լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.09.2013 | խղճի ազատություն

գենդերն ու ռուսական կայսրության վերադարձը

գենդերն ու ռուսական կայսրության վերադարձը
Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը կորցրեց իր «ուրույն ուղին» և սկսեց վերածվել «սովորական» պետության իր բազմաթիվ ներքին խնդիրներով` պահպանելով ահռելի բնական հարստությունները և հսկայական տարածքները, որտեղ իրենց բնօրրանում բնակվում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ: 

«Ռուսաստանցի» հասկացությունն այդպես էլ չդարձավ այդ ժողովուրդներին միավորող բանաձև: Կան երկու տիպի ռուսաստանցիներ` ռուսներ և ոչ ռուսներ, որոնց ավելի շատ բան տարանջատում է, քան միավորում, հատկապես` կրոնը: Կյանքը ցույց տվեց, որ «ռուսաստանցի» լինելու համար դեռևս քիչ է լինել Ռուսաստանի քաղաքացի, այդ դեռևս արհեստական հասկացությունն  իր մեջ պետք է կրի նաև ինչ-որ արժեքային համակարգ: Իսկ եթե հաշվի առնենք Ռուսաստանի` վերջերս նկատվող արտաքին քաղաքականության հավակնությունները, ապա այդ «ինչ-որ բանը» չի կարող սահմանափակվել զուտ Ռուսաստանով: Ռուսաստանի քաղաքական դիսկուրսը ձևավորողները որոնում էին այդ «ինչ-որ բանը», առաջադրում էին «սուվերեն դեմոկրատիա»-ի նման նոր հասկացություններ, սակայն դրանք անհասկանալի էին, ավելին` պաշտպանվողական էներգետիկա էին պարունակում: 

Փառապանծ արխիվից հանված «ուղղափառությունն» այդպես էլ չկարողացավ միավորել Ռուսաստանի քաղաքացիներին, ճիշտ հակառակը` այն տարանջատում էր ուղղափառներին մուսուլմաններից ու քրիստոնեության այլ ուղղությունների ներկայացուցիչներից: Այս իրավիճակից դուրս գալու համար ռուսական պետականության գաղափարախոսության «նոր» արժեքային համակարգի ճարտարապետները երկար տարիներ որոնումների մեջ էին, և ռուսական ԶԼՄ-ներով տարածվող զանազան էքստրասենսների և պայծառատեսների գուշակությունները, թե Ռուսաստանին մեծ ապագա է սպասում, որը հիմք է հանդիսանալու աշխարհի նոր հոգևոր ծաղկման համար, այդպես էլ չի հիմնավորվում: 

Պարզ է, որ առանց որևէ համաշխարհային գաղափարախոսության և թեկուզ մի որևէ «ուրույն» արժեքային կոորդինատի Ռուսաստանը չի կարող վերակենդանացնել կորսված կայսրությունը և դառնալ համաշխարհային ուժային կենտրոն: Ավելին, պատմությունը ցույց է տալիս, որ առանց որևէ համաշխարհային արժեքային համակարգի ոչ միայն հարցականի տակ են դրվում Ռուսաստանի արտաքին հավակնությունները, այլև ներքին ամբողջականության պահպանումը: Ուժը կարելի է հարգել միայն այն ժամանակ, երբ այն պաշտպանում է արդարությունը, որի մասին պատկերացումները կարող են տարբեր լինել: 

Համաշխարհային պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ հասկանում են, որ առանց որևէ համաշխարհային և համամարդկային գաղափարախոսության հնարավոր չէ կայսրություն ձևավորել, ավելին` շատ դժվար է նույնիսկ գերտերություններից մեկը դառնալ: Եթե հետևենք Ռուսաստանի պատմությանը, ապա ռուսական կայսրությունը սկսեց ձևավորվել Իվան Ահեղ ցարի` Կեսարի  կոչումը ստանձնելուց հետո: Պատահական չէ, որ կայսրության կարգախոսն էր` Մոսկվան երրորդ Հռոմն է, իսկ չորրորդը չի լինելու: 

Մոսկվան իրեն համարում է երկրորդ Հռոմի` Բյուզանդիայի ժառանգորդը: Երկրորդ Հռոմի` Բյուզանդիայի և առաջին Հռոմի` ներկայիս արևմտյան քաղաքակրթության պատմական հոգևոր կենտրոնի տարանջատումը սկսվեց առաջին հայացքից մի «անիմաստ» դավանաբանական վեճից` filioque-ի պատճառով, որը քրիստոնեության Հավատո Հանգանակի` Երրորդության երեք դեմքերի հարաբերություններին է վերաբերում` արդյոք Սուրբ Հոգին բխում է միայն Հայր Աստծուց, թե նաև Որդուց: Filioque-ի դոգմատի կողմնակիցները կարծում են, որ այն բխում է նաև Որդուց:  

Դժվար թե այս դոգմատիկ վեճն առանձնապես հետաքրքրում էր Եվրոպայի և Բյուզանդիայի բազմամիլիոն հավատացյալներին, սակայն այն դարձավ անկյունաքարային, երբ Եվրոպայում առաջացավ նոր ամբիցիոզ տիրակալ` Կարլոս Մեծը, որը, ստեղծելով իր կայսրությունը, մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում դավանաբանական վեճերի հանդեպ: Նա պահանջում էր Հռոմի Պապից, որ այդ դոգմատը համարվի պարտադիր, բայց Պապը դիմադրում էր: Սակայն 1054-ին այդ դոգմատի պատրվակով ուղղափառ և կաթոլիկ քրիստոնյաները վերջնականապես միմյանցից բաժանվեցին` տեղի ունեցավ Մեծ Սխիզմա, ինչը հիմք դրեց քրիստոնեական քաղաքակրթության բաժանմանը: 

Կարծես կասկածից վեր է, որ այդ ժամանակվա քաղաքական որոշումներ ընդունողներին  դժվար թե հետաքրքրում էր վեճի բուն դավանաբանական կողմը: Բյուզանդիայի կայսրը երկար ժամանակ հանդիսանում էր աշխարհի բոլոր ուղղափառ քրիստոնյաների կայսրը, իսկ 1054-ից հետո` միայն այն քրիստոնյաների, որոնք համարում են, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հայր Աստծուց: Մյուս կեսի համար Արևմտյան Եվրոպայի երկրները սկսեցին պայքարել հեգեմոնիայի և կայսրության կոչման համար: Բյուզանդիայի անկումից հետո Իվան Ահեղն իրեն հռչակեց կեսար`ցար, և զբաղեցրեց Բյուզանդիայի տեղը: 

Հինգ հարյուր տարի հետո դավանաբանական վեճի պատճառով արդեն իսլամական աշխարհը երկճեղքվեց: Ճիշտ է, վեճը հին էր, եւ սունի մահմեդականների վրա հոգեմոնիա հաստատելու և Մուհամեդի ժառանգորդի`խալիֆի կոչման համար պայքարում հաղթեցին օսմանցիները, սակայն շիա մահմեդականների վրա հեգեմոնիա տարածելու հավակնություններ ներկայացրեց Պարսկաստանը: Սեփական ամբիցիաների բավարարման համար Պարսկաստանի տիրակալներն այլ ելք չունեին, այլապես պետք է ընդունեին Օսմանյան խալիֆի հոգևոր գերակայությունը: Պարզ է, կայսրության հավակնություններ ունենալու համար պետք է ձևավորել սեփական արժեքային համակարգ և դրա վրա հիմնված համապատասխան քաղաքակրթություն: 

Կոմունիզմի անկումից հետո Ռուսաստանը այևս չուներ որևէ արժեքային հիմք կայսերական հավակնությունները բավարարելու համար: Եւ մինչ հիմա նման բոլոր փնտրտուքներն ապարդյուն էին, սակայն կարծես թե գենդերի հարցում Ռուսաստանի հատուկ դիրքորոշումը դառնում է աշխարհում ոչ միանշանակորեն ընկալվող այնպիսի խնդիր, որը կարող է քաղաքակրթական տարանջատման թնջուկի վերածվել: Շատերին անհավանական է թվում, որ այդպիսի մի հարց կարող է քաղաքակրթական տարանջատման պատճառ դառնալ, սակայն եթե դիտարկենք կաթոլիկների և ուղղափառների, շիաների ու սունիների տարանջատման դավանաբանական պատճառները, ապա դրանք նույնպես այնքան էլ համոզիչ ու կարևոր չեն թվում, ավելին` դրանք երևի ավելի քիչ էին հուզում այն ժամանակվա շարքային հավատացյալներին, քան գենդերի հարցն այսօրվա մարդկանց: 

Ինչ է այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եթե ոչ ժամանակակից «դավանաբանական» վեճերի և որոշումների ընդունման մեխանիզմ: Միջազգային կոնվենցիաները հին ժամանակներում ընթացող տիեզերական ժողովների որոշումների ներկայիս նմանակն են, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար, իսկ նրանք, ովքեր այդ որոշումները չեն ընդունում, դուրս են մնում քաղաքակրթությունից: Իսկ եթե մասնակիցների մեջ առաջանում է որևէ հիմնավոր վեճ, որը կարող է երկու մասի բաժանել վիճող կողմերին և հարցականի տակ դնել այս կամ այն համընդհանուր կոնվենցիան,ապա դա արդեն, եկեղեցական լեզվով ասած,կարող է «Մեծ Սխիզմայի» պատճառ հանդիսանալ: 

Նույնասեռականության պրոպագանդայի դեմ Ռուսաստանի նոր օրենսդրությունը, նույնասեռական ընտանիքների կողմից երեխաների որդեգրման խնդրի շուրջ Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը կողմնակիցներ ունի նաև Եվրոպայում, Ամերիկայում և այլուր: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի իշխանությունների համար այդ քայլերն ավելի շուտ քարոզչական նշանակություն ունեն, քան կոնկրետ դրսևորումներ պրակտիկայում: Այստեղ կարևորը PR-ն է, քան կոնկրետ խնդիրը: 

Եթե առաջ Ռուսաստանի խորհրդանիշը Լենինի դամբարանն էր, ապա այսօր իր տղամարդկային հատկությունները ցուցադրող Պուտինը, ով պաշտպանում է իր ընկեր Բեռլուսկոնիի` աղջիկներ սիրելու իրավունքը: Այո, կարծես թե իրավունքի ոլորտում աշխարհում վեճի խնդիր է առաջանում: Սակայն Կրեմլի քաղտեխնոլոգների պահեստում կան նաև այլ հրատապ հարցեր` եկեղեցու և պետության հարաբերությունների ձեւաչափը, էմիգրանտների` առանց դատարանի որոշման զանգվածային արտաքսման հարցը, որն արդեն հակասում է ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոնվենցիային: Եւ այստեղ, վստահ եղեք, Կրեմլը կունենա բազմաթիվ համախոհներ եւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Արդյո՞ք մեզ սպասվում է մի նոր Մեծ Սխիզմա և նոր կայսրության ծնունդ: Համենայնդեպս այն, որ Կրեմլն ունի նման հավակնություններ, կարծես թե ակնհայտ է: 

Ստեփան Դանիելյան
1613
Print
խղճի ազատություն
«Չմոռանանք, որ այս նախագծի վերնագիրը խղճի ազատության, այլ ոչ թե սահմանափակման մասին է» 13.02.2018 | խղճի ազատություն

«Չմոռանանք, որ այս նախագծի վերնագիրը խղճի ազատության, այլ ոչ թե սահմանափակման մասին է»

Քահանաները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն բանակում ստիպողական մկրտությունների համար  

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել 7.12.2013 | խղճի ազատություն

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել

Ըստ Եհովայի Վկաներ կազմակերպության  պաշտոնական կայքի հաղորդագրության, 1993 թվականից սկսած առաջին անգամն է, որ Հայաստ

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը 25.10.2013 | խղճի ազատություն

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը

2013թ. հոկտեմբերի 24  

Հայաստանն առաջարկում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն` խղճի հիմնավորմամաբ զինվորական ծառայությունից հրաժարվողներին          <

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: