լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.02.2018 | արդար դատաքննության իրավունք

Անդրիաս Ղուկասյանի գործով ցուցմունք տվեց լրագրող վկան

Անդրիաս Ղուկասյանի գործով ցուցմունք տվեց լրագրող վկան
Ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Մեղադրող կողմի միջնորդությամբ հարցաքննվեց լրագրող Ռոբերտ Անանյանը, որը «Ա1+» հեռուստաընկերության կազմում լուսաբանել է հուլիսի 29-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները։ 

Լրագրողը նշեց, որ այդ օրը Անդրիաս Ղուկասյանին տեսել է Ազատության հրապարակում քաղաքական հավաքի ժամանակ, մանրամասնությամբ չի հիշում ընդդիմադիր գործչի ելույթը․ «Այն պահին, երբ Եղիշե Պետրոսյանը հավաքի մասնակիցներին հայտնեց երթի մասին, Անդրիաս Ղուկասյանը նրան հուշող խոսք ուղղեց՝ քաղաքացիներին ասա, որ երթը լինելու է խաղաղ»։ Ռոբերտ Անանյանը պնդեց, որ այդ դրվագը ֆիքսել է նաև հեռուստաընկերության տեսակցիկը։  

Հիշեցնենք՝ ըստ Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: 

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հարցրեց՝ արդյո՞ք լրագրողը տեսել է, թե ինչպես է Անդրիաս Ղուկասյանը հարթկից իջնելուց հետո մոտենում քաղաքացիների խմբի և նրանց ցուցումներ տալիս․ «Նա եղել է նախաձեռնող խմբի կազմում և նրանց հետ իջել է ներքև, շարժվել դեպի Թումանյան փողոց։ Այլ անձանց մոտենալու դրվագի ականատես չեմ եղել»։ Լրագրողն ասաց, որ Ազատության հրապարակից մինչև Սարի Թաղ ձգված երթի ընթացքում չեն հնչել բռնության կոչեր, միայն նկարագրեց Արմեն Մարտիրոսյանի խոսքն ուղղված երթի մասնակիցներին՝ «ոստիկաններին ձեռք չտաք»։ 

Ռոբերտ Անանյանը հիշեց մի դրվագ, երբ քաղաքացիների շարքերում գտնվող հատուկ հանդերձավորված և տարբեր առարկաներ կրող մի խումբ Սարի թաղում նետվել է ոստիկանների կողմը։ Այդ պահին հավաքի մասնակիցների կողմից կոչեր են հնչել՝ մի հետևեք նրանց, սադրիչներ են, պետք չի բախման գնալ։ Այդուամենայնիվ, պոկված խմբին հետևել են մի քանի քաղաքացիներ։ Ոստիկանական պատին մոտենալուց հետո բախում տեղի չի ունեցել,  հետևեցին։ «Ենթադրաբար այդ 20-30 հոգանոց խմբին ես հետագայում տեսա պայթյուններից հետո նահանջող քաղաքացիներին հետապնդելիս։ Իրենց տեսքից արելի էր դատել, որ հատուկ պատրաստվածություն ունեն՝ ֆիզիկական տվյալների մասին է խոսքը»։ 

Մինչ հատուկ միջոցների կիրառումը Անանյանը լսել է ՊՊԾ գնդի տարածքից կրակոցների ձայներ, և պնդեց, որ դրանք ուղղված չեն եղել դեպի Սարի թաղ, հակառակ պարագայում քաղաքացիների շրջանում խուճապ կառաջանար։ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հետաքրքրվեց՝ Սարի թաղ բարձրանալուց հետո արդյո՞ք հավաքի մասնակիցները փորձել են շարժվել դեպի ՊՊԾ գունդ։ Վկան բացասական պատասխան տվեց․ «Զանգվածային հոսք դեպի զուգահեռ փողոց չի եղել։ Բարձրանալուց հետո քաղաքացիները կանգնել են Սարի թաղում և իրենց խոսքերով, այդտեղ գտնվելով փորձել են հոգեբանական աջակցություն հայտնել ոստիկանական գնդում գտնված խմբավորմանը»։ 

Անրիաս Ղուկասյանին Սարի թաղում լրագրողը տեսել է, լսել է նրա ձայնը, երբ կոչ էր անում քաղաքացիներին խաղաղ հավաք անցկացնել։ Անանյանը հիշեց մեկ այլ դրվագ՝ թե ինչով էր զբաղված Անդրիաս Ղուկասյանը հատուկ միջոցների կիրառումից վայրկյաններ առաջ․ «Նա պարզապես կանգնած էր քաղաքացիների առաջին շարքերում»։ Կարեն Մեժլումյանը մեկ այլ հարց ուղղեց՝ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելուց հետո ժողովուրդը սկսե՞լ է քարեր շպրտել ոստիկանների ուղղությամբ․ «Մարտիրոսյանին բերման ենթարկելուց հետո միակ գործողությունը, որ ես տեսել ու ֆիքսել եմ, դա եղել է նռնակների նետումը քաղաքացիների ուղղությամբ»,- ասաց վկան։ 

Ղուկասյանի պաշտպանը փորձեց ճշտել՝ երբ ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, ժողովրդի ռեակցիան ինչպիսի՞ն էր․ «Ժողովուրդը լեղաճաք փախչում էր»,- Մեժլումյանը ճշտեց՝ իսկ դո՞ւք․ «Ես փորձում էի մասնագիտությանս հավատարիմ մնալ և լեղաճաք չլինել»։ 

Ռոբերտ Անանյանը պնդեց, որ ոստիկանները քաղաքացիների ու լրագրողների ուղղությամբ միտումնավոր են նռնակներ նետել․ «Առաջինը լրագրողների ուղղությամբ են նռնակներ նետվել, որպեսզի նրանք չեզոքացվեն, և ոստիկանակական հետագա գործողությունները չֆիքսվեն»։ 

Անդրիաս Ղուկասյանը լրագրողից հետաքրքրվեց՝ տրամաբանակա՞ն է, որ հասարակական-քաղաքական գործիչը, ում 2012 թվականից շատերը ճանաչում են, Ազատության հրապարակից հայտարարի, որ ցույցը պետք է լինի խաղաղ, բայց իսկ իջնի հարթակից և քաղաքացիներից մեկին ասի՝ քարեր հավաքեք հրապարակեց․ «Ինձ համար անհասկանալի կլիներ, որ Դուք որևէ մեկին ասեք քարեր հավաքեք, որովհետև միշտ գրագետ ու լուրջ մարդու տպավորություն եք թողել»։ 

 Լրագրողը նշեց՝ եթե անհրաժեշտ էր քարեր հավաքել, ինչո՞ւ պետք է հավաքի մասնակցիները Ազատության հրապարակից քարեր հավաքեին ու հասցնեին Սարի թաղ․ «Ազատության հրապարակից հավաքված քարերո՞վ պետք է Սարի թաղում ոստիկանների ուղղությամբ նետեին։ Ազատության հրապարակում տեսանելի մեծ չափերով քարեր չկան, հավանաբար՝ խճաքարեր»։  

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Անդրիաս Ղուկասյանը Ազատության հրապարակում գտնվող մի խումբ քաղաքացիների հրահանգել է քարեր հավաքել, որոնք Սարի թաղում պետք է իբր օգտագործվեին ոստիկանների դեմ։ «Տրամաբանական կլիներ, որ այդ քարերը հավաքվեին Սարի թաղում․․․, ոչ թե Ազատության հրապարակից իրենց հետ դրանք Սարի թաղ հասցնեին»։ 

Անդրիաս Ղուկասյանի հարցին ի պատասխան, լրագրողը նշեց, որ Սարի թաղում վիրավորված քաղաքացիներին ոստիկանները օգնություն չեն ցուցաբերել։ Անանյանն ինքը վնասվածքներ է ստացել կիրառված հատուկ միջոցներից, և օգնության կարիք է ունեցել․ «Գիտե՞ք, թե ես վիրավորված վիճակով ինչքան եմ սպասել օգնության, քաղաքացիները նույնիսկ վախենում էին մեզ օգնել, իջեցնել հիվանդանոց»։ 

Վկային հարց ուներ նաև գործով դատավոր Վարդան Գրիգորյանը, թե ՊՊԾ գնդում գտնվող անձինք ինչպե՞ս կարող էին ունենալ հոգեբանական աջակցության կարիք։ Լրագրողը պատասխանեց․ «Գիտեմ, որ նրանք սննդի խնդիր են ունեցել, շրջապատված են եղել մեծաթիվ ոստիկանական ուժերով, չգիետեին՝ իրենց նկատմամբ զենք կիրառվելու է, թե ոչ, և շատ հնարավոր է, հոգեբանական աջակցության կարիք են ունեցել»։ 

 Ազատության հրապարակից Սարի թաղ շարժված քաղաքացիները, որոնց մեղադրանքեր են առաջադրվել, նշել են, որ իրենք Սարի թաղում գտնվելով փորձել են հոգեբանական աջակցություն ցուցաբերել Սասնա ծռեր խմբի անդամներին։ Ռոբերտ Անանյանը պնդեց՝ ցուցարարաների կողմից հանրային կերպով՝ բարձրախոսներով չեն հնչել Սասնա ծռեր խմբին միանալու կոչեր․ «Ես անձամբ նման կոչեր չեմ լսել, և եթե հնչած լիներ, տեսախցիկը արձանագրած կլիներ այդպիսի որևէ խոսք»։  

Ի պատասխան դատավորի հարցի լրագրողն արձանագրեց՝ Սարի թաղում ցույցը եղել է խաղաղ մինչ այն պահը, երբ  ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել․ 

«Դրանից հետո եղել է ոչ խաղաղ, սակայն ո՛չ ցուցարարների պատճառով»։ Հավելենք, որ այսօրվա դատական նիստում պետք է մի քանի վկաներ ևս հարցաքննվեին, սակայն նրանք չէին ներկայացել դատարան։ 

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին։   
4275
Print
արդար դատաքննության իրավունք
դատարանը մերժել է  վերացնել Կարո Եղնուկյանի հարազատների հետ տեսակցելու արգելանքը 22.02.2018 | արդար դատաքննության իրավունք

դատարանը մերժել է վերացնել Կարո Եղնուկյանի հարազատների հետ տեսակցելու արգելանքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր շարունակվեց «Սասմա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով: Նիստի սկզբում, Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ վերացնել իր պաշտպանյ

դատավորների անկախությունը սահմանափակվել է օրենքով.Հայկ Ալումյան 22.02.2018 | արդար դատաքննության իրավունք

դատավորների անկախությունը սահմանափակվել է օրենքով.Հայկ Ալումյան

2015 թվականին հայաստանցիներին նոր Սահմանադրություն պարտադրելիս իշխանությունները վստահեցնում էին, թե մեծանալու է դատավորների անկախությունը, դատարաններն ավելի անաչառ են դառնալու։ Սակայն ինչպես Հանրապետական կուսակցության գրեթե բոլոր խոստումների դեպքում, այս անգամ էլ էական բարելավում տեղի չ

հանրային պաշտպանների պարտադրումը լարում է իրավիճակը դատարանում 21.02.2018 | արդար դատաքննության իրավունք

հանրային պաշտպանների պարտադրումը լարում է իրավիճակը դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա Ծռեր» քրեական գործն այսօր շարունակվեց լարված մթնոլորտում: Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դեռ նախորդ նիստից հայտարարել էր, որ նոր հանրային պաշտպաններ պետք է ներգրավի գործի վարույթում, ինչն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: