններ: Բոլոր տեղերում էլ եղել է այն մոտեցումը, որ իրեն պետք է չնեղացնեն, և հարցի լուծում չի տրվել: Ուզում եք, էդ ա, չեք ուզում՝ էդ ա, սկզբունքով»:  

5. «Քաղաքապեատրանի աշխատողների մասնակցությամբ ժողովը շոու է եղել: Ասել են, որ թերությունները կշտկվեն պոլիկլինիկայի շրջանակներում և դուրս չի գա: Մինչդեռ մեր հարցադրումն այն է, որ մենք իր հետ չենք ուզում աշխատել, որ նա հեռանա, որ թե շտկի իր սխալները»:  

6. «Ամբողջ ձմեռ մեր բաժինը մի օր չտաքացրեցին: Տասը աստիճան ցրտին մենք ստիպել ենք, որ հիվանդը հանվի, որ թոք լսեն»: 7. «Ամեն ամիս պարտադրաբար 15 հազար դրամ ենք վճարել, անկախ նրանից, հիվանդ ունեցել ենք, թե չէ: Եթե չունենանք հիվանդ, պետք է դրսից աշխատած գումարները բերենք տանք, քանի որ եթե մուծումը չկատարվի, կաբինետը կփակվի»: 

8. «Ես միշտ աշխատել եմ թիվ 20 պոլիկլինիկայում, եղել եմ հրավիրված մասնագետ: Ամեն տարի երկարացրել են ինձ հետ պայմանագիրը: Այս բողոքներից հետո ինձ առաջարկվեց ստորագրել նրա կոմղնակիցների՝ իրեն պաշտպանող հայտարարության տակ, որ, ես ասեցի, որ ոչ մի ստորագրություն ոչ մի տեղ չեմ դնի: Դրանից հետո եկավ կադրերի բաժնի ղեկավարը և ինձ առաջարկեց լուծարել պայմանագիրը: Ինչ վերաբերում է 5 տոկոսները պահելու մասին, դրանք միշտ պահվել են, մեզ ոչ ոք չի հարցրել, պահեն թե չէ, մենք որևէ պայմանագիր չենք կնքել տնօրինության հետ»:  

Քաղաքապետարանից կցկտուր պատասխաններ են տալիս  

Ի՞նչ ընթացք է տրվել 51 աշխատողների դիմում-բողոքներին, ինչո՞ւ, տեղեկացված լինելով, որ թիվ 20 պոլիկլինիկայում խախտումներ են կատարվում,  քաղաքապետարանի առողջապահության վարչությունը դրանց բացահայտմանը հետամուտ չի եղել, այլ, ըստ աշխատակիցների, ընդամենը հորդորել է աղբը տանից չհանել, «խնդիրները ներսում լուծել»: 

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը մեզ կցկտուր պատասխաններ տվեց, իսկ երբ ուղիղ հարց տվեցինք, թե ինչ իրավուքով է հիմնարկի տնօրենը առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձերից ամեն ամիս 5 տոկոս պահել և ինչի վրա է օգտագործել այդ գումարները, հրաժարվեց պատասխանել, պահանջելով գրավոր հարցում  ուղարկել: 

«Բողոք գրել են առողջապահության նախարարություն, նախարարությունից է ինձ եկել, ինձ անձամբ չի եկել: Եկել է միջնորդավորված: Մի 20 օր առաջ: Ես մի քանի օր առաջ պոլիկլինիկայում եմ եղել, բոլորի հետ խոսել եմ, հանդիպել եմ կոլեկտիվի հետ: Նրանք բողոքներ չունեն», - ասաց Կամսար Բաբինյանը: 

Պաշտոնյային խնդրեցինք նաև պարզաբանել, արդյոք մերձ հարաբերություններ ունի Ջեննի Հովսեփյանի, ինչպես և Հովհաննես Հովսեփյանի հետ, ինչպես պատմում են բժիշկները: «Դա բացարձակ կապ չունի: Որտեղ որ կա արդարություն, ես դրա կողմից եմ: Ինձ ուրիշ հարցեր մի տվեք»: 

 Սյուզան Սիմոնյան
8525
Print
սոցիալական իրավունքներ
Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից 2.07.2018 | սոցիալական իրավունքներ

Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից

Անուշ Ասլանյանը, որը 2014թ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հիմնեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն, անձամբ բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում՝ մատչելի միջավայրի բացակայության պատճառով:  Նույն խնդրի հետ են բախվում Լուռու մարզի Վանաձոր քաղաքում ապրող հաշմանդամութ

12 ազատամարտիկների «դրախտի» դուռը: Սա նրանց վերջին  հանգրվանն է 30.06.2018 | սոցիալական իրավունքներ

12 ազատամարտիկների «դրախտի» դուռը: Սա նրանց վերջին հանգրվանն է

Ազատամարտիկների «դրախտ» հասնելը հեշտ չի: Մուրացան փողոցի վերջնամասում հին, «սովետական» հացի փուռ կա, հին «սովետական»ցուցանակով՝ «Հացաբուլկեղեն»: Այդ փռի նիհար հացթուխը ձեզ ուղեկցում է մինչև երկաթյա դարպաս: Դարպասից այն կողմ ավտոկայանատեղի է, ինչ որ բետոնակույտեր: Միանգամից աջ ես թեքվո

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում 25.06.2018 | սոցիալական իրավունքներ

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում

Արմավիրի Արշալույս գյուղում ըմբոստացել են Արշալույսի 10 տարվա գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը կալանավորված գեներալ  Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Գյուղացիների մի մասը պահանջում է նրա հրաժարականը, վստահեցնում են, որ Զարզանդ Գրիգորյանը բռնապետական  կարգեր է հաստատել գյուղ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: