լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
3.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Փաստաբանը պահանջում է երևան բերել Բուդաղյանների գործով թաքցրած ապացույցները

Փաստաբանը պահանջում է երևան բերել Բուդաղյանների գործով թաքցրած ապացույցները
Մինչ ֆեյսբուքյան տիրույթում առանձին քաղաքացիներ հակակոռուպցիոն պայքարի շրջանակում պահանջում են «ասպարեզ բերել» նաև Սյունիքի նախկին մարզպետ, դոլարային միլիոնատեր Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա), որն այժմ ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցի ղեկավարն է, հնարավոր է վերջապես դատարան հասնի 5 տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի տանը կատարված Պն հրամանատար Ավետիք Բուդաղյանի սպանության գործը:   

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը նոր միջնորդություն է ներկայացրել գործը քննող մարմնին՝ պահանջելով քննություն իրականացնել «գործի նյութերի մեջ եղած կեղծիքների վերաբերյալ»: Այս մասին Forrights.am-ին ասաց փաստաբանը: Ըստ նրա՝ մինչ այսօր պետությունը Ավետիք Բուդաղյանի գործով պատշաճ քննություն չի իրականացրել, այսինքն՝ քննությունն ավարտվել է նախաքննությամբ, դատարանը Ավետիք Բուդաղյանի սպանության գործը չի քննել:    

«Ընդամենը քննիչի որոշմամբ հաստատված է համարվել, որ Ավետիք Բուդաղյանին սպանողների գործողություններում չկա հանցակազմ», - նշեց նա: Ըստ փաստաբանի՝ գործը մինչև այժմ գտնվում է նախաքննության փուլում, նախաքննության մարմինը շարունակում է համարել, որ Ավետիք Բուդաղյանն է հարձակվողի դերում եղել, իսկ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները և մնացած մերձավորները եղել են պաշտպանվողի կարգավիճակում:    

Արդեն հայտնի է, որ գործը քննող քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունը մասամբ մերժել է Ալումյանի միջնորդությունը. Մասնավորապես այն մասով, որ Ալումյանը պահանջել էր հարցաքննել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու նրա տեղակալ Արման Դանիելյանին, ինչպես նաև գործով քննիչներին: «Ես դա պահանջել էի, քանի որ գործում մեծ չարաշահումների հետքեր կան»,-ասաց պաշտպանը:   

 Փաստաբանը նաև պահանջել է քննության առնել մի շարք ապացույցներ: «Օրինակ՝ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ պարզ գրված է, որ դեպքի վայրի զննության ընթացքում այդ գործողությունը տեսանկաահանվել է, բայց այդ տեսագրությունը գործի մեջ չկա: Նախորդ քննիչի փաստարկը, թե թյուրիմացաբար են գրել, որ տեսանկարահնվել է, դժվար է խելամիտ անվանել»,-ասաց փաստաբանը՝ շարունակելով, որ չտեսանկարահանելու դեպքում չէին կարող «թյուիրմացաբար» գրել, որ տեսանկարահանում ենք:   

«Էդպես չի լինում, եթե հոգեպես առողջ մարդիկ են էդ գործողությունը կատարել ու էդ արձանագրությունը լրացրել»,-նշեց փաստաբանը: Նա նաև, հիշեցրեց, որ երբ նախաքննությունը նոր էր սկսվում, դատարանը թույլ էր տվել, որ Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին հեռախոսները գաղտնալսվեն: Սակայն ԱԱԾ-ն այդ գործողությունը չէր կատարել և 40 օր հետո ԱԱԾ-ն քննիչին պատասխանել էր, թե գաղտնալսումը չի կատարվել տեխնիկական պատճառով:   

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ 40 օր ԱԱԾ-ն տեխնիկական հնարավորություն չի ունեցել գաղտնալսելու: Ես չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանող փաստարկ է: Ես ունեմ մի շարք գործեր, որ այդ նույն ընթացքում ԱԱԾ-ն գաղտնալսել է: Ես համոզված եմ, որ գաղտնալսումը կատարվել է, չէր կարող չկատարվել, որովհետև դատարանի որոշում կար, բայց էնպիսի տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԱԾ-ն գերադասել է չտալ և գրել, որ գաղտնալսում չի կատարվել»: Այժմ փաստաբանը պահանջում է երևան բերել թաքցրած ապացույցները:   

Հիշեցնենք, որ 2013թ․հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց:    

Փաստի առթիվ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանք առաջադրվեց, այդ թվում՝ սպանության հատկանիշներով:   Սակայն տեղի ունեցածից մոտ 3 ամիս անց պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշմամբ Խաչատրյանն ու Նիկողոսյանը ազատ արձակվեցին ու նրանց նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը: Փոխարենը՝ մեղադրանք առաջադրվեց Արտակ Բուդաղյանին, ով ըստ նախաքննական մարմնի «սպանության սպառնալիքներ էր հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:    

Նշենք, որ դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր ճանաչեց և վճռեց Արտակ Բուդաղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 120 հազար դրամ տուգանք Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին սպառնալու համար, սակայն, կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի որոշումը՝ դատարանը վճռել էր նրան ազատել նշանակված պատիժը կրելուց:    

Սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանը Forrights.am-ին ասաց, որ իրենք բողոքելու են մինչև հասնեն արդարադատության: «Կանգնելու տեղ չունենք: Հիմա արդեն հավատում ենք, որ Հայաստանում ենք հաղթելու, ոչ թե Եվրադատարանում»,-ասաց Բուդաղյանը՝ հավելելով, որ անընդհատ բողոքելու են: «Ոչ թե հավատում ենք, այլ տենց ա լինելու, մենք միշտ էլ համոզված ենք եղել, որ էս գործը բացվելու ա»,-շեշտեց Բուդաղյանը:    

Նշենք, որ Բուդաղյանները արդեն մի քանի տարի արդարադատություն են փնտրում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, քանի որ այստեղ արդարաության հասնելու հույսը նախկինում մեծ չէր: Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ճանաչել, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3 հոդված, որոնք վերաբերում են կյանքի իրավունքին, արդար դատաքննությանն ու անմեղության կանխավարկածին, ինչպես նաև տեղեկություն ստանալու իրավունքին:  

Ի դեպ, դեպի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել էին նաև զենքեր:   

«Զենքերի մի մասն արգելված էին: Քննությունը զանազան հնարքներով փորձեց ապացուցել, թե իբր դրանք թույլատրված զենքեր էին: Նույնիսկ կար ինքնաշեն մարտական ատրճանակ: Ո՞նց կարող էր ինքնաշեն զենքը լինել օրինական»,-հարց ուղղեց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ իրենք բոլոր միջոցներով շարունակելու են պայքարել և վստահ են, որ մեղավորներն անպատիժ չեն մնալու:   

Հ.Գ. Forrights.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ լրատվականից հերքեցին վերջերս մամուլում տեղեկությունը, թե Սուրիկ Խաչատրյանին ԱԱԾ-ն թույլ չի տվել հատել ՀՀ սահմանը:   

 Մարինե Խառատյան
9201
Print
արդար դատաքննության իրավունք
14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման 19.07.2018 | արդար դատաքննության իրավունք

14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանս, այս նամակով դիմում եմ Ձեզ՝ ներկայացնելու իմ կյանքի վերջին 14 տարիների պատմությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ, սա

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը

Այսօր Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում մարդաշատ էր: Ալավերդի քաղաքից հոծ բազմություն էր ժամանել՝ ոտքից գլուխ սև հագնված տղամարդիկ, դաջվածքներով երիտասարդներ: Նրանք եկել էին մասնակցելու իրենց քաղաքի հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատական նիս

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը

«Հայտարարված ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Գալիս ես դատարան, էդ մարդկանց չես էլ տեսնում, ոչ մի բառ չես փոխանակում, մեկ էլ հանկարծ սենց բան ես լսում: Մեր բոլորի համար անսպասելի էր Պավլիկի խոսքերը»,- Forrights_ի հետ զրույցում նշեցին «Սասնա Ծռեր»-ի անդամներ Մխիթար Ավետիսյանն ո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: