լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
2.02.2018 | բանակ

Հայկ Խաչատրյանի ընտանիքին չեն հայտնում նրա մահվան հանգամանքները (տեսանյութ)

Հայկ Խաչատրյանի ընտանիքին չեն հայտնում նրա մահվան հանգամանքները (տեսանյութ)
Ասկերանի N զորամասի կրտսեր սերժանտ, կապավոր, 19 տարեկան Հայկ Խաչատրյանը մահվանից առաջ բջջային հեռախոս էր գնել: Տուն է զանգել: «Ասեց՝ գնում եմ կապը սարքելու: Կգամ, կզանգեմ, ճամփես չսպասես: Առաջին ու վերջին զանգն էր», - հիշում  է զոհվածի մայրը՝ Սառա Վարդանյանը:     

2017 սեպտեմբերի 1-ին Արցախի ՊԲ-ն հաղորդեց. «Ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը»: ԱՀ նախագահ Բակո Սահակյանը նույն օրը Հայկ Խաչատրյանին ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալ պարգևեց։ 

Գուսանագյուղի գյուղապետն է առաջինը բոթը հասցրել Խաչատրյաններին՝ Հայկի հորը, գազել քշող Գագիկին կանչելով գյուղապետարան՝ թե զինկոմն է ասել, որ գա:

«Շուտ հետ եկավ գյուղապետարանից, գազելով կանգնեց դռանը: Ասեցի՝ Գագո, ինչ ա եղել: Լաց էր լինում: Ասեց՝ տներս ա ավերվել: Ես ոչ մի բան չէի հասկանում, թե մեր տները ինչու են ավերվել: Ասեց՝ Հայկը ականի վրա է բարձրացել: Զինկոմն իրա ավտոյով հետևից գալիս էր:  Իմ տեքոր տղեն ու իմ մյուս տղես հելան՝ կանգնացրին ավտոն: Զինկոմի կողքի տղեն ասեց՝ աղբերդ էլ չկա, մինի վրա է հելել: Տղերքս ուշաթափվեցին երկուսն էլ շոշի մեջտեղը: Շտապօգնությունը հասավ, երեխեքին տարան: Մի վարկյանում էս ի՞ն չ եղավ, էս ի նչ փուլ եկավ, երկրաշարժ էր, մեր տան երկրաշարժը: Մինչև օրս չենք հասկանում, որ Հայկ չկա: Էս բոլորը շոու է, պիտի վերջանա, իմ Հայկը գա տուն», - Սառան խոսում է արտասվելով ու ժպտալով միաժամանակ:  

Դեկտեմբերին պաշտպանության նախարարության «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում զոհված սերժանտի տուն մի կուրսանտ է եկել, կարմիր տուփով քաղցրավենիք է բերել: 

Հայկի մահվան շուրջ տարբեր խոսակցություններ կան, մեկը մյուսից անհավանական: Մի վարկածի համաձայն, որը տարածվել է գյուղում, Հայկն ինքն է մեղավոր, սեփական անզգուշության զոհն է:  Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանն է այն բարձրաձայնել տեղի «Ցայգ» հեռուստատեսությամբ: «Ինքը մի հատ բլուր է բարձրացել, հետի ընկերը ասել է՝ Հայկ ջան, էդ բլուրի վրայից թուրքերը կտեսնեն, կարող է սնայպերը աշխատի քո վրա, ներքև իջի: Երեխեն շրջադարձ է կատարել, որ ներքև իջնի, սայթաքել է փոքր բլրի վրայից և ընկել է մինապատ տարածքը»:  «Մեր երեխան դեբիլ չէր, հասկացող մարդ է», - ասում է Հայկի հայրը: Մյուս վարկածի համաձայն, Հայկը գնացել է կապի մալուխը նորոգելու, չի նկատել, թե ինչպես է ականին դրել ոտքը: 

Երրորդ էլ «հատուկ առաջադրանքի» վարկածն է: 



Գագիկ Խաչատրյանը բացահայտել է, երբ մեկնել է Արցախ, որ ծաղիկներ դնի այն տեղում, որտեղ մահացել է Հայկը: Նա պարզել է, որ որդու մարմինը ընկած է եղել նեյտրալ գոտում: «Ինձ ներկայացնում էին, որ Հայկն ու հետի զինվորը գնացել, սարքել են լարերը ու հետ են եկել, Հայկը շեղվել է ճանապարհից, ընկել է մինի վրա: Բայց ես անձամբ գնացել եմ, տեղը տեսել եմ, տեղ սայթակելու հնարավորություն չկա: Ի՞նչ գործ ուներ երեխան նեյտրալ գոտում, որտեղ լարեր, պրովուդներ չկան: Ինձ բացատրեցին, որ նա առաջադրանք էր կատարում ու վերջ,  դժբախտ պատահար է»: 

Գագիկ Խաչատրյանը զննել է դեպքի վայրը: Հայկի «կասկան»՝ սաղավարտը, դեռ նույն տեղում է: Սաղավարտից այն կողմ նա ռեզինե սապոգներ է հայտնաբերել: Նրան բացատրել են, որ դրանք նախորդ անգամ այս նույն տեղում ականի պայթյունից մահացած զինվորին էին պատկանում: Գագիկ Խաչատրյանը ենթադրում է, որ որդին թշնամու սահմանը հատելու առաջադրանք է ստացաել, որի մասին ոչ ոք չի ցանկացել իրեն պատմել: 

Հայկ Խաչատրյանի մահվան վկայականում գրված է. «Գանգի, նստատեղի ձախ կեսի և աջ վերին վերջույթի պայթյունային վիրավորումներ»: Չի բացառվում, որ գլխի վիրավորումը նեյտրալ ականապատ գոտում հայտնված զինծառայողը ստացել է թշնամու կրակոցի հետևանքով: Զինվորը, որի հետ Հայկ Խաչատրյանը գնացել է առաջադրանք կատարելու, ձեռքերի և ոտքերի այրվածքներ է ստացել: Նա Հայկի ծնողներին կատարվածի մասին ոչինչ չի  պատմել:   

Հայկ Խաչատրյանը միակն է ականապայթյունային վնասվածքներից մահացածներից, ում ընտանիքներին Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամը տրամադրել է միանվագ հատուցում՝ տաս մլն դրամի չափով և ամսական 200 հազար դրամ, որը ընտանիքը ստանալու է 25 տարվա ընթացքում: Ընդհանուր գումարը կկազմի 58 մլն դրամ:  

«Իրենք ասում են՝ Հայկը շատ ուժեղ գործ է կատարել, բայց չեն ասում, թե ինչ», - նկատում  է Հայկի հայրը:  

Հիմնադրամի  հոգաբարձուների  նախագահ Վիգեն Սարգսյանի ստորագրությամբ նամակ է ստացել ընտանիքը, որում հետևյալ տողերը կան. «Այս փոխհատուցումն ընդունեք իբրև … հարգանքի համաժողովրդական դրսևորման, խոնարհումի, ինչպես նաև ազգ-բանակ համախմբվածության գրավական»: 

Տնեցիները ստացված գումարից ցանկացել են հագուստ, իրեր  գնել Հայկի եղբոր՝ Ղուկասի համար: Նա հրաժարվել է «եղբոր մահվան փողով» գնված նվերներից:  

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի ականապայթյունային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները: Հ.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով  քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով: 


Սյուզան Սիմոնյան
4568
Print
բանակ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. 13.08.2018 | բանակ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Վերաքննիչ քրեական դատարանը հիմք ընդունելով նրա անձեռնալխելիությունը, փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը։    

«Չի կարող անձը ենթարկվել պատասխանատվության

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս 13.08.2018 | բանակ

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը, ով այսօր զինվորական երդում է տվել: 

«Որդիս՝ զինվորական երդում տալիս», – գրել է Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով որդու լուսանկարը:
Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին 9.08.2018 | բանակ

Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին

Զինակոչիկների հիվանդությունների ախտորոշումը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ: Այդ մասին է վկայում քաղաքացի Վաղարշակ Տոնապետյանի երկու որդիների պատմությունը: Նրա երկու որդիներն էլ բանակ զորակոչվելիս առողջական խնդիրներ են ունեցել, ինչին ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովը պատշաճ ուշադրություն չի դա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: