«2016 թվականին ինձ բնակարանային գողության կասկածանքով ձերբակալել են: Բարձրաստիճան ոստիկանները կաշառք են առաջարկել, որ եթե 3 չբացահայտված գործ ինձ վրա վերցնեմ, գումար կտան: Ես հրաժարվել եմ, որից հետո ինձ կալանավորել են»,- Forrights.am-ին հարազատների միւոցով փոխանցում է Ստեփանավանի բնակիչ, 33-ամյա Գագիկ Կարապետյանը, որն արդեն 2 տարի կալանավորված է ու պահվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում:

Ըստ Կարապետյանի, այսպիսի գործարք իրեն առաջարկել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Ոստիկանության Ստեփանավանի բաժնի նախկին պետ Սարգիս Այվազյանը: Նրանց միջև զրույցը տեղի է ունեցել ձերբակալման օրը: Ոստիկաններն այցելել էին Ձերբակալվածների պահման վայր: Ու քանի որ Գագիկը հրաժարվել է, կալանավորել են:Երկու դրվագով բնակարանային գողության մեջ մեղադրվող Գագիկ Կարապետյանը հայտարարում է, որ ոստիկաններն իր դեմ կեղծ քրեական գործ սարքել են քննիչներ Լևոն Պառավյանի ու Արամ Չիտչյանի հետ համագործակցությամբ:

Քրեական գործ հարուցվել է քրօրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին և հոկտեմբերի 30-ին Կարապետյանն ապօրինի մուտք է գործել Ստեփավանի բնակիչներ Բաբայանի և Փիլիկյանի առանձնատներ, գաղտնի հափշտակել 203 000 դրամ գումար և 2 043 700 դրամ արժողության բիժու և ոսկյա զարդեր ու դիմել փախուստի: Նրան 2-ից 8 տարվա ազատազրկում է սպառնում:

Գործի նախաքննությունն ընթացել է կոպտագույն խախտումներով:. «Ես մի հատ կուլոն եմ գտել՝ ցեպը վրեն, ինձ ասում են գողացել ես: Քննիչը կեղծ արձանագրություններ է կազմել, դրանք ապացույց ճանաչել, իբրև ընթերականների մասնակցությամբ գործողություններ է արել: Դատարանում ընթերակաները ցուցմունք տվեցին, որ իրենք մասնակցություն չեն ունեցել՝ ուղղակի քննիչը գրել է, իրենք ստորագրել են»: Տուժողները Կարապետյանի դեմ ցուցմունք չեն տվել, ինքը՝ մեղադրյալը ևս հրաժարվել է ցուցմունք տալ:Մեղադրանքի հիմքում դրվել է մեկ անձի՝ Հարություն Վարոսյանի վկայությունը: Վերջինս, ըստ Կարապետյանի, համագործակցում է իր դեմ գործ սարքած ոստիկանների հետ և 7 անգամ փոխել է ցուցմունքները:

Գագիկի հետ առերեսվելիս Հարությունն ասել է, թե տեսել է՝ ինչպես է գողության օրը Գագիկը դուրս գալիս կողոպտված տան բակից: Արդեն դատարանում վկան փոխել է ցուցմունքը, պնդելով, թե ինքը չի տեսել, որ Գագիկը կողոպտված տան բակից է դուրս եկել, ուղղակի տեսել է, որ փողոցն անցնում է: Կարապետյանի փաստաբան, հանրային պաշտպան Վարդան Սուղյանը իրարամերժ ցուցմունք տալը էական նշանակություն ունեցող հանգամանք է համարում. «Այս ցուցմունքներից ակնհայտ է, որ կամ ինքը չի տեսել էդ ամեն ինչը կամ իրեն ասում են գնա էս ինչ բանը ասա: Իրարից տարբեր ցուցմունք տալը նշանակում է, որ մարդը ինչ-որ բան թաքցնում է, իրականությանը ասածները չեն համապատասխանում»,- կարծում է պարոն Սուղյանը:

Ըստ նրա՝ իր պաշտպանյալին թերի և ոչ հիմնավորված մեղադրանքներ են ներկայացվել:Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Գագիկ Կարապետյանը դատարանին միջնորդել է հետազոտել ձեռքի տակ եղած հեռախոսազրույցի ձայնագրությունը: Կարապետյանը հայտնել է, թե Հարություն Վարոսյանին ինքը ձայնագրել է կեղծիքը խոստովանելիս: Իսկ ի՞նչ բովանդակություն է ունեցել վկայի ու մեղադրյալի զրույցը.

«Քննչականի պետ Դավիթ Ղազախեցյանը կեղծել ա: Իմ լուսանկարը դրել են վկայի դիմաց, խնդրել են, որ երկու բառով գրի, որ Գագոյին՝ ինձ, տեսել է տվյալ փողոցում: Վկան դատարանում հերքեց, թե ինքը քննիչին նման տեղեկություն է տվել»,- Գագիկի խոսքերը փոխանցում են հարազատները:Վկա

Հարություն Վարոսյանը դատարանում ասել է, որ բացի Գագիկին փողոցում նույն պահին տեսել է ևս մեկ մարդու՝ Աշոտ Մելիքյանին: Կարապետյանը պնդում է, որ այդ մարդը Ֆրանսիայում է՝ գնացել է իր կալանավորվելուց շատ առաջ: Իսկ հեռախոսային վերծանումներն ապացուցել են, որ Հարությունը կողոպտված տան փողոցում չի եղել, ու չէր կարող Գագիկին տեսնել փողոցն անցնելիս:Վկա Հարություն Վարոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը պարզաբանելու, տարբերվող ցուցմունքները հստակեցնելու նպատակով նա կրկին դատարան հարցաքննության է հրավիրվել:

Սակայն Վարոսյանը խուսափում է դատարան ներկայանալուց, ինչին օժանդակում են Ստեփանավանի ոստիկանության աշխատակիցները: Այս բաժնից դատարան թուղթ է ներկայացվել, թե վկա Վարոսյանը գտնվում է Արցախում և չեն կարող դատարանում ապահովել նրա ներկայությունը: Գործը քննող դատավոր Սուսաննա Գզոգյանը հարցմամբ պարզել է, որ Հարությունը Հայաստանի Հանրապետության տարածքում է, ստացվում է՝ ոստիկանությունը կեղծ արձանագրություն է ներկայացրել դատարան:

Փաստաբան Վարդան Սուղյանը վստահ է՝ ոստիկանությունը վկային թույլ չի տալիս դատարան ներկայանալ, որ չբացահայտվի նրանց միջև ձեռք բերված ապօրինի համաձայնությունը:Իսկ ի՞նչ շահագրգռություն ունեն Ստեփանավանի ոստիկաններն իր դեմ գործ թխելու, հարցին Գագիկ Կարապետյանը պատասխանում է. « Իմ դեմ ավտոմեքենաներով հետապնդումներ են եղել, որս ա եղել իմ դեմ ու բռնել, գլխիս սարքել են: Իրենց չբացահայտված գործերը փորձել են բարդել ինձ վրա, ու դրանով համ ինձնից կազատվեն համ սրոկի կուղարկեն»: Իսկ թե իր դեմ լարվելու ի՞նչ պատճառ են ունեցել Ստեփանավանի ոստիկանները, Կարապետյանը չի բացահայտում:

Գագիկ Կարապետյանի փաստաբան Վարդան Սուղյանը չի դժգոհում դատաքննության ընթացքից: Համոզված է, որ պաշտպանյալին ներկայացրած մեղադրանքը շատ թույլ է ու չհիմնավորված. «Ապացույցները շատ թույլ են և բավարար չեն, որպեսզի պաշտպանյալիս նկատմամբ կայացվի մեղադրական դատավճիռ»:

Pin It on Pinterest