լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.02.2018 | բանակ

Հիվանդ զինվորին տարել են բանակ. նրա բժշկական փաստաթղթերից «պետական գաղտնիք» են սարքում

Հիվանդ զինվորին տարել են բանակ. նրա բժշկական փաստաթղթերից  «պետական գաղտնիք» են սարքում
Ժամկետային զինծառայող, 1998 թվականի ծնված Արթուր Դավիթյանի հայրը օգոստոսից պետական դռներ է թակում՝ պաշտպանության նախարարությունից Վարդենիսի զորամաս, որտեղ ծառայում է որդին, այնտեղից՝ հոսպիտալներ, բուժմասեր: Նա վստահեցնում է, որ իր որդին տառապում է Ժիլբերի համախտանիշով, ժառանգական հիվանդությամբ, որն արտահայտվում է արյան մեջ բիլիռուբինի բարձրացմամբ, լյարդի, երբեմն փայծաղի մեծացմամբ: 

Հայրը որդու հիվանդության մասին իմացել ե մեկ տարի առաջ, ձմեռային զորակոչի ժամանակ, երբ բժշկական փորձաքննությամբ բացահայտվեց, որ Արթուրի լյարդն ու փայծաղը մեծացած են, բիլիռուբինի պարունակությունը՝ նորմայից բարձր: Այն ժամանակ Արթուր Դավիթյանին 6 ամսվո տարկետման իրավունք տվեցին: Այսպես սկսվեց Արթուր Դավիթյանի բժշկական ոդիսականը: 

Հուլիսին՝ ամառային զորակոչից առաջ, կրկին սկսվեցին հետազոտությունները՝ «Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, Կանազի հիվանդանոցում:  Պատասխանները հակասական էին: «Յոլյանում բժիշկների կոնսիլիումը ասաց, որ այս անգամ ավելի վատ են անալիզների պատասխանները, որ պահանջվում է խորը հետազոտում»: Բայց ռազմաբժշկական հանձնաժողովը մի կողմ դրեց տատանումները և հուլիսի 24-ին տղային պիտանի ճանաչեց զինվորական ծառայության համար: 

Զինվորի հոր բողոքները պաշտպանության նախարարություն, նախարարին կից հասարակական խորհրդին, ՄԻՊ գրասենյակ արդյուքն չտվեցին: Նրան անգամ հրաժարվում էին տրամադրել որդու բժշկական փաստաթղթերը: 

Հայրը պատմում է, որ ծառայության առաջին իսկ շաբաթում որդու առողջությունը վատանում է: «Սկզբում ասում էր,  լավ է: Բայց 6-րդ օրը սկսեց բողոքել որովայնի ցավերից, մեկ շաբաթից առաջին անգամ կորցրեց գիտակցությունը», - պատմում է հայրը: 

Օգոստոսի 12-ին հիվանդ զինծառայողին բերում են Դադիվանքի եկեղեցի: Որոշված է լինում, որ եկեղեցին է զինվորական երդման արարողության համար ամենահարմար տեղը: Արթուրը ուշաթափվում է:  «Տղաս սփրթնած, շնչակտուր էր լինում: Տարան, սիստեմա միացրեցին: Գյուղի բժիշկն անգամ եկավ, ասեց՝ երեխի փայծաղը մեծ է, ո՞նց են բերել բանակ»:  Այստեղից տանում են ծառայության վայր՝ Վարդենիսի զորամասերից մեկը: 

Կարճ ժամանակ անց տղան կրկին ուշաթափվում է, և օգոստոսին հետ են բերում Երևան, երեք ամսով պաrկացնում են Մուրացանի հոսպիտալում: «Իմ խնդրանքով անցկացվեց Ժիլբերի համախտանիշի անալիզ, ախտորոշումը հաստատվեց», - հիշում է հայրը: Բայց Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը նոր նիստ անցկացրեց , և Արթուրին կրկին տարան Վարդենիս: 

Ըստ պաշտպանության նախարարի  զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին հրամանի, որով սահմանվում է զինվորական ծառայության հետ անհամատեղելի ֆիզիկական թերությունների և հիվանդությունների ցանկը,  եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 25մկ/մոլ լ.-ից ավելի է, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի, որից հետո նշանակվում է կրկնակի փորձաքննություն, իսկ զինծառայողները պիտանի չեն»:  Նման հիվանդներին ցուրտ և խոնավ պայնանները հակացուցված են: 

«Իրեն հանել են պոստեր, ցուրտ, խոնավ տեղ, Օմարի լեռնանցքում, որը նման հիվանդներին օրենքով արգելված է: Զանգել էր, լաց էր լինում, հետո ճաշարան են տարել, « նարյադի» : Ասում է՝ աֆիցերները գիտեն, սաչոկ եմ ես, չեն սիրում ինձ, նագրուզկի տակ են դնում, կարծում են՝ ձևացնում եմ, որ հիվանդ եմ: Ինքը զինվոր է, իրեն որ ասում են՝ ստիպված ենթարկվում է: Բայց ինչո՞ւ: Սենց զինվո՞ր են տանում բանակ», - վրդովվում է հայրը: Մեզ հետ զրույցից մեկ օր առաջ որդին կրկին ուշաթափվել է: 

Forrights.am-ը Արթուր Դավիթյանի հոր հետ զրույցից անմիջապես հետո կապ հաստատեց զորամասի հրամանատարության հետ: Անձնակազմի գծով հրամանատար Եղիկյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Արթուր Դավիթյանը այսօր տեղափողվել է բուժմաս, իսկ առավոտյան նրան կրկին տեղափոխելու են Վարդենիսի հոսպիտալ: «Այսօր ես ինքս, կորպուսի «նաչմեդը» նրան նայել ենք: Նա երեք անգամ հետազոտություն է անցել հոսպիտալներում, Երևանում մի քանի ամիս պարկել է, հիմա նորից ուղարկում ենք Վարդենիս, հոսպիտալ : Բժիկշները որոշում են տվել, որ 15-ից 18-ը տանենք հոսպիտալ ստուգման, տանում ենք»: 

-   Նրան « սաչոկի» պե՞ս եք վերաբերվում:

-   Այդպիսի բան չկա, նա կիրթ, լավ երեխա է, գանգատվել է, որ հիվանդ է, տարել ենք ստուգման, նրան պոստ չենք հանել: 

-   Բայց ոնց որ հանել եք մի անգամ: 

-   Ես էլ  25 տարի եմ գնացել պոստեր, հետո ի՞նչ: Մի կես ժամ առաջ նրա մոտ էի: Լավ կլինի: Վաղը էլի կտանենք Վարդենիս:

-   Բայց Վարդենիսում արդեն ստուգել են ու ուղարկել են նորից ծառայության: 

-   Եթե որոշեն, որ հիվանդ է, ուրեմն, հիվանդ է, առողջ է՝ ուրեմն, առողջ է: Դա բժիշկների գործն է: Մենք ստեղ ինչո՞ւ պետք է հիվանդ երեխա պահենք: 

Սյուզան Սիմոնյան
2322
Print
բանակ
Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին 25.05.2018 | բանակ

Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից 24.05.2018 | բանակ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին այլ աշխատանքի տեղափոխելու և պաշտոնից ազատելու հարցով: Այս մասին հայտարարել է վարչապետը՝ կառավարության նիստի սկզբում։ 


«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից  «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար 23.05.2018 | բանակ

«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Քարվաճառի սահմանին ձյան տակ մնացած ու ցրտահարության արդյունքում երկու ոտնաթաթերն ու կրունկը կորցրած Վարդենիսի բնակիչ Ալբերտ Մարտոյանն այժմ անդամահատված ոտքերով, փայտին հենված ստիպված է մի կերպ Երևան հասնել ու դիմել լրատվամիջոցի օգնությանը՝ հաշմանդա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: