լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.05.2018 | ընտրական իրավունք

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ
Էմիլ Բաբայանը չի նշանակվի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում կայացել է ՍԴ անդամի ընտրությունը, որին 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Էմիլ Բաբայանին կողմ է քվեարկել 51 պատգամավոր, դեմ` 3-ը: Այսպիսով` ՍԴ դատավոր չի ընտրվել, քանի որ Բաբայանին անհրաժեշտ էր պատգամավորների առնվազն 3/5-րդի կողմ քվեն: 

ԵԼՔ և Ծառուկյան դաշինքները չեն մասնակցել քվեարկությանը: Էմիլ Բաբայանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում միանշանակ չի ընդունվել մասնագիտական շրջանականերից կողմից: 32 հասարակական կազմակերպություններ ՀՀ նախագահին և ՀՀ Ազգային ժողովին դիմում են ներկայացրել` կոչ անելով հետ կանչել Էմիլ Բաբայանի թեկնածությունը.  «Որպեսզի իրավունքի դատարաններին ներհատուկ` հրապարակային, թափանցիկ եւ համոզիչ կերպով ընտրվի առաջադրված թեկնածուն»: 

Մայիսի 3-ի ԱԺ նիստում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ևս անհրաժեշտ էր համարել, որ Սահմանադրական դատարանի անդամը մրցութային կարգով ընտրվի. 

«Որպեսզի մենք այս պաշտոնում ընտրենք այնպիսի մեկին, ով ոչ միայն կունենա բարձր մասնագիտական գիտելիքներ, այլ նաև կհամապատասխանի դատավորի չափանիշներին»: Հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի ընտրության գործընթացը ցինիզմ է որակել: Էմիլ Բաբայանի թեկնածությունը պատգամավորներին ներկայացնում էր ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Որպես թեկնածուի առավելություն` ՀՀ Գլխավոր նախկին դատախազը Բաբայանի կենսագրությունում ընդգծել էր 2006-2012 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության շահերը ներկայացնելը: 

Վահե Գրիգորյանը զարմանում է` ինչպես կարելի է Հայաստանի կրած պարտությունները միջազգային ատյաններում ներկայացնել որպես մասնագիտական արժանիքներ. «Հակիրճ գնահատականս է, որ սա ՀՀԿ հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ: Ընդ որում, սրանում իրենց ուղիղ մասնակցությունն ու ներդրումն ունեն թե ներկայացնողը, թե ներկայացնողի ներկայացուցիչը եւ թե հենց ինքը թեկնածուն»: Վահե Գրիգորյանը շեշտում է` քանի դեռ Հայաստանի ժողովուրդը համակված է գործադիր իշխանության դիրքերը վերցնելով, ՀՀԿ-ն անաղմուկ եւ մթության քողի տակ ռևանշի դիրքերն է ամրապնդում, որի միջնաբերդը լինելու է հենց Սահմանադրական դատարանը. 

«…Ինչպես և մինչ այսօր դրա խիստ բացասական դերակատարությունը Հայաստանի ժողովրդավարության դեմ լարված ցանկացած դավադրության եւ ծուղակի դեպքում: ՀՀԿ-ն այդ անում է հերթական քաղաքական նշանակմամբ այս պաշտոնում»: 

Վահե Գրիգորյանը բարձր է գնահատում Սահմանադրական դատարանի դերը և կարևոր է համարում հանրության շրջանում դրա հեղինակությունը հերթական կուսակցական նշանակումից զերծ պահելը. 

«Համոզված եմ, որ ժողովրդական շարժման այս ողջ ներուժը պետք է հնարավորինս արագ ուղղորդել մասնագիտական տիրույթների ավգյան ախոռների մաքման գործին»,- նշում է փաստաբանը: 

32 իրավապաշտպան կազմակերպությունները ևս ՍԴ նոր անդամի նշանակումը պատկերացնում են մրցույթի անցկացմամբ և բարձրակարգ իրավաբաններին մասնակցություն ունենալու հնարավորություն տալով. «Հակառակ դեպքում, ինչպես իրենց հայտարարությունում պնդում են նրանք, այսպիսի նշանակումները և ընտրությունները հովանավորչության և ոչ թափանցիկ ու հակաժողովրդավարական ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում»։  

Պատահական չէ, որ Էմիլ Բաբայանի թեկնածությունը պատգամավորներին ներկայացրել է նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Բաբայանը համարվում է Կոստանյանի «կադրը», և հետևաբար` հեռացող իշխանության` ՀՀԿ-ի նախընտրելի թեկնածուն էր: Ինչպես գիտենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ևս ՀՀԿ-ից է տեղափոխվել այդ պաշտոնին: 

Այս անգամ իշխանական թեկնածուի գործուղումը ՍԴ տապալվեց: Ինչ կապ ունի Գևորգ Կոստանյանը Էմիլ Բաբայանի հետ և ինչու էր մայիսի 3-ի նիստում Բաբայանի թեկնածությունը իշխանության վառ ներկայացուցիչ Կոստանյանը ներկայացնում: Արտակ Զեյնալյանի ճշտող հարցին Կոստանյանը պատասխանել էր, թե միակ մարդը, որ կարող է Էմիլ Բաբայանին բոլոր կողմերից ներկայացնել, հենց ինքն է: Երբ Գևորգ Կոստանյանը ՀՀ Գլխավոր դատախազն էր, Էմիլ Բաբայանը զբաղեցնում էր նրա տեղակալի պաշտոնը: 

Կոստանյան-Բաբայան հարաբերությունների ևս մեկ հետաքրքրական դրվագ, որից կոռուպցիայի հոտ է գալիս: 2015 թվականին ՀԵՏՔ պարբերականը տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2014թ. հոկտեմբերի 3-ի հրամանով իր տեղակալ Էմիլ Բաբայանին պետական բյուջեի հաշվին 31.6 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է նվիրել: 118.55 քմ մակերեսով բնակարանը ձեռք է բերվել Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեի նորակառույց շենքում: ՀԵՏՔ-ը ուշադրություն էր հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. 

«Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի` Էմիլ Բաբայանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2013թ. հոկտեմբերի 17-ին, ունեցել է բնակարան: Թե պետական բյուջեի միջոցներով էլիտար շենքում ինչու է դատախազի տեղակալի համար ևս մեկ բնակարան ձեռք բերվել, մնում է անհասկանալի»: Մինչ ՍԴ անդամի պաշտոնում թեկնածության առաջադրումը Էմիլ Բաբայանը պետական բարձր պաշտոններ է զբաղեցրել: Նա նախկինում եղել է ԼՂՀ նախագահի խորհրդականը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև Կոստանյանի հետ մասին ներկայացրել է ՀՀ Կառավարության շահերը ՄԻԵԴ-ում: 

Կարող ենք արձանագրել, որ Էմիլ Բաբայանին Սահմանադրական դատարան գործուղելու տապալված գործողությունը դատական համակարգը ժողովրդավարացնելու առաջին հաջող քայլը կարող է լինել: Իշխանությունը զիջող ՀՀԿ-ն փաստացի չկարողացավ Սահմանադրական դատարան մտցնել իր «փայտե ձիուն», որը ապագայում կարող էր ծառայություններ մատուցել ընդդիմության ճանապարհը բռնած Հանրապետականներին: 

Կարծում ենք, որ Հայաստանի նոր կառավարության խնդիրը պետք է լինի նաև Սահմանադրական դատարանում արդար և ազատ աշխատանքային պայմանների ստեղծումը, իսկ առաջին քայլը պետք է լինի նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի չեզոքացումը:

Ռոբերտ Անանյան
5385
Print
ընտրական իրավունք
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը 12.06.2018 | ընտրական իրավունք

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը

Սահմանադարական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չի արդարացրել պատգամավորների սպասելիքները։ Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր այդ պաշտոնում տիկին Դանիելյանի թեկնածությունը։ Նա Վճռաբեկ դատարանի դատավոր է, ում թեկնածությունը ներկայացրել է դատավորների ընդհանուր ժողովը։&nb

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը  բորբոքված «կույր աղիք» է 7.06.2018 | ընտրական իրավունք

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը բորբոքված «կույր աղիք» է

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ի իր նիստում, համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը, Վճռաբե

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ 12.05.2018 | ընտրական իրավունք

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ

ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի դիմադրության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ԸՕ փոփոխությունների սահմանադրական լուծումների առթիվ Forrights.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Գերմանիայի Հագենի համալսարանի և Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինս

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: