լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
20.11.2017 | արդար դատաքննության իրավունք

Սաբոտաժ Հայաստանի պաշտպանունակության դեմ․ զինվորական գործերը Եվրադատարանում

Սաբոտաժ Հայաստանի պաշտպանունակության դեմ․ զինվորական գործերը Եվրադատարանում
Բանակում ոչ մարտական պայմաններում մահացած 3 զինծառայողների գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը։ Զինվորական գործերի ուսումնասիրություններից ու փաստերի համադրումից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իրավապահ եւ արդարադատական համակարգերը հանցավորության հասնող համառությամբ փորձում են իրականությունը թաքցնել մահացած զինծառայողների հարազատներից։ 

Ի՞նչ սխեմա է գործում։ Զինծառայողի մահվան փաստով հարուցվում է քրեական գործ, բայց կատարվում է ոչ արդյունավետ և ոչ օբյեկտիվ քննություն, արդյունքում՝ չեն բացահայտվում և չեն պատժվում սպանությունների հեղինակները։ Նախաքննական մարմինն ինտենսիվորեն օգտագործում է ինքնասպանության վարկածը շրջանառության մեջ դնելու, և դրա շուրջ պատմություն կառուցելու պրակտիկան։ Քրեական գործի պատմության խեղաթյուրումը գործը կարճելու հիմք է ստեղծում։

 Այս պայմաններում լիովին բնական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ստացված զինվորական գործերով պարբերաբար որոշումներ է հրապարակում՝ փաստելով, որ գործի քննության ընթացքում էական խախտումներ են թույլ տրվել։

Հովհաննիսյանն ու Կարապետյանն ընդդեմ Հայաստանի

 Եվրոպական դատարանը վերջերս Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել ԼՂՀ Պաշտպանության բանակում սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի գործերով։ Սա մի միջադեպ է, որի ընթացքում մահացել է 6 զինծառայող: 

2010 թվականի հուլիսի 28-ին մարտական դիրքում հայտնաբերվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի զինծառայողներ 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի, 21-ամյա Անդրանիկ Մարգարյանի ու ևս 4 հոգու դիակները։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը մարտական հերթապահության ժամին մարտական դիրքում քնած է հայտնաբերել զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանին ու Կարո Այվազյանին։ Սպան կշտամբել ու հայհոյանքներ է տեղացել, սկսել է ծեծել նախ Անդրանիկ Սարգսյանին։ 

 Կարո Այվազյանը հասկացել է, որ հաջորդն ինքն է, և իրեն ամրակցված զենքից կրակել, սպանել է հրամանատարին, ապա մյուս 4 ծառայակիցներին, որից հետո ինքնասպան է եղել։ Հանցագործություն կատարած անձանց մահվան հիմքով հարուցված քրեական գործը մեկ տարի անց կարճվել է: Տուժող կողմը բողոքարկել է նախաքննական մարմնի այս որոշումը, ինչը մերժվել է։ Սպանված զինծառայողների հարազատներին կասկածելի է թվացել, որ վարույթն իրականացնող մարմինը քննություն չի իրականացրել սպանված զինծառայողների մարմինների վրա հայտնաբերված վնասվածքների ուղղությամբ։  

«Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանել իր վերահսկողության տակ գտնվող զինծառայողների կյանքի իրավունքը, պատշաճ քննություն չի իրականացրել դրա խախտման ուղղությամբ՝ քրեական գործում առկա բազմաթիվ չպարզաբանված հարցերի ու հակասությունների առկայության պայմաններում»,- Եվրադատարան ուղարկված գանգատում Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Մարգարյանի իրավահաջորդների ներկայացուցիչներն այսպիսի պնդումներ են ներկայացրել,- «Դրանով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը»: 

 Սպանված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչները գտնում են, որ պատշաճ քննություն չի իրականացվել հրամանատարի կողմից իր ենթակայության ներքո գտնվող զինծառայողների նկատմամբ սահմանված կարգով տույժ կիրառելու փոխարեն նրանց խոշտանգման ենթարկելու ուղղությամբ: Պետությունը սրանով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը: Եվ վերջապես՝ տուժողների իրավահաջորդները զրկված են եղել հետաքննությանը մասնակցելու հնարավորությունից, ինչով խախտվել է նրանց՝ ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

 Գանգատը 2013 թվականին ՄԻԵԴ ներկայացրել են սպանված Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Մարգարյանի իրավահաջորդների ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը: Իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերին Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի 16 շաբաթվա ընթացքում։ 

Ալավերդյանն ընդդեմ Հայաստանի

 Ոչ պակաս հարցականներ է պարունակում ծնունդով հրազդանցի, խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Էդվարդ Ալավերդյանի գործը, որը ևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում է։ Դիմումատուն զինծառայողի հայրն է՝ Սեմյոն Ալավերդյանը։  

Ըստ քրեական գործի տվյալների՝ 2011 թվականի հուլիսի 29-ին ժամը 06։45-ին 19-ամյա զինծառայող Էդվարդ Ալավերդյանը Հադրութի զորամասի մարտական դիրքում ինքնասպանություն է գործել։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդվարդն այդ քայլին է գնացել զինծառայակից Սահակ Ասլիբեկյանի կողմից պարբերական բնույթ ստացած ապտակների ու սպառնալիքների պատճառով։ 2013 թվականի հուլիսի 3-ի դատավճռով Սյունիքի մարզի դատարանը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Սահակ Ասլիբեկյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման։

Այս գործում նախաքննական մարմինը կիրառել է արդեն դասական դարձած ինքնասպանության հասցնելու հոդվածը, մինչդեռ պաշտպանական կողմը կասկածներ ունի, որ իրականում սպանություն է տեղի ունեցել և հանցագործներից առնվազն մեկը գտնվում է ազատության մեջ։

 Մահացած զինծառայող Էդվարդ Ալավերդյանի իրավահաջորդների գնահատմամբ՝ զինծառայողի մահվան գործն ի սկզբանե սխալ որակմամբ է գնացել դատարան: Տուժող կողմի ներակայացուցիչ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի կարծիքով՝տեղի է ունեցել սպանություն «Գործի քննության ընթացքում փաստեր են կոծկվել ու կան խնդիրներ»։ 

 Նման պնդման համար ի՞նչ փաստեր է բերում պաշտպանական կողմը։ Զինծառայողի մահվան հաջորդ օրը՝ 2011 թվականի հուլիսի 30-ին, քննիչ Հայրապետյանը դատահետքաբանական ու դատաձգաբանական փորձաքննություն է նշանակել, սակայն որոշումն ու ինքնաձիգը փորձագիտական կենտրոնը ստացել է միայն հոկտեմբերի 17-ին: Ինքասպանության գործիք զենքի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Խնդրահարույցն այն է, որ զենքը փորձագետներին է հասել միայն երկուսուկես ամիս անց, ինչը հարազատներին հիմք է տվել կարծելու, որ հնարավոր է, հանցագործությունն այլ մարդիկ կատարած լինեն և հատուկ չեն ներկայացրել զենքը փորձագետներին, որպեսզի հետքերը կորչեն։

Ո՞ւր է տանում գործի կոծկման հետքը։ ԼՂՀ ռազմական ոստիկանության տրամադրած տեղեկության համաձայն՝ դեպքի օրը ի թիվս 6 այլ զինծառայողի՝ ՌՈ բերման էր ենթարկվել նաև շարքային Սեդրակ Գևորգյանը, որն, ըստ գործի նյութերի, հուլիսի 1-ին արդեն զորացրված էր և այլևս շարքային զինծառայող չէր։ Էդվարդ Ալավերդյանի հարազատներին ակնարկներ են հասել, որ իրենց տղայի մահվան ու սպանության մեջ մեղավոր են 2 զինծառայող և 1 քաղաքացիական անձ: Հատկաշականն այն է, որ հենց նախաքննության ընթացքում նույն Սեդրակ Գևորգյանի նկատմամբ համաներում է կիրառվել։

 Եվրոպական դատարան ներկայացրած գանգատում «ինքնասպան» զինծառայողի հայրը համոզմունք է հայտնել, որ որդու մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ իշխանությունները չեն կատարել արդյունավետ քննություն, ինչպես պահանջում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ ՄԻԵԴ-ում Սեմյոն Ալավերդյանը վիճարկում է նաև հետաքննական մարմնի առաջ քաշած ինքնասպանության վարկածը։ 

Մալխասյանն ընդդեմ Հայաստանի

 Եվս մեկ զինվորական գործ Եվրադատարանում, որն ակտիվ քննության փուլ է մտել։ ԼՂՀ  ՊԲ-ի շարքային զինվոր Արեգ Մալխասյանը բանակում հասցրել է ծառայել ընդամենը 7 օր։ 22-ամյա Արեգը մահացել է 2009 թվականի հուլիսի 4-ին, երբ պսակաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարման պատճառով շտապ տեղափոխվել էր Մեխակավանի հոսպիտալ։

 Մինչ որդու զորակոչվելը Արեգի ծնողները երկարատև ու տանջալի պայքարի ճանապարհով են անցել, հազար ու մի դուռ թակել, որ հիվանդ զավակին բանակ չզորակոչեն։ Նրա բժշկական փաստաթղթերում արտացոլված են եղել ստամոքսի հետ կապված հիվանդություններ, ինչն անտեսվել է Արաբկիրի զինկոմիսարիատի բժիշկների և հատկապես՝ Արաբկիրի զինկոմիսար Արմեն Ուլիխանյանի կողմից։ 

Վերջինս առանցքային դերակատար է այս գործում։ Զինծառայող Արեգ Մալխասյանի հայրը պատմել է, որ զինկոմ Ուլիխանյանը նորակոչիկի առողջական վիճակի մասին ակտից հանել է ստամոքսի հիվանդության վերաբերյալ արձանագրված բժշկական ախտորոշումները։ Այդ պատճառով հիվանդ երիտասարդին զորակոչել են բանակ։ Կեղծիքների գնացած զինկոմի արարքն այդպես էլ իրավական գնահատականի չի արժանացել։ 

Քրեական գործով հարցաքննված բժիշկները պնդել են՝ Արեգը բանակ չէր զորակոչվի, եթե նրա հիվանդության փաստաթղթերն առկա լինեին անձնական գործում։ Նրանք նաև եզրակացրել են, որ Արեգ Մալխասյանը երկրորդ անգամ պետք է գործիքային հետազոտման ենթարկվեր: Սրանից հետևություն, որ հիվանդին կրկնակի հետազոտման չենթարկելը ինքնին խոսում է հանցավոր արարքի առկայության մասին:

 Այդուամենայնիվ, նախաքննական մարմինը գտել է, որ Արեգ Մալխասյանի մահը չի եղել որևէ բժշկի կամ պաշտոնատար անձի անփութության հետևանք։ Ըստ այդմ էլ՝ քրեական գործով վարույթը կարճվել է, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։ 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը Եվրադատարան ներկայացրած գանգատում նշել է, որ պետությունը չի կատարել իր պարտականությունները․ «Զորակոչիկի առողջական վիճակը պատշաճ չի հետազոտվել, զինվորի մահվան փաստով արդյունավետ քննություն չի ապահովվել, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու առումով խախտվել են նաև գործի քննության ողջամիտ ժամկետները»:

Սպասվում է, որ Եվրադատարանն այս գործերով մոտ ապագայում դրական որոշումներ կկայացնի։ Նշենք, որ բացի վերոնշյալ 3 գործերը, օգոստոս ամսվա դրությամբ Եվրադատարանում ակտիվ քննության փուլում է գտնվում Հայաստանից ստացված ևս 7 զինվորական գործ։ Դրանք են՝ «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի», «Մանուկյանն ընդդեմ Հայաստանի», «Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի», «Ադամյաններն ընդդեմ Հայաստանի», «Վարյանն ընդդեմ Հայաստանի», «Հովհաննիսյանը եւ Նազարյանն ընդդեմ Հայաստանի», «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի»։ Այս դիմումների շարքը սկսվել է 2010 թվականից։ 

 1 զինծառայողի՝ Սուրեն Մուրադյանի մասով քննությունն արդեն ավարտվել է և Եվրադատարանն իրավական գնահատական է տվել։ Հատկանշական է, որ 11 դեպքերից միայն 2-ն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վերաբերում։ Մնացած 9 գործը Արցախի ՊԲ-ի զինծառայողներին է առնչվում։ 

Մահվան 10 օրեր․ Սուրեն Մուրադյան 

Զինծառայող Սուրեն Մուրադյանի գործը լավագույն օրինակներից է, թե Եվրադատարանն ինչ խորությամբ է քննություն կատարում։ ՄԻԵԴ-ը պարզապես քարը քարին չթողեց հայաստանյան իրավապահների սարքած գործից: Բացահայտվեց, թե ինչպես են քննչական մարմինները, զինվորական դատախազությունը, և դատարանները կեղծել քրեական գործը: Արդյունքում Հայաստանի կառավարությունը Մուրադյան ընտանիքին 55 000 եվրո փոխհատուցում տրամադրեց:

 Զինվորի մահը վրա է հասել 10 օր տևած հոգեբանական և ֆիզիկական բռնությունների արդյունքում: Սուրեն Մուրադյանը Լեռնային Ղարաբաղի բանակ է զորակոչվել 2001 թվականին: Հաջորդ տարվա օգոստոսի 3-ին Սուրենին հոսպիտալացրել են մալարիայի կասկածանքով: Հաջորդ օրը Սուրենի վիճակը կտրուկ վատացել է, կորցրել է գիտակցությունը, բժիշկներին չի հաջողվել նրան ուշքի բերել ու նա մահացել է: Արյան անալիզները, սակայն, հերքել են մալարիայի առկայությունը: 

Հետմահու փորձաքննությունն ու դիահերձումը հաստատել է, որ զինծառայողը մահացել է փայծաղի պատռվելու հետևանքով՝ ներքին արյունահոսությունից: Վնասվածքն առաջացել է բութ հարվածից: Նույն հատվածում հայտնաբերվել են նաև հին և նոր կապտուկներ: ՄԻԵԴ-ը համարել է, որ առկա են եղել բավարար ապացույցներ, ըստ որոնց՝ վնասվածքը կարող էր հասցված լինել բարձրաստիճան սպաների բռնությունների հետևանքով։

Եվրոպական ատյանը եզրակացրել է, որ հայաստանյան իրավապահները ձախողել են արդյունավետ հետաքննությունը. «Դատարանը համարում է, որ պաշտոնյաները չեն ներկայացրել համոզիչ բացատրություն Սուրեն Մուրադյանի վնասվածքի և դրա հետևանքով նրա մահան վերաբերյալ...»: 

Զինծառայող Սուրեն Մուրադյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը գնահատական է տվել փաստաբան Վահե Գրիգորյանը՝ այն համարելով ամենափաստարկված և հիմնավոր պատասխանը դատախազությանը, իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարներին․  «․․․որոնք չտեսնելու են տվել կամ հանցավոր լռություն են պահպանել նույնիսկ այն ժամանակ, երբ սպանվածների հարազատներն ու փաստաբանները ժամկետային զինծառայողների կյանքի իրավունքին վերաբերող գործերով ուղիղ ապացույցներ են ներկայացրել»:

 Սուրեն Մուրադյանի գործով եվրոպական ատյանը հատկանշել է․ «Հայաստանի իշխանությունները պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում զինծառայողի մահվան գործով ոչ արդյունավետ քննության համար»:

Սաբոտաժ՝ Հայաստանի պաշտպանունակության դեմ․ գնահատական իրավիճակին 

Զինվորական գործերը գտնվում են փաստաբան Վահե Գրիգորյանի մշտական դիտարկման ներքո։ Նա որպես զինվորական գործերի քննության ձախողման ու իրականության կոծկման պատասխանատու թիրախավորում է իրավապահներին ու դատավորներին, որոնք փաստաբանի գնահատմամբ, հատուկ դիտավորությամբ կազմակերպել ու սաբոտաժ են իրականացնում Հայաստանի պաշտպանունակության դեմ․ «Սա պրոֆեսիոնալ հակաքարոզչությո՞ւն է Հայաստանի դեմ: Սա զինված ուժերի, պաշտպանական այլ համակարգերի եւ դրանց սնող հանրային սեկտորը բարոյալքելուն ուղղված եւ հետևողականորեն իրականացվող քաղաքականության արդյո՞ւնքն է»։ 

Զինվորական գործերի քննության ժամանակ դատաիրավական մարմիններն իրավական սահմանումներից զատ պետք է կարևորեն ու առաջին պլան մղեն մարդկային գործոնը․ «Վստահ եմ, որ զինվորական իրավապահների եւ դատավորների համար զինծառայողների հարազատների կրած տառապանքը որեւէ նշանակություն չունի։ Վիշտը նրանց բավական չի, հիմա էլ պետք է բազում հոգսերը մի կողմ դրած անորոշության մեջ տարիներով խարխափեն՝ իրենց որդու կամ եղբոր հետ պատահածից նվազագույն արժանահավատ տեղեկություն ձեռք բերելու համար՝ հազար ու մի դուռ բախելով, ծառայակիցներին տարիներ հետո գտնելով եւ հարցուփորձ անելով, …»: 

Փաստաբանի գնահատմամբ՝ երևում է քաղաքական կամք՝ արգելել որեւէ միջամտություն, որը կարող է բերել իրավիճակի շտկման։

 Փաստաբան Սեդա Սաֆարյանի համոզմամբ՝ զինվորական սպանությունների հեղինակները չեն պատժվում վարույթն իրականացնող մարմնի սուբյեկտիվ քննության պատճառով։ 

«Եթե հարցը վերաբերվում է՝ զինվորը զինվորի նկատմամբ ի՞նչ արեց, այս համատեքստում ինչ-որ մեկը պատժվում է, սակայն ինչ վերաբերվում է բժիշկների, հանձնաժողովների անդամների, պաշտոնյաների գործողություններին, ցավոք դրանք քննության առարկա չեն դառնում։ 

Զինվորական գործերի քննությունները ոչ թե քրեական դատավարության օրենքներով են ընթանում, այլ քաղաքական որոշումներով»։ Զինվորական գործերը կոծկող հակամարդկային մեքենան աշխատում է քննչական, դատախազական և դատական մարմինների կուռ գործակցությամբ։ Փաստացի, ստացվում է, որ պետությունը հրաժարվում է իր հիմնական գործառույթից՝ ապահովել անձի կյանքի իրավունքը։

Ռոբերտ Անանյան
1414
Print
արդար դատաքննության իրավունք
Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ 25.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ

«Սասնա ծռեր» խմբի՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում քննվող գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից գրություն է ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայիսի 25-ին Երևանում և Հայա

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի

Ավան եւ Նոր Նորք դատարանում այսօր շարունակվել է «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով։ Այսօր խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը և շուրջ 2 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Արտո

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը» 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը»

Շուրջ 30 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո,  դադարեցրեց հացադուլը: Այս մասին լրատվամիջոցներին հայտարարեց անձամբ վարչապետը.  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: