լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին
«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց  ֆոտոլրագրող Անի Գևորգյանը՝ հավելելով, որ ոչ միայն շարունակում է պնդել ոստիկանությունում իր հանդեպ կիրառված բռնության փաստը, այլ տարիներ շարունակ քայլեր է ձեռնարկում՝ ապացուցելու համար իր նկատմամբ բռնության և լրագրողի իր աշխատանքին խոչընդոտելու դեպքը:   

Նշենք, որ գործը հասել է նույնիսկ Եվրոպական դատարան և շուտով կսկսվի կառավարության հետ հարցուպատասխանի փուլը: Խոսքը 2014թ. փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող ՀԱԿ ակտիվիստների և իրազեկումը խոչընդոտել փորձող երիտասարդ ՀՀԿ-ականների բախման մասին է: Դեպքից հետո ոստիկանները բերման էին ենթարկել ընդդիմադիր երիտասարդներին ու «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանին:   

«Երբ Արտակ Պողոսյանը մտավ ոստիկանության սենյակ, ում այդ ժամանակ չէի ճանաչում, ես խոսում էի հեռախոսով և լրատվամիջոցին պատմում էի, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում իմ նկատմամբ»,-պատմեց Անին՝ շարունակելով. «Կենտրոնի ոստիկանապետը հարվածում է դեմքիս, խլում է հեռախոսս, բղավում է՝ ով է սրան հեռախոս տվել,  շպրտում է սեղանին, հրամայում է առգրավվել հեռախոսս և դուրս է գալիս սենյակից: Հարվածից հետո բնականաբար իմ մոտ շոկ է առաջանում, ես սկսում եմ բղավել և պահանջել ոստիկաններին՝ արձանագրություն կազմել»:   

Որևէ ոստիկան Անիի հետ կատարվածի առթիվ արձանագրություն չի կազմում, իսկ ավելի ուշ՝ Անին պարզում է, որ իրեն ապտակողը ոստիկանների «շեֆն է»: Ավելին, մինչ այդ Կենտրոն ոստիկանությունում լրագրողի ձեռքից վերցնում են տեսախցիկը ու նրան հայտարարում, թե տեսախցիկի մեջ հիշողության քարտ չի եղել, այն դեպքում, երբ լրագրողն այդ տեսախցիկով արձանագրել էր ոստիկանության բռնությունները: «Նայում էին աչքերիդ մեջ, ասում էին՝ քեզ թվացել է, նման բան տեղի չի ունեցել»,-պատմեց Անին:   
«Անհետանում են» նաև ոստիկանության շենքի տեսագրությունները: Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:   Քրգործը, սակայն, ինչպես Հայաստանում լրագրողների հանդեպ բռնության և լրագրողական գործունեության խոչընդոտման առթիվ շատ գործեր, կարճվում է: 

«Նախաքննության շրջանում թե Կենտրոնի ոստիկանապետը, թե ոստիկանները հերքել են անգամ փաստը, որ Արտակ Պողոսյանը մտել է այդ սենյակ: Ոչ միայն նա է սուտ ցուցմունք տվել, այլև իր ենթակայության տակ գտնվող ոստիկաններին ստիպել է ցուցմունք տալ իր դեմ»,-նշեց լրագրողը՝ կարևոր համարելով ՄԻԵԴ-ում իր բողոքի նախադեպային լինելը, քանի որ մինչ այժմ լրագրողի դեմ բռնության որևէ գործ Հայաստանից չի հասել ՄԻԵԴ:   

Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը Forrights.am-հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով կարո՞ղ է պաշտոնավարել նոր Հայաստանում, քանի որ լրագրող Անի Գևորգյանը պնդում է, որ ապտակել է իրեն, ասաց. «Ես էլ պնդում եմ, որ նման դեպք չի եղել: Քննությունն այդ հարցին լիարժեք պատասխան տվել է: Նախաքննության ընթացքում բազմակողմանի, օբյեկտիվ քննություն արվել է, որոշումը կայացվել է, բողոքարկվել է որոշումը: Դատարանն էլ է կայացրել իր որոշումը»:   

Ոստիկանապետին հիշեցրինք, որ այդ գործն այժմ ՄԻԵԴ-ում է՝ հարցնելով, թե եթե ՄԻԵԴ-ը գործով որոշում կայացնի ու այն կրկին ուղարկվի քննության, կարծում է՝ որևէ բացահայտում չի՞ լինի: «Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի, որովհետև նշված ամբողջ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարեց Պողոսյանը:   

Թե ինչու է լրագրողը հենց իր անունը տալիս որպես իրեն ապտակող, չէ որ այնտեղ այլ ոստիկաններ էլ են եղել, ինչո՞ւ է հենց իր անվան հետ կապվում այդ բռնությունը,  հարցին ի պատասխան Երևանի ոստիկանապետն ասաց. «Ես չեմ կարող ասել, չեմ էլ կարող մեկնաբանել լրագրողի պնդումները: Չեմ կարող պնդումների համար մեկնաբանություն տալ, ես կարող եմ ընդամենը իմ գործողությունների համար պատասխան տալ: Ես որևիցե մեկի նկատմամբ իմ աշխատանքային գործունեության ընթացքում առհասարակ բռնություն երբևէ չեն գործադրել»:   

Լրագրողի պնդման առթիվ, թե ոստիկանապետը ինքը սուտ ցուցմունք է տվել և իր ենթակա ոստիկաններին ստիպել է սուտ ցուցմունքներ տալ, ասաց. «Ես որևէ ենթակայի և ոստիկանի չեմ կարող ապօրինի գործողություն հրահանգել և ինձ թույլ չեմ տա: Եվ ես վստահ եմ, որ ոստիկանության ծառայողները երբևէ ակնհայտ ապօրինություններ չեն կատարի: Իրենց նման հրահանգ չի տրվել, իրենք էլ չեն կատարել»:   

Այսօր արդեն կասկած է հնչում ոստիկանության հասցեին, որ եթե այն չի կարողանում մի ապտակ բացահայտել, ինչպե՞ս է կարողանալու Մարտի մեկ բացահայտել, եթե  ոստիկանները շարունակում են կոծկել իրենց հանցանքները: «Ոստիկանությունն ունի դրա համար բավարար կամք, ունի դրա համար բավարար հնարավորություններ և միջոցներ և պատրաստակամ է ցանկացած իրավախախտման արձագանքելու»,-հայտարարեց նորանշանակ ոստիկանապետը:       

Հարցին, թե եթե ՄԻԵԴ-ը գործն ուղարկի քննության, պատրա՞ստ է հրաժարական տալ, ասաց. «Ես նշանակվում եմ, և եթե իմ գործունեության ընթացքում Եվրոպական դաարանի որոշումներով կլինի, թե առհասարակ որևէ բացասական երևույթ կհայտնաբերվի, բնական է, ես չեմ աշխատի: Ինձ թույլ չեմ տա պաշտոնավարել, եթե որևէ ապօրինի գործողություններ կատարած կլինեմ թե նախկինում, թե ներկայիս գործունեության ընթացքում»: Քանի դեռ չի բացահայտվել, ոստիկանապետը շարունակելու է գործունեությունը: «Խնդիրը բացահայտման մեջ չի, ես պնդում եմ ուղղակի, որ որևէ իրավախախտում թույլ չեմ տվել և թույլ էլ չեմ տալու»,-խոստացավ Պողոսյանը:   

Արտակ Պողոսյանի նշանակումը տարակուսանք է առաջացրել նաև իրավապաշտպանների շրջանում. 

«Ինչպես ես եմ հասկանում Երևանի ոստիկանապետ դառնալու համար պարտադիր է բռնություն կրողի համբավը, այն էլ ՄԻԵԴ-ով հաստատված»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով. «Եթե հիշում եք, Աշոտ Կարապետյանը հայտնի էր որպես Գրիշա Վիրաբյանին խոշտանգող և սա հաստատված էր ՄԻԵԴ վճռով։ Իսկ նորանշանակ Արտակ Պողոսյանը ժամանակին ուշադրություն գրավեց, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր։ Նա ապտակել էր Կենտրոնի բաժին բերման ենթարկված ֆոտոլրագրող Անի Գևորգյանին։ Տպավորություն է, որ ոստիկանությունը չի ուզում հրաժարվել բռնություն կրողի համբավից և այս ավանդույթը պահպանվելու է։ Սա խայտառակ նշանակում է»։   

Նոր նշանակման առթիվ «Հետք»-ի հրապարակմանը ՀՀ ոստիկանությունը նման  պատասխան է տվել. «Նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հարգել պետական բարձրաստիճան պաշտոնյաի անմեղության կանխավարկածը, իրավական հարթությունից դուրս՝ անհարկի մեկնաբանություններով և հուզական ձևակերպումով կասկածի տակ չդնել արդեն իսկ պատշաճ իրավական գնահատականի արժանացած քրեական վարույթի արդյունքները և նախաքննության մարմնի օբյեկտիվությունը»: 

 Մանրամասները դիտեք տեսանյութում: Մարինե Խառատյան
3136
Print
խոսքի ազատություն
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են 20.06.2018 | խոսքի ազատություն

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել երեք բռնության դեպք, որոնց ժամանակ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը և այդ դեպքերից երեքով էլ նա ճանաչվել է որպես տուժող: 
Սասնա Ծռերի հայտարարությունը. Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին 6.06.2018 | խոսքի ազատություն

Սասնա Ծռերի հայտարարությունը. Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին

Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: