Թավշյա հեղափոխությունն այս պահին կիսատ է. 3 իշխանություններից 1/3-ական մասով իրականացված հեղափոխություն է: Որպեսզի լիարժեք իրականացվի հեղափոխությունը, պետք է այն իրագործվի նաև խորհրդարանում ու դատական իշխանությունում: Այս պահին առանց անցումային արդարադատության այդ խնդիրը չի լուծվի:

Այս կարծիքին է նախկին դատավոր Պարգև Օհանյանը, ով անհրաժեշտ է համարում, որ դատական իշխանությունում ևս արվի հեղափոխություն: Չնայած հակադիր կարծիքներին ու մտահոգություններին՝ նախկին դատավորը անհրաժեշտ է համարում անցումային արդարադատության մարմինների ստեղծումը:

«Ըստ իս՝ անհրաժեշտ է լինելու նաև ստեղծել մասնագիտական դատարաններ՝ հակակոռուպցիոն, մենաշնորհային և այլն, որը հենց Սահմանադրությամբ էլ նախատեսված»,-նշեց Օհանյանը:

Արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօրվա ասուլիսում ասել է, որ այն, ինչ մտադիր է իշխանությունը ներդնել, չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին: «Ասենք, որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ, իրավունքի խախտման հարցը քննելու՝ արդյոք մարդու իրավունքը խախտվել է թե ոչ, իրավունքի խախտման փաստը ճանաչելու կամ չճանաչելու, արդարացի հատուցում տրամադրելու: Տեսականորեն նաև հնարավոր է, որ կարող են լինել դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ։ Բայց հարցերը լուծելու են, եթե դատական կարգով պետք է լուծեն, լուծելու է Հայաստանի դատական գործող համակարգը, դատարաններն են գործելու»,-մանրամասնել է նախարարը:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանի խոսքով՝ եթե Սահմանադրության տառին նայենք, ժողովուրդը չի կարող փոփոխություններ անել իրավական համակարգում: «Բայց Սահմանադրության երկրորդ հոդվածը գերակայում է մյուս հոդվածների նկատմամբ. Ժողովուրդը կարող է իր ազատ ընտրության իրավունքը իրացնելով՝ ձևավորել իր դատական իշխանությունը: Խոսքը մարդկանց մասին է, ոչ թե էնպիսի կառույցների, որոնք ՄԻԵԴ-ի կողմից չեն ընդունվի»,-նշեց նախկին դատավորը:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանից նաև հետաքրքրվեցինք, թե եթե ինքն այսօր գործող դատավոր լիներ «հրամաններ ստացող դատավորներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ժողովրդի հետ խաղ մի արեք», վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արդյոք կարո՞ղ էր ճնշել իր գործունեությունը:

«Այդ ուղերձը բոլոր դատավորներին չէր, այլ հենց նախկին իշխանության հետ աշխատող և նրանցից հրամաններ ստացող դատավորներին: Ոչ մի պարագայում խոսքը չի կարող վերաբերել բոլորին»,- ասաց Օհանյանը՝ շարունակելով. «Իսկ եթե դատարանները անկախ լինեն, բայց անպատժելի, արդարդատություն դարձյալ չի կայանա: Ստանալով բացարձակ անկախություն՝ ստացվում է, որ նախկին իշխանությունների ձևավորած դատարանները իրենց առջև դրված խնդիրները կամ չեն լուծում, կամ չեն լուծում բավարար ձափով: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ժողովուրդն էլ չի հավատում դատարաններին: Ուստի, էս դեպքում խոսել միջամտության մասին, ես գտնում եմ՝ հիմնավոր չէ, որովհետև խոսում է ժողովրդի ներկայացուցիչ, ով իշխանափոխություն է բերել և ուզում է այդ հեղափոխությունը հասցնել իշխանական բոլոր թևեր»:

«Դատարանը ոչ թե հանցավորության դեմ պայքարի, այլ արդարադատություն իրականացնող մարմին է». ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով դիրքորոշումը անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության վերաբերյալ, զգուշացրել էր, որ անցումային արդարադատությունն ինքնին, որպես կանոն, ենթադրում է զիջումներ իրավունքների պաշտպանության համակարգում։

Ըստ պաշտպանի՝ պետք է հիշել, որ դատարանը ոչ թե հանցավորության դեմ պայքարի, այլ արդարադատություն իրականացնող մարմին է։

«Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, կոռուպցիոն դրսևորումների, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել հետևողական, այդ թվում՝ կոշտ, բայց բացառապես իրավական եղանակներով»,-նշել է պաշտպանը։

«Քաղաքացիական համերաշխությանը խոչընդոտող խութերը լուծելու համար Հայաստանը անցումային արդարադատության կարիք ունի»

Փաստաբան Վահե Գրիգորյանը կարծում է, որ անցումային արդարադատության մարմինները կարող են անդրադառնալ ակնհայտ անարադար դատական վճիռներին, օրինակ՝ զինված ուժերում բռնի մահվան դեպքերի գործերի վերաբացում, Երևանի կենտրոնի սեփականատերերին կենտրոնից հանելու գործերի, Մարտի մեկի գործի, քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի գործի վերաբացում և այլն:

«Ինձ համար տեսանելի են Հայաստանում տարիների ընթացքում կուտակված այնպիսի զանգվածային եւ հանրային գիտակցության վրա ազդեցություն ունեցող խնդիրներ, որոնց լուծման եւ քաղաքացիական համերաշխությանը խոչընդոտող խութերը լուծելու համար Հայաստանը անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման կարիք ունի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը:

Ըստ նրա՝ անցումնային իրավարարությունը խիստ սահմանափակ ռեսուրսով իրականացվող ծրագիր է եւ կարեւոր է, որ այն չլինի առանձգականորեն այլ երեւույթների՝ ժամանակի պատեհությամբ եւ քաղաքական նպատակահարմարությամբ տարածվող գործիք:

«Իրավարարության հիմնական միջոցը այս ողջ ընթացքում պետք է շարունակի մնալ պետության մշտապես գործող եւ ձեւավորված արդարադատության եւ իրավապահ համակարգը: Այն չի դադարելու գործելուց, այլ մեծապես օգտվելու է այսպիսի մեխանիզմներից՝ առողջանալու համար: Այլ խոսքով՝ անցումնային իրավարարությունը համեմատելի է խափանման եզրին հասած երիկամներին արտաքին միջամտությամբ օգնող միջոցի հետ, որի օգնությամբ ընդհանուր մարմնի առողջությունը պահպանելու ընթացքում ժամանակ եւ հնարավորություն է լինելու հենց երիկամների առողջացման համար»,-նշել է իրավաբանը:

«Վստահության հանձնաժողովները կարող են վեր հանել ու լուծել անարդար լուծում ստացած գործերը»

Մարդու իրավունքների փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը տեսնում է անցումային արդարադատության մի քանի տարրերի կիրառության անհրաժեշտություն։

«Օրինակ՝ վստահության հանձնաժողովները — դրանք կարող են վեր հանել ու լուծել այնպիսի անարդար լուծում ստացած գործերը, որոնք այսօր հայտնվել են իրավական փակուղի և դրանք լուծելու որևէ մեխանիզմ ներկա իրավաբանությունը այլևս թույլ չի տալիս»,-նշեց փաստաբանը՝ շարունակելով. «Ես ունեմ մի քանի նման գործեր, որոնք հայտնվել են փակուղու առջև, որոնցում մարդիկ իրապես անարդարության զոհ են, բայց միևնույն ժամանակ սպառված են բոլոր մեխանիզմները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, ու ես չգիտեմ, թե էլ ինչ կարելի է անել։ Օրինակ Ա1+ գործը»:

Փաստաբանը հիշեցրել է, որ շահել է դատը և ՄԻԵԴ-ում, և ՀՀ-ում — Սահմանադրական դատարանում, վճռաբեկ դատարանում, բայց այդպես էլ Ա1-ը չի ստացել իր թիվ 37 հաճախականությունը։ «Ա1+ -ը զոհ էր անարդարության, բայց չկա իրավական մեխանիզմ, որը կապահովի վերաբացում, ռեգրես, փոխհատուցում։ Մնում է միայն մեկը — վստահության հանձնաժողովը։ Բայց դա էլ պետք է լինի օրենքի գերակայության հիման վրա»,-նշեց Ղազարյանը։

Փաշինյանի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ այսօր բոլոր այն անձանց, ովքեր պնդում են, թե մենք ունեցել ենք կայացած դատական իշխանություն, խնդրել է ևս մեկ անգամ ծանոթանալ նախորդ իշխանությունների օրոք ՀՀ մարդու իրավունքների զեկույցին:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրապարակված արտահերթ զեկույց սենսացիոն բացահայտումներ էր արել Հայաստանի դատական համակարգում կոռուպցիայի առկայության մասին: Ըստ այդ զեկույցի նախորդ իշխանությունների օրոք հարցումներ են անցկացվել փաստաբանների, դատավորների ու մասնագետների շրջանում, որի արդյունքում պարզվել է, որ դատարաններում կաշառքի սակագինը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով:

«Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում` առաջին ատյանում 500-10 հազար ԱՄՆ դոլար, Վերաքննիչ դատարանում` 2000-15 հազար ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում 10 հազարից 50 հազար ԱՄՆ դոլար» Այս տվյալներն հրապարակել է զեկույցի վրա աշխատած խմբի ղեկավար, ՄԻ Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:

«Մեր պետություն կան շատ սկզբունքային և գրագետ դատավորներ և իրենք ևս պետք է շահագրգռված լինեն, որ այլևս արդարադատությունը որպես ապրանք չվաճառվի և այն դատավորները, որոնք «վճարովի ծառայություն են մատուցել» տեղ չունենան իրենց շարքերում։ Դատավորներն իրավունք ունեն արժանապատիվ աշխատելու և հարգված լինելու»,-եզրափակել է Բաղդասարյանը։

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest