լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.06.2018 | ընտրական իրավունք

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը
Սահմանադարական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չի արդարացրել պատգամավորների սպասելիքները։ Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր այդ պաշտոնում տիկին Դանիելյանի թեկնածությունը։ Նա Վճռաբեկ դատարանի դատավոր է, ում թեկնածությունը ներկայացրել է դատավորների ընդհանուր ժողովը։ 

Նշենք, որ թեկնածության քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։ ՀՀԿ խմբակցությունից որևէ պատգամավոր հարց չուղղեց ՍԴ անդամի թեկնածունին, միայն Ռուստամ Մախմուդյանը կոչ արեց կողմ քվեարկել Ելիզավետա Դանիելյանին։ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ճիշտ հակառակ կարծիքին է։ Հարցուպատասխանի արդյունքները նրա մոտ համոզմունք են առաջացրել, որ պատգամավորները չեն կարող կողմ քվեարկել ՍԴ անդամի այս թեկնածուին․ 

«Ես առարկություն չունեմ նրա մասնագիտական որակի, գիտական գործունեության մասին, ոչ մի անձնական բան: Իմ պատկերացումներն այլ են՝ պիտի խորհրդարան ներկայացվի այնպիսի դատավոր, որն աչքի է ընկել, որը դուրս է կանգնած եղել մյուս բոլորից»,- այլ խոսքով՝ Էդմոն Մարուքյանի ՍԴ անդամի թեկնածուն պետք է սկզբունքային դատավոր եղած լինի։ 

Որքանով է Ելիզավետա Դանիելյանը սկզբունքային դատավոր եղել և նա ի՞նչ կարծիք ունի հանրային հնչեղության գործերի վերաբերյալ, հարցերի պատասխանը պատգամավորները փորձեցին հասկանալ խաչաձև հարցադրումներով։ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հարցրեց, իր պրակտիկայում ՍԴ դատավորի թեկնածուն երբևէ «վերևներից» ենթարկվե՞լ է ճնշումների, թե ոչ։ Տիկին Դանիելյանը պատասխանեց, որ երբեք ազդեցության ենթարկվելու իրավիճակի չի առնչվել թե Առաջին ատյանում, և թե՝ Վճռաբեկում։ 

Այստեղ, ըստ նրա, որոշումները կոլեգիալ են կայացվում, յուրաքանչյուր դատավոր կարող է իր անհամաձայնությունը հայտնել, և ճնշման մեխանիզմ գրեթե անհնար է գործի դնել։ Հաջորդ հարցը՝ ըստ ՍԴ դատավորի թեկնածուի՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ դատարանները մեկը մյուսի հետևից փոխում են քաղաքական գործերով մեղադրյալների խափանման միջոցները։ Ելիզավետա Դանիելյանը դա պայմանավորեց ոչ թե հեղափոխությամբ և դատավորների՝ քաղաքական իշխանությունից անկախանալով, այլ բոլորովին այլ գործոնով․ «Ինչպե՞ս կարող էին փոխվել խափանման միջոցները մի պայմանում, երբ հարգարժան փաստաբանները դատական նիստերի դահլիճ չէին մտնում, անընդհատ բացարկի միջնորդություններ էին ներկայացնում։ Բնական է՝ կրքերը հանդարտվել են, պրոցեսները մտել են բնականոն հունի մեջ և դատարաններն սկսել են աշխատել»։ 

Էդմոն Մարուքյանի ճշտող հարցին ի պատասխան՝ ՍԴ անդամի թեկնածուն ոչ մի կերպ չընդունեց, որ հեղափոխությունից հետո դատավորները ազատություն են ստացել և հնարավորություն՝ իրացնել օրենքով իրենց տրված լիազորությունները։ Այս օրերին կայացվող որոշումները նա բնութագրեց մեկ բառով՝ «համարձակ»։ Հարցերին անկեղծ պատասխանելու Միքայել Մելքումյանի հորդորին Դանիելյանը հակադարձեց, թե չի պատրաստվում մոդայիկ պատասխաններ հնչեցնել։ 

«Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց Ելիզավետա Դանիելյանից՝ ի՞նչ դիրքորոշում է նա ունեցել Մարտի 1-ի, Հարսնաքարի, Շանթ Հարությունյանի ու ընկերների, Գևորգ Սաֆարյանի, Հաց Բերող Արթուր Սարգսյանի գործերով, ունեցե՞լ է արդյոք մյուս դատավորներից տարբերվող կարծիք, երբևէ հանդես եկե՞լ է հատուկ կարծիքով և ինչ դեպքերով։ Մեջբերելով դատավորների էթիկական կանոնները և որ քվեարկությունից հետո կարող է ինքը շարունակել մնալ Վճռաբեկ դատարանում, տիկին Դանիելյանն ասաց, որ չի կարող կոնկրետ գործերով հրապարակային կարծիք հայտնել կամ քննադատել ուժի մեջ մտած դատական որոշումները։ 

Թեկնածուն նաև նշեց՝ Վճռաբեկ դատարանում որոշ գործերով հատուկ կարծիք արտահայտել է, պնդելով, թե հատուկ կարծիքի հրապարակումը կարող է սասանել դատական ակտի հեղինակությունը, չմանրամասնեց, թե որ գործերով է հատուկ կարծիք արտահայտել։ Նաիրա Զոհրաբյանը նրան զգուշացրեց՝ ԱԺ-ն ՍԴ նոր անդամի է ընտրելու և պատգամավորները պիտի իմանան՝ Ելիազավետա Դանիելյանն ունի՞ իր կարծիքը, թե՞ ոչ։ Վերջինս շարունակեց «լռել» գնահատողական պատասխաններ պահանջող հարցերի ժամանակ, պնդելով, թե պատասխանելով կխախտի դատավորի վարքագծի կանոնը, ինչը կարող է բացասական գնահատվել մյուս դատավորների կողմից։  

Այդուհանդերձ, տիկին Դանիելյանն կարծիք ունի կարևոր այն հարցի շուրջ, թե ինչու հասարակությունը չի վստահում դատական համակարգին և որ գումարով հնարավոր է դատական ակտեր գնել, ինչի մասին պարզորոշ շարադրել էր Մարդու իրավունքների պաշտպանը՝ 2013 թվականի Տարեկան զեկույցում։ Ըստ Դանիելյանի՝ այդպիսի կարծիք ձևավորողները հիմնականում փաստաբաններն են, որոնք այս կամ այն գործի ելքով շահագրգռվածություն ունեն։ Այսպիսով՝ դատավորը դատական համակարգի ցածր վստահության աստիճանը պայմանավորեց ոչ թե անորակ դատական ակտերով, այլ՝ փաստաբանների տեսակետներով։ 

Չհամաձայնելով ձևակերպման հետ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը բերեց վիճակագրական մեկ տվյալ։ Առաջին ատյանում քննված գործերի 95%-ը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունում, այդ պայմաններում ինչո՞ւ պետք է քաղաքացին գոհ մնա դատական համակարգից։ Գործերի միայն 5%-ը վարույթ ընդունելու փաստը Ելիզավետա Դանիելյանը պայմանավորեց Վճռաբեկ դատարանի հատուկ կարգավիճակով․ «Քանի որ Վճռաբեկը չի հանդիսանում սովորական դատական ատյան, որը պարտավոր է բոլոր գործերն ընդունել վարույթ և քննել»։ 

Հունիսի 11-ին «Իրավունքի Եվրոպա» միավորումը հայտարարություն տարածեց՝ Ելիզավետա Դանիելյանի թեկնածության առաջադրման ընթացակարգը գնահատելով անթույլատրելի։ Դանիելյանն իր հասցեին հնչող քննադատական կարծիքները չի համարում հանրային վստահության բացակայության վառ ապացույց․ «Ինձ համար անընդունելի է, որ իրենց իրավապաշտպաններ համարող անձինք իրենց հայտարարությունները կարող են սուտ տեղեկությունների վրա հիմնել և օրենքի սխալ վերլուծություն կատարել»։ 

Տիկին Դանիելյանն օգտվեց առիթից և փոքր-ինչ գովեց ինքն իրեն։ Հայտնեց, որ 2017 թվականին helpcourt.am հարթակում անցկացված քվեարկությամբ ինքը ճանաչվել է Վճռաբեկ դատարանի ամենաբարձր վստահություն ունեցող դատավորը։ Ազգային ժողովում Սահմանադարական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկումն այսքանով ավարտվեց։ 

Նշենք, որ այս պահին թափուր է ՍԴ անդամի երկու պաշտոն։ Լրացել է ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի 70-ամյակը և նրա փոխարեն դատավորների ընդհանուր ժողովը Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունն է առաջարկել։ Ավելի վաղ՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում քննարկվել էր երկրորդ թափուր պաշտոնում դատավորի ընտրության հարցը։ Ձայների անբավարարության պատճառով Էմիլ Բաբայանը չէր ընտրվել։ 

Նախագահ Արմեն Սարգսյանը պետք է այլ թեկնածու ներկայացնի խորհրդարան։ Ավելացնենք, որ ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին Ազգային ժողովը կողմ կամ դեմ կքվեարկի հունիսի 13-ին, ժամը 11։00-ին նշանակված նիստում։

Ռոբերտ Անանյան
1185
Print
ընտրական իրավունք
Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը  բորբոքված «կույր աղիք» է 7.06.2018 | ընտրական իրավունք

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը բորբոքված «կույր աղիք» է

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ի իր նիստում, համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը, Վճռաբե

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ 12.05.2018 | ընտրական իրավունք

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ

ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի դիմադրության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ԸՕ փոփոխությունների սահմանադրական լուծումների առթիվ Forrights.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Գերմանիայի Հագենի համալսարանի և Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինս

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ» 6.05.2018 | ընտրական իրավունք

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ»

Թավշյա հեղափոխությունը փաստացի հաղթել է, բայց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ական իշխանությունը դիմադրում է և չի ուզում արտահերթ ընտրությունների գնալ՝ թերևս գիտակցելով, որ հնարավոր է առկա իրողությունների պարագայում անհամեմատ քիչ ձայներ ունենա:    

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: