լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.04.2018 | սոցիալական իրավունքներ

«Մի թեթև խփել եմ». ամուսինը 13 տարի պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը

«Մի թեթև խփել եմ». ամուսինը 13 տարի պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը
Սիրամ Գևորգյանի համար լրագրողները, իրավապաշտպան կառույցներն ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները այլ մոլորակ են, հեռու, օտար, իր կյանքի հետ ոչ մի առնչություն չունեցող: Նախկինում նա երբեք չէր կարող պատկերացնել, որ կգա մի օր, և ինքը՝ մարտունեցի աղջիկ, նահապետական ավանդույթներով դաստիարակված, ստիպված կլինի այդ «այլմոլորակայինների» պաշտպանությանը դիմել: 

Երեխու թևը բռնեց, Սիրամը եկավ Երևան, լրագրողի  մոտ, երբ ընտանեկան կյանքում սրնթաց զարգացումներ սկսվեցին, երբ հասկացավ, որ շուտով 13 տարեկան աղջկա հետ կարող է փողոցում հայտնվել, կամ վերադառնալ հայրական գյուղ՝ Ծովինար, հոր տուն, ինչը մարտունեցու համար մահից էլ վատ է: 

Ամուսնու՝ Արայիկ Փառոյանի հետ կռիվների, ծեծու ջարդի մասին նա միայն մորն է ասել, ծայրահեղ դեպքում՝ հորը: Նրանք միշտ հորդորել են համբերել, երբեմն գյուղից եկել են Արայիկի տուն՝ Մասիս քաղաք, բացատրական աշխատանքների: Սիրամը աշխատել է թաքցնել, որ ամուսինն իրեն ծեծում է: «Կապտած դուրս եմ եկել, իմ հարևանները հարցրել են, ասել եմ՝ մի թեթև վեճ ա եղել»: Որպես դառը կյանքի ապացույց հետը բերել է իր ծեծված, սևացած դեմքը՝ հունվարին լուսանկարված: Այս արտառոց «սելֆիները» արել է ամուսնու հետ վերջին  կռվի օրը: Պատմում է, որ երբ ոստիկանները տուն են մտել, զարմացել են.

«Ոնց որ մարդ սպանած լինեին՝ տունը արյուն, միջանցքում արյուն էր», - ասում է Սիրամը: Այդ անգամ ամուսինը նրան առավոտյան ժամը ութին է ծեծել: Ոստիկանների հարցերին պատասխանելիս ասել է, որ հարբած չի եղել: 

«Առավոտը պիտի գնայի գործի, հելավ, մազերիցս հավաքեց, հենց խոհանոցի մեջ, ինձ հենեց պատին: Ասեց՝ էսօր կգնաս, էլ տուն չես գալու, ու հայհոյանք տվեց: Ասեցի՝ ինչքան քոննա էդ տունը էնքան էլ իմն ա, ու խփեց»: 

Այդ անգամ Սիրամը ոստիկանություն գնաց, դիմում գրեց իրեն ծեծի ենթարկելու մասին, լուսանկարներ ներկայացրեց, մի քանի օր հետո էլ գնաց, հետ վերցրեց դիմումը: «Մայրս համոզեց, ասեց՝ ընտանիք ա, ամեն ընտանիքում էլ վեճ լինում ա, երեխա ունես: Փոշմանել եմ հիմա, իզուր լսեցի»: 

Սիրամ Գևորգյանը 32 տարեկան է, ամուսինը՝ Արայիկ Փառոյանը, 50 տարեկան է: Տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունները Գեղարքունիքում  ընդունված են: Սիրամը ամուսնուն  ճանաչել է 3 օր: Մի գյուղից են եղել: Երեք օրից ամուսնացել են, Մասիսում տուն են գնել: 13 տարի միասին են: Տարիները Սիրամը հիշում է, ըստ կերած ծեծի: 

«Անցյալ տարի էլ նենց խփեց գլխիս, պլոմբած ատամս եկավ, ընկավ»: Ինչո՞ւ է դիմացել: Սիրե՞լ է: Ասում է՝ ոչ, երեխայի համար են ապրել: Աղջիկը 13 տարեկան է: Իրեն երջանիկ չի զգում: 

«Ինձ չէր թողնում, որ դուրս գանք, մամայի  հետ, ինձ ու մամայիս հայհոյում էր: Իրան հիշում եմ միշտ ջղային ու չար դեմքով, ինքը բարի չի լինում: Ինքը մի ստից բանից պատմություն էր ստեղծում: Օրինակ, մի անգամ կռվի մեջ մի քիչ փոշի կար, եկավ մամային ասեց՝ էս փոշիները խ՞ի չես հավաքել, մամաս ասեց՝ միշտ էլ մաքրում եմ, ջղայնացավ, ծեծեց: Ես միշտ նկատել եմ, որ ինքը իմ մամայի գլխին ա խբում: Ես ընկնում եմ իրանց մեջտեղը: Ես միշտ մամային եմ պաշտպանում, - ասում է Սիրամի աղջիկը, բայց «հայրիկ», կամ «պապա» բառերը չի օգտագործում, - ինքը մեզ հայհոյում ա, իսկ պապիկիս ասում ա՝ չեմ հայհոյել: Ես զապիս եմ անում, որ պապիկին ցույց տամ, ինքը ջնջում ա  իմ հեռախոսի միջից «զապիսը»: Հայրիկը քեզ սիրո՞ւմ է: «Մի քիչ սիրում ա: Բայց որ դասերս չեմ հասկանում, ներվայնանում ա: Ինքը առաջ զանգում էր: Հիմա էլ չի զանգում»:    

Ըստ Սիրամի, ընտանեկան վեճերի պատճառներն իր աշխատելն է եղել: «Նոր էր Ռուսաստանից եկել, ասեց՝ որտեղից ես գալիս, ասեցի՝ գործից, ես էն ժամանակ աշխատում էի «Երևան» տոնավաճառում: Բա՝ քեզ ո՞վ ա տարել էնտեղ: Ասեցի՝ գնացել եմ երեխայի հետ շոր առնելու, գրած էր՝ պահանջվում է աշխատող, համարս թողել եմ, զանգել են, կանչել: Ու տենց ծեծեց»: 

Վերջին կռվից հետո Արայիկը թողել, գնացել է գյուղ: Լույսն ու գազը անջատել է: Պարբերաբար գնում է ոստիկանություն, դիմումներ է ներկայացնում կնոջն ու աղջկան իրեն պատկանող տանից վտարելու  վերաբերյալ: 

«Գյուղում մտածում են, որ ես անբարոյական եմ, դրա համար ինձ դուրս են քշում», - ասում է Սիրամը: Նա վախենում է, որ Արայիկը իրեն երեխայի հետ ի վերջո, դուրս է շպրտելու  փողոց, որովհետև օրենքը նրա կողմից է, իրենց ամուսնությունը գրանցված չի: Վերջերս էլ պատահաբար իմացել է, որ ամուսինը եղբորն է նվիրել տունը: «Նրա անունով է գրել, որ մեզ վտարեն: Ինձ շատ բան պետք չի, մի անկյուն տան, երեխու հետ ապրեմ», - ասում է Սիրանը: 

Աչքերը սառած են: Խոսելու ժամանակ դողում  է: Մեր ամեն հարցին պատասխանելիս աչքերը լցվում են, ինչը երկար ժամանակ սթրեսային վիճակում լինելու նշան է:  

Forrighst-ը զրուցեց նաև Սիրամի ամուսնու հետ: Նա հերքում է, որ 13 տարի շարունակ պարբերաբար ծեծել է կնոջը: «Տենց բան չկա: Սրանից մի երկու ամիս առաջ թեթև խփել եմ»: Մեր դիտարկմանը, թե՝ շատ թեթև էր, նկարից երևում է,  նա բարկացավ. «Էդ ինչ լրագրողի գործ ա, սա իմ անձնական գործն ա: Խփել եմ, բայց բժշկի թուղթը կտա, ոչ մի կոտրվածք չունի»: Արայիկ Փառոյանը նաև հայտնեց, որ չի հրաժարվում իր երեխայից, իր տունը վաճառել է, և եթե դատարանը որոշի, որ երեխային տուն պետք է տա, ինքը կտա: 

Սյուզան Սիմոնյան 
5085
Print
սոցիալական իրավունքներ
«Ընտանիքին էս վիճակից մենակ Կառավարությունը կարող է դուրս բերել». գյուղապետ 13.08.2018 | սոցիալական իրավունքներ

«Ընտանիքին էս վիճակից մենակ Կառավարությունը կարող է դուրս բերել». գյուղապետ

Երկու տարուց ավելի է՝ Դիտակ գյուղի փողոցներում համագյուղացի Հովիկ Հովհաննիսյանին չեն տեսել: Արցախյան պատերազմին մասնակցած 59-ամյա Հովիկը վերջնականապես անշարժացել ու գամվել է անկողնուն: Բժիշկներն ախտորոշեցին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ: Հարևաններն ասում են՝ մահացել է Հովիկի ուղեղի վ

«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում 13.08.2018 | սոցիալական իրավունքներ

«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում

«3 տարի է ահազանգում եմ, բայց ոչ ոք քանդողի ձեռքը չի բռնում»

« Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի մեծ դահլիճը, որտեղ սովորաբար տեղի են ունենում միջոցառումներ և համերգները, արդեն 10 օրից ավել է, ինչ «շրջափակված» է մի

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել 6.08.2018 | սոցիալական իրավունքներ

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել

13-ամյա Դավիթը սիրում է դպրոց հաճախել, սիրում է իր դասընկերներին, սակայն գրեթե չի շփվում նրանց հետ: Նա ունի աուտիզմ, որը բնորոշվում է շփման եւ հաղորդակցման խանգարումներով: Մայրը՝ մասնագիտությամբ լեզվաբան, երաժիշտ Կարինե Ղազարյանը, նրա հետ ամեն օր հաճախում է դպրոց, նստում բոլոր դասերին: «

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: