լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.11.2017 | արդար դատաքննության իրավունք

Մահվան կանչվածը(տեսանյութ)

Մահվան կանչվածը(տեսանյութ)
Թանգարան՝ ի պատիվ Անդրանիկ որդու

 Հայոց բանակի սպա, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ընտանիքն ամենայն սիրով, խնամքով ու քնքշությամբ է պահպանում որդու մասունքները։ Ապրիլյան պատերազմում հերոսացած հետախույզի ննջարանն իսկական թանգարանի է վերածվել․ ծնողներն այստեղ են ամփոփել անսահման կարոտն ու սերն առ կորուսյալ զավակը։ Անկողնուն խոնարհված են Անդրանիկի զինվորական հագուստները, որոնք կրել է բարձրաստիճան այրերից Մարտական ծառայության մեդալը ստանալիս։ 

Պահարանին՝ ամենատեսանելի վայրում, սպայական գլխարկն է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների հերոսական պաշտպանության համար տրված պատվոգրեր ու շնորհակալագրեր։ 26-ամյա հետախույզ Անդրանիկ Մկրտչյանի անժամանակ մահը խաթարել է ապարանյան այս ընտանիքի անդորրը։ Ծնողները ծրագրել էին այս տարվա հոկտեմբերին որդու հարսանիքն անել, հարս էին բերելու օջախ, ուրախացել էին․․․, բայց հիմա սգի մեջ են, արցունքը փոխարինել է ուրախությանը: Մխիթարվում են միայն այն մտքով, որ հայրենիքին իսկական հերոս են պարգևել։ 

 Անդրանիկի կարոտը Նարինեն ու Արմենն առնում են անձնական իրերից, որոնք մշտապես իրենց աչքի առաջ են, ինչպես աղոթարաններ՝ սրբության սրբոց։ Ծնողները մտադիր չեն համակերպվել ինքնասպանության վարկածին․ «Ո՞ւմ հանցավոր ձեռքով է կյանքից զրկվել մեր թանկ Անդրանիկը»,- այս պարզ հարցը դեռ պատասխան չունի․․․

Մահվան գույժ՝ զորամասից  

Մեղրիի զորամասի սպա, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մարմինը 2017 թվականի օգոստոսի 20-ի կեսօրին գտնվել է վաշտի սենյակներից մեկում։ 

Անդրանիկ Մկրտչյանի ողբերգական մահվան օրը՝ օգոստոսի 20-ին, տիկին Նարինեն պարբերաբար խոսել է որդու հետ, վերջինը ժամը 13։00-14։00-ն կլիներ․ «Ասեց՝ մամ, լա՞վ ես, ասի՝ հա, արդեն լավ եմ բալես, ոտքի վրա եմ։ Ժամը 4 անց կես, 5-ի կողմերն էր, որ էդ խաբարը իմացանք․․․»։ 

 Մայրն այգում աշխատում էր  և տարօրինակ տեսարանի է ականատես լինում․ ավագ որդին՝ Կարապետը, մեծ արագությամբ դուրս է թռչում բակից ու վազում փողոց։ Նարինեի հարցին, թե՝ «ի՞նչ կա, ո՞ւր ես գնում»․․․ Կարոն խնայում է մորը․ չի պատասխանում։ 

Նարինեի զանգին վերջապես Անդրանիկի հորեղբայրն է պատասխանում․ «Ասաց՝ Նարինե, շատ վատ բան ա եղել։ Ասեց՝ Անդոյի հետ շատ վատ բան ա եղել․․․ էլ չեմ զգացել, թե փողոցից ոնց եմ տուն եկել, ո՞վ ա ինձ բերել… Անդրանիկը չէր կարող ինքնասպան լինել, որովհետև էդպիսի մարդ չէր, ինքը կյանքով լեցուն մարդ էր, նա պատերազմ էր անցել։ Եթե անող լիներ, պատերազմի շրջանում կաներ․․․ էդքան բան էր տեսել։ Անդրանիկն օրվա հետ ապրող մարդ չէր․ ուներ սիրած աղջիկ, ուներ նպատակ, ասում էր՝ ես կյանքում շատ անելիքներ ունեմ․․․, ինքը նման բան չէր անի»,- արցունքն աչքերին պատմում է Նարինեն։

 Հայոց բանակի հետախույզ Անդրանիկ Մկրտչյանի հուղարկավորությունն անցել է առանց զինվորական պատիվների, բանակի ղեկավարությունը վճռել էր հերոսին արժանացնել ինքնասպանի ճակատագրի՝ չցուցաբերելով ուշադրության նշույլ անգամ։ Ներկա էր միայն զորամասի հրամանատարի տեղակալը` Թելման Մաթևոսյանը, որն Անդրանիկի մահվան օրը Մեղրիի գնդի պատասխանատուն էր։ 

Հերոսի վերջին օրը 

 Մահվանը նախորդած օրն Անդրանիկն անցկացրել է Ապարանում՝ ընկերների հետ, բարձր տրամադրություն է ունեցել: Եղբոր՝ Կարապետի հետ է  զրույցել․ «Անդրանիկն ասեց՝ գիտես ապեր, նենց մեղքս գալիս են զինվորները, որ էդ շոգին ամբողջ սեպտեմբեր ամիսը քննություն պետք ա հանձնեն։ Մեկ էլ հոկտեմբերին արձակուրդ կվերցնեմ կգամ, որ նշանվեմ․․․»,- Նարինեն իր ու որդու վերջին օրն է հիշում։ 

 Առավոտյան՝ զորամաս մեկնելուց առաջ մայրը որդու մոտ անկումային տրամադրություն չի նկատել։ Բայց մինչ Հայաստանի հարավ ուղևորվելը նա այցելում է հոսպիտալ՝ ականի պայթյունից տուժած ընկերներին տեսակցության։  Անդրանիկին ուղեկցել է ընկերուհին՝ Աննան: Նա ասում է, որ Անդրանիկը Մեղրիի զորամասից պարբերաբար զանգեր է ստացել․ «կանչում էին զորամաս»։

Անպատասխան հարցեր 

Անդրանիկի դեմքին, պարանոցին կամ մարմնի այլ հատվածում հարազատները որևէ վնասվածք չեն նկատել։ Մարմնին բռնության հետքեր են նշմարվել արդեն մահից հետո։ Անդրանիկի հայրը՝ Արմեն Մկրտչյանն ինչպես դիահերձարանում, այնպես էլ հուղարկավորությունից առաջ զննել է որդու անշնչացած մարմինը․ 

«Երեխայի դեմքի ձախ ափին ես վնասվածքներ եմ նկատել, աջ կողմում՝ մեծ ու փոքր կետեր, քերծվածքներ։ Կնոջս հարցնում եմ՝ երբ երեխաս գնացել ա, դեմքին կայի՞ն քերծվածքներ։ Պատասխանում է, որ հետքեր չեն եղել։ Անդրանիկի ընկերուհին էլ է նույն պատասխանը տալիս, որ դեմքին  քերծվածքներ չեն եղել»։ 

Մեղրիի զորամասի հրամանատարությունն առանձնակի ջանքեր է գործադրել Անդրանիկի հարազատներին համոզելու ինքնասպանության վարկածը։ Սակայն  Մկրտչյանները վերլուծելով դեպքերի ընթացքը համոզված պնդում են, որ Անդրանիկին սպանել են։ 

Հարազատներին անհավատալի է թվում նաև զորամասի հրամանատարության այն բացատրությունը, թե վաշտի մասնաշենքում որևէ մեկը կրակոցի ձայն չի լսել։ Այնինչ, Անդրանիկի մահը վրա է հասել կրակոցի արդյունքում, իսկ «ԱԿՄ» ավտոմատի ձայնը չէր կարող լսելի չլինել գոնե վաշտի անձնակազմին։ 

 Չնայած Անդրանիկի դիակը հայտնաբերվել է զորամասում, սակայն զորամասի հրամանատար Կարեն Սեդրակյանը հարազատներին խորհուրդ է տվել մահվան պատճառները փնտրել զորամասից դուրս: Զորամասի հրամանատարի «ամենագետ» պահվածքն առնվազն անընդունելի է Անդրանիկի հարազատների համար: Նա նախաքննական մարմնից առաջ արդեն որոշել է, որ կապիտան Անդրանիկ Մկրտչյանն ինքնասպան է եղել: Ինչու:

Ոստիկանությունը կապ ունի՞ սպայի մահվան հետ

 Անդրանիկ Մկրտչյանի հարազատների կասկածները պտտվում են 2017 թվականի մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության մասնակցությամբ միջադեպի շուրջ։ 

Խնջույքից վերադարձող Անդրանիկի ու հետախույզ ընկերների ավտոմեքենան ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է։ Զինծառայողները ներկայացել են ինչպես հարկն է, փոքր-ինչ գինովցած լինելու վերաբերյալ ասել են, որ նշում էին պատերազմից վերադարձի մեկամյակը։ Ոստիկանների պատասխանը եղել է կոպիտ, ինչին ծեծկռտուք է հաջորդել։ 

Միջադեպից հետո Անդրանիկը և ընկերները  Ռազմական ոստիկանությունում են անցկացրել 3 օր, 1 օր էլ անցկացրել են «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց։ Ըստ լուրերի՝ բանակի հետախույզներին ազատման գործում ջանքեր է գործադրել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որն անգամ հանդիպել է հերոս հետախույզներին․ 

 «Նախարարը տղաներին ասել է, որ դուք հերոսներ եք, , ծանոթացել եմ ձեր անցած ուղուն, ձեր կատարած գործերին, էսպիսի հերոս տղերքը ինչի՞ գնան դատվեն, թող գնան սահման պահեն, մի անգամ սխալվելու իրավունք ունեք »: 

Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում Անդրանիկ Մկրտչյանին ու հետախույզ ընկերներին հերոսի աչքով չէին նայել, բերման ենթարկելուց հետո ոստիկանները նրանց ծեծի են ենթարկել։ Արմեն Մկրտչյանն ամենայն մանրամասնորեն հիշում է, թե ոստիկանությունից դուրս գալուց հետո ինչ վիճակում էին որդու հագուստները․

«Ծեծելը ո՞րն է, ես Անդրանիկի շորերն ուզում էի պահել որպես հիշատակ, որ երեխան արդեն չկա, բայց պահելու բան չէր։ Շորերն ու կուրտկան ճղած, ջինսի շալվարն արյան մեջ կորած, սառոչկեն ոնց որ դանակների տակ ընկած»։ 

Արաբկիրի բաժնում ծեծելուց բացի, բռնի ուժով սափրել են նրանց գլուխները՝ այսպիսով նսեմացնելով պատերազմի հերոսների արժանապատվությունը․

 «Ուժով, բռնությամբ են քաչալացրել։ Հայաստանի միլիցեքը էն սև ֆորմայով էսէռ-ականներից բեթար են․․․»,- արձանագրում են Անդրանիկի ծնողները: 

Հետախույզների ու ճանապարհային ոստիկանության միջև բախման փաստով հարուցված քրեական գործը վերջերս կարճվել է։ Սակայն կան ողջամիտ կասկածներ, որ Անդրանիկի սպանությունը այս միջադեպի անմիջական հետևանք է․ համարձակ ու արժանապատիվ պահվածքը նրան չի ներվել։

Էսպիսի տղերքն իրենց մենակ խրամատում են պետք։

 Մինչ օրս որդեկորույս մորը որևէ պաշտոնյա չի տեսակցել, ցավակցության խոսքեր չի ասել զավակի մահվան համար։ Նարինե Մկրտչյանի առաջնահերթ պահանջը որդու սպանության բացահայտումն է և մեղավորներին պատժելը:  

 «Իմ տղային էս պետությունից ու ղեկավարությունից եմ պահանջում։ Իմ երեխան պատերազմ էր անցել, բայց ոչ մեկ նրա հանդեպ հարգանք ցույց չտվեց։ Էսպիսի տղերքն իրենց մենակ խրամատո՞ւմ են պետք։ Մահը որակեցին ինքնասպանություն ու հրաժարվեցին ամեն ինչից։ Անդրանիկը կյանքով հերոս էր, բայց էս ղեկավարությունը չգնահատեց իմ երեխային։ Ես արդարություն եմ պահանջում իշխանությունից, եթե կա․․․»։ 

Ռոբերտ Անանյան

Այլ հոդվածներ այս թեմայով:


4831
Print
արդար դատաքննության իրավունք
70 դատավորներ բարձրագույն դատական խորհրդի բարեփոխում են պահաջում 15.07.2018 | արդար դատաքննության իրավունք

70 դատավորներ բարձրագույն դատական խորհրդի բարեփոխում են պահաջում

Հեղափոխության հովերը հասան դատավորներին։ Խիստ պահպանողական այս «կաստան», որի հիմնական սկզբունքը անկախությունն է, իսկ հիմնական խնդիրը անկախության բացակայությունը, անհնազանդության առաջին, զգուշավոր փորձերն է անում։ Օրերս 70 դատավորներ ընդհանուր բողոքով դիմել են վճռաբեկ դատարանին, պահանջ

Դատավորն ու դատախազը փաստեցին Նուբարաշեն ՔԿՀ-ի անգործությունը 13.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Դատավորն ու դատախազը փաստեցին Նուբարաշեն ՔԿՀ-ի անգործությունը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքի քննությունը: Նիստը վարում էր դատավոր Արտյուշ Գաբրիելյանը: Մկրտչյանը դատարանից խնդրել է չեղարկել Քրեակատարողական վարչության Տեղաբաշխման հանձնաժո

  Լաուրա Զաքարյանն իրեն գետնին գցած ոստիկաններից միայն ներողություն է ակնկալում 13.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Լաուրա Զաքարյանն իրեն գետնին գցած ոստիկաններից միայն ներողություն է ակնկալում

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել  այս տարվա մարտի 18-ին  Հաց բերող Արթուր Սարգսյանին  «Եռաբլուր» գերեզմանատանը  հուղարկավորելու պահանջով  ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի բողոքը։ Երթի ընթացքում ոստիկանության ծառայողները, ըստ  Լաուրա Զաքարյանի,

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: