լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.11.2017 | ընտրական իրավունք

ՀՀԿ-ն հրաժարվում է երբեմնի դաշնակիցներից

ՀՀԿ-ն հրաժարվում է երբեմնի դաշնակիցներից
Հայաստանի 69 համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններն ընթացել են կանխատեսելի սցենարով՝ ցածր ակտիվությամբ և ՀՀԿ-ի թեկնածուներից շատերի հաղթանակով։ Իշխող ուժը կունենա 37 համայնքի ղեկավար, բայց այս ցուցանիշը կարող են համալրել 7 համայնքներում հաղթած անկուսակցական համայնքապետերը։ Սովորաբար, անկուսակցականները հաղթանակից հետո կամ անդամակցում են Հանրապետականին, կամ պարզապես համաձայնություն են հայտնում իշխող ուժի մեթոդներով կառավարմանը։ 

Հատկանշական մի հանգամանք՝ երեկվա ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն հրաժարվում է որոշ երկարամյա դաշնակիցներից՝ նրանց փոխարինելով նոր կադրերով։ Որոշ ժամանակ առաջ քչերը կհավատային, որ Հանրապետականը կհրաժարվի Սուրիկ Խաչատրյանից։  

Թեժ պայքար էր ակնկալվում Գորիսի քաղաքապետի ընտրություններում։ Թեկնածուներից Սամել Հարությունյանը հայտարարել էր, թե քաղաքապետի աթոռի համար մրցակցությունը ինտրիգային է լինելու։ Սակայն Գորիսի նախկին քաղաքապետը, կարելի է ասել, հիասթափեցրել է իր ընտրողներին. ոչ միայն չի քվեարկել, այլ քվեարկության օրն անցկացրել է Երևանում։ Չի ունեցել վստահված անձեր ընտրատեղամասերում։ 

Գորիսում քվեարկությանը մասնակցել է 13162 ընտրող: Սամվել Հարությունյանն ստացել է 55 ձայն, 130 քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Գրեթե 100%-ոց արդյունք է ապահովել նրա մրցակիցը՝ ՀՀԿ-ական երիտասարդ թեկնածու Առուշ Առուշանյանը, որն ստացել է 12977 քվե։ Նորընտիր քաղաքապետի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, ոչ միայն անդամակցում է ՀՀԿ-ին, այլև գործարար է․ հիմնադրել է «Առանցք» ընկերությունը։ 

Այսպիսով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կորցրեց ոչ միայն Սյունիքի մարզպետի պաշտոնը, այլ ազդեցությունը հայրենի Գորիս քաղաքում։ Նա նաև զրկվել է ՀՀԿ Սյունիքի կառույցը գլխավորելու իրավունքից։ Նշենք, որ Առուշ Առուշանյանը Սուրիկ Խաչատրյանին հակառակորդ ճամբարից է, ու վայելում է Բուդաղյանների աջակցությունը։ Ի դեպ, Առուշ Առուշանյանը ընտրատեղամաս է ներկայացել Արա Բուդաղյանի ուղեկցությամբ։

Փոքր-ինչ անսպասելի ելք է ունեցել Լոռու մարզի խոշորացված Ախթալա համայնքի ղեկավարի ընտրությունը։ Ախթալայի ու շրջակա միավորված գյուղերի բնակիչները վերջ են դրել Խաչիկյանների ավանդական իշխանությանը։ Նախնական տվյալներով՝ Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը 1374 ձայնով պարտվել է։ Անկուսակցական Սուրեն Թամազյանը համայնքապետ է ընտրվել 1550 քվեով։ Փաստորեն, իշխանությունը, թեև ներեց ու ազատություն շնորհեց խոշոր չարաշահումների մեղադրանքով դատապարտված Վազգեն Խաչիկյանին, սակայն Ախթալայի ղեկը վերցվեց նրա ընտանիքից։ 

Լարված մթնոլորտում Օձուն խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Արսեն Տիտանյանը, որն ստացել է 1885 քվե։ Իր մրցակից Բարսեղ Այվազյանից նա առաջ է անցել ընդամենը 33 ձայնով, ստանալով 1852 քվե։ Բարսեղ Այվազյանը Օձունի նախկին գյուղապետ Մելիք Բարսեղյանի որդին է, որը նախկինում պարտվել է նույն Արսեն Տիտանյանին։ Օձունի գործող գյուղապետն ընտրությունից առաջ հայտարարում էր, որ իր մրցակից Բարսեղ Այվազյանը համանքապետ է ուզում դառնալ անձնական շահերից ելնելով։ 

Ըստ Արսեն Տիտանյանի պնդումների՝ Մելիք Այվազյանը գյուղապետ լինելու տարիներին 99 տարի ժամկետով վարձակալության է վերցրել գյուղին պատկանող 50 հեկտար հողատարածք։ Գործող գյուղապետի պնդմամբ՝ Մելիք Այվազյանի որդին՝ Բարսեղ Այվազյանը մտադիր էր համայնքապետ դառնալով պահպանել այդ հողերի նկատմամբ հսկողությունը։ Արսեն Տիտանյանը հայտարարում է, որ ինքը դատական կարգով 50 հեկտարը վերադարձնելու է համայնքին։ 

Համայնքապետի ընտրությամբ աչքի են ընկել Ճամբարակ խոշորացված համայնքի ընտրողները՝ իշխանության բերելով ընտրակեղծարարի։ Ձայների մեծամասնությամբ (4349 քվե) հաղթանակ է տարել Վազգեն Ադամյանը, որին Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանն այս տարի մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելը։ 

Վազգեն Ադամյանն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրության ժամանակ Ճամբարակի թիվ 20/24 ընտրական տեղամասում խախտել է  քաղաքացի Արծրուն Ղուլյանի քվեարկության գաղտնիության իրավունքը և փորձել բացահայտել, թե ում օգտին է նա քվեարկել։  Նորընտիր համայնքապետը պատժվել էր 500.000 դրամ տուգանքով։ 

Վազգեն Ադամյանն ընտրատեղամասում նաև խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը, բայց մնացել անպատիժ։ Ճամբարակի նորընտիր համայնքապետը «Գեգամետ Պլյուս» ՓԲԸ-ի ղեկավարն է։ 

Հատկանշական է, որ զբաղեցրած աթոռին հրաժեշտ կտա Ճամբարակի 12 տարվա ղեկավար Յուրիկ Ավալյանը, որը ՀՀԿ-ական էր, և այս ընտրությանը վայելում էր ՀՀԿ-ի աջակցությունը։ Կասկածից վեր է, որ Ազգային ժողովի ընտրությանը ՀՀԿ-ին ծառայություն մատուցած և քրեական պատասխանատվության ենթարկված Վազգեն Ադամյանը Ճամբարակը կղեկավարի Հանրապետականի կանոններին համապատասխան։ 

Նկատենք, որ 69 համայնքների ղեկավարների թեկնածուների շրջանում գրեթե բացակայում էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ ՏԻՄ ընտրություններին թեկնածուներ չառաջադրելու հանգամանքը սովորաբար նրանք բացատրում են ռեսուրսների բացակայությամբ։  

Իշխանական մյուս ուժը՝ ՀՅԴ-ն կունենա 2 համայնքապետ (թեկնածու էր առաջադրել 3 համայնքում)։ ԲՀԿ-ն 7 համայնքում էր թեկնածու առաջադրել, բայց հաղթել է 3-ում։ 

Նշենք, որ 69 համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 50․06%: Ընտրողները պասիվությամբ աչքի են ընկել Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 15,42%-ը։ Ակտիվությամբ աչքի են ընկել Տավուշի մարզի Ենոքավան համայնքի բնակիչները՝ 78.33%-ը։ Սրանք ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներն են։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքները կհրապարակվի նոյեմբերի 10-ին։ 

 Ռոբերտ Անանյան
455
Print
ընտրական իրավունք
վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը 21.04.2017 | ընտրական իրավունք

վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը: Այս մասին Forrights-ին ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: 

Փաստաբանը պատրաստվում է այն բողոք

այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը 21.04.2017 | ընտրական իրավունք

այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 21-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մինչև մայիսի 12-ը ներառյալ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը: 
միլինոնատեր է նաև Տարոն Մարգարյանի գործազուրկ կինը 18.04.2017 | ընտրական իրավունք

միլինոնատեր է նաև Տարոն Մարգարյանի գործազուրկ կինը

Քաղաքապետի երեք թեկնածուներից, ըստ հայտարարագրի, ամենահարուստը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանն է, ով 2016 թվականին հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո. միասին մոտ 600 հազար դոլար:  

<

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: