լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.09.2013 | բնապահպանություն

մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում - 2

մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում - 2

Լեռնաձոր

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությանը (իրականում այս ընկերությունը ոչ թե պետական է, այլ պատկանում է անհատների) արտոնագիր է տրված՝ Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու եւ ապա շահագործելու: Այժմ ադ աշխատանքներն իրականացվում են միայն Փխրուտի հանքավայրի տարածքում (միայն 25 քառակուսի կիլոմետր տարածքում ուրանի կանխատեսվող պաշարը կազմում է 1000-3000 տոննա): 

Ուրանի հանքավայրն ընդգրկում է Կապանից Քաջարան ավտոճանապարհի Ողջի գետի աջափնյա եւ ձախափնյա տարածքները՝ ձգվելով դեպի գետի ակունքը՝ մինչեւ Դավաչի տեղամասը, Քաջարան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Այս հանքավայրը մոտ 50 տարի առաջ մանրազնին ուսումնասիրվել է մասնագիտացված արշավախմբի կողմից, որի աշխատանքներին որպես բանվոր մասնակցել է Փխրուտ գյուղի բնակիչ Գեդեոն Հովհաննիսյանը: Նա որպես ականատես շատ հետաքրքիր տեղեկություններ հայտնեց ժամանակին այստեղ կատարված դեպքերի մասին:Ուրանի հանքավայրի տարածքում գտնվող բնակավայրերն են Քաջարան քաղաքը, Լեռնաձոր, Ձագեձոր, Կաթնառատ, Փխրուտ գյուղերը, եւս չորս համայնքներ: Հանքավայրի ապագա շահագործողներն առաջարկում են շահագործումից մոտ տասը տարի հետո միայն վճռել բնակչությանը տեղահանելու կամ տեղում թողնելու խնդիրը:

Լեռնաձոր գյուղի, ինչպես եւ մարզի բնակչությունը կտրականապես դեմ է այդ հանքավայրի շահագործմանը: Անորոշությունը, դժգոհությունը եւ ուրանի նկատմամբ սարսափն այն աստիճանի է, որ 1968 թ. երկրաշարժից տուժած լեռնաձորցիներից ոմանք անգամ պետական միջոցներով կառուցվող իրենց տները չեն ցանկանում ավարտին հասցնել եւ թողել են կիսավարտ վիճակում (2005 թ. ՀՀ Կառավարությունը երկրաշարժից տուժածներին տներ կառուցելու նպատակով 240 մլն դրամ է հատկացրել):

Լեռնաձոր գյուղի ավագանու անդամները դիմել են (19.08.2010 թ.) ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը: Այս դիմումի մեջ ասվում է. «ՀՀ Կառավարության 2008 թ. մարտի 6-ի թիվ 234 որոշմամբ նախատեսվում է ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի Լեռնաձորի համայնքի չորս գյուղերի տարածքում:

Հաշվի առնելով համայնքի բնակչության դժգոհությունն ու մերժողական վերաբերմունքի արժանացած հարցի արդիականությունը, մտահոգվելով այն հետեւանքներով, որ կարող են առաջանալ ինչպես հետազոտման, այնպես էլ հետագա շահագործման արդյունքում` վնասակար ազդեցություններ մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական ու սոցիալական բնականոն զարգացման վրա, միանալով մեր տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների կոչին, հարկ ենք համարում հանդես գալ հետեւյալ ուղերձով.

Հնարավոր բազմաթիվ էկոլոգիական անկանխատեսելի հետեւանքները, ռադիոակտիվ ճառագայթման անխուսափելիությունը, հանքի գտնվելու վայրը (համայնքի գյուղերի անմիջական հարեւանությամբ), Ողջի գետի ավազանի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով կհանգեցնի համայնքի բնակչության արտագաղթին` հետագայում դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խնդրում ենք … կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրերի շահագործման ծրագրին` դրանք կասեցնելու եւ ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումը չեղյալ համարելու նպատակով»:

Այսպիսի ուղերձով ՀՀ իշխանություններին են դիմել Կապանի եւ այլ բնակավայրերի ավագանիները: Կապանում մոտ 14 հազար (նոյեմբերի վերջի տվյալներով) մարդ ստորագրել է ուրանի հանքավայրի շահագործման դեմ: Ստորագրահավաքը շարունակվում է:

Ուրանի հանքավայրի դեմ պայքարում իրենց վճռականությունն են հայտնել անցած տարվա նոյեմբերի 11-ին Կապանում կազմակերպված միտինգի մասնակիցները: Այս միտինգից մոտ մեկ շաբաթ անց Լեռնաձորի մոտակա հանդամասում հրդեհվել է ուրանի հանքավայրի ուսումնասիրության նպատակով բերված տեխնիկան:

Այդ օրվանից առ այսօր հարցաքննում են լեռնաձորցիներին եւ մոտակա մյուս գյուղերի բնակիչներին: Ինձ հանդիպած հարցաքննվողները հավաստում են, որ հարցաքննությունների ընթացքում սպառնալիքներից զատ որեւէ բռնություն չի եղել:

Կան մարդիկ, ովքեր հավանական են համարում մեքենայի ինքնաբռնկումը կամ ուրանի ծրագրի դեմ պայքարողներին վարկաբեկելու նպատակով շահագրգիռ ընկերության կողմից դիտավորյալ հրդեհումը:

Տեղի բնակչության ուշադրությունից չի վրիպել այն, որ հրդեհված մեքենան եղել է հին ու մաշված վիճակում: Կապանցի իմ զրուցակիցն ասում է, որ ուրանի հանքահանությամբ շահագրգիռ ընկերության պաշտոնյաները մշտապես իրենց համոզում են, թե ուսումնասիրության եւ հանքահանման-հանքավերամշակման ընթացքում կիրառվելու են նորագույն սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, սակայն այստեղ բերված առաջին տեխնիկան մետաղաջարդոնի տպավորություն էր թողնում:

«Եթե տեխնիկայի հրդեհումն իրականացրել են ընկերության ծրագրով, ապա հրդեհումը անպայման տեղացիներից մեկի գլխին կկապեն, որպեսզի կարողանան միշտ ճնշման տակ պահել ուրանի հանքավայրի շահագործման դեմ պայքարողներին»,- ասաց զրուցակիցս:

Լեռնաձորի հարեւանությամբ` Ողջի գետի ավելի բարձր նիշում, գտնվում է Դարազամի պոչամբարը: Այդտեղ լցված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի պոչանքը (3 մլն մ3):

Անմիջապես գյուղի հարեւանությամբ է նաեւ Փխրուտի պոչամբարը: Այն գտնվում է Ողջի գետի վտակ Փխրուտ գետի հունում, պարունակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի արտադրած 3,2 մլն մ3 պոչանքը: Պոչամբարը ծածկված է հողի բարակ շերտով, որի մի հատվածում տեղացիները բանջարեղեն եւ գյուղատնտեսական այլ կուլտուրաներ են աճեցնում: Պոչամբարի սարալանջին հարող եզրամասում ճահճուտ է առաջացել: Բանջարանոցներ, նույնիսկ այգիներ կան նաեւ պոչամբարից ցածր` կիրճում: 



Ողջիի պոչամբարը պարունակում է 35 մլն մ3 պոչանք, տեղակայված է Ողջի գետի հունում, երկարությունը՝ մոտ 1,5 կմ: Այստեղ նույնպես լցված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի արտադրած պոչանքը: Ինչպես Դարազամի եւ Փխրուտի պոչամբարները, այնպես էլ այս պոչամբարը ծածկված է հողի շերտով, սակայն ամենուրեք կարելի է տեսնել պոչանքի մարմնի բաց հատվածներ եւ ջրով ակոսված առուներ…

Նույն տարածքում արդեն շահագործման է հանձնվել Գեղիձորի հանքավայրը, որի պոչամբարը տեղադրվելու է Ողջի գետի վտակ Գեղի գետի կիրճում, այդտեղ են լցվելու նաեւ մակաշերտի եւ «դատարկ» ապարները:

Գեղիձորի պղնձամոլիբդենային նոր հանքավայրում հանքաքարն արդեն հանվում է, երբ դրա վերամշակման արտադրությունները շահագործման հանձնված չեն, ինչպես նաեւ դեռեւս չկա հանքավայրի շահագործման թույլտվությունը (հանքավայրի սեփականատերերից մեկը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է):

Նորաշենիկի պոչամբար

Ողջի գետի վտակ Նորաշենիկ գետի հենց ափին է տեղադրված այս պոչամբարը: Այստեղ է կուտակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային եւ Կապանի հանքավերամշակման գործարանների պոչանքները Արծվանիկի պոչամբար տեղափոխող խողովակների վթարի հետեւանքով Սյունիք գյուղի հողատարածքներում թափված պոչանքը:

Պոչամբարի եւ Նորաշենիկ գետի հատակները նույն մակարդակի վրա են: Պոչամբարի եւ գետի արանքում հողից թումբ են կառուցել, իսկ որոշ մասերում հողի փոխարեն օգտագործել են տարիներ առաջ այստեղ լցված եւ արդեն չորացած պոչանքը:

Պոչամբարից քամվող ջրերը լցվում են Նորաշենիկ գետը, որի ջրով ջրվում են Սյունիք գյուղի, Զանգելանի եւ այլ համայնքների հողերը: Սյունիքի համայնքապետ Սամվել Սարգսյանը հայտնեց, որ իրենց գյուղի հողերն աղտոտված են հանքարդյունաբերական, գլխավորապես Կապանի հանքավերամշակման գործարանի թափոններով:

80 հեկտար հանված է մշակումից, իսկ 330 հեկտար վարելահողի օգտագործումը ծայր աստիճան աղտոտվածության եւ ցածր բերքատվության պատճառով անիմաստ է դարձել: Նա նաեւ ասաց, որ իրենց տնտեսության հողերը մինչեւ 1983 թվականը հայտնի են եղել իրենց բարձր բերքատվությամբ:

Սյունիք գյուղն արտադրել է Կապանում եւ Քաջարանում իրացված բանջարեղենի մոտ 40%-ը: Նշված թվականին մեկ հեկտարից ստացել են մինչեւ 30 տոննա վարունգ, երբ այժմ մեկ հեկտարից մեկ տոննա էլ չի ստացվում… Նորաշենիկ գետի ափերն ու հատակը ծածկված են պոչանքով:

Սեպտեմբեր-նոյեմբեր, 2010 թ.
շարունակելի 

Հակոբ Սանասարյան
1472
Print
բնապահպանություն
The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին 31.10.2014 | բնապահպանություն

The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է  անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը 30.10.2014 | բնապահպանություն

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը կազմակերպում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել 9.09.2014 | բնապահպանություն

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան ար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: