լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.04.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանը 4 անգամ կարող էր փրկել զինծառայողին, բայց չմիջամտեց, կամ մանանեխ ճաշից հետո

Վիգեն Սարգսյանը 4 անգամ կարող էր փրկել զինծառայողին, բայց չմիջամտեց, կամ մանանեխ ճաշից հետո
Պաշտպանության նախարարությունը կտրուկ և կոշտ է արձագանքել Forrights.am-ում ապրիլի 11-ին տպագրված աղմկահարույց հոդվածին, անվանելով այն  «չստուգված, միակողմանի, Զինված ուժերը և զինծառայությունը վարկաբեկելու նպատակ հետապնդող նյութ»: 

Այս հոդվածում նկարագրել էինք, թե ինչ իրավիճակում է հայտնվել զինծառայող, Երևանի բնակիչ, 18-ամյա Կ-ն: Նրա մոր՝ Դ-ի խոսքով, տղային Մարտակերտի զորամասում ծեծել են, բռնաբարել են և հիմա էլ դատում են բռնարարքներ կատարած սպայի դեմ սուտ մատնություն անելու համար: 

Սուտ համար 1 

Միակողմանի է համարվում մի նյութ, որում ներկայացված է քննիչի՝ Արտակ Ոսկանյանի դիրքորոշումը, փաստաբանի խոսքը, սպայի կարծիքը, զինծառայողի ծնողի խոսքը: Այս «միակողմանի» նյութը պատրաստելիս, փորձ է արվել ստանալ նաև պաշտպանության նախարարության դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ, նախարարի պատասխանն այն հարցին, թե ինչու մեկ ու  կես ամիս առաջ, ստանալով զինծառայողի մոր բողոքը, նախարարը չի միջամտել, որպեսզի տղային, որն այն ժամանակ դեռ տուժողի կարգավիճակում էր և չէր դարձել մեղադրյալ, ռազմական ոստիկանությունից  անհապաղ տեղափոխեն, չի պատասխանել նրա մորը: ՊՆ խոսնակ Հովհաննիսյանը հարցը ստանալու հաջորդ օրը, ապրիլի 11-ին, ընդամենը մեկ տողով հայտնում է այն, ինչ առանց նրա էլ գիտեինք. «Սուտ մատնությամբ դատում են իրեն»:   

Սուտ համար 2 

«Նյութը խախտել է նաև անմեղության կանխավարկածը և նպատակ է հետապնդել թյուր հասարակական կարծիք ձևավորել սպայակազմի և ժամկետային զինծառայողների փոխհարաբերությունների մասին»: Ո՞ւմ անմեղության կանխավարկածն է խախտված, եթե հոդվածում Մարտակերտի զորամասում կատարված հանցարարքներին առնչվող անձինք չեն նշվում, անգամ նրանց անունների առաջին տառերն են փոխված, եթե հոդվածագրի անունից ոչ մի պնդում չկա, հաշվի առնելով, որ գործը քրեական վարույթում է: Ինչ մնում է նպատակին, ապա, ի գիտություն խոսնակի, նյութը մարդ չի, որ նպատակ ունենա, իսկ նյութի հեղինակը որպես լրագրող, տեղեկանալով, որ ծանր հանցագործություն է կատարվել, պարտավոր է իրեն հայտնի տեղեկությունները հայտնել հանրությանը:    

Ի՞նչ կաներ Արծրուն Հովհաննիսյանը, եթե ոչ թե չինովնիկ լիներ, այլ լրագրող Արծրուն 

Հովհաննիսյանի ստերին կարելի է հոդվածների հատորյակ նվիրել, բայց անդրադառնանք գլխավորին: Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությանն է դիմել զինվորի մայր: Պատմում է, որ իր որդուն զորամասում «ադյալով» փաթաթել են, ծեծել են, հետո գիշերային ժամերի, պարբերաբար բռնաբարել են նկուղում: Պատմում է, որ որդին իրեն զանգել է զորամասից, բայց «բուն գործողության» մասին չի հայտնել, միայն օգնության է կանչել, խնդրել է, որ իրեն փրկի: Միայն զինվորական երդման օրվանից 2 օր անց, գնալով Արցախ, տեսնելով որդուն, մայրը կարողացել է նրան ստիպել, որ հաղթահարի ամոթն ու վերջապես ասի, թե ինչ է կատարվել իր հետ: 

Հետո մայրը որդուն խնդրել է նույնը կրկնել հրամկազմի ներկայությամբ: Տղան հանցագործության վերաբերյալ գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ  վաշտի հրամանատարը «2018 թ. հունվարի 20-ից 25-ը ընկած ժամանակահատվածում, ժամը 02.00-ից մինչև 04.00-ի սահմաններում, նույն գումարտակի նկուղում իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով պարբերաբար սեքսուալ բնույթի այլ գործողություներ  է կատարել իր հետ՝ իր առողջությանը պատճառելով հետանցքի գրանուլային հյուսվածքով պատված անալ ճագվածքի ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»: 

Այս  նկարագրությունը տեղ է գտել քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ոսկանյանի որոշման մեջ, որն ուղղված է զինծառայողի շահերը ներկայանող փաստաբան Հայարփի Սարգսյանին:  Քրեական գործ է հարուցվում Քր. օր. 139՝հոդվածով: «Սեռական բնույթի բռնի գործողությունները» հոդվածի 2-րդ մասով: Զինծառայողը տուժող է ճանաչվում, բայց նրան շարունակում են պահել ՌՈ-ում: Ինչո՞ւ: Հետո տեղեկանում ենք, որ զինծառայողը փոխել է ցուցմունքները: Պաշտպան Հայարփի Սարգսյանին ոչ մի պատասխան չեն տալիս: Գործի նյութերը նրան չեն տրամադրում: Տղան դադարում է անկեղծ խոսել մոր հետ: 

Փաստաբանը մեկնում է Արցախ, նրան տեսակցում է ռազմական ոստիկանությունում, նրան վախեցած, ճնշված վիճակում է գտնում: Գործի նյութերը փաստաբանին չեն տրամադրում, փոխարենը տուժողի նկատմամբ հարուցվում է քրեական գործ, որը շուտափույթ ուղարկում են դատարան, ինչի մասին փաստաբանը տեղեկանում է լրագրողից, որը իրեն հասած տեղեկությունները ստուգելու նպատակով զանգահարում է քննչական կոմիտեի երրորդ կայազորային բաժնի քննիչին՝ Արտակ Ոսկանյանին: 

Եւ ուրեմն հարց, ի՞նչ կաներ Արծրուն Հովհաննիսյանը, եթե լիներ ոչ թե չինովնիկ, այլ լրագրող: Հայկական բանակը փառաբանող նյու՞թ կգրեր, թե  ինչպես են մեր, «ստախոս» բանակայինները անվանարկում քաջարի սպաների՞ն:   

Փրկելով ՊՆ դեմքը 

Արծրուն Հովհաննիսյանը մեր հարցը. թե ինչու նախարար Վիգեն Սարգսյանը չի միջամտում իրավիճակին, ինչու չի պատասխանում զինվորի  մոր նամակին, թողեց անպատասխան: Հրապարակումից հետո միայն նա փորձեց փրկել ՊՆ  դեմքը: «Ի հակառակ հոդվածում շարադրած նյութի` Ա.Խ.-ն չի պահվել Ստեփանակերտ քաղաքի ռազմական ոստիկանության մեկուսարանում, - գրում է նա, նշելով տղայի անուն-ազգանվան առաջին տառերը, ինչը չէինք արել մենք…, -»: 

Այստեղ մի մանրուք չի նշվում՝ զորանոցային պայմանները, որոնց մասին խոսում է խոսնակը, ռազմական ոստիկանության տարածքում  են, փաստացի՝ գտնվում են ՌՈ աշխատակիցների ինքնիշխանության ներքո: ՌՈ աշխատակիցները անսահմանափակ հնարավորություն ունեն ներազդելու այս «ընդունիչ-բաշխիչ» կետում գտնվողների վրա, ընդհուպ՝ ստիպելու  նրանց փոխել ցուցմունքները, գրել այն, ինչ ձեռնտու է ՊՆ հրամկազմին: «Ա. Խ.-ի մայրը իրոք դիմել է պաշտպանության նախարարություն, - շարունակում է խոսնակը, - սակայն, ի հակառակ հրապարակված նյութի, նրան 02.03.2018թ. տրվել է գրավոր պատասխան»: Զինվորի մայրը, սակայն պնդում է, որ ոչ մի գրավոր պատասխան ՊՆ-ից չունի:   

Եղել է պատասխան, թե չի եղել՝ ահա որն է հարցը 

Ըստ Հովհաննիսյանի, մարտի 2-ին ՊՆ-ն պատասխանել է զինվորի մորը, որ հարցն ուսումնասիրվել է, որ քրեական գործ է հարուցված, «որի որակման իրավասությունը, ՀՀ քրեական օրենսգրքի պահանջների համաձայն, վերապահված է քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմնին, առաջարկում ենք դիմել քրեական վարույթ իրականացնող մարմնին»:  Այսպիսով, ՊՆ-ն լվացել է ձեռքերն այս գործից, պատասխանատվությունը գցելով վարույթն իրականացնող մարմնի վրա: 

Գլխավոր դատախազությանն ուղղված իր բողոքում Կ –ի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը գրում է. «Հարկ է ընդգծել, որ նմանատիպ գործերով Մարդու իրավուքների եվրոպական դատարանը երբևէ փաստեր չի պահանջում՝ ապացուցելու, որ տվյալ իրավիճակում անձը, գտնվելով պետական կառույցի աշխատակիցների վերահսկողության տակ, չի կարող կաշկանդված չլինել՝ պայմանավորված նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգով»: 

Վիգեն Սարգսյանը իր հրամանով կարող էր փրկել այս իրավիճակը, հրամայել ռազմական ոստիկանության պետին անհապաղ տեղափոխել զինվորին այլ զորամաս, եթե ոչ Հայաստանում, այլ գոնե Արցախում, հանել ՌՈ տարածքից, նկատի ունենալով հնարավոր ճնշումները իր զինվորի վրա: Հենց այստեղ էր հարկավոր Վիգեն Սարգսյանի կտրուկ արձագանքը: Նա 4 անգամ կարող էր փրկել իր զինվորին՝ երբ հրամկազմը իմացավ դեպքի մասին, երբ զինվորի մայրը նրան նամակ գրեց, երբ տղան ինչ-ինչ անհայտ հանգամանքներում փոխեց ցուցմունքները և տուժողից դարձավ մեղադրյալ և վերջապես, երբ մենք դիմեցինք նրան իր խոսնակի միջոցով, բայց նա ոչինչ չարեց: 

Անգամ զինվորի մորը հասցեագրված «գալոչկա» դնելուն հավասար պատասխանը, որը չգիտես ինչու, նրան չի հասել, գրել է ոչ թե նախարարը, այլ նրա աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը: Եւ կտրուկ արձագանքեց միայն այն ժամանակ, երբ լույս տեսավ մեր «Զինծառայողին ծեծել են, բռնաբարել են, հիմա էլ դատո՞ւմ են. Վիգեն Սարգսյանը շարունակում է լռել» հոդվածը: Այս կտրուկ արձագանքը դարձավ մանանեխ ճաշից հետո: 

 Սյուզան Սիմոնյան 
4530
Print
բանակ
ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին 10.07.2018 | բանակ

ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետո

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց 10.07.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը նիստի էր ներկայացել առ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության:  Անբնական երևույթ է բանակ չգնալը» 9.07.2018 | բանակ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Անբնական երևույթ է բանակ չգնալը»

Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»,- կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: