լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Սարի Թաղի գործով դատական 2 նիստերը չեն կայացել. Դատավորն ու ՔԿՀ-ն մեղքն իրար վրա են գցում

Սարի Թաղի գործով դատական 2 նիստերը չեն կայացել. Դատավորն ու ՔԿՀ-ն մեղքն իրար վրա են գցում
Վերջին մեկ շաբաթում արդեն երկու դատական նիստ չի կայացել 2016-ի ամռանը, ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանության կողմից Սարի թաղի ճանապարհը փակելու դեմ բողոքի դուրս եկած և մոտ երկու տարի կալանավորված սարիթաղցիների գործով:   

Սարի թաղի գործով 10 կալանավորվածներից 6-ի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ չեն կայացել մայիսի 8-ին և 10-ին նշանակված դատական նիստերը: 

«Դատավորը նշել է, որ պատճառը ամբաստանյալներին դատարան չտեղափոխելն է: Կոնկրետ ամսի 10-ի նիստի հետ կապված դատարանից ինձ զանգեցին, ասացին՝ կալանավոր չեն բերելու ծանրաբեռնվածության հետ կապված, հետո ես պարզեցի, որ այլ գործերով բերում են»,-պատմեց պաշտպանը՝ հավելելով, որ երբ ՔԿՀ-ից է փորձել ճշտել՝ որն է պատճառը, որ ամբաստանյալներին չեն բերում դատարան, պատասխանել են, որ դատավորը չի պահանջել:   

«Դատավորը մեղքը գցեց ՔՀԿ-ի վրա, ՔԿՀ-ն դատարանի վրա: Հիմա ես համապատասխան գրավոր հարցումներ եմ արել, որ ճշտեմ՝ որն է իրական պատճառը»,-ասաց փաստաբանը: Եթե պարզվի՝ մեղավորը դատարանն է, փաստաբանը դիմելու է Արդարադատության խորհրդին, իսկ եթե՝ ՔԿՀ-ն է, կդիմի համապատասխան վարչությանը կամ իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե որն է եղել Սարի թաղի գործով կալանավորվածներին դատարան չտեղափոխելու միտումը:   

Սարի թաղի գործով 6 կալանավորվածի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը կարծում է, որ ողջամիտ ժամկետում դատաքննության իր պաշտպանյալների իրավունքը խախտվում է: «Քրեական գործը 10 հոգու վերաբերյալ է, որն արհեստականորեն բաժանվել է 4 մասի և նույն տուժողներն ու վկաները չորս անգամ հարցաքննվում են նույն դեպքի վերաբերյալ»,- Forrights.am-ի հետ զրույցում բացատրեց պաշտպանը՝ շարունակելով. 

«Սրա հետ մեկտեղ գործը ողջամիտ ժամկետի խախտումով է ընթանում՝ լավագույն դեպքում ամիսը մեկ դատական նիստ է նշանակվում, որը տեղի է ունենում մեկ կամ երկու ժամ առավելագույնը: Նման պայմաններում 20-30 վկաներ ու տուժողներ ունեցող գործի քննությունը տևում է մեկ տարուց ավելի: Արդյունքում՝ խախտվում է նաև ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը: Ստացվում է՝ մարդիկ ռեժիմյանին պատիժ են կրում առանց դատավճռի»:   

Նշենք, որ 10 սարիթաղցիները կալանավորված են արդեն 1 տարի 10 ամիս, սակայն որևէ մեկի գործով դատարանի վճիռ դեռ չկա: Ինչն էլ դրդում է կալանավորվածների հարազատներին կասկածելու, որ սարիթաղցիների հանդեպ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում: 10 սարիթաղցիների դեմ քրգործ է հարուցվել նույն Քրօրի 136 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, որի համար ազատազրկում է սահմանված 5-10 տարի:     

Սարի թաղի գործով 6 կալանավորվածի պաշտպանը նաև շեշտեց, որ սարթաղցիներին անորոշ մեղադրանք է առաջադրված, որովհետև կոնկրետացված չի որևիցե մեկի գործողությունը. 

«Իսկ նման պայմաններում խախտվում է անձի պաշտպանվելու իրավունքը, քանի որ անձը չգիտի՝ ինչից պետք է պաշտպանվի: Դատարանում բազմիցս եմ էդ հարցը բարձրացրել»: Սիմոնյանը նաև համոզված է, որ եթե դատարանում կոնկրետացնեին՝ կալանավորվածներից ով ինչ գործողություն է կատարել, «տղաների մեծ մասը տանը կլինեին»:      

Կալանավորվածներից 33-ամյա Էդուրադ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը ամուսնու կալանավորման օրից ստիպված է մենակ հոգալ տան, երեխայի ու բերդում գտնվող ամուսնու հոգսերը։ 

«Շատ դժվար ա մենակ երեխա պահելը, երեխա դպրոց ուղարկելը: Ամիս ա լինում, ես իմ ամուսնուն ոչինչ չեմ կարողանում ուղարկեմ, ու դա ոչ մեկի վեջին չի: Բացառապես ոչ մի իշխանավորի հետաքրքիր չի եղել՝ ինչ վիճակում են էդ մարդկանց երեխաները, նրանց ընտանիքները: Ի վերջո, էդ մարդիկ ընդամենը կոմունալ հարցերի համար են պայքարել, որ իրենց ճանապարհները բացվեն, լույս ու ինտերնետ ունենան»,- Forrights.am-ին բողոքեց Լալան:      

Ըստ կալանավորվածի կնոջ՝ դատական նիստերը դիտավորյալ են տապալվում, քանի որ գիտեն, որ երկրում իրավիճակի փոփոխության հետ կապված իրենք կալանքի վերացման միջնորդություն են ներկայացնելու: 

«Ամսի 16-ին ունենք Սարի թաղի գործով այլ դատական նիստ՝ Կարեն Վանոյանի ու Սարգիս Արաբատյանի, որոշել ենք բոլորով ներկայանալ մի մարդու պես, հրավիրել ենք իրավապաշտպան կազմակերպություններին, որ իրենք էլ տեսնենք, թե դատավորն ինչպես է դատերն անում՝ մարդու իրավունքների կոպիտ խախատումներով»,- ասաց Լալան:   

Չնայած դատական նիստերի տապալմանը՝ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո կալանավորվածի կինը մեծ ակնկալիքներ ունի, որ ամուսնուն ու կալանավորված մյուս սարիթաղցիներին առաջիկայում ազատ են արձակելու: 

«Քանի որ վարչապետ Փաշինյանն այս գործին ծանոթ ա, մանրամասն գիտի, թե ինչ իրար հակասող, սուտ ցուցմունքներ են տալիս ոստիկանները: Ակնկալիքս մեծ ա, որ շատ շուտով ազատ կարձակվեն էդ տղաները»,-ասաց Լալան:     

Լալայի ամուսնու գործով դատական նիստը հետաձգվել է մեկ ամսով՝ կկայանա հունիսի 8-ին:     

 Մարինե Խառատյան
1879
Print
արդար դատաքննության իրավունք
«Դատական իշխանությունը շարունակում է յուրացված մնալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից »  14.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դատական իշխանությունը շարունակում է յուրացված մնալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից » 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման շուրջ կրքերը չեն հանդարտվում. Քոչարյանի պաշտպաններն ուզում են ապացուցել, որ նա անձեռնմխելի է ու չի կարող քրեական հետապնդման ենթարկվել: Forrights.am-ի հետ զրուցած փաստաբաններն ու սահմանադրագետներն այլ կարծիք ո

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է 13.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է

Հ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:  Այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեակ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: