Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի
նստավայրում այսօր շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ» քրեական
գործի ժամանակ մեղադրական կողմը պահանջեց 11 տարի ազատազրկման ենթարկել «Հիմնադիր խորհրդարահ»-ի
նախագահ Ժիրայր Սեֆիլյանին:
Մեղադրական ճառը հրապարակվեց դատախազ Հակոբ Ենոքյանի կողմից: Վերջինս
մեկ ժամից ավելի մանրամասն անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Ներսես
Պողոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին և
Հրայր Թոփչյանին առաջադրված մեղադրանքներին, ապա նախաքննական և դատաքննական փուլերի
ամփոփ նկարագիրը ներկայացնելով՝ ամփոփեց իր ճառը:
Դատախազ Ենոքյանը մեղադրական ճառում հայտարարեց, որ դեռ 2014թ մայիս
ամսից Ժիրայր Սեֆիլյանը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություն
կազմակերպելու մտադրությամբ, նախնական համաձայնության գալով մի խումբ մարդկանց հետ,
թռուցիկների և հանրահավաքների միջոցով սադրիչ ելույթներ է ունեցել՝ դրդելով հանրությանը
զինված պայքարի մեջ մտնել իրենց հետ:
«Քննչական գործողությունների ժամանակ «Հիմնադիր
խորհրդարան» և «Սարդարապատ» գրասենյակներից հայտնաբերվել և առգրավվել է մի շարք ռետինե
և ինքնաշեն մահակներ, թռուցիկներ, դանակներ, զինամթերք, իսկ ավտոմեքենայից՝ 2 ինքնաձիգեր»,-
ասվում էր ճառում:
Մեղադրողն առանձին-առանձին անդրադարձավ այդ գործընթացների ժամանակ
յուրաքանչյուր մեղադրյալի դերին և գործողություններին, ըստ դրանց էլ՝ դատավորից համապատասխան
պատժաչափ պահանջեց: Մասնավորապես, Հակոբ Ենոքյանը միջնորդեց՝ Շուշիի առանձնակի հրամանատար
Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարի ազատազրկմամբ, որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի
առնելով նրա անցած մարտական ուղին և իր խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաներին, իսկ
որպես ծանրացնող հանգամանք՝ առանձնապես ծանր հանցագործություն իրականացնելու մտադրությունը:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4 տարի
6 ամիս ժամկետով, որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնելով խնամքի տակ գտնվող տարեց
մորը: Ի դեպ, նշենք, որ դատախազ Ենոքյանը որպես պատժի սկիզբ նշեց 2017թ. դեկտեմբեր
ամիսը, այնինչ «Տոնածառի գործ»-ով Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ 2 տարի ազատազրկված է
եղել:
Սասունիկ Կիրակոսյանին դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով:
Ներսես Պողոսյանին դատապարտել 4 տարի ժամկետով, որպես մեղմացուցիչ
հանգամանք նշելով վերջինիս խմաքի տակ գտնվող 3 անչափահաս երեխաններին ու հիվանդ մորը:
Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին համապատասխանաբար 3-ական
տարի ազատազրկում, իսկ ամենաքիչ պատժաչափը սահմանվեց Հովհաննես Պետրոսյանի համար՝
2 տարի, ինչը բորբոքեց Ներսես Պողոսյանին.
«Արդարացրեք,
արա՛, արդարացրեք: Սրան հենց դատարանից էլ ազատ արձակեք, որովհետև ես հետո սրան տենալու
եմ, լսեցի՞ր, արա՜»:
Նկատենք, որ դատապարտման ժամկետները լսելու ընթացքում որևէ էմոցիոնալ
պոռթկում չեղավ Սեֆիլյանի և մյուսների մոտ: Հակառակը, Ժիրայր Սեֆիլյանը մինչև վերջ
անվրդով մնաց, ինչը չենք կարող ասել ապակիներից այս կողմ գտնվող համախոհների մասին:
Նրանք ժամանակ առա ժամանակ բղավոցներով էին ընդունում դատախազի հնչեցրած խոսքերը, իսկ
վերջնական բորբոքվեցին, երբ Հակոբ Ենոքյանը ազատազրկման ժամկետները սահմանեց:
Գևորգ Սաֆարյանն ապակուց այն կողմ փորձեց հանգստացել ներկաներին. «Ժողովուրդ ջան, հանգիստ,
մի լարվեք, սենց էլ պետք ա լիներ, բա գիտեինք ի՞նչ»:
Փոքր ընդիջումից հետո, պաշտպանական ճառով հանդես եկավ Սասունիկ
Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը: Վերջինս իր հերթին անդրադարձ կատարեց քննչական
գործողություններից մինչև դատավարական գործընթացին, նշելով այն կետերեն ու որոշումները,
որոնք, ըստ իրեն, անօրինակ են:
Պաշտպան Հակոբյանը շեշտեց, որ մեղադրող կողմը վրեժ է լուծում իր
պաշտպանյալից այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է նախաքննության և դատաքննության
ժամանակ ցուցմունքներ տալուց.
«Սասունիկ Կիրակոսյանին 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտելը
տրամաբանությունից դուրս է: Նա մասնակցել է արցախյան պատերազմին, ունի լուրջ առողջական խնդիրներ,
որոնք ավելի են խորացել ՔԿՀ-ում: Դուք նրան տանջանքների եք դատապարտում, որը
կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Սասունիկ Կիրակոսյանն իր դատավարական իրավունքներից
օգտվելով է հրաժարվել ցուցմունք տալուց և հիմա դրա համար պատժվում է, Դուք անմարդկային
պատիժ միջնորդեցիք»,- հայտարարեց պաշտպանը:
Նիստի ավարտից
առաջ, Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ մինչև փետրվարի 16-ը
ներառյալ գործադուլ է հայտարարում (ի նշան բողոք` ԱԺ-ի կողմից այսօր ընդունած փաստաբաններին
մինչև 100.000 դրամ տուգանելու մասին օրենքի-խմբ.) :
Դատավոր
Տաթևիկ Գրիգորյանը որոշեց քրեական գործի քննությունը ևս մեկ շաբաթով հետաձգել, նշանակելով
փետրվարի 23-ին, այդ ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատավորից
լրացուցիչ ժամանակ խնդրեց, նշելով, որ «նման անմարդկային ճառից հետո 2 շաբաթը բավարար
ժամանակ չէ, որ պաշտպանական ճառ գրի»: Դատավորն առարկեց պաշտպանի հայտարարությանը և
որոշումը թողեց ամփոփոխ:
Ռոզա Վարդանյան