լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Քոչարյանը լավ է և բարևում է բոլորին․Վիկտոր Սողոմոնյան

Քոչարյանը լավ է և բարևում է բոլորին․Վիկտոր Սողոմոնյան
«ՀՔԾ պետի՝ երեկ հնչեցրած դիրքորոշումը միջամտություն էր արդարադատությանը, քանի որ ամրագրված նորմ է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են դատական պրոցեսը»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սարգիս Գրիգորյանը։ Նա անդրադարձավ ՀՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի նախօրեին արված  հայտարարությանը, համաձայն որի Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելը, պետք է մերժվի. 

«Սա ելնում է գործի շահերից, քանի որ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով իր պաշտոնական դիրքը»,- նշել էր ՀՔԾ պետը։ Այս դիտարկմանն այսօր հակադարձեց պաշտպան Ռուբեն Սահակյանը, շեշտելով, որ նման հայտարարությունը հնարավոր է վախեցնի գործը քննող դատավորին եւ նա չկարողանա արդարադատություն իրականացնի. 

«Նման հայտարարությունը հարիր չէ ՀՔԾ պետին»,- նշեց Սահակյանը ։Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբանների խմբին նոր միացած Հայկ Ալումյանն էլ հավելեց՝ իր կողմից նոր բողոք կներկայացվի Վերաքննիչ դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

«Դատավարական հակառակորդները վերջին փուլում մի շարք հարցազրույցներ են տվել և տվյալներ հայտնել, որոնք, մեր համոզմամբ, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք վերլուծում ենք և պատրաստ ենք հերքել այն տեղեկությունը, ինչ լսել եք։ Երբ խոսում է ՀՔԾ պետը կամ ՀՀ անունից այլ պաշտոնատար անձ, ապա գնահատականները չպետք է լինեն նման միանշանակ, պետք ասեն՝ «մենք համարում ենք այսպես»...

Նրանք չեն կարող նման աներկբա հայտարարություն հնչեցնել, դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ դրսևորումներից մեկն է»,- շեշտեց Ալումյանը եւ հավելեց, որ երեկ ՀՔԾ պետի կողմից թյուր տեղեկություն է տարածվել, որ բողոքն այսօր է քննվելու, այնինչ մինչ այս պահն անգամ տեղեկություն չկա՝ որ դատարանն է քննելու. 

«Երկուշաբթի օրը դեռևս դատական ակտի բողոքարկման օր է, երեքշաբթի օրվանից շուտ դժվար թե բողոքը քննվի»։2008 թվականին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած 0038 գաղտնի հրամանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի հիմքում դրվել է միայն այս տարվա հուլիսին։ Նախկինում վարույթն իրականացնող մարմինը այն չի դիտարկել նախաքննություն իրականացնելու համար։ Այս մասին երեկ հայտարարել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. 

«Սա պատահական չէ, որ քրգործում չի եղել, որովհետև դա մեղադրանքի ամուր հիմք է, միայն դա խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել մարտիմեկյան իրադարձություններում»,- շեշտել էր նա։ Քոչարյանի պաշտպան Ալումյանը հակադարձեց ՀՔԾ պետին, նշելով, որ 2008 թվականի փետրվարի 23-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված 0038 հրամանից չի բխում, որ բանակը մասնակցել է մարտիմեկյան իրադարձություններին.

«Փետրվարի 23-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե մի քանի օր հետո դեպքերն ինչպես կզարգանան ու ինչ հանգուցալուծում կստանան։ Փետրվարի 23-ի հրամանը պետք է գնահատել ոչ թե մարտի 1-ի տեսանկյունից, այլ՝ այդ օրվա իրավիճակից ելնելով։ Պատկերացնենք՝ հիմա փետրվարի 23-ն է, եւ ցուցարարներն անընդհատ ցույց են անում, միաժամանակ կան հստակ տվյալներ, որ բանակը ներքաշվում է քաղաքական իրադարձություններին։ Պաշտպանության երկու փոխնախարար, համարյա թե չքողարկվելով, աջակցություն են սկսել հայտնել ցուցարարներին, ինչն օրենքով արգելված է։ 

Բայց արդեն պաշտպանության երկու փոխնախարարները համարյա թե անցել են այն կողմ։ Կա ԵԿՄ, որտեղ խմորումներ են գնում, իսկ դա զինված կառույց է՝ փորձառու մարտիկներով համալրված։ Հիմա պատկերացրեք այդ իրավիճակը եւ դա գնահատեք 2008-ի փետրվարի 23-ի հրամանը»,- ասաց Հայկ Ալումյանը։ 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ողջունելով լրագրողներին, առաջինը հարկ համարեց տեղեկացնել, որ շուրջ 8 օր կալանավորված երկրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է եւ բարեւում է բոլորին։ Ապա տեղեկացրեց, որ Քոչարյանը ՔԿՀ-ում շարունակելու է գրել իր գիրքը, չնայած այս պահին համակարգչի հետ առկա են տեխնիկական խնդիրներ։ Ապա անդրադառնալով առավել կարեւոր հարցերին, Սողոմոնյանը հայտնեց, որ Մարտի 1-ի գործով ընտրողական մոտեցում է ցուցաբերվում։ Վերջինս անհասցե հարցեր էր ուղղում՝ խոսքի մեջ երբեմն-երբեմն անուններ հնչեցնելով.

«Այդքան ասում եք, ուրեմն մինչեւ վերջ ասեք։ Գործի մյուս մասնակիցները ինչո՞ւ նստած չեն, այդ բանակը ներքաշողները...Նրանք, ովքեր բանակը ներքաշում էին քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են եւ տեսագրություն էլ կա...Դրանցից մեկը հենց առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է, այդ ինքը՞ շրջապատ չունի, որ ազդի ձեր նշած շրջապատի վրա։ Այս ի՞նչ ընտրողականություն է։ Կրկին հայտարարեմ՝ սա կոնկրետ քաղաքական հետապնդում է»,- արդեն մի փոքր վրդովված ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ 

Նա հավելեց, որ արդեն ավարտված եւ ամփոփված է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար նախատեսված ստորագրահավաքը։ Այն արդեն իսկ ներկայացված է ՀՔԾ եւ Վերաքննիչ դատարան։ Իրենց ստորագրություններով անձնական երաշխավորություն են ներկայացրել թվով 45 պատգամավոր, որոնք մեծամասամբ «Հանրապետական» կուսակցությունից են. 

«Այստեղ որեւէ գաղտնի բան չկա, ես կարող եմ ստորագրած պատգամավորների ցանկն անուն առ անուն ներկայացնել, սակայն դրանով կխախտեմ էթիկայի կանոնները։ Անհրաժեշտ թույլտվությունը ձեռք բերելուց հետո, խոստանում եմ այն անպայման հանրայնացնել»,- ասաց Սողոմոնյանը եւ հաստատեց այն տեղեկությունը, որ իր ստորագրությունն է տվել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ցուցակին միացել է նաեւ «Հայ Յեղափոխական դաշնակցություն»-ը։

Չնայած հանդիպումը պետք է ընթանար ճեպազրույցի ֆորմատով, սակայն այն տեւեց ավելի քան մեկ ժամ։ Հանդիպման վերջում պաշտպանական կողմը հայտնեց, որ մինչեւ օրս տեսակցությունների արգելք կա Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հարազատների համար, ինչի մասին իրենք եւս բարձրաձայնելու են։ Պաշտպանները խոստացան ժամանակ առ ժամանակ նման հանդիպումներ կազմակերպել եւ իրազեկել գործի փոփոխությունների մասին։Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը։ 

Տասը տարի Հայաստանը ղեկավարած Քոչարյանը չի ընդունում եւ քաղաքական հալածանք է որակում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ երկրորդ նախագահը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տապալել է սահմանադրական կարգը:

Ռոզա Վարդանյան
437
Print
արդար դատաքննության իրավունք
«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան 19.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան

Հրազդան քաղաքի ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը, ով գլխին միջին ծանրության  վնասվածք էր ստացել 2008 թվականի Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ հատուկ ջոկատայինները ցրել էին Ազատության հրապարակի նստացույցը, իր մաշկի վրա է զգացել դատավոր Ալեքսանդր Ազարյանի իրականացրած արդարադատությունը

Մեղադրող դատախազները տապալում են Վահագն Աբգարյանի գործով դատաքննությունը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Մեղադրող դատախազները տապալում են Վահագն Աբգարյանի գործով դատաքննությունը

Ալավերդում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի դատաքննությունը փակուղի է մտել: Երեք ամիս է, ինչ նիստեր են նշանակվում, սակայն քննությունը ոչ մի կերպ չի սկսվում: Մեկ փաստաբանները չեն ներկայանում դատարան, մեկ մեղադրողները: Ոչ մի անգամ դատարան չեն եկել նաև տուժողի՝ սպանված Կամո Փիրուզյանի հ

Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը

«Ոմանք ասում են, թե եկել եմ «հող հանձնելու»…բայց իրենք իրենց հետ են շփոթում, քանի որ հող հանձնելուց բացի, այլ բանի մասին չեն բանակցել: Հայտարարում եմ՝ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ բովանդակությանը, գիտեմ բոլոր փաստաթղթերը, դրա համար էլ հիմա ասում եմ՝ Տո՛, այ բանակ թալանածնե՜ր, այ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: