լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.04.2013 | խղճի ազատություն

խորհրդարանական լսումներ՝ «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով

խորհրդարանական լսումներ՝ «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին տեղի ունեցան «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ մարտի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախագծերի վերաբերյալ հնչել են ԱԺ պատգամավորների տարբեր տեսակետներ ու մտահոգություններ, եւ հանձնաժողովը նպատակահարմար է գտել այդ թեմայով անցկացնել խորհրդարանական լսումներ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ խնդրի կարգավորման ժամանակ օբյեկտիվորեն առնչվում ենք երկու շատ կարեւոր հիմնախնդրի. մեկը ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորվող խղճի եւ դավանանքի ազատությունն է, մյուսը՝ ազգային անվտանգության գերակայությունը: Նա հույս հայտնեց, որ խորհրդարանական լսումների ժամանակ շահագրգիռ կողմերը հիմնախնդրի լուծման իրենց մոտեցումները ներկայացնելիս հաշվի կառնեն այդ փաստը եւ կփորձեն առաջարկել ոլորտի կարգավորման առավել արդյունավետ տարբերակներ՝ չշրջանցելով ոչ ազգային անվտանգության խնդիրը, ոչ էլ ՀՀ քաղաքացու իրավունքները: 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով խորհրդարանական լսումների՝ պետական կառավարման եւ քաղաքացիական հասարակության տարբեր օղակներ ներկայացնող մասնակիցներին, հույս հայտնեց, որ կարեւորագույն այս խնդրի վերաբերյալ կարտահայտվեն իրատեսական մոտեցումներ: Նա նկատեց, որ Հայաստանում աղանդները լայն տարածում են ստացել, եւ իրավական ու բարոյական սահմաններից ամեն մի շեղում կարող է վնասակար լինել եւ քաղաքացու, եւ պետության ու նրա անվտանգության համար: Նա հորդորեց քննարկման ժամանակ հաշվի առնել խղճի ու դավանանքի վերաբերյալ սահմանադրական նորմն ու պետական անվտանգության խնդիրները: 

Հերմինե Նաղդալյանը նաեւ շնորհակալություն հայտնեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահին ու անդամներին երկրի համար կարեւորագույն հիմնախնդիրներին՝ հասարակության եւ ուժային կառույցների համագործակցությանն ու փոխվստահությանն առնչվող խորհրդարանական լսումների շարք կազմակերպելու համար: 

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը անդրադարձավ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի ստեղծման պատմությանն ու բովանդակությանը: Նրա տեղեկացմամբ՝ նախագիծը նախատեսում է այլընտրանքային զինվորական ծառայությունը տարանջատել այլընտրանքային աշխատանքային ծառայությունից՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են արդյոք ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ զենք կրելուն ու օգտագործելուն: Նախատեսվում է որոշակիորեն կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30 ամիսը, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը: 

Փաթեթով սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը՝ ներառելով ավելի մեծ քաղաքացիական մասնակցություն: Նրանք լինելու են տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության եւ պաշտպանության, պետական կառավարման մարմինների եւ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ու կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման ներկայացուցչներ: Օրինագծերի փաթեթը կարգավորում եւ հստակեցնում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումները քննարկելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու, դրանք բողոքարկելու ընթացակարգերը: 

Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ նախորդ տարիներին կրոնական դավանանքի կամ հայացքների պատճառով զինվորական ծառայությունից խուսափելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որի արդյունքում տասնյակ քրեական պատիժներ են սահմանվել: Նախարարի գնահատմամբ՝ նրանց տեղը քրեակատարողական հիմնարկը չէ, եւ պետք է գտնել պետությանը ծառայելու այլընտրանքային ձեւ, ինչն էլ հենց քննարկվող փաթեթի կարգավորման առարկան է: 

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ օրենքն ուշացումով ընդունելու եւ կրոնական այլ դավանանք կամ հայացքներ ունեցող անձանց ներուժը չօգտագործելու վնասների մասին, իսկ ազգային անվտանգության տեսանկյունից անընդունելի համարեց, երբ զինվորը, իր համոզմունքներին հակառակ, դժկամորեն է զենք վերցնում՝ պաշտպանելու պետական սահմանը, եւ դառնում անկանխատեսելի: Նա օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորեց Հայաստանի քաղաքացու իրավունքների տեսանկյունից եւ ապա նոր միայն՝ միջազգային պարտավորություններով: 

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանն անդրադարձավ խնդրի կարգավորմանն ուղղված իրենց կազմակերպության գործունեությանը, այնուհետեւ մտահոգություն հայտնեց օրենքում մի շարք դրույթների անկատարության կապակցությամբ, որոնք վերաբերում են աշխատանքային ծառայության տարբեր հարաբերություններին, հանձնաժողով դիմում ներկայացնելու եւ բողոքարկման ձեւերի բացակայությանը: 

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վտանգավոր համարեց այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումն այնպիսի մի երկրում, որտեղ շարունակվում է պատերազմի վտանգը: Նրա կարծիքով՝ արտոնություններ տալով աղանդավորականներին՝ հող է նախապատրաստվում նրանց համար, ովքեր չարակամորեն փորձում են խուսափել զինվորական ծառայությունից: Այլընտրանքային ծառայությունը, ըստ պատգամավորի, աճի միտում կարող է ունենալ եւ ազգի պառակտման, ազգային սովորությունների ոտնահարման ու բանակաշինության քայքայման նախադեպ դառնալ: 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ օրենքի բացակայությամբ մարդկանց ճակատագրեր են խաթարվում: Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ նա մտահոգություն հայտնեց մի շարք կարգավորիչ դրույթների բացակայության կամ էլ դրանց անկատարության վերաբերյալ: Մասնավորապես նա նկատեց, որ օրենքը չի անդրադառնում զինվորական ծառայության ընթացքում զինվորի համոզմունքը փոխվելու դեպքերին, օրենքում բացակայում են բողոքարկման մեխանիզմները եւ դավանանքի ու համոզմունքների հավաստիությունն ստուգող չափանիշները: 

Ելույթ ունեցողները պատասխանեցին նաեւ լսումների մասնակիցների հարցերին: 

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ հանձնաժողովում օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հաշվի կառնվեն նախագծերի վերաբերյալ հնչած առաջարկները:

Աղբյուր`www.parliament.am  
1445
Print
խղճի ազատություն
«Չմոռանանք, որ այս նախագծի վերնագիրը խղճի ազատության, այլ ոչ թե սահմանափակման մասին է» 13.02.2018 | խղճի ազատություն

«Չմոռանանք, որ այս նախագծի վերնագիրը խղճի ազատության, այլ ոչ թե սահմանափակման մասին է»

Քահանաները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն բանակում ստիպողական մկրտությունների համար  

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել 7.12.2013 | խղճի ազատություն

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել

Ըստ Եհովայի Վկաներ կազմակերպության  պաշտոնական կայքի հաղորդագրության, 1993 թվականից սկսած առաջին անգամն է, որ Հայաստ

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը 25.10.2013 | խղճի ազատություն

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը

2013թ. հոկտեմբերի 24  

Հայաստանն առաջարկում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն` խղճի հիմնավորմամաբ զինվորական ծառայությունից հրաժարվողներին          <

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: