լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
25.05.2018 | սոցիալական իրավունքներ

Նոր սկանդալ պոլիկլինիկայում. Բժիշկները պահանջում են տնօրենի հրաժարականը

Նոր սկանդալ պոլիկլինիկայում. Բժիշկները պահանջում են տնօրենի հրաժարականը
Երևանի քաղաքապետարանի թիվ 20 պոլիկլինիկայում, որը սպասարկում է Դավթաշենի և «Հույսի Ավան» թաղամասի բնակչությանը, խառը իրավիճակ է։ Պոլիկլինիկայի կոլեկտիվը արդեն մոտ մեկ ամիս է, պայքարում է տնօրեն Ջեննի Հովսեփյանի կամայականություններ դեմ։ 

Օրերս կոլեկտիվի 5 տասնյակ աշխատակիցներ դիմում-բողոք են ուղարկել քաղաքապետարանի «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանին, քաղաքապետարան, առողջապահության նախարարին, որում նշել են Ջեննի Հովսեփյանի թույլ տված կամայակատարությունները, իրենց իրավունքների և աշխատանքային օրենսգրքի խախտումների մասին: Նամակում նշված փաստերը շատ են, նշենք  միայն մի քանի ամենաաղաղակող խախտումները: 

 «2017 թ. հոկտեմբերին թիվ 20 պոլիկլինիկայի տնօրեն նշանակվեց նախկին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի քույր՝ Ջեննի Ա. Հովսեփյանը։ Նշանակումից անմիջապես հետո սկսվեցին անօրինականություններ, հիմնարկությունում հաստատվեց վախի մթնոլորտ։ Առաջնահերթ ստիպողաբար փոխվեց մեզ սպասարկող բանկը՝ «ՎՏԲ»-ից՝ «Հայբիզնեսբանկ», ինչը տեղի ունեցավ շանտաժի միջոցով և պատճառաբանությամբ, որ բանկը պատկանում է իր բարեկամին։ 

Չենթարկվողների հասցեին, որոնք ունեին վարկեր այլ բանկերում, հնչում էին դրույքաչափի իջեցման և աշխատանքից ազատման սպառնալիքներ։ Նկատողության սպառնալիքով արգելվել էր օգտվել բուժհաստատության վերելակից, նույնիսկ այն աշխատողներին, որոնք ունեն առողջական խնդիրներ: Աշխատանքից 5-10 րոպե ուշացողները ստացել են բացակա և անհիմն զրկվել օրավարձից՝ չնայած նրան, որ աշխատել են ողջ օրը: Ամբողջ ձմեռվա ընթացքում բուժհաստատությունը աշխատանքային օրերին ջեռուցվել է շատ թույլ (10-16 աստիճան C), իսկ ժամը 16։00-ից հետո առհասարակ չի ջեռուցվել, բուժաշխատողներին արգելվել է օգտվել սեփական ջեռուցման միջոցներից: 

Իսկ այն դիմումին ի պատասխան, որ հնարավոր չէ աշխատել, հղիներ  և մանկահասակ երեխաներ ընդունել նման պայմաններում՝ մասնավորապես մերսման կաբինետում, հնչել է ծաղրական պատասխան և խորհուրդ տրվել զբաղվել աուտոթրեյնինգով՝ տաքանալու համար, այն դեպքում, երբ իր անձնական աշխատասենյակը ջեռուցվել է էլեկտրական ջեռոցներով: Բուժհաստատությունը չի տրամադրել իր աշխատողներին ոչ բուժպարագաներ, ոչ հիգիենայի պարագաներ՝ վերջիններս գնվել են աշխատակիցների սեփական միջոցներով։ 

Դեղագործական ընկերություններից գումար է պահանջվել բժիշկներին բժշկական սեմինարներին ու կոնֆերանսներին մասնակցել թույլատրելու համար։ Այն դեպքում, երբ մանկության բուժսպասարկումը կատարվում է պետպատվերի շրջանակներում, ստիպել է էլեկտրասրտագրության և մերսման ծառայությունների դիմաց վճարումներ կատարել և նշումներ չկատարել համապատասխան փաստաթղթերում՝ ձևակերպելով դա որպես ծնողների բարի կամքի արտահայտում, ինչն էլ մեծ բողոքների և դժգոհության ալիք է բարձրացրել սպասարկվող բնակչության շրջանակներում։ Աշխատանքից ազատման սպառնալիքով արգելել է աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին մասնակցել երկրում ընթացող խաղաղ ցույցերին։ 

Բուժհիմնարկի ներսում ապօրինաբար գործել է ևս մեկ լաբորատորիա՝  «Ալֆալաբ» -ը, որն աշխատել է վճարովի հիմունքներով և եկամուտի եռեսուն տոկոսը փոխանցել Ջ.Ա.Հովսեփյանին: Պետպատվերի շրջանակներում սպասարկվող վահանագեղձի և կրծքագեղձի խնդիրներով հիվանդները սոնոգրաֆիկ հետազոտություն են անցել վճարովի հիմունքներով», - գրում են բուժանձնակազմի ներկայացուցիչները, բերելով բազմաթիվ այլ փաստեր ևս: 

«Մեր պահանջն է, որ Ջեննի Հովսեփյանին ազատեն տնօրենի պաշտոնից, սակայն մենք նաև դեմ ենք, որ հանրապետականներից, կամ նրանց մտերիմներից որևէ մեկը կրկին նշանակվի տնօրեն։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ», - մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց պոլիկլինիկայի բժիշկներից:  

Հիշեցնենք, որ թիվ 20 պոլիկլինիկայի տնօրեն Ջեննի Հովսեփյանը ՊԵԿ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք նրա վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի քույրն է և առողջապահության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի կինը։ Վերջին երկու տարում Ջեննի Հովսեփյանին առողջապահական մի հիմնարկից մյուսն էին տեղափոխում, ոչ պակաս, քան տնօրենի պաշտոն էին տալիս ամեն տեղ, սակայն ոչ մի հաստատության  կոլեկտիվի հետ նա լեզու չեր գտնում։

Թիվ 20 պոլիկլինիկայում նա տնօրեն է աշխատում անցյալ տարվա աշնանից։ Մինչ այդ Ջեննի Հովսեփյանը 9-րդ պոլիկլինիկայի տնօրենն է եղել, որտեղ կրկին հակասություններ ուներ բուժանձնակազմի հետ։ Ավելի վաղ նա աշխատել է Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածածին» ծննդատանը, որի կոլեկտիվը ամիսներով աշխատավարձ չէր ստանում, հիվանդանոցում ցուրտ էր, չկար ջեռուցում, ծննդատան համար անթույլատրելի պայմաններ էին։ 2017 թվականին այն լուծարվել է, միանալով Շենգավիթի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին։ 

Մենք կապվեցինք Ջեննի Հովսեփյանի հետ: Նա հայտնեց, որ տեղյակ չէ իր 5 տասնյակ աշխատակիցների՝ պետական մարմիններ ուղարկված դիմում-բողոքից: «Կմեկնաբանեմ այդ դիմումին ծանոթանալուց հետո: Ես տեղյակ չեմ, թե ինչ են նրանք ստորագրել և որ առհասարակ ստորագրել են: Ինչ վերաբերում  է դժգոհություններին, ապա մենք դրանք քննարկում ենք մեր առօրյա աշխատանքի ընթացքում»: Հարցին, թե ինչ պատճառով է նա հեռացել 9-րդ պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր նախկինում, Ջեննի Հովսեփյանն այսպես պատասխանեց. «Ինչո՞ւ եք հարցնում: Ես չեմ հասկանում նպատակը: Եկեք որևէ մեկի կարծիքը հաշվի չառնենք, ինձ ուղարկեք գրավոր, կպատասխանեմ»: 

Երկու օր առաջ նրան ծանոթացրեցինք իր աշխատակիցների դժգոհությունների հետ: Ջեննի Հովսեփյանը խոստացավ պատասխանել մեզ, բայց չպատասխանեց: Այս ընթացքում տեղեկություն ստացանք, որ Ջեննի Հովսեփյանը նախապատրաստվում է ստուգումներին, հետին թվով ստորագրություններ է հավաքում, աշխատավարձեր է փոխանցում, ինչը մեզ հետ զրույցում հաստատեցին թիվ 20 պոլիկլինիկայի աշխատողները: Մեր զրուցակիցները խնդրում  էին, որ իրենց անունները չհրապարակենք, ինչը բացատրում էին այսպես. 

«Վստահ չենք, որ ինքը կգնա, որովհետև նրանից ազատվելու մեր առաջին փորձը ձախողվեց: Տարոն Մարգարյանն ու առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ընդամենը երկու շաբաթ առաջ ժողով արեցին և մեզ հորդորեցին բոլոր վեճերը լուծել ներսում», - ասաց աշխատակիցներից մեկը: Նա խնդրեց անպայման հրապարակել ևս մի փաստ՝ 4 ամիս շարունակ հաշմանդամները իրենց հասանելիք անվճար դեղորայքը չեն ստացել իր մեղավորության պատճառով: Ասում էր՝ մրցույթ չի անցկացվել: Ապրիլի կեսին նոր մենք ստացել ենք անվճար դեղորայք: Բողոքներն անօգուտ են՝ ամեն տեղ կա մոտեցում, որ Ջեննի Հովսեփյանին իրեն չեն նեղացնում», - հայտնեց նա: 

 Սյուզան Սիմոնյան 
38801
Print
սոցիալական իրավունքներ
«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց անձնական երաշխավորությամբ և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանների միջնորդությունը։ «Ճահճացած վիճակից վերացանք, մնում ա շենա

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը

Դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը ենթարկվել է սկզբունքային փոփոխությունների և առաջիկա ամիսներից կգործի նոր կարգ։ Ի պատասխան «forrights.am» պարբերականի հարցման՝ տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։ 


Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են

Անհրաժեշտ է վերանայել հաշմանդամության կարգը     

Էջմիածնի 26- ամյա բնակիչ Գեւորգ Շահբազյանը 3-րդ կարգի հաշմանդամ է, ապրում է միայնակ, ստանում է 16 հազար դրամ թոշակ: Երիտասարդը պնդում է` իր ունեցա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: