լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.06.2018 | բանակ

Մայրը չոքել է զորամասի դռան առաջ, բայց նրան ներս չեն թողել. Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (տեսանյութ)

Մայրը չոքել է զորամասի դռան առաջ, բայց նրան ներս չեն թողել. Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (տեսանյութ)
Կապիտան Հմայակ Հակոբյանին զինվորական կարգ ու պատվով չեն թաղել: Նույնիսկ «մուզվզվոդ» չեն ուղարկել գյուղ՝  զինվորական նվագախումբ, որը, սովորաբար, օրհներգ է հնչեցնում կյանքից հեռացած սպաների պատվին: Պաշտպանության նախարարությունից ոչ ոք չի այցելել Հակոբյաններին, ոչ ոք չի ցավակցել: 

Կապիտանի մահից երկու օր անց, մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով լրագրողների հարցերին, առաջ ընկնելով վարույթն իրականացնող մարմնից, հապճեպ հայտարարություն արեց կապիտանի մահվան վերաբերյալ:  «Նախաքննության տվյալներով՝ նա ինքնասպան է եղել: Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է եւ ոչ միշտ է կապված բանակի հետ»: 

«Ես չեմ հավատում, որ որդիս ինքնասպան է եղել, - բացականչում է վիրավորված մայրը՝ Մանյա Սարգսյանը, - Բայց ասենք, թե, իքնասպան է եղել: Ախր, իմ տղան այդքան աշխատել է իրենց համար: Էսքան անշուք, էսքան անտարբեր...»: Հակոբյանները բնակվում են Հնաբերդ գյուղում, երկհարկանի գեղեցիկ առանձնատանը և սոցիալապես անապահով ընտանիքի տպավորություն չեն թողնում: 

Մանյա Սարգսյանը պատմում է, որ որդին ավարտել է ռազմական ավիացիոն ինստիտուտը: Երեք տարի ծառայել է Մարտակերտում, բանակում է 2011 թվականից: Նա ցույց է տալիս հյուրերին որդու զգեստապահարանը, նրա կոկիկ սենյակը, որտեղ կատարյալ մաքրություն է, որդու ստացած պատվոգրերն ու  շքանշանները՝ «Լավագույն կապի պետ», «Անբասիր ծառայության համար», «Անկախության 20-ամյակի կապակցությմաբ», մյուսները, ապացուցելու համար, թե ինչ կատարյալ զինվորական է եղել Համոն: 

 «Նա սկզբունքային էր, արդար: Մի շիշ կոնյակ տուն բերած չկա», - ասում է մայրը: Իսկ հանգուցյալի եղբայրը՝ Հայկը, որը պայմանագրային զինծառայող է նույն «Սովետաշենի» զորամասում, պատմում է, որ Համոն կապի վաշտի սարքավորումներն ու ավտոպարկը իդեալական վիճակում էր պահպանում. «Ինքը մեքենաները «փչել» էր իր միջոցներով: Կապի սենյակը ցուցահանդես ոնց որ լինի»: 

Ինքնասպանության վարկածը շրջանառվեց 28-ամյա կապիտան Հակոբյանի մահվան օրը՝մայիսի 26-ին: Շաբաթ էր, զորամասում մի քանի ծառայող կար: 13.00-ի մոտ կապի վաշտի ննջարանում նրանք հայտնաբերեցին կրծքից խփված կապիտանի մարմինը: Հաջորդ օրը քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Հակոբյանը կրծքավանդակի շրջանում «միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորում» է ստացել: «Կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հմայակ Հակոբյանի մահվան հանգամանքները», - հաղորդեց ՔԿ-ն: 

Մեր աղբյուրը հաղորդում է, որ սպանության զենքը Հակոբյանին ամրակցված ինքնաձիգն է եղել՝ «ԱԿՄ» տեսակի: 

Մահացածի սենյակում նամակ էին գտել, որի բովանդակությունը չի հրապարակվել: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նամակը հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը»: 

Լուրեր են տարածվում, որ կապիտանը մեծ պարտքեր է ունեցել, որոնք էլ ինքնասպանության պատճառ են հանդիսացել: Սակայն մեր աղբյուրը հայտնում է, որ պարտքերը 1 մլն դրամից չեն անցել, ինչը հաստատեցին նաև հանգուցյալի հարազատները: Անտրամաբանական է ենթադրել, որ սպան, որի ամսական վարձը մոտ 300 հազար դրամ է, ընտանիքը կարիքավոր չէ, եղբայրը պայմանագրային ծառայության մեջ է, իսկ հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքով է զբաղված, 1 մլն դրամի համար ինքնասպանություն է գործել: Հետևապես, նախարարի և նախաքննության  մարմնի առաջ քաշած «սոցիալական» հողի վրա ինքնասպանության վարկածը անհեթեթությունը է: 


Ինքնասպանության վարկածը անհեթեթ են համարում նաև Հմայակ Հակոբյանի հարազատները: Սպայի մայրը՝ Մանյա Սարգսյանը Forrights.am-ին հայտնեց, որ մահվան նախորդ օրը որդին գործեր էր պլանավորում, հանդիպումներ էր նշանակում և ամենևին նման չէր մի մարդու, ով որոշել է մաքրել հաշիվները կյանքի հետ:    

«Եթե մարդ այդպիսի նպատակ ունենար, դրանից մի օր առաջ զինվորական շորեր կգնե՞ր, կտաներ կփոքրացնե՞ր: Էդ նոր համազգեստը չհասցրեց հագնել», - հիշում է նա: Մահից երկու օր առաջ Համոն լուսանկրավել էր: Եղբոր նշանածին ասել էր՝ Ալվարդիկ ջան, չմտածես, ես եմ ձեզ ամուսնացնելու: «Հարևանին պետք է գործի տեղավորեր: Զանգեց նրան, ասեց, որ մինչև 12 կգամ, կզրուցենք», - պատմում Մանյա Սարգսյանը: 

Նա այդ օրը երկար սպասել է որդուն, հետո սկսել է զանգել: Հեռախոսն անհասանելի է եղել: Մահվան լուրն առնելով, ճամփա է ընկել:  Հնաբերդից Երևան 10 կիլոմետրանոց այդ ճամփան նրան անվերջ է թվացել: Զորամաս է հասել, մորը ներս չեն թողել. «Չոքել էի զորամասի դռան առաջ, խնդրում էի, որ ներս թողնեն, գնամ, տղայիս տեսնեմ, չթողեցին, չտեսա ես իրան», - հեկեկում է փոքրամարմին կինը: 

Հանգուցյալի եղբայր Հայկ Հակոբյանը մի քանի տարօրինակ հանգամանք է մտաբերում, որոնք անուղղակի վկայում են, որ կատարվածը ինքնասպանություն չէ: Նախ, մահվան օրը կապիտանը աշխատավարձ էր ստացել՝ 500 հազար դրամ, որը սակայն նրա քարտին չի նստել: Կապիտանի վզին հաստ ոսկե շղթա է եղել, որը մահից հետո անհետացել է: 

Նա պատմում է, որ դեպքից հետո մտել է զորամաս, տեսել է ննջարանը, որտեղ եղբայրը մահացել է, և եղբորն ամրակցված ինքնաձիգը, որով վերջինս, ինչպես զորամասից են հաղորդել, խփել է իրեն: Հայկը վստահեցնում է, որ ինքնաձիգը խնամքով դրված է եղել երկու մահճակալների վրա: «Չէր կարող եղբայրս իրեն խփեր, վեր կենար, հետո ավտոմատը սիրուն դներ  կոյկեքի  վրա ու նոր մահանար» - ասում է նա: 

Հայկին կասկածելի է թվացել նաև նամակը, որը եղբայրը, իբր, գրել է մահից առաջ և որի պատճենահանված տարբերակը նա իր մոտ է պահում: Նա ասում է, որ մեկ էջից կազմված այդ նամակում ինքնասպանության մտադրության մասին ոչինչ չի ասվում: 

«Կոնկրետ բան չկա: Գրել ա՝ մի քանի տարի որոշել եմ, որ պետք է անեմ, բայց չեմ արել: Բայց չի գրել, թե ինչ անել: Նամակը շատ մտածված, «ակուրատնի» գրած է,  կետ-ստորակետ պահելով, մի միտքը ավարտել է, նոր տողից է սկսել, բայց էջի վերջում վերջակետի փոխարեն ստորակետ է դրած: Նամակը իր սենյակում է  եղել, ոչ թե ննջարանում, որտեղ մարմինն էր, գրիչն էլ էր իր սենյակում: «Կոֆե» ա խմել օրապահի հետ, ուրախ, զվարթ»,  - ասում է Հայկ Հակոբյանը: Նա նաև վստահեցնում  է, որ զորամասի ներսում եղբայրը խնդիրներ չի ունեցել: Բայց չի բացառում, որ շաբաթ օրով զորամաս կարող էին մտած լինել «դրսի մարդիկ»: Ընտանիքը հույս ունի, որ քննչական մարմինները օբյեկտիվ քննություն կկատարեն և կգտնեն մարդասպաններին: 

 «Ես մայրն եմ, ու ես չեմ հավատում, որ իմ տղան կարող էր ինքնասպանություն գործեր, ես սպասում եմ, ամեն օր եմ սպասում», - ասում է Մանյա Սարգսյանն ու խեղդում է արցունքը: 


Սյուզան Սիմոնյան 
13124
Print
բանակ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. 13.08.2018 | բանակ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Վերաքննիչ քրեական դատարանը հիմք ընդունելով նրա անձեռնալխելիությունը, փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը։    

«Չի կարող անձը ենթարկվել պատասխանատվության

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս 13.08.2018 | բանակ

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը, ով այսօր զինվորական երդում է տվել: 

«Որդիս՝ զինվորական երդում տալիս», – գրել է Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով որդու լուսանկարը:
Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին 9.08.2018 | բանակ

Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին

Զինակոչիկների հիվանդությունների ախտորոշումը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ: Այդ մասին է վկայում քաղաքացի Վաղարշակ Տոնապետյանի երկու որդիների պատմությունը: Նրա երկու որդիներն էլ բանակ զորակոչվելիս առողջական խնդիրներ են ունեցել, ինչին ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովը պատշաճ ուշադրություն չի դա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: