լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր»-ի պաշտպանները հորդորեցին դատավորին «դուխով» լինել և չծառաել Սերժ Սարգսյանի իշխանությանը

«Սասնա Ծռեր»-ի պաշտպանները հորդորեցին դատավորին «դուխով» լինել և չծառաել Սերժ Սարգսյանի իշխանությանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում մեկամսյա դադարից հետո այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործով դատավարությունը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։ Լեփ-լեցուն դահլիճը ծափահարություններով և բացականչություններով դիմավորեց գործով անցնող 10 մեղաղրյալներին։ Պավլիկ Մանուկյանը, ողջունելով դահլիճում գտնվող համակիրները, երգեց նրանց համար, որը, սակայն լսելի չէր վերջիններիս՝ ապեկեպատ արգելապատնեշի պատճառով։ Նշենք, որ դատարանն այսօր «պատրաստվել» էր գործով առկա ապացույց հանդիսացող տեսանյութերի հրապարակմանըև նիստերրի դահլիճ էր բերել հատուկ էկրան (проектор):

Նիստը սկսվելուց անմիջապես հետո, պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանը ցանկանում է մամուլի ասուլիս տալ, ուստի այդ նպատակով գրությամբ դիմել է ՔԿՀ ղեկավարությանը. «ՔԿՀ-ից մեզ հայտնեցին, որ ԶԼՄ-ների հետ տեսակցության արգելք կա, այդ պատճառով միջնորում եմ՝ վերացնել բոլոր տեսակի տեսակցությունների արգելքը և հնարավորություն ընձեռել իմ պաշտպանյալին դատական նիստի ընդմիջման ժամանակ՝ հենց դատարանում, մամուլի ասուլիսով հանդես գալ»,- ներկայացված միջնորդության ժամանակ նշեց պաշտպան Պապիկյանը:

Վարուժան Ավետիսյանը, միանալով իր պաշտպանի միջնորդությանը, հավելեց, որ թեև հաղթանակի դեռ չեն հասել, բայց երկրում որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ եղել են. «Արդեն պետք է ինչ-որ չափով սկսվի արդարադատությունը: Չնայած, ոճրագործների և դավաճանների հետ երկխոսություն չի կարելի, բայց ես պահանջում եմ՝ Սերժ Սարգսյանը թող իմ կողքի խցում նստած լինի»: Ընկերոջը միացավ նաև Պավլիկ Մանուկյանը, հայտարարելով, որ դեռ շաբաթներ առաջ է ինքը նմանատիպ դիմում ներկայացրել Քրեակատարողական վարչության պետին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել. «Ես էլ եմ պահանջում հենց հիմա՝ ընդմիջմանը կազմակերպել մամուլի ասուլիս»:

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատեց՝ դահլիճում ասուլիս կազմակերպելու իրավական ընթացակարգ չկա, ուստի առարկում է Մանուկյանի միջնորդության դեմ: Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ իր հերթին շեշտեց, որ դատարանի դահլիճը նախատեսված չէ մամուլի ասուլիսների համար, ուստի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Անցնելով առաջ, պաշտպանական կողմը միջնորդությունների ամբողջ շարան ներկայացրեց. նրանիցից յուրաքանչյուրը միջնորդեց վերացնել կամ փոփոխել ամբաստանյալների նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոց: Վերջիններս նշեցին, որ երկրում իրավիճակ է փոխվել, ժողովրդական շարժումը հաղթանակել է, ինչն էլ իրենից ենթադրում է՝ դատարանների կողմից արդար դատաքննություն. «Խնդրում եմ՝ Դուք կաշկանդված չլինեք Ձեր նախկին գործողություններից»,- դատավորին հորդորեց պաշտպան Լուսինե Սահակյանը: Արայիկ Պապիկյանն էլ իր հերթին ավելացրեց, որ հեղափոխության միջոցով ազատագրված է նաև արդարադատության համակարգը, ուստի դատավորն արդեն չպետք է ծառայի Սերժ Սարգսյանի իշխանությանը:

Պաշտպանների համոզմամբ՝ «Սասնա Ծռեր»-ին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, և ծիծաղելի է ենթադրել, թե ազատության մեջ գտնվելով՝ նրանք կթաքնվեն դատավարությունից և կփորձեն ազդել վկաների վրա: Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը միանալով միջնորդությանը, կոչ արեց ժողովրդին փակել փողոցները և հանրային ճնշում գործադրելով դատավորի վրա՝ «օգնել» նրան. «Օգնեք ընկեր Մակյանին արդար որոշում կայացնելու: Այն ծիծաղը, որ գողացել են իմ ժողովրդից, այսօր պետք է հետ վերադարձվի, և այդ վերադարձնողը պետք է լինեք Դուք՝ ընկեր Մակյան: Ձեր այդ քայլը կգրանցվի պատմության գրքերում: Ես գրավ չեմ կարող մուծել, որ ազատության մեջ լինեմ, քանի որ կատարելով պարտքս ժողովրդիս առաջ՝ պարտքով եմ ապրում»,- հայտարարեց Պավլիկ Մանուկյանը: Արմեն Բիլյանն էլ դատավորին հորդորեց «դուխով» լինել և քայլ անել արդար դատավարությանը:

Դահլիճը միացավ Բիլյանի կոչին և սկսեց վանկարկել «Դատավո՛ր, քայլ արա»: Համակիրների մի փոքր հանդարտվելուց հետո, իր դիրքորոշմամբ հանդես եկավ Վարուժան Ավետիսյանը, ով անդրադառնալով դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությունը, թե Հայաստանում չկա քաղբանտարկյալ, հեռակա պատասխանեց նրան. «Եթե Հայաստանում չկա քաղբանտարկյալ, ուրեմն ես տեռորիստ եմ»,- հայտարարեց Ավետիսյանը:

«Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը ևս խոսքի իրավունք խնդրեց, սակայն խոսեց շատ դանդաղ և կամաց: Հիշեցնենք, որ արդեն 8 օր է, միանալով Գարեգին Չուգասզյանի նախաձեռնությանը, նա հացադուլի մեջ է գտնվում. «Ախր սենց ո՞նց կլինի, ընկեր Մակյան: Դուք կիլլերին թողել եք ազատության մեջ, բռնում զենքն եք փակում»,- հռետորական հարցով դատավորին դիմեց նա:

Լսելով պաշտպանական կողմին, դատավորը միջնորդության մասին դիրքորոշում հայտնելու իրավունք տվեց մեղադրանքի կողմին: Դատախազներ Պետրոս Պետրոսյանը և Արամ Արամյանն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ, շեշտելով, որ դեռ առկա է վտանգ, որ ազատության մեջ գտնվելով մեղադրյալները կխոչընդոտեն դատավարական ընթացքը: Դահլիճին դուր չեկավ նման կարծիքը, ինչի պատճառով բղավոցներով և աղաղակներով բոյկոտեցին դատախազների ելույթը՝ թույլ չտալով լսել մեղադրողների առարկության հիմքերը: Դատավոր Մակյանին բարկացրեց ապակիներից այն կողմ գտնվող համակիրների պահվածքը: Վերջինս «սպառնաց», որ նմանատիպ վարքագծի դեպքում որոշում կկայացնի և նիստերը կանցկացնի դռնփակ: Դահլիճում կամաց-կամաց հանդարտություն տիրեց:

Դատավարական կողմերին լսելով, դատավոր Մեսրոպ Մակյանը 3 ժամ ընդմիջում հայտարարեց և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Դատական նիստի 5-րդ ժամն էր լրանում, երբ դահլիճ վերադարձավ դատավորը և հայտարարեց, որ մերժում է պաշտպանական կողմի ներկայացրած խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու մասին միջնորդությունները. «Դատարանը գտնում է, որ դեռ առկա է վտանգ, որ մեղադրյալներն ազատության մեջ գտնվելով կխոչընդոտեն դատավարական նիստերի ընթացքին կամ փախուստ կկատարեն երկրից»,- ասված էր դատավորի որոշման մեջ:

«Սասնա Ծռեր» անդամները, վերջիններիս պաշտպանները և դահլիճում գտնվող համակիրներն ի նշան բողոքի բոյկոտեցին նիստը և հեռացան նիստերի դահլիճից: Դատավորը որոշումը հրապարակեց գրեթե կիսադատարկ դահլիճում:


Քրեական գործի քննությունը հետաձգվեց. վարույթը կշարունակվի մայիսի 23-ին:

Ռոզա Վարդանյան
1318
Print
արդար դատաքննության իրավունք
70 դատավորներ բարձրագույն դատական խորհրդի բարեփոխում են պահաջում 15.07.2018 | արդար դատաքննության իրավունք

70 դատավորներ բարձրագույն դատական խորհրդի բարեփոխում են պահաջում

Հեղափոխության հովերը հասան դատավորներին։ Խիստ պահպանողական այս «կաստան», որի հիմնական սկզբունքը անկախությունն է, իսկ հիմնական խնդիրը անկախության բացակայությունը, անհնազանդության առաջին, զգուշավոր փորձերն է անում։ Օրերս 70 դատավորներ ընդհանուր բողոքով դիմել են վճռաբեկ դատարանին, պահանջ

Դատավորն ու դատախազը փաստեցին Նուբարաշեն ՔԿՀ-ի անգործությունը 13.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Դատավորն ու դատախազը փաստեցին Նուբարաշեն ՔԿՀ-ի անգործությունը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքի քննությունը: Նիստը վարում էր դատավոր Արտյուշ Գաբրիելյանը: Մկրտչյանը դատարանից խնդրել է չեղարկել Քրեակատարողական վարչության Տեղաբաշխման հանձնաժո

  Լաուրա Զաքարյանն իրեն գետնին գցած ոստիկաններից միայն ներողություն է ակնկալում 13.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Լաուրա Զաքարյանն իրեն գետնին գցած ոստիկաններից միայն ներողություն է ակնկալում

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել  այս տարվա մարտի 18-ին  Հաց բերող Արթուր Սարգսյանին  «Եռաբլուր» գերեզմանատանը  հուղարկավորելու պահանջով  ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի բողոքը։ Երթի ընթացքում ոստիկանության ծառայողները, ըստ  Լաուրա Զաքարյանի,

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: