լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
3.05.2018 | խոսքի ազատություն

Հեղափոխության կարոտ լրատվամիջոցները

Հեղափոխության կարոտ լրատվամիջոցները
Հայաստանն այս օրերին շնչում է հեղափոխության թարմ ու կենարար օդը։ Կազդուրիչ թերապիան քաղաքական իշխանությունից բացի թափանցել է նաև չորրորդ իշխանության օրգանիզմ։ Բոլորիս աչքի առաջ առողջանում է լրատվադաշտը։ Հեղափոխական գլխապտույտի ազդեցության տակ չէ, որ գրվում են այս տողերը։ Սրանք տեսանելի իրողության մասին են: Հայաստանի լրատվամիջոցները երբեք այսքան ազատ չեն եղել, ինչպես այսօր։ 

Փլվել է իշխանական ուղղաձիգ բուրգը, որի ազդեցությամբ են գործել պետական ու մասնավոր մեծաթիվ լրատվամիջոցներ: Դրանք մի խումբ անձինք ծառայեցրել են իշխանություն պահելու նպատակով: Խոսքն առաջին հերթին մեծ լսարան ունեցող դասական հեռուստաընկերությունների մասին է:   Խոսենք փաստերի շուրջ, որոնք չեն վրիպել շարքային հեռուստադիտողի աչքից: 20 օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի Իմ ՔԱՅԼԸ շարժումը նոր նոր էր ծավալվում Գյումրիից, հեռուստաընկերությունների մեծ մասը բլոկադայի էին ենթարկում այն: Լրահոսը ողոված էր Հայաստանի քաղաքացու համար անկարևոր, որևէ ասելիք չունեցող բովանդակությամբ: Լուրերն ամեն ինչի մասին էին, բացի` կարևորից: 

Ընդդիմության առաջնորդ Փաշինյանն ու հակասերժսարգսյանական շարժումը համառորեն չէին հայտնվում եթերում: Իրականությունը հասարակությանը հասու էր դառնում բացառապես օնլայն հեռուստաեթերից:   Որոշ ժամանակից, երբ հեղափոխական շարժման շուրջ աղմուկը գնալով բարձրացավ, երբ մեծացավ իշխանությանն սպառնացող վտանգը, պրոիշխանական լրատականների խուլ պատը սկսեց ցնցվել: Եթեր էր հեռարձակվում կարճ լրատվական ռեպորտաժներ, որոնք անդեմ էին` ոչնչի մասին: Ներկայացվում էր, թե ասենք` Նիկոլ Փաշինյանը Գյումրից հետո որ քաղաքն է գնացել, քանի կիլոմետր է քայլել: 

Մեծաթիվ մարդկանց հասանելի հեռուստաընկերությունները դիտողից խնամքով թաքցում էին, թե ինչն է ընդդիմադիր պատգամավորին դուրս հանել հարմարավետ գրասենյակից, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը գիշերում ցրտաշունչ դաշտի վրանային ճամբարում:   Հեղափոխական շարժման ակտիվացմանը, ոստիկանական բռնությունների ուժգնացմանը համընթաց պրոիշխանական հեռուստաալիքները գրեթե ամբողջությամբ վերագտան Սահմանադրությամբ իրենց վերապահված ազատ լրատվություն մատուցելու իրավունքը: 

Փաշինյանի հեղափոխական նպատակները Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողի առաջ այլևս բացահայտվեց: Իշխանություն-ընդդիմություն կոնֆլիկտը մաքրագործող էր առաջին հերթին հեռուստաէկրանի համար: Չնայած` դա կատարվեց պարտադրված:   Հեռուստաեթերի մասնակի ազատագրումը տեղի ունեցավ շնորհիվ օնլայն հեռուստաընկերությունների դեմ մրցակցության: Դասական հեռուստաալիքները պարզապես սկսեցին պարտվել օնլայն մեդիաներին: Դեպքերի ուղիղ հեռարձակումները ֆեյսբուքով կամ յութուբով ցունամիի հարված հասցրին կարծր պետական քարոզչամեքենային: Այլևս հնարավոր չէր քողարկել փողոցներում և հրապարակներում տարածվող հեղափոխական շարժումը: 

Ամեն ինչ տեղի էր ունենում էր մարդկանց աչքի առաջ:   Ընդամենը 20 օր առաջ ոչ մի ռոմանտիկ-լավատես չէր համարձակվի մտքով անցկացնել, որ «Հ1»-ը ապրիլի 30-ին հանրապետությունով մեկ կսփռի Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերը Պառլամենտից, որտեղ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր ՀՀԿ պատգամավորների հարցերին: Թե հարցերը, և թե պատասխանները ավտորիտար ռեժիմի գերիշխանության օրոք առանց մոնտաժի երբեք չէին հայտնվի պետական, իրականում` իշխանական «Հ1»-ի եթերում:   Հեղափոխությամբ ազատագրվում է ոչ միայն գյուղացին, բիզնեսմենը, դատավորն ու քննիչը: 

Հեղափոխության պարտադրած ազատությունը թևեր է տալիս առաջին հերթին հայաստանյան մամուլին: Հետդարձ դեպի վերահսկվող լրատվություն վստահաբար այլևս չի լինելու: Լրատվադաշտի ստվերային հատվածից տեղափոխվենք սպիտակ տարածք: Հեղափոխական այս օրերը մեծ փորձություն էին հայաստանյան ազատ մեդիատարածքի համար: Հեղափոխության առաջին շարքերում կանգնած քաղաքական գործիչներն անգամ ընդունում են` եթե գոյություն չունենային իշխանությունից անկախ առցանց լրատվամիջոցները, գուցե և հեղափոխությունն այսքան արագ տեղի չունենար: 

Ընդդիմադիրների ակցիաներն սկսվում էին վաղ առավոտից, և ավարտվում ուշ գիշերը: Մեդիաաշխատողները ցուցարարների հետ էին` թե’ առավոտյան` մետրոյի աշխատանքը խափանելիս, թե’ կեսօրին` փողոցներ արգելափակելիս, և թե երեկոյան` ոստիկանական բռնությունների պիկ ժամերին: Լրագրողի ու տեսախցիկի ներկայությունը դեպքի վայրում հաճախ զսպում էր ոստիկանի կամ թաղային խուժանի ախորժակը, որը թեևեր ծալած մռնչում էր, պատրաստվում բռնաճնշումների ենթարկել ընդդիմադիրներին:   Բազմաթիվ լրատվամիջոցներ հավատարիմ մնացին իրենց բարձր առաքելությանը: Չկա հիշարժան որևէ դեպք, որ չհայտնվեր օբյեկտիվի աչքում և  հասարակությանը հայտնի չդառնար: 

Հանրապետական կուսակցության ավտորիտար ռեժիմը հոգեվարքի մեջ է և վերջին օրերն է ապրում: Ժողովուրդը վերջ է դնում ՀՀԿ-ի 20-ամյա իշխանությանը. Բաստիլը գրավված է: Հիրավի, հարյուրամյակներ անց այս օրերին նկարահանված տեսանյութերը կվերածվեն ֆիլմերի, ու սերունդներին կպատմեն արժեքների հեղափոխության պատմությունը:   Այսօր շատերն են գիտակցում, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Այլևս նախագահական նստավայրից չեն զանգելու հեռուստաընկերություններին և ճնշումներ բանեցնելու: Սա պետք է հասկանան բոլորը, և առաջին հերթին լրատվամիջոցները, որոնք ազատության իրական հնարավորություն են ստացել: 

Դեռևս հարց է, արդյո՞ք ինքնաառողջացման պրոցեսը մինչև վերջ կընթանա նախկին իշխանական լրատվամիջոցներում և արդյո՞ք վերահսկվող լրատվադաշտի փլատակների առաջ կանգնած մեր կոլեգաները կենթարկվեն ազատ ալգոռիթմով աշխատելու հրամայականին: ՀՀԿ-ի ուրվականը դեռ թևածում է պետական և մասնավոր հեռուստաալիքների միջանցքներում և աշխատասենյակներում: Այդ հրեշի կյանքին պիտի գլխատեն հենց ԶԼՄ-ները: 

 Ի դեպ, Մայիսի 3-ին աշխարհը նշում է ազատ մամուլի օրը:   

ՀԳ. Հեղափոխության առաջնորդ 42-ամյա Նիկոլ Փաշինյանը մասնագիտությամբ լրագրող է: Առաջին հոդվածը հրապարակել է 26 տարի առաջ: 1998 թվականից խմբագրել է «Օրագիր», 1999 թվականից` «Հայկական ժամանակ» թերթերը: Մասնագիտական ողջ կյանքում օրվա իշխանությունը հետապնդվել է ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող լրագրողին:   

 Ռոբերտ ԱՆԱՆՅԱՆ
959
Print
խոսքի ազատություն
Անողոք գիլյոտին 27.07.2018 | խոսքի ազատություն

Անողոք գիլյոտին

Աղոթելով անձրևին, պատրաստ եղիր քայլել ջրափոսերի միջով  

Կյանքի իմաստնություն  

Հեղափոխական իշխանությունների բարձր բարոյական լ

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը 28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: