լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.04.2018 | բանակ

Զինծառայողին ծեծել են, բռնաբարել են, հիմա էլ դատո՞ւմ են. Վիգեն Սարգսյանը շարունակում է լռել

Զինծառայողին ծեծել են, բռնաբարել են, հիմա էլ դատո՞ւմ են. Վիգեն Սարգսյանը շարունակում է լռել
Զարհուրելի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության  ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում: Զորամասի սպա Գ-ն բռնաբարել է զինծառայող Կ-ին: Այս մասին Forrights.am-ին պատմեց զինծառայողի մայրը՝ Դ-ն: «Տղաս զորակոչվել է հունվարի 15-ին: Առաջին զանգը ամսի 18-ին ա եղել, արդեն Մարտակերտում էր: Ասեց՝ մամա ջան, ես էս ինչ տեղն եմ, երկրորդ անգամ զանգեց, դեռ կարանտինի մեջ էր՝ բա, մամա, արի ինձ փրկի»: 

Մի քանի անգամ որդին զանգել է և օգնության է կանչել մորը, սակայն, ըստ Դ-ի, չի պատմել, թե ինչ է կատարվել իր հետ: Զինվորական երդման օրը մայրը տեսել է որդուն: «Նեղված վիճակում էր, - ասում է կինը, - ասում եմ՝ բալես, ինչ ա եղել, չի ասում, մենակ ասում է՝ օգնի ինձ: Ախր, ինչ ա եղել, իմանամ, որ օգնեմ: Վերջը երկու օր անց մի  կերպ պատմեց, որ իր անմիջական հրամանատարը իրեն «ադյալի» մեջ փաթաթել, ծեծել ա, 4-ից հինգ օր հետո էլ բռնաբարել ա։ Սկզբում ծեծել ա, հետո բռնաբարել: Զուգարանում կեղտոտելուց տղաս արյուն է տեսել»: 

Զինվորի մայրը  պատմում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել պարբերաբար: «Դրանից հետո էլի եղել է մի 4-5 անգամ: Ինձ ասում էին՝ երեխեդ կապված ա քեզ, դրա համար նվնվում ա», - պատմում է նա: Բղավելով է խոսում, դեպքի մասին հիշելով, կարմրում է, շնչակտուր է լինում: «Փաստորեն, տղաս էդ վիճակով «պրիսյագ» է ընդունել փետրվարի երեքին: Ինձ ասեց՝ մամա ջան, ես չգիտեմ, ոնց եմ ապրելու, հիմա դու կթողես, կեթաս, ինքը ինձ կսպանի», - ասում է զինվորի մայրը:  

Որդին նրա աչքին ճնշված, վախեցած տեսք է ունեցել: Մայրը որդուն անմիջապես տարել է զորամասի հրամանատարի մոտ: «Ասեցի՝ տղա ջան, լրիվ պատմում ես: Ես դուրս եկա սենյակից, չէի կարող լսել», - ասում է Դ-ն: Հրամանատարը զարմացել է, որ նման բան կարող էր տեղի ունենալ: 

«Մենք բոլոր զինվորներին մեր երեխեքի չափ ենք սիրում», - ասել է նա:  

Նկատի ունենալով դեպքի առանձնահատկությունը և դրա հնարավոր ազդեցությունը երիտասարդի հետագա ճակատագրի վրա, ինչպես նաև անմեղության կանխավարկածից ելնելով, հարկ ենք համարել գաղտնի պահել մոր, որդու և հանցավոր արարքը կատարե;ու մեջ կասկածվող սպայի  անձնական տվյալները: ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցված Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով: 

Զինծառայողը տուժող է ճանաչվել: Նրան ապօրինաբար, առանց որևէ իրավական հիմքի փետրվարից մինչ օրս պահում են ռազմական ոստիկանությունում, իսկ բռնարարքի մեջ կասկածվող կապիտանը ազատության մեջ է և շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները:  Տեղեկանալով, որ որդին պահվում է ռազմական ոստիկանությունում, Դ-ն փետրվարի կեսին նամակով դիմել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հայտնել է նրան դեպքի մասին, պահանջելով որդուն ռազմական ոստիկանությունից անհապաղ հանել և տեղափոխել Հայաստան, սակայն  մինչ օրս նախարար Վիգեն Սարգսյանը չի պատասխանել զինվորի մորը: 

Փաստ է, որ նախարարը գիտի դեպքի մասին, տեղյակ է, որ զինծառայող Կ-ին անօրինական ձևով պահում են ռազմական ոստիկանության մեկուսարանում, և ոչինչ չի ձեռնարկել: Տեղյակ լինելով այս ամենին, նախարարը հանցավոր անտարբերություն է ցուցաբերում: 

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության  փաստաբան Հայարփի Սարգսյանը, որը պաշտպանում է զինծառայողի շահերը, նրան տեսակցել է մարտի-27-ին  Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում: 

«Անհերքելի փաստ է, որ մինչ ՌՈ տեղափոխելը իմ վստահորդը դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել հանցագործության մասին և գտնվելով ռազմական ոստիկանությունում փոխել է իր նախնական ցուցմունքը, հերքել է նախորդ ցուցմունքներում հայտնածը, և առավել քան ակնհայտ է, թե ինչպիսի հանգամանքներում  նա կարող էր փոխել իր ցուցմունքները», - ասում է Հայարփի Սարգսյանը: 

Փաստաբանի գրավոր հարցմանը, թե ինչ հիմքով է իր վստահորդը պահվում ՌՈ-ում, հանդիսանալով որպես տուժող, մինչ օրս չեն  պատասխանել: Երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննիչ Արտակ Ոսկանյանը, որի վարույթում գտնվում է այս գործը, պատասխանեց Forrights.am-ի հարցերին: 

 -Ի՞նչ հիմքով եք զինծառայող Կ-ին, որը տուժողի կարգավիճակում է, պահել ռազմական ոստիկանության մեկուսարանում: 

 -Նրան ռազմական ոստիկանությունում չեն պահել: Ոստիկանության տարածքում նույն զորամասային պայմաններն են ստեղծված, Կ-ն մյուսների հետ օգտվում է միևնույն ճաշարանից, սովորական պայմաններն են. ուղղակի, հաշվի առնելով գործի հանգամանքները, նա մյուսներից առանձին է պահվում: Արտակ Ոսկանյանը նաև հայտնեց, որ երեկ, ապրիլի 9-ին գործն ուղարկվել է դատարան, զին ծառայող Ն-ի կարգավիճակը փոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Քր. Օր-ի 333 հոդվածով՝ «Սուտ մատնություն»: 

Փաստորեն, մոտ մեկ ամսվա հապճեպ նախաքննությունից հետո գործը ուղարկվել է դատարան, իսկ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել ծանոթանալ գործի նյութերին: 

«Եթե իմ վստահորդը, ըստ քննիչի, ՌՈ-ում չի պահվել, ապա որտեղ եմ ես նրան տեսակցել Մարտի 27-ին, երբ նա ուներ տուժողի կարգավիճակը: Իմ վստահորդը երկու ամիս շարունակ ապօրինի կարգով պահվում է Ստեփանակերտի ՌՈ-ում, ունենալով տուժողի կարգավիճակ և այդտեղ գտնվելու արդյունքում է փոխել իր նախնական ցուցմունքը՝ այդ պային իր կողքին չունենալով փաստաբան: Այսպիսով իմ վստահորդը շարունակական խոշտանգման է ենթարկվում», մտահոգված է փաստաբանը: 

Փաստաբան Հայարփի Սարգսյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն: «Չունենալով քրեական գործի նյութերը, ես  զրկված եմ Կ-ի իրավունքները և օրինական շահերը ներկայացնելու հնարավորությունից, և արդարամտորեն հույս ւոնեմ, որ գլխավոր դատախազությունը կմիջամտնի նշված խնդրի արդարացի լուծմանը», - նշել է Հայարփի Սարգսյանն իր բողոքում: 

Փաստաբանը նկատել է նաև, որ Կ-ն ունի մաշկային խնդիրներ:  Նա պիտի ազատվեր զինվորական պարտականությունից կամ արձակուրդ տրամադրվեր նրան: Զինծառայողը միակողմանի ծնողազուրկ է և միայնակ մոր միակ որդին է: 

Ապրիլի 7-ի գրությամբ փաստաբանը պարզաբանում է պահանջել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, պահանջելով Կ-ին անհապաղ տեղափոխել Երևան՝ դադարեցնելով նրա զինվորական պարտականությունները, քանի որ նա համապատասխան բուժման կարիք ունի, սակայն դեռ պատասխան չի ստացել: 

Կապիտան Գ-ն ժխտում է սեռական բռնությունների մասին տեղեկությունը, երդվում է երեխաների և ծնողների արևով: 

«Իմ 28 տարվա կյանքում սա ամենաանհեթեթ թեման է: Եթե ճանաչեիք իմ ընտանիքին, իմ ծնողներին, իմ ընկերներին, դուք հիմա կգայիք, որ ինձ հետ ծանոթանայիք», - ասաց նա Forrights.am-ի հետ հեռախոսազրույցում:  

Եթե այդպես է, ինչո՞ւ էր պետք այդ տղային ձեզ անվանարկել, նորակոչիկ, մի քանի օր բանակում ծառայած, ի՞նչ նպատակ էր հետապնդում: Forrights.am-ի այս հարցը Գ-ին հանեց հունից: «Ես տղա չեմ անվանի նրան, եթե մի տղա, որը ի ծնե տղա է, տղան միայն օրգանիզմի հատկանիշներով չի որոշվում, ի վիճակի է նման մեղադրանքներ ներկայացնել…Ես շատ խիստ եմ իմ վաշտի զինվորների հետ:  Նա ամեն ինչ կարող էր ասել, բանակային ծառայության դժվարություններից խուսափելու համար»: 

 Սյուզան Սիմոնյան
38767
Print
բանակ
Վիգեն Սարգսյանը քաջալերում է ապօրինությունները 19.04.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանը քաջալերում է ապօրինությունները

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գտնում է, որ ինքը կարող է զբաղվել նաև ներքաղաքական հարցերով, ցուցումներ տալ ընդդիմությանը, ծափահարել ոստիկանությաւնը, Կարմիր գծեր սահմանել ընդդիմության և փողոցով քայլող ժողովրդի համար: 


 Զինծառայողը ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել 18.04.2018 | բանակ

Զինծառայողը ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել

Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:  

Դեպքի մանրամասները պարզ

Զինծառայողի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով 16.04.2018 | բանակ

Զինծառայողի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:  
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: