լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Պավել Մանուկյանը հուլիսից չի համաձայնեցնում իր հայտարարությունները խմբի հետ»․Վարուժան Ավետիսյան

«Պավել Մանուկյանը հուլիսից չի համաձայնեցնում իր հայտարարությունները խմբի հետ»․Վարուժան Ավետիսյան
«Էդվարդ Գրիգորյանի արձակած պատահական կրակոցին ականատես եմ եղել  ես՝ մեկ մետր հեռավորությունից: Դա եղել է ՊՊԾ գնդի զինանոցի կողմի սենյակում, որտեղ այդ սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը չի էլ գտնվել: Այդ պատահական կրակոցից քիչ էր մնում զոհվեր մեր ընկեր Արմեն Լամբարյանը»,- այսօր դատարանում հայտարարեց «Սասնա Ծռեր» անդամ Պավլիկ Մանուկյանը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր անսպասելի ընթացք ստացավ «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը։ Պաշտպան Ազատ Շահբազյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքը և այն փոխարինել անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել էին ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Շաքե Իսայանը և Վահե Էնֆիաջյանը: Մինչ դատարանը կանցներ միջնորդության քննարկմանը, մեղադրող դատախազ Արամ Արամյանն իր հերթին միջնորդություն ներկայացրեց. 

«Օրեր առաջ Մանուկյանն անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ, որը պարզաբանման կարիք ունի։ Դրա հետ կապված միջնորդում եմ փոխել գործով անցնող ապացույցների հետազոտման հաջորդականությունը և այս պահւն հարցաքննել Պավլիկ Մանուկյանին»,- նշեց դատախազ Արամյանը։  

Պաշտպանական կողմն առարկեց մեղադրանքի կողմի միջնորդության դեմ, սակայն միացավ Ազատ Շահբազյանի միջնորդությանը։ Դատարանը որոշեց բավարարել մեղադրանքի կողմի միջնորդությունը և հարցաքննել Մանուկյանին։ Չնայած վերջինս հայտարարեց, որ որևէ ցուցմունք չի տալու, այնուամենայնիվ պատասխանեց կողմերի գրեթե բոլոր հարցերին։ Նկատենք, որ ցուցմունք տալու սկզբում, նիստերի դահլիճը լքեց «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը։  Պավլիկ Մանուկյանը ևս մեկ անգամ հաստատեց շաբաթներ առաջ արած հայտարարությունը. 

«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այս քայլն Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ժողովուրդ, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակը իմ տղան է, չնայած Արամ Մանուկյանն ինքն էր ասելու՝ այդ ես եմ եղել»:Ի պատասխան Արամ Արամյանի հարցին, Մանուկյանը ներկայացրեց «Էդվարդ Գրիգորյանի պատահական կրակոցի» պատկերը. 

«Անձամբ՝ 1մ հեռավորության վրա ներկա եմ եղել կրակոցին: Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է ձախ դաստակից: Օգնել ենք, տարել, իր ոտքով՝ առողջ ու պայծառ գնացել է: Առհասարակ, մենք գրկելով-պաչելով ենք վերաբերվել ոստիկաններին: Էդվարդ Գրիգորյանը թեթև «բզել» է ձգանը. կրակոց է արձակվել: Նա իրեն շատ վատ է զգացել դրա համար: Երդվում եմ նահատակ-ընկերներիս ու ծնողներիս շիրիմներով՝ այդպես է եղել»,- հայտարարեց նա, հավելելով, որ ՊՊԾ գունդ մտնելու ժամանակ իր հետ զենք է ունեցել. 

«Այո´, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, եւ դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասաց նա:Վերջինս «կեղծ» որակեց տուժող կողմ ոստիկանների այն ցուցմունքները, իբրև՝ վիրավորում ստացած Գագիկ Մկրտչյանը Բիլյանին հարցրել է՝ ինչո՞ւ կրակեցիր ինձ վրա. 

«Այդ ցուցմունքները տրվել են այն ժամանակ, երբ Քննչական կոմիտեն Նկարիչների միության «անդամ» էր: Ինչ պատվիրում էին՝ «նկարում» էին»:   Դատավարական կողմերի մի քանի ճշտող հարցերից հետո, Մանուկյանին հարցեր ուղղեց դատավոր Մեսրոպ Մակյանը: Նա փորձեց ճշտել Մանուկյանից, թե ինչու էր մինչ այս պահը լռում, չէ՞ որ հնարավոր է անմեղ մարդիկ դատապարտվեն իրենց չկատարած հանցանքի համար: 

Պավլիկը շեշտեց՝ երկրում իրավիճակ է փոխվել, այժմ որևէ կեղծիք չպետք է լինի, այլ միայն ու միայն արդար դատավարություն: Դատարանին զարմացրեց ամբաստանյալի պատասխանը. «Այսինքն, եթե իրավիճակ չփոխվեր, պետք է լռեի՞ք»,- դիմեց Մանուկյանին: Պավլիկը դրական պատասխան տվեց. «Հաա, չէի խոսելու: Եթե արդյունքը զրո էր լինելու, ինչի՞ խոսեի»,- նշեց նա:

Անդրադառնալով իր հայտարարության երկրորդ մասին, Մանուկյանը նշեց, որ ինքն անձամբ ներկա չի եղել բանկոմատը բացելուն, բայց վստահ կարող է ասել՝ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը. «Չեմ կարա ասեմ՝ ոնց եմ իմացել, էս թողնում եմ Մխիթարն ազնվորեն ասի, բայց ասածս մաքուր ճշմարտություն ա: Մենք բոլորս դեմ էինք, որ բանկոմատին կպնեին, բայց ինքը բացեց: Հափշտակություն, սակայն, տեղի չի ունեցել»:

Պավլիկ Մանուկյանի հարցաքննությունից հետո՝ մեղադրանքի միջնորդությամբ հարցաքննվեցին նաև Էդվարդ Գրիգորյանը և Մխիթար Ավետիսյանը: Վերջինս հայտարարեց, որ Մանուկյանի ասածն իրականությանը չի համապատասխանում. «Ես չգիտեմ, թե ով ա բացել բանկոմատը»: Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանն էլ հրաժարվեց ցուցմունք տալուց, նշելով, որ իր փոխարեն կխոսի իր պաշտպանը: 

Մուշեղ Շուշանյանն էլ իր հերթին նշեց, որ այս պահին որևէ դիրքորոշում չեն հայտնում Մանուկյանի հայտարարության վերաբերյալ: Մանուկյանը կրկին խոսքի իրավունք խնդրեց և հայտնեց, որ իր հայտարարությունը որևէ ճաք չի առաջացրել «Սասնա Ծռեր» խմբի ներսում: Ի նշան այս խոսքերի, Վարուժան Ավետիսյանը հստակեցրեց՝ Պավել Մանուկյանը հուլիսից այլևս չի համաձայնեցնում իր հայտարարությունները խմբի հետ և հանդես է գալիս իր տեսակետով:

Վերադառնալով պաշտպան Ազատ Շահբազյանի միջնորդությանը, մեղադրանքի կողմն առարկեց, շեշտելով, որ այս պահին դեռևս վտանգ կա, որ ազատության մեջ գտնվելով, Մանուկյանը կարող է ազդել դատաքննության ընթացքի վրա:Շուրջ 2 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց մերժել պաշտպան Շահբազյանի միջնորդությունը: Մերժման հիմքում նշելով. «Մանուկյանի կողմից նոր հանգամանքների մասին տեղեկություններ են հնչել, իսկ դա նշանակում է, որ գտնվելով ազատության մեջ՝ նա ապօրինի ներգործություն կարող է ունենալ գործով անցնող մյուս մեղադրյալների վրա»: 

Դատարանի որոշումը դահլիճում գտնվող համակիրների զայրութն առաջացրեց: Լարված մթնոլորտում ավարտվեց հերթական դատական նիստը: Քրեական գործի քննությունը կշարունակվի օգոստոսի 15-ին:

Ռոզա Վարդանյան
490
Print
արդար դատաքննության իրավունք
«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան 19.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան

Հրազդան քաղաքի ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը, ով գլխին միջին ծանրության  վնասվածք էր ստացել 2008 թվականի Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ հատուկ ջոկատայինները ցրել էին Ազատության հրապարակի նստացույցը, իր մաշկի վրա է զգացել դատավոր Ալեքսանդր Ազարյանի իրականացրած արդարադատությունը

Մեղադրող դատախազները տապալում են Վահագն Աբգարյանի գործով դատաքննությունը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Մեղադրող դատախազները տապալում են Վահագն Աբգարյանի գործով դատաքննությունը

Ալավերդում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի դատաքննությունը փակուղի է մտել: Երեք ամիս է, ինչ նիստեր են նշանակվում, սակայն քննությունը ոչ մի կերպ չի սկսվում: Մեկ փաստաբանները չեն ներկայանում դատարան, մեկ մեղադրողները: Ոչ մի անգամ դատարան չեն եկել նաև տուժողի՝ սպանված Կամո Փիրուզյանի հ

Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը

«Ոմանք ասում են, թե եկել եմ «հող հանձնելու»…բայց իրենք իրենց հետ են շփոթում, քանի որ հող հանձնելուց բացի, այլ բանի մասին չեն բանակցել: Հայտարարում եմ՝ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ բովանդակությանը, գիտեմ բոլոր փաստաթղթերը, դրա համար էլ հիմա ասում եմ՝ Տո՛, այ բանակ թալանածնե՜ր, այ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: