լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.02.2018 | բանակ

«Զինված ուժերում մահացությունների դեպքերով պաշտոնական տվյալները հեռու են իրականությունից».

«Զինված ուժերում մահացությունների դեպքերով պաշտոնական տվյալները հեռու են իրականությունից».
Հայաստանցի պաշտոնյաները հերթական առիթն են գտել հայտարարելու, թե բանակը տարեցտարի դառնում է անվտանգ։ Օրերս զինվորական դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զինդատախազ Վահե Հարությունյանը հայտարարել է, թե 2017 թվականին բանակում հանցագործությունները նվազել են։ Մասնավորապես, նախորդ տարի հանցագործության 1207 դեպք է գրանցվել, որը 11.1%-ով քիչ է 2016 թվականի դեպքերից։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ղեկավարող Արթուր Սաքունցը դատախազության տվյալները կասկածի տակ է դնում։ Իրավապաշտպանը պնդում է՝ անգամ Զինված ուժերում մահացությունների դեպքերով պաշտոնական տվյալները շատ հեռու են իրականությունից․ 

 «Շուտով մենք կհրապարակենք բանակում 2017 թվականին մահացությունների մասին նոր ու թարմացված տեղեկություններ։ Հունվարին հրապարակված տեղեկանքում հայտնել էինք 60 մահվան մասին, բայց ցավոք սրտի մահացություններն ավելին են»։ 

Իրավապաշտպանը չի կարծում, թե բանակում ծառայելը տարեցտարի դառնում է անվտանգ։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդները զորակոչվում են բանակ, այդպիսով խարխլելով համընդհանուր անվտանգությունը․

«Ինչո՞ւ, որովհետև հիվանդ մարդը չի կարող լիարժեք իրականացնել իր վրա դրված պարտականությունները, և դա կարող է հանգեցնել կանոնադրական հարաբերությունների խախտման, զինվորական ծառայության որակի անկման։ Ի վերջո, եթե բանակն անվտանգ լիներ, այդքան մահացություններ չէին լինի»։ 

Հենց Զինվորական դատախազությունն է փաստում, որ 2017 թվականին բանակում առավել հաճախ հանդիպող հանցագործության տեսակը զինծառայողների կանոնագրքային հարաբերությունների դեմ ուղղված իրավախախտումներն են։ Կարգապահության հարցը բանակում մնում է չլուծված, ինչը Սաքունցի խոսքով, նաև կոռուպցիոն ռիսկերի պահպանման պատճառով է․ 

«Քանի դեռ կոռուպցիոն հանցագործությունների գրավչությունը նվազեցված չէ, վիճակը չի կարող բարելավվել։ Հանցագործություններ անընդհատ են լինելու, եթե չեն վերացվում դրանց պատճառները։ Պետք է բարելավել սպաների ու պայմանագրային զինծառայողների սոցիալական վիճակը, ինչը կկրճատի նրանց արտահոսքը բանակից»։ 

Զորամասերում կոռուպցիոն չարաշահումների ցցուն օրինակ է այն, որ զինվորներին պարենմթերքով ու հիգիենայի պարագաներով հիմնականում ընտանիքներն են ապահովում։ Իրավապաշտպանը պնդում է, որ Զինդատախազության ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեն այսպիսի խնդիրները, բայց դրանց մասին պատասխանատուները լռում են։ 

Փոխարենը Զինվորական դատախազությունում մեկ այլ թվով են հպարտանում։ 2017 թվականին բացահայտվել է Զինված ուժերում կատարված հանցագործությունների 97.8 %-ը, 2016թվի 98.2%-ի դիմաց։ Արթուր Սաքունցի խոսքով՝ իրականությունն այդքան էլ լուսավոր չէ, ինչպես ներկայացվում է։ 

Բարձրաստիճան զինվորականության մասնակցությամբ խոշոր հանցագործությունները պարզապես չեն բացահայտվում։ Սաքունցը կոնկրետ փաստ է բերում՝ հիշատակելով Տավուշի մարզի Ջողասի ջրամբարի պոմպակայանների գողությունը, երբ նախնական տվյալներով 2․5 միլիոն դոլարի չափով վնաս է հասցվել պետությանը։ Պոմպակայանը 2010-2011 թվականներին ապամոնտաժվել և տեղափոխվել է Իրան։ Գողությունը մինչև հիմա չի բացահայտվել.

«Ըստ նախնական տվյալների՝ այս հանցագործության հետ առնչություն ուներ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը։ Երբ ասում են բացահայտման տոկոսը բարձրացել է, եկեք հասկանանք՝ արդյո՞ք իրավիճակը փոխվել է»,- Արթուր Սաքունցը հիշեցնում է նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կոռուպցիայի կասկածանքով բարձրաստիճան զինվորականության ձերբակալությունները և անպատժելիությունը։ 

Օրինակ՝ ձերբակալվեց Զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ Մելս Չիլինգարյանը, որը կարճ ժամանակ անց հայտնվեց ազատության մեջ։ Իրավապահները համարել էին, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը հիմք չունի։ Մեղադրանք էր առաջադրվել միայն մեկ հոգու։ 

Բանակում կոռուպցիայի չհաղթահարման հարցում իրավապաշտպանի մտահոգությունները կիսում է նաև տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Ըստ Զինվորական դատախազության՝ բանակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման դեպքերը զգալիորեն ավելացել են։ 2017-ին կոռուպցիոն բնույթի հանցագործության 116 դեպք է արձանագրվել, ինչը 59-ով կամ գրեթե 100%-ով ավելի է 2016 թվականի արդյունքներից։ 

Բանակում գնումների ոլորտն ուսումնասիրող փորձագետը շեշտում է, որ հատուկենտ պաշտոնյաներ են չարաշահումների մեղադրանքով հայտնում բանտերում։ Կարճ ժամանակ հետո իշխանությունը ներում է յուրայիններին՝ ազատելով բանտարկությունից։ 

Արտակ Մանուկյանի գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը կոսմետիկ է, ո՛չ համակարգային․ «Եթե չենք տեսնում, որ խոշոր ձկները բռնվում են, նշանակում է, որ համակարգային առումով կոռուպցիայի նկատմամբ գրավչության նվազեցման խնդիր էս պահի դրությամբ դրված չէ։ Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ կոռուպցիան համակարգային է»։ 

Տնտեսագետը գտնում է, որ բանակի հաշվին ապօրինի հարստացողների թիվն աստիճանաբար կնվազի։ Մանուկյանը պատկերավոր ձևով է ներկայացնում․ «Տորթի հաշվին ինչքան հնարավոր էր հարստանալ, արդեն հարստացել են։ Հիմա խնդիր ունեն ունեցածը պահպանել։ Գնալով տորթը փոքրանալու է, և մոտ ապագայում մենք աստիճանաբար ավելի բարվոք իրավիճակ ենք ստանալու»։ 

Բանակի կարիքների համար պետական գնումներն ուսումնասիրող տնտեսագետը վստահ է, որ իշխանությունը լուրջ չի վերաբերում կոռուպցիայի դեմ պայքարին։ Անգամ բանակի գնումների ուսումնասիրության ոլորտում ստեղծվում են արհեստական խոչընդոտներ։ Այդպիսով՝ նվազեցնում է թափանցկությունը, և մեծանում կոռուպցիայի գրավչությունը։ Մեխանիզմը հետևյալն է, բանակի ոչ պետական գաղտնիք համարվող գնումները դառնում են պետական գաղտնիք պարունակող և ամբողջ տեղեկատվությունն այդ գործարքների մասով փակվում է։

«Հետևաբար, դատախազության բացահայտումները ոչ թե համակարգային բնույթի են, այլ պայմանավորված են նեղ դրդումներով։ Այսինքն՝ եթե անհրաժեշտ է զոհաբերել փոքր ձկներին, զոհաբերում են, եթե պետք չի, չեն զոհաբերում։ Դատախազության հաջողություններին լուրջ կվերաբերվեի, եթե սեղանին դրվեր թափանցիկությունը որպես կարևոր սկզբունք կոռուպցիայի դեմ պայքարելու գործում»,- ասում է Արտակ Մանուկյանը, որը համակարգային կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու քաղաքական կամք չի տեսնում։ 

 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը բանակում կոռուպցիայի համար մեղադրում է Պաշտպանության նախարարությանը։ Նախարար Վիգեն Սարգսյանը, ըստ Սաքունցի, չի հասկանում, թե ինչ համակարգ է ղեկավարում։ Դա երևում է նրա որոշումներից ու նախագծերից, օրինակ՝ 1000 դրամների հիմնադրամ, կամ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը․ «եթե Պաշտպանության նախարարն ասում է Առաքելական եկեղեցին պետք է դեր ունենա բանակում, նշանակում է, ինքն ուրիշ բաներով է զբաղված»։ 

Ռոբերտ Անանյան
526
Print
բանակ
Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները 16.02.2018 | բանակ

Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները

Ինչպես հայտնի է, 2017 թվականից քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ գումարը քաղաքացիների աշխատավարձերից պահում ու վճարում է գործատուն: 


«Զինված ուժերում մահացությունների դեպքերով պաշտոնական տվյալները հեռու են իրականությունից». 14.02.2018 | բանակ

«Զինված ուժերում մահացությունների դեպքերով պաշտոնական տվյալները հեռու են իրականությունից».

Հայաստանցի պաշտոնյաները հերթական առիթն են գտել հայտարարելու, թե բանակը տարեցտարի դառնում է անվտանգ։ Օրերս զինվորական դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զինդատախազ Վահե Հարությունյանը հայտարարել է, թե 2017 թվականին բանակում հանցագործությունները նվազել են։ Մասնավորապես

«Ոչ ծառայությունից խուսափել եմ, ոչ էլ կխուսափեմ։ Ուղղակի ուզում եմ իմ առողջականը բուժեն». զինծառայող Արթուր Դավիթյան 10.02.2018 | բանակ

«Ոչ ծառայությունից խուսափել եմ, ոչ էլ կխուսափեմ։ Ուղղակի ուզում եմ իմ առողջականը բուժեն». զինծառայող Արթուր Դավիթյան

«Ահավոր թուլություն ունեմ, ցավեր՝ լյարդի ու երիկամի հատվածում։ Զորամասում շատ ենք տանջվում, դրան միանում է սրտիս ցավը, աչքերիս դեմն ա սևանում»,- ժամկետային զինծառայող Արթուր Դավիթյանը տառապում է Ժիլբերի համախտանիշով։ Պարբերաբար վատանում է ինքնազգացողությունը, ծառայության 7 ամիսների ը

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: