Հայաստանում ու արտերկրում ապրող հայերի հանգանակությամբ Գերմանիայում գլխի մի քանի ծանր վիրահատություն տարած 22-ամյա նախկին զինվոր Ալբերտ Դալլաքյանի մայրը ստիպված է ուշադրությունը շեղել որդուց և արդարադատություն փնտրել Հայաստանի դատական ատյաններում:

Հուլիսի 9-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Սարդարյանը Ալբերտի գլխին կրակած հրամանատար Ավագ Նահապետյանին ընդամենը երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել: Ընդ որում, վճիռը մինչ այժմ տուժող կողմին չի հասել, իսկ սպան շարունակում է նույն ծառայությունը Հադրութի դիրքերում:

«Ուղղակի ապշած եմ: Ո՞նց կարող էր նման դատավճիռ լինել, նման թեթև պատիժ ու այդ հրամանատարը շարունակի ծառայե՞լ: Իմ նման շատ մայրեր այսօր նույն վտանգի առաջ են, որ իրենց երեխեն նրա ենթակայության տակ ծառայում է: Սա աններելի բան ա, որ կարա մեր պետությունը աչք փակի դրա վրա», -Forrights.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանը՝ շարունակելով. «Ինքը պետք ա նստի, որ հասկանա ու գիտակցի, թե ինչ է արել: Միգուցե չի ուզեցել հենց Ալբերտին կրակել, չգիտեմ, բայց որ ինքը զենք ա ուզում, լիցքավորում ու նշան բռնում, էդ արդեն ներում չունի: Ինքն իրան հղփացածի պես է պահել: Ես վրեժխնդրություն չունեմ, բայց չի կարելի աչք փակել նման հանցանքի վրա»:
Վճռից վիրավորված զինվորի մայրը բաց նամակով դիմել է պաշտպանության նախարարին ու վարչապետին՝ նշելով, թե Աստված չանի՝ իրենց որդիները ևս նման հրամանատարի ենթակայությամբ ծառայեն ու պահանջելով «զինված ուժերից արմատախիլ անել այնպիսի սպաների, որոնք կարող են զինվորի գլխին զենք բարձրացնել»:
«Պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց, թե բոլորը պատժվում են, ոչ ոք անպատիժ չի մնում: Սա՞ է անպատիժ չմնալը: Նաև կոչ են անում, որ դրսից գան, ծառայեն, իմ երեխեն առանց կոչի ա եկել, սա՞ ա պատասխանը, որ 2 տարվա անպատմելի տառապանքից հետո ծնողը պետքա ընկնի հիմա էլ հովանավոր ճարի փաստաբան վարձելու համար»,-դժգոհեց Արմինե Ղազարանը:
«Ուղղակի ժամանակ է տևում, թվում է՝ պատիժը ուշ է հասնում: Եվ սպայական կազմից են ազատումներ լինում, եւ հրամանատարական կազմից: Անհոգ եղեք, անկարգապահության, քրեական, կոռուպցիոն դրսեւորումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով մեծ աշխատանք է կատարում ՊՆ-ն», օրերս հրապարակային հարցազրույցներից մեկում հայտարարել էր Պնախարար Դավիթ Տոնոյանը։
Ռուսաստանում ուսումը կիսատ թողած ու ծառայության համար կամավոր Հայաստան վերադարձած Ալբերտի մայրը պատրաստվում է դատարանի վճիռը ստանալուն պես բողոքրակել այն: Հույս ունի, որ արդարադատության կհասնի ու սպան իր պատիժը կստանա:
«Բլինդաժում ինքը իրավունք չունի զենքով մտնի, իմ վրա զենք պահի»   
Ինքը՝ Ալբերտը այդ գործով չի զբաղվում. Լարվածությունն ու նյարդային ցնցումները նրան հակացուցված են: Ապրիլյան քառօրյա պատերազմը դիմագրաված, սակայն դրանից ամիսներ անց Հադրութում իր իսկ սպայի կողմից գլխի ծանր վիրավորում ստացած նախկին զինծառայող՝ 22-ամյա Ալբերտ Դալլաքյանը դեպքի առթիվ «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում պատմել էր հետևյալը. «Դեպքը եղել ա բլինդաժում: Ես պառկել եմ, որ հանգստանամ, ինքը մտել, կրակել ա իմ վրա: Ասում են՝ էտի խաղ ա, բայց էդքան էլ նման չի էդ խաղերին. Բլինդաժում ինքը իրավունք չունի զենքով մտնի, իմ վրա զենք պահի»:
Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը «ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող»:
Ավագ Նահապետյանը դատարանում ընդունել է մեղադրանքն այն մասով, որ անզգուշությամբ է կրակել Ալբերտի վրա: Զնվորին վիրավորած սպան նաև բնութագիր է տարել ղեկավարությունից, որ ինքն «անբասիր ծառայող է»: Ալբերտի փաստաբանը՝ Աշոտ Ապրեսյանը ևս համարում է, որ դատարանի վճիռը օբյեկտիվ չէ ու ենթակա է բողոքարկման: «Մենք դեռ դատավճիռը և հիմնավորումները չենք ստացել, սակայն անկախ հիմքերից ու հիմնավորումներից ես այն կարծիքին եմ, որ դատավճիռը չի բխում քրօրի 48 հոդվածի պահանջներից և պետք է բողոքարկվի»,-ասաց պաշտպանը:
Մի շարք կարևոր փորձաքննություններ չեն իրականացվել
Ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը Ալբերտի դատական գործն ուսումնասիրելով՝ պարզել է, որ մի շարք անհրաժեշտ փորձաքննություններ չեն կատարվել: Մասնավորապես Ալբերտի վրա կրակած ինքնաձիգի ձգաբանական փորձաքննություն չի եղել: Քննիչը նշանակել է ձգաբանական փորձաքննություն, այդ որոշումը կցված է քրեական գործին, սակայն դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը չկա գործում:
Դատական գործն ուսումնասիրած փորձագետ Ռուբեն Մարիրոսյանը համոզված է, որ սպան մահափորձ է կատարել, ոչ թե անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել: «Շատ փորձաքննություններ չեն կատարվել, շատ անօրինականություններ են կատարվել: Առաջին իսկ օրվանից նախաքննական մարմինը ցույց է տվել գործում իր շահագրգռվածությունը: Դատավճիռը համարում եմ նախաքննական մարմնի և դատարանի շահագրգռվածության արդյունք: Էստեղ կա ակնհայտ կեղծիք: Սա ոչ իրավական, հանցագործությանը ոչ ադեկվատ վճիռ է: Գործը պետք է վերանայվի»,-շեշտեց անկախ փորձագետը:
Մարինե Խառատյան

Pin It on Pinterest