լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.12.2017 | սոցիալական իրավունքներ

իշխանությունը զավթված է. 2017-ի թիվ 1 կոռուպցիոն գործարքը (տեսանյութ)

իշխանությունը զավթված է. 2017-ի թիվ 1 կոռուպցիոն գործարքը (տեսանյութ)
2017-ին կոռուպցիոն ամենամեծ գործարքը Հայաստանում տեղի ունեցավ ընտրական շրջանում, երբ իշխանությունը գործի դրեց հրեշավոր մի մեքենա և կեղծեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ զանգվածաբար բաժանելով ընտրակաշառք և ճնշումներ կիրառելով ընտրողների նկատմամբ։ Հենց համակարգային կոռուպցիան Հանրապետական կուսակցությանը թույլ տվեց վերարտադրվել․ 

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունները մի ահռելի կոռուպցիոն բուրգ էին իրենց մեջ պարունակում, որտեղ վարչական ռեսուրսների չարաշահումը այդ մեխանիզմի մեկ հատվածն էր ընդամենը»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։  

Խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հայաստանի ընտրական պատմության մեջ աննախադեպ կոռուպցիոն սխեմա հայտնաբերեց։ 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ հեռախոսազրույցներում խոստովանեցին, որ իշխող ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում՝ չարաշահելով իրենց պաշտոնները։ Հարուցվեց քրեական գործ, սակայն կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված որևէ տնօրեն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց։  

«Մենք կոռուպցիոն բուրգի միայն մի մասն ենք բացահայտել։ Դպրոցների ու մանկապարտեզների 80%-ի դեպքում այդ կոռուպցիոն գործունեությունը դրսևորվում է, ինչը համակարգվում է վերադաս մարմինների՝ քաղաքապետարանների, համայնքապետարանների կողմից»,- ասում է Դանիել Իոաննսիյանը, որի համոզմամբ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան կոռուպցիայի աննախադեպ ծավալով, որի մի փոքր մասը միայն բացահայտվեց։



Հայաստանում իշխանությունը զավթված է, արձանագրում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ 

Սա ոչ միայն զուտ փորձագիտական կարծիք է, այլև՝ լուրջ ուսումնասիրության արդյունք Համաշխարհային բանկի կողմից։ 1998 թվականից կազմվող 

«Պետության զավթման ինդեքսում» Հայաստանը պատվավոր դիրք է գրավում։ Վարուժան Հոկտանյանին հայտնի է ուսումնասիրության 2011 թվականի արդյունքը, որում ընդգրկված են կոմունիստական նախկին 22 երկրներ։ Հայաստանը վերջինից 5-րդ տեղում է։ Մեր պետությունն այս ինդեքսում սկսել է նահանջել սկսած 2000-ականներից, երբ իշխանությունն Ազգային ժողով բերեց խոշոր գործարարների։ 

«Իշխող քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման ուղղակի հետևանքը պետության զավթումն է։ Մարդիկ լսում են կառավարության հակակոռուպցիոն քայլերի մասին, սակայն իրական կյանքում փոփոխություններ չեն լինում»,- ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, որը հիշեցնում է՝ կոռուպցիան շատ ավելի լուրջ չարիք է, քան պարզապես կաշառք տալը․ 

«Դա գանձագողությունն է, դա պետական բյուջեի թալանն է։ Մեր երկրում շատ լավ օրենքներ մնում են ցածր կիրառելիության սահմաններում, ինչը խորացնում է վատթար պետական կառավարումը։ Մեզ մոտ կա պատժելիության խնդիր։ Եթե որևէ հանցագործության չի հաջորդում պատժելիությունը, հնարավոր չէ խոսել պետական համակարգի արդյունավետության մասին»։  


2017 թվականն աննախադեպ էր կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրությունը բարելավելու առումով, քննադատություններին հակադարձում է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրա պնդմամբ՝ իշխանությունը օրենքներ փոխելով արդեն ցույց է տվել, որ կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի և այդ ուղղությամբ շարունակական քայլեր է անում։ 

«Ամենակարևոր դրույթներից է հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի ստեղծումը, կառավարության ծրագրում իրավապահ միասնական մարմնի գաղափարախոսության ամրագրումը, ազդարարների նոր համակարգի ստեղծումը և էլեկտրոնային պլատֆորմի նախատեսումը, ինչպես նաև հայտարարագրման ոլորտում բարեփոխումները։ Նշեմ, որ հայտարարագիր տվողների թիվը ասել է շուրջ 10 000-ի»,- ասում է Սուրեն Քրմոյանը; 

Արդարադատության նախարարի տեղակալը լավատես է և կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կհաջողի, եթե հանրությունն իր հերթին փոխի կոռուպցիայի մասին ընկալումը։ Այս տարվա հունիսից ուժի մեջ է մտել ապօրինի հարստացումը կանխող օրենքը, որի հիմնական գործիքներից է հայտարարագրման գործընթացը։ Արդյո՞ք կան ապօրինի հարստացած պետական պաշտոնյաներ, որոնք այս օրենքի կիրառման արդյունքում կանգնել են դատարանի առաջ։ Սուրեն Քրմոյանը նման դեպքեր չգիտի։  

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պնդում է հակառակը՝ Հայաստանում օրենքները գրված ու շարադրված են գեղեցիկ ձևով, բայց դրանք գործնականում չեն կիրառվում՝ «միայն՝ բառեր, բառեր, բառեր․․․»։ 

2017 թվականի խորհրդարանական ընտրությունները լավագույնս հավաստում են այս խոսքերը․ 

«Այդ քվեարկության ընթացքում կիրառված վարչական ռեսուրսներով և կաշառքով հասարակությունն ուղղակի ջախջախվեց, ինչի՞ մասին է խոսքը։ Մեր երկրում ժողովրդավարություն գոյություն չունի»։ Հայաստանում զավթված է ոչ միայն բարձրագույն, այլև միջին և ցածր պաշտոնները, որոնք բաժանվում են օլիգարխիկ կլանների միջև։ Ավետիք Իշխանյանը նշում է․ 

«Հանկարծ պարզվում է, որ վարչապետը կամ որևէ գեներալ շատ տաղանդավոր զավակ ունի, որոնք դառնում են համայնքապետեր։ Հետո, երբ բարձրագույն պաշտոնյան հրաժարական է տալիս, այդ համայնքապետն էլ հետն է հեռանում, քանի որ պարզվում է՝ չի համապատասխանում ղեկավարի չափանիշներին»։ 

Իրավական պետություններին հատուկ է օրենքի գերակայությունը, որտեղ դատարաններն անկախ են։ Ավետիք Իշխանյանը հարց է բարձացնում՝ Հայաստանում ինչպե՞ս կարող է դատարանն անկախ լինել, երբ դատավորներին նախագահն է նշանակում: 

«Սահմանադրությամբ է ամրագրված, որ Հանրապետության նախագահը իշխանության երեք՝ գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի համակարգողն է։ Արդեն հարցն այդտեղ փակվեց»,- արձանագրում է իրավապաշտպանը։  

Ի տարբերություն իշխանության ներկայացուցիչ Սուրեն Քրմոյանի պնդման, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն արձանագրում է, որ 2017 թվականի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությւոնների ընթացքում դրսևորվել է քաղաքական կոռուպցիա։ Կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի բացակայության տիպիկ դրսևորում էի պաշտոնեական դիրքի չարաշահումներով սկանդալային և հանրային հնչեղություն ստացած գործերի կարճումը և դրանց փաստացի կոծկումը՝ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալը, ՍԱՍ աշխատակիցների նկատմամբ ճնշումների գործը, 114 կրթական հաստատության ղեկավարի՝ ծառայողական դիրքի չարաշաման դեպքերը։ 

«Արատավոր ընտրական պրակտիկան, իրավապահ մարմինների անգործությունն ու բարձրաստիճան պաշտոնյաների անպատժելիությունը մեծապես նպաստում են Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի վերաբերյալ ընկալումներին»,- արձանագրում է հակակոռուպցիոն կենտրոնը, իշխանությանը փոխանցելով ուղերձ․ 

«Կոռուպցիան ուղղակիորեն վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությունը։ Հայաստանի իշխանությունների  պարտականությունն է լուրջ քայլեր ձեռնարկել՝ կոռուպցիան արմատախիլ անելու և վերացնելու երկրում տիրող աղքատությունը, սոցիալական անհավասարությունը, տնտեսական և քաղաքական մոնոպոլիան ու կանխելու արտագաղթը»։  


 Ռոբերտ Անանյան 
1138
Print
սոցիալական իրավունքներ
Ձախողվել է երկրի ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարելավումը: 19.01.2018 | սոցիալական իրավունքներ

Ձախողվել է երկրի ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարելավումը:

2017 թվականին Հայաստանի կառավարությունը կարևոր քայլեր է կատարել կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող մարդկաց տառապանքը մեղմելու ուղղությամբ, երկրի խորհրդարանն էլ ընդունել է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենք: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ բացթողումնե

կոռուպցիան համակարգային է, ղեկավարվում է մեկ կենտրոնից 19.12.2017 | սոցիալական իրավունքներ

կոռուպցիան համակարգային է, ղեկավարվում է մեկ կենտրոնից

Կոռուպցիան իսկական չարիք է, և նույնիսկ պետություններ է կործանում։ Անդունդի եզրով շարժվում է նաև Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որտեղ կոռուպցիան համակարգային է․ ղեկավարվում է մեկ կենտրոնից, և ծառայում որպես իշխանության վերարտադրման ու հարստացման գործիք։ Սա արվում է կեղեքվող քաղաքացի

իշխանությունը զավթված է. 2017-ի թիվ 1 կոռուպցիոն գործարքը (տեսանյութ) 8.12.2017 | սոցիալական իրավունքներ

իշխանությունը զավթված է. 2017-ի թիվ 1 կոռուպցիոն գործարքը (տեսանյութ)

2017-ին կոռուպցիոն ամենամեծ գործարքը Հայաստանում տեղի ունեցավ ընտրական շրջանում, երբ իշխանությունը գործի դրեց հրեշավոր մի մեքենա և կեղծեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ զանգվածաբար բաժանելով ընտրակաշառք և ճնշումներ կիրառելով ընտրողների նկատմամբ։ Հենց համակարգային կոռուպց

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: