լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
15.03.2018 | խղճի ազատություն

«Արթուրը փլուզեց անտարբերության պատը։ Նա ասում էր. «Իսկ ո՞վ, եթե ոչ ես․․․» (տեսանյութ)

«Արթուրը փլուզեց անտարբերության պատը։ Նա ասում էր. «Իսկ ո՞վ, եթե ոչ ես․․․» (տեսանյութ)
«Արթուրը պետականամետ մտածողություն ունեցող բացառիկ անձնավորություն էր, որը հանուն իր գաղափարների անձնազոհության դիմեց։ Իր այդ մտածելակերպի պատճառով հայտնվեց բանտում, և այդ գաղափարները կրելու համար էլ զոհվեց»,- Հաց բերող Արթուր Սարգսյանին բնութագրելիս քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը բառեր չի փնտրում։ Դրանք գալիս են ինքնաբերաբար։ 

Չնայած ծանոթության կարճ ընթացքին, տարիքային տարներությանը, Շահենն ու Սասնա ծռերին հաց բերողը հասցրել էին մտերմանալ, դառնալ ընկերներ ու գաղափարակիցներ։  Արթուր Սարգսյանին կալանավորեցին Սասնա ծռեր խմբի անդամների հետ, երբ նրանք 2016-ի հուլիսի 31-ին վայր դրեցին զենքն ու ազատեցին Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը։ Դեկտեմբերի 31-ին Բեխտերև հիվադություն ունեցող Արթուրը ստորագրությամբ բանտից ազատ արձակվեց։ Նախաքննական մարմնին չներկայանալու պատճառաբանությամբ փետրվարի 9-ին երկրորդ անգամ է կալանավորվում։ Հասարակությունն ընդվզման ալիք է բարձրացնում։ 

 Շահեն Հարությունյանն ու ընկերները Արթուրի ազատության պահանջով հանրահավաքներ ու երթեր սկսեցին Երևանում։ Ազատության հրապարակը դարձավ շուրջօրյա նստացույցերի անցկացման վայր։ Շահենը հիշում է՝ բանտից դուրս գալուց հետո Արթուրն իր հետ զրույցում սրտնեղել է՝ մարդիկ իր պատճառով նեղություններ են կրել, ակցիաների մասնակցելու պատճառով թողել առօրյա գործերը․ 

«Ինքն արժանի էր, որ մենք էդ ամեն ինչն անեինք։ Իր համեստության ու պարզության պատճառով էր վատ զգում, որ իր համար մարդիկ տուժել են»։ Գրեթե մեկ ամիս բանտում մնալուց հետո Արթուր Սարգսյանը պատգամավորների երաշխավորությամբ ազատ է արձակվում։ «Իսկ ո՞վ, եթե ոչ ես․․․»,- Արթուրի այս միտքը ոգևորել էր նաև Շահենին: Նա անմիջապես հիվանդանոց է ուղևորվում տեսակցության։ 

Ծանր հիվանդությամբ տառապող Հաց բերողն ազատության մեջ է անցկացնում ընդամենը 10 օր։ Նրան հանգիստ չէր տալիս Ապրիլյան պատերազմում կրած կորուստներն ու Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ռազմական աջակցություն ցուցաբերելու փաստը։ Շահենն ու Արթուրը որոշում են ձեռքերը ծալած չնստել։ Ծրագրում են ապրիլի 2-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջ համաժողովրդական հանրահավաք կազմակեպել։ Ռուսական դեսպանությանը պահանջ էր ներկայացվելու իջեցնել պետական դրոշը և հարգել պատերազմի զոհերի հիշատակը։ 

Առաջին հանրահավաքը տեղի էր ունենալու մարտի 16-ին՝ ոչ պատահական օր։ 1921 թվականի այդ օրն էր կնքվել ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը, որով ռուս բոլշևիկները հայկական տարածքները նվիրաբերել էին թուրքերին։ Հիվանդանոցում Շահենի ու Արթուրի զրույցները ձգվում էին երկար ժամեր։ Նրանք գործողությունների գաղտնի պլան էին մշակել, ինչը միայն երկուսին հայտնի պահելու համար հեռախոսով զրուցում էին բացառիկ դեպքերում։ Նույնիսկ հանդիպման պայմաններն էին գաղտնագրված․ 

«Օրինակ եթե պայմանավորվում էինք հանդիպել Ազատության հրապարակում ժամը 5-ին, դա նշանակում էր, որ պետք է հանդիպենք Նժդեհի արձանի հարևանությամբ՝ ժամը 3-ին։ Նման սխեմա էինք մշակել, որ կանխենք մեր նկատմամբ հետապնդումները և գաղտնալսումները։ Փորձում էինք իշխանությանը մեզնից հեռու պահել»,- պատմում է Շահենը։

Գաղափարական զրույցները խիստ գաղտնիության պայմաններում էին անցնում՝ բաց թողնված ծորակի ձայնի ներքո։ Համացանցում սպասվող միջացառման մասին հրապարակումից հետո Շահենին է զանգում Արթուրը և խնդրում իր անունը հեռացնել գլխագրից․ միջացառումը վերնագրված էր՝ «Հանրահավաք-երթ Հաց բերողի մասնակցությամբ»։ Մարտի 15-ին Արթուրը Շահենին տեղեկացնում է, որ նշանակված հանրահավաքի օրը իրեն Քննչական Կոմիտե են հրավիրել հարցաքննության։ Այդպիսով՝ իշխանությունը կանխում է Արթուրի մասնակցությունը հակառուսական միջոցառմանը։ 

Արթուր Սարգսյանն իրեն պարտական էր համարում հասարակության առաջ։ Նա գիտեր իր նկատմամբ քաղաքացիների բարձր վստահության մասին, ու որոշել էր իր անձի շուրջ ստեղծված լեգենդն օգտագործել որպես խթան՝ երկրում իրական փոփոխությունների հասնելու։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը պատմում է, որ Հաց բերողը նպատակ է ունեցել մասնակցել 2017-ի ապրիլի 2-ի ազգային ժողովի ընտրությանը։  «Շատ քաղաքական ուժեր անգամ ՀՀԿ-ամերձ շրջանակներ, նրան ուղղակի կամ անուղղակի ձևով առաջարկել էին ընդգրկվել իրենց քաղաքական ուժի ցուցակում։ Բայց նա բացարձակապես մերժում էր ուրիշների ցուցակով ներկայանալը»։ 

Հաց բերողը մտադիր էր իր մասնակցությամբ ճեղքել ՀՀԿ-ի քաղաքական մենիշխանությունը։ Բայց ժամանակի պակասի ու կազմակերպչական հարցերի պատճառով այս ծրագիրը տապալվում է։ Շուտով բոլորը մոռանում են պառլամենտական ընտրությանը մասնակցելու գաղափարի և սպասվելիք հանրահավաքի մասին։ Մարտի 15-ի երեկոյան վատանում է Արթուրի ինքնազգացողությունը, նրան հիվանդանոց են տեղափոխում, որտեղ հաջորդ օրը մահանում է։ «Ինձ համար լրիվ անսպասելի էր նրա մահը․ Արթուրի մեջ կրակ կար, բոց կար, կայծ․․․ Վերջին հանդիպմանն իր աչքերում ես մահ չտեսա»,- ասում է Շահենը։ 

Արթուր Սարգսյանի մահը հայաստանյան հասարակության համար բացառիկ մեծ կորուստ էր։ Ալեք Ենիգոմշյանը վստահ է, որ Արթուրը գիտակցում էր հայաստանյան իրականությունը և որոշել էր փոխել իրավիճակը։ «Արթուրը փլուզեց անտարբերության պատը և արժեքներ ցուցանեց բոլորիս։ Նա ասում էր՝ այս բանը ճիշտ չէ, ուրեմն պետք է ես դա փոխեմ, ոչ թե սպասեմ ուրիշին»։ 

 Ինչո՞ւ է Շահենը կարծում, որ նրան սպանեցին․ «Արթուր Սարգսյանի կերպարը մեր երկրում ստեղծված վարչակարգի համար անընդունելի էր, դրա համար էլ նա զոհվեց։ Արթուր Սարգսյանն ապրում, գործում և ի վերջո զոհվեց այն արժեքների համար, որոնք ամեն պահի խեղաթյուրում է մեր պետության գլուխ կանգնած մարդիկ»։ Հաց բերողի մահը ցնցում ու բորբոքում է ողջ հասարակությանը։ Շահեն Հարությունյանի գլխավորությամբ Երևանում բազմամարդ հանրահավաքներ են սկսվում «Հաց բերողին սպանել են» վանկարկումով։ 

Երիտասարդների բողոքը հասնում է իշխանություններին, բայց Արթուր Սարգսյանին սպանողն այդպես էլ չի բացահայտվում։ Իշխանությունը կոպիտ միջոցի է դիմում Շահեն Հարությունյանի նկատմամբ։ Երևանի քաղաքապետարանը հայց է ներկայացնում դատարան՝ Շահենին մեղադրելով անօրինական հանրահավաքներ կազմակերպելու մեջ։ Դատարանն ընկրկում է իշխանության առաջ ու Շահենին տուգանում 150 000 դրամով․ 

«Այս որոշումը ոչ թե դրամական, այլ բարոյական առումով ինձ համար ամենևին խնդիր չի։ Էս իշխանությունն ինձ 14-15 տարեկանում 4 տարվա ազատազրկման է դատապարտել, սա էլ զարմանալի չէր»,- ասում է ակտիվիստը։ 

Ի դեպ, 2013-ի նոյեմբերի 5-ի գործով Շահենի պայմանական ազատազրկման ժամկետը լրանում է 2019 թվականի հունիսին։ Ալեք Ենիգոմշյանն ու Արթուր Սարգսյանն ընկերացել էին։ Մեկ անգամ նա Ենիգոմշյանի տուն է այցելում և անակնկալի գալիս։ Պատից կախված էր Արթուրի ձեռքով պատրաստված Սիսն ու Մասիսը պատկերող նկար։ Տարիներ առաջ Ենիգոմշյանի հանգուցյալ կինն էր նկարը գնել Վերնիսաժից։ Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող գուշակել, թե ինչպիսի կարգավիճակում են հանդիպելու նկարի հեղինակն ու Ալեք Ենիգոմշյանը․ 

«Արթուրը եկավ որպես ասուպ, լուսավորեց և հեռացավ միայն ֆիզիկապես։ Թեկուզ կարճ ժամանակվա իր գալուստը տևական մնալու է մեր սրտերում։ Որպես հասարակություն պիտի հպարտ լինենք, որ բազմաթիվ բացասական կերպարների կողքին ունենք այսպիսի փայլուն մարդ»,- նշում է պարոն Ենիգոմշյանը։ 

Շահենը վստահ է, եթե Արթուրը դաստիարակեր սերունդներին, կունենայինք երկիր, որտեղ այսպիսի տոտալիտար վարչակարգ գոյություն չէր ունենա․ «Արթուրն ազատության ու ազնվության սիմվոլն էր։ Նա մեր մարդկային նկարագրի համախմբումն էր ի վերջո։ Սասնա ծռերի օրերին բոլորն ասում էին՝ հաց է պետք նրանց տանել։ Բոլորիս ցանկությունն էր, որ նրանք սնվեն։ Արթուրը մեր բոլորի կամքն ու ցանկությունը իրագործեց և հաց տարավ»։ 

Արթուր Սարգսյանով պիտի դաստիարակվեին մեր սերունդները, դրանք ազատության, ազնվության գաղափարներն են․․․ 

 


Ռոբերտ Անանյան
5664
Print
խղճի ազատություն
«Չմոռանանք, որ այս նախագծի վերնագիրը խղճի ազատության, այլ ոչ թե սահմանափակման մասին է» 13.02.2018 | խղճի ազատություն

«Չմոռանանք, որ այս նախագծի վերնագիրը խղճի ազատության, այլ ոչ թե սահմանափակման մասին է»

Քահանաները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն բանակում ստիպողական մկրտությունների համար  

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել 7.12.2013 | խղճի ազատություն

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել

Ըստ Եհովայի Վկաներ կազմակերպության  պաշտոնական կայքի հաղորդագրության, 1993 թվականից սկսած առաջին անգամն է, որ Հայաստ

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը 25.10.2013 | խղճի ազատություն

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը

2013թ. հոկտեմբերի 24  

Հայաստանն առաջարկում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն` խղճի հիմնավորմամաբ զինվորական ծառայությունից հրաժարվողներին          <

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: