լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.03.2018 | բանակ

Արամ Խաչատրյանին գնդակահարել է ծառայակիցը. «կատակով» կրակոցները հայկական բանակում շարունակվում են «տեսանյութ»

Արամ Խաչատրյանին գնդակահարել է ծառայակիցը. «կատակով» կրակոցները հայկական բանակում շարունակվում են «տեսանյութ»
Վայոց ձորի Ռինդ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող, 1998 թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը սպանվել է հոկտեմբերի 20-ին,  Մարտակերտի զորամասերից մեկում: Ուսագոտու շրջանում, աջ կողմից կրակոցի երկու հետք է եղել՝ դիտավորյալ սպանության անուղղակի ապացույց: Կրակողը Արամի ծառայակից, կրտսեր սերժանտ Դավիթ Հարությունյանն է, որը կալանավորված է: 

Քննչական կոմիտեից հայտնում են, որ կրտսեր սերժանտ Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը /Քր. Օր-ի 104-րդ հոդվածի առաջին մաս/ և զինծառայողին վիրավորրանք հասցնելու / Քր. Օր-ի 360 հոդված/:  Արդեն 6 ամիս է քննություն է ընթանում, բայց քննիչները մինչ օրս ոչ մի համոզիչ բացատրություն չեն տվել Արամի հարազատներին, թե ինչու է կրտսեր սերժանտ Հարությունյանը սպանել իրենց որդուն: 

«Ասում են՝ կատակ են արել, չեն իմացել, որ զենքը լիցքավորված է», - Forrights.am-ին հայտնեց Արամի հայրը:  Նա միայն գիտի, որ կրակողը Արամին սպանելուց առաջ նրա հետ վիճաբանության է բռնվել:  Արամի հայրը՝ Սիրեկան Խաչատրյանը, երկու տարբեր վարկած է լսել: «Կողքի խոսակցություններից իմացել եմ, որ սիգարետի համար կռիվ ա եղել: Դե, պոստերում չի կարելի ծխել , և տվյալ անձնավորությունը պոստերում սիգարետ ա պահել, երեխեքից  անընդհաը սիգարետներ ա վերցրել», - պատմում է նա: 

Որդուն սպանողի անունը չի տալիս, ասում է, որ չի էլ հիշում նրա անունը: Սիրեկան Խաչատրյանին ավելի ուշ, քննիչի հետ խոսակցությունից հայտնի է դարձել պաշտոնական վարկածը, որի հիմքը մեղադրյալ Հարութունյանի ցուցմունքներն են: Ըստ դրանց, Դավիթը մոտեցել է Արամին, ասել է՝ հերիք է արևի տակ աշխատես, կսևանաս, ու հայհոյել է Արամին: Արամը սպառնացել է, թե կծեծի իրեն: 

«Ինքն էլ ասել ա՝ թե բա չես կարա, ես էլ կկրակեմ: Նա ասում ա՝ ես չէի ուզում  կրակեմ, Արամը դաժե ավտոմատի ստվոլը դեմ ա տվել իր դոշին, ասել ա՝ թե տղա ես, կրակի: Ասում ա՝ չեմ իմացել, որ զենքը լիցքավորված ա: Բայց մեկն էլ ցուցմունքի մեջ գրել ա, որ զենքը լիցքավորված չի եղել: Նշանակում է՝ ինքն է լիցքավորել ու կրակել», - պատմում է զոհվածի հայրը: Նա չի հավատում այս պատմությանը, չի հավատում նաև, որ ճշմարտությունը կբացահայտվի, քանի որ որդու և կրտսեր սերժանտի կռվի ականատեսներ չեն եղել: 

«8 հոգու հարցաքննել են դիրքերում եղածներից, ութն էլ նույն բանն են ասում, ոչ ոք չի գրել, որ տեսել ա: Աֆիցեր կար մեջները, նա էլ է գրել, որ չգիտի, ոնց է դեպքն եղել: Էդ պահին իջել ա պոստից, որ կոշիկները վաքսի, լսել է կրակոցները», - նշում է Արամի հայրը: Մայրը՝ Պերճուհի Խաչատրյանը որդու հետ վերջին  անգամ խոսել է դեպքից մեկ օր առաջ: «Մամ ջան, լավ եմ, դու լավ լինես», - ասել է որդին, և այս հիշողությունը Պերճուհուն ցավ է պատճառում: 

Նա մեղադրում է ոչ այնքան կրակողին, որին կդատեն, որքան բանակի ղեկավարությանը, որը անտարբեր է զինվորների նկատմամբ: 

«Բանակում տեր-տիրական չկա: Տղաս ամեն օր զանգում էր, ասում էր՝ մամ ջան, հեսա պատրաստվի քեֆիս, նենց քեֆ ենք անելու: Էլ մաման չէր իմանում, ինչ են անելու, երեխուս սպանելու են բերեն, դնեն դեմը: Եթե մի հատ նորմալ ղեկավար լինի մեր երկրին, էս վիճակը չի լինի: տարվա մեջ 70-80 երեխա են սպանում,  բա դրա դեմն առնել չկ՞ա: Էլ էլ հայի ձեռով: Թուրքի անունն է դուրս եկել: Ամեն օր նույն բանն է: Հետո էլ ասում են՝ հայաթափ գյուղեր: Բա ի՞նչ անեն: Թողնեն ստեղ, որ երեխեքին սպանե՞ն: Պահում ես, պահում, ինչ օրով ենք մեծացրել, տարան սպանեցին, բերին դրին դեմս», - վրդովվում է Պերճուհի Խաչատրյանը: Իր կյանքը նա համարում է անդուր, անհամ: Որդու մահից հետո ամեն  ինչ գլխիվայր է շուռ եկել նրա համար: 

Ռինդը գեղեցիկ գյուղ է, խնամված այգիներով ու դրանց ներդաշնակ, երջանիկ տնակներով: Բայց Խաչատրյանների մուտքից այն կողմ անկախ քեզանից տրամադրությունն այս փոխվում է: Ընտանիքը լքված, մոռացված է, պարփակված վշտի աշխարհում, որի կենտրոնը Արամի նկարն է պատին քաշած եռագույնի ֆոնին: 

Արամի ծնողները հիշում են «զամպալիտի»  խոսքերը մարդասպանի  մասին. «թուրք ծնված, թուրք ապրած մեկն է»:  Բայց «զամպալիտի»  անունը չեն հիշում: «Զամպալիտը» մի զինվորի հետ եկել էր տղայի թաղմանը: Արամի մահից հետո այս տուն պետական այրեր չեն եկել: Մեր այցելությունը զարմացրել էր Խաչատրյաններին: Մի քանի անգամ շնորհակալություն հայտնեցին, որ հիշում ենք զինվորներին, որոնք այլևս չկան և նրանց շնորհակալ լինելը ճնշող էր:    


Սյուզան Սիմոնյան
6506
Print
բանակ
Վիգեն Սարգսյանը քաջալերում է ապօրինությունները 19.04.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանը քաջալերում է ապօրինությունները

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գտնում է, որ ինքը կարող է զբաղվել նաև ներքաղաքական հարցերով, ցուցումներ տալ ընդդիմությանը, ծափահարել ոստիկանությաւնը, Կարմիր գծեր սահմանել ընդդիմության և փողոցով քայլող ժողովրդի համար: 


 Զինծառայողը ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել 18.04.2018 | բանակ

Զինծառայողը ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել

Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:  

Դեպքի մանրամասները պարզ

Զինծառայողի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով 16.04.2018 | բանակ

Զինծառայողի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:  
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: