լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
1.02.2018 | բանակ

«իմ երեխեն դեղով գնում ա սահման պահելու, իրա ցավերո՞վ զբաղվի, թե՞ թշնամուն նայի»

«իմ երեխեն դեղով գնում ա սահման պահելու, իրա ցավերո՞վ զբաղվի, թե՞ թշնամուն նայի»
Հիվանդ զինակոչիկը սահմանին 

«Իմ երեխեն դեղով գնում ա սահման պահելու, իրա ցավերո՞վ զբաղվի, թե՞ թշնամուն նայի։ Իրա հետ պոստում էդքան զինվորներ կան, թշնամին գա նրանց գլուխն էլ հե՞տը ուտի»,- 19-ամյա զինծառայող Նարեկ Սարգսյանի հայրը մտավախություն ունի, որ Կետանոլ ցավազրկող դեղամիջոցի օգտագործումը վերջնականապես կքայքայի որդու առողջությունը, դիրք պահող զինվորին կթմրեցնի ու կքնեցնի՝ բերելով ծանր հետևանքների։ 

Մարտակերտի զորամասում ծառայող Նարեկ Սարգսյանը, ծնողների համոզմամբ, տառապում է Պարբերական հիվանդությամբ, որը հայտնի է Երևանյան հիվանդություն անունով։ Ցավերը մեղմելու համար ուժեղ ցավազրկող է խմում։ Ռազմաբժշկական հանձնաժողովը Նարեկին ճանաչել է պիտանի շարային ծառայության համար, և 2017-ի հուլիսի 31-ին նա զորակոչվել է բանակ։   

«Էդ խոխան իմ աչքի դեմն է ընկել» 

Նորիկ Սարգսյանը պատմում է, որ որդին ծառայության առաջին 5 ամիսներից 2-ն անցկացրել է զորամասի բուժկետում և Ստեփանակերտի հոսպիտալում։ Առաջին նոպան գրանցվել է զորամաս մտնելուց 15 օր հետո։ Նարեկը թեև դիրքերում ինժեներական աշխատանքներ չի կատարում, բայց ծառայում է առողջ զինվորների ռեժիմով։ Նրան կցված է ծանրությամբ հայտնի գնդացիր զինատեսակը, այդպիսի ծանրություն բարձրացնելը Պարբերական հիվանդություն ունեցողներին ուղղակի հակացուցված է։ Անգամ զորամասի բուժկետի անձնակազմի հոգատար վերաբերմունքը չի կանխում Նարեկի պարբերաբար կրկնվող ուշաթափությունները, նոպաները որովայնի շրջանում։ 

Վերջերս՝ հերթական նոպայից հետո ծառայակիցները շտապ զանգել են ծնողներին ու հրավիրել զորամաս․ «Ասեցին Նարեկը լավ չի, երկար ժամանակ հոսպիտալում ա եղել, հիմա էլ տարել են բուժկետ պառկել ա, շուտ չաստ եկեք»։ Ահազանգով Արցախ հասած ծնողները Նարեկի առողջական խնդիրները ներկայացրել են ՊԲ-ի ղեկավարությանը․  «Վարչության պետն էր, պատասխանեց՝ ի՞նչ եք խոսում, մեր բանակում հիվանդ երեխեք չկան»։ Այստեղ խորհուրդ են տվել Նարեկի նոպաները ակտավորել, որպեսզի կարողանան խնդրով զբաղվել։ Արդեն Մարտակերտի զորամասում բուժմասի կին աշխատակիցը 4-րդ գումարտակի հրամանատարի ներկայությամբ պատմել է իր տեսածը․ 

«Էդ խոխան իմ աչքի դեմն է ընկել, լավա, որ գլուխը չխփեց աստիճաններին։ Լեզուն կուլ ա գնացել, ես եմ հանել ու Նարեկին տարել, սրսկել ու մի քիչ ուշքի է եկել»։  Նարեկ Սարգսյանի ուշաթափությունները զորամասի բժիշկները փաստաթղթավորել են, բայց դրանք Ռազմաբժշկական հանձնաժողովը հաշվի չի առել։ 2017-ի օգոստոսի 12-ից մինչև 24-ը ՍՇՀ ախտորոշմամբ Նարեկ Սարգսյանը ստացիոնար բուժում է ստացել բուժկետում․ «Շարքային Սարգսյանը ամբուլատոր կարգով մի քանի անգամ դիմել է զորամասի բուժկետ՝ գանգատվելով ընդհանուր թուլությունից և ուշաթափությունից»,- ասվում է զորամասի բժիշկների տրամադրած գրություններից մեկում։ 

Նարեկի հիվանդություն ունենալու մասին վկայում է նաև զորամասի հրամանատար Գրիգորյանի հաստատած ակտը, ըստ որի՝ Նարեկ Սարգսյանի մոտ ծառայության ընթացքում դիտվել է ուշաթափության երևույթներ, ինչը ստորագրությամբ հաստատել է երեք զինծառայող։ Հայրը հիշեցնում է, որ որդին մինչև ծառայության գնալը հետազոտվել է Բժշկակական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոնում։ Նարեկի մոտ հայտնաբերվել է մեկ մուտացիա հետերոզիգոտ ձևով, որի 0․8%-ով առկայությունը կրողների մոտ հանդիսանում է Պարբերական հիվանդության կլինիկական դրսևորման պատճառ։ 

Ծնողների խնդրանքին ընդառաջելով՝ Մարտակերտի զորամասի հրամանատարությունը Նարեկին Ստեփանակերտի հոսպիտալ է ուղարկել, որտեղ անհայտ հիմնավորմամբ զինծառայողին ստուգել է նյարդաբանը, որն ասել է, թե նա նյարդային բնույթի խնդիրներ չունի։ Նարեկի առողջությանը վերաբերող փաստաթղթերը հետազոտել է Բժշկական հանձնաժողովը, որի անդամները, Նորիկ Սարգսյանի խոսքով, իր տղայի խնդրի նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել․  

«Վերցրեց, նայեց Նարեկի թղթերը, իմիջիայլոց թերթեց, ասեց՝ էս ի՞նչ եք բերել, ստեղ ոչ մի բան էլ չկա։ Մի մուտացիա է Նարեկի մոտ, բայց մի մուտացիայով ոչ մեկ ծառայությունից չի ազատվում»։ Հանձնաժողովը Նարեկի առողջությանը գնահատական տալու ժամանակ չի հետազոտել զորամասի ներկայացրած ակտը, որտեղ Նարեկի ուշաթափությունները հաստատող երեք զինծառայողների վկայություններն են։ Հանձնաժողովի անդամները ծնողներին ասել են, որ հաջորդ նոպայի ժամանակ Նարեկից պետք է անալիզներ վերցնել, ինչը թույլ կտա հստակեցնել՝ արդյո՞ք զինծառայողը տառապում է Պարբերական հիվանդությամբ։ 

Նարեկ Սարգսյանի նոպայի հերթական դրսևորումը գրանցվել է նախորդ տարվա դեկտեմբերին, երբ նա տուն արձակուրդ է եկել։ Ծնողներն Շտապօգնություն են կանչել և Նարեկը տեղափոխվել է հոսպիտալ։ Նորիկ Սարգսյանը բժիշկներից պահանջել է նոպայի մեջ գտնվող որդուց անալիզներ վերցնել, որով կհաստատվեր Պարբերական հիվանդության առկայությունը։ Հոսպիտալի բժիշկները կտրականապես մերժել են, ասելով, թե Նարեկի մոտ հնարավոր է վիրուսային հիվանդություն է։ Հոր բացատրությունները նրանց չեն համոզել․ «Ասեցին՝ մենք 4 բժիշկներով քո վրա չենք կարում, դու եկել ես մեզ սովորեցնում ես։ Ասի՝ որովհետև նա իմ երեխեն ա, քոնը չի, դրա համար ասածս չեք ընդունում։ Պնդեցի, որ Պարբերական հիվանդությունը հաստատելու ժամանակը եկել է, անալիզ արեք, ստուգեք»։ 

Բժիշկներն ընդհանուր անալիզներ են վերցրել, արդյունքում՝ հոր պնդումները որդու հիվանդության մասին չեն հաստատվել։ Բժիշկները չեն հավատացել, և բուժում նշանակելու փոխարեն հունվարի 9-ին Նարեկին հետ են ուղարկել Արցախ։ Մինչ ծնողները պայքարի մեջ են, այս պահին Նարեկ Սարգսյանը ծառայում է հիվանդության բեռի տակ կքած․ «Նոպաների ժամանակ սրտի շրջանում տախիկարդիա է սկսվում՝ ճնշումը բարձրանում ա 180, իջնում ա՝ 70։ Ախորժակ բացարձակ չունի, փորկապություն ու փորլուծություն է ունենում։ Մենակ կարա ջուր խմի, ու վերջ։ Նույնիսկ քնել չի կարողանում»,- պատմում է հայրը։   

ինչպես հիվանդ երիտասարդը զորակոչվեց 

Մինչև բանակ զորակոչվելը Նարեկ Սարգսյանը 11 օրով Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել ու հետազոտվել։ Ըստ անամնեզի՝ 5 տարեկանից սկսած՝ նրա մոտ ջերմության անպատճառ բարձրացումներ են դիտվել մինչև 38 աստիճան։ Որովայնը պարբերաբար ցավում է, տարին 6-ից 8 անգամ ունենում է հոդամկանացավեր՝ 1-ից 6 օր տևողությամբ։ Որովայնացավերի ժամանակ ունենում է փորկապության և փորլուծության դրվագներ։ Բժիշկները Նարեկի մոտ Պարբերական հիվանդություն չեն հաստատել։ Խորհուրդ են տվել սրացման ժամանակ կրկնակի հետազոտվել, կատարել կալ-պրոտեկտին թեսթը։ Ծնողների պահանջով Նարեկը երկրորդ անգամ է անալիզ հանձնել։ 

Բժշկական հանձնաժողովը նշել է, որ Պարբերական հիվանդության հաստատման համար անհրաժեշտ է տղայի մոտ կրկնակի սրացում արձանագրել։ Նորիկ Սարգսյանը հիշում է, որ մինչ բանակ գնալը որդին պարբարաբար նոպաներ է ունեցել՝ ցավել են կողքերն ու որովայնը, չի կարողացել ծանրություն բարձրացնել։ Տարածքային զինկոմիսարիատից հայրը պահանջել է պատշաճ ուշադրություն դարձնել Նարեկի խնդրին։ Բայց որևէ բժշկական փաստաթուղթ հաշվի չի առնվել, նույնիսկ սպառնացել են՝ եթե Նարեկը չներկայանա ծառայության, Ռազմական ոստիկանությունը նրա հետևից կգա։ Հայրը պատասխանել է, որ որդին գնալու է ծառայության ու պետք չէ, որ հետևից ոստիկաններ գան․ 

«Ասի՝ ես ուզում եմ իմ երեխեն ծառայի, բայց ինչ գարանտիա կա, որ ինքն էս հիվանդությամբ կկարողանա ծառայությունը տանել և նոպաների ժամանակ նրան կօգնեն։ Պատասխանեց՝ ի՞նչ ես խոսում, դու գիտե՞ս մեր բանակը հիմա ինչ ձև ա»։ 

Հայրն իր մտահոգությունների մասին Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին է հայտնել, մասնավորապես, նախարարի աշխատակազմի ներկայացուցչին։ Պաշտոնյան ասել է, որ նոպաների՝ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում միայն իրենք կընդունեն, որ Նարեկը Պարբերական հիվանդություն ունի։ Անհրաժեշտ է ծառայության ընթացքում նոպաները փաստաթղթով արձանագրել։ ՊՆ-ն իր պատասխանը Նարեկ Սարգսյանի ծնողներին ներկայացրել է բանավոր՝ առանց որևէ հիմնավորող փաստաթղթի։ 

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը Նարեկ Սարգսյանին տված փաստաթղթում նշել է ՀՀ ՊՆ N 410-13 հրամանի «29 հոդվածի Գ» կետը, որի համաձայն՝Նարեկը պիտանի է ծառայությանը։   

արդարացի պահանջ 

Զինծառայող Նարեկ Սարգսյանի հայրը Բանակի ղեկավարությունից պահանջում է, որպեսզի որդու առողջական վիճակը չանտեսվի․ «Բժշկական նոր հանձնաժողովը նրան ստուգի և կրկին անալիզներ վերցվեն, որոնք Պարբերական հիվանդությունը կհաստատեն։ Պրիստուպի ժամանակ ես տարել էի հոսպիտալ, բայց իրենք էդ անալիզը չարեցին։ Ստուգեցին, նորից հետ ուղարկեցին բանակ։ Թող ծառայի, բայց գոնե սահմանափակումով։ Էդքան ցավազրկող խմելով խեղճի ստամոքսն է փչանում, դեղը խփում է օրգաններին»։ 

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը վստահ է, որ Նարեկ Սարգսյանի ծնողների պահանջը հիմնավոր է ու արդարացի, ուստի անհրաժեշտ է ևս մեկ բժշկական կոնսիլիում իրականացնել։ Լիարժեք բժշկական հետազոտությունը կհաստատի կամ կհերքի Բժշկական փաստաթղթերում նշված հիվանդությունը։ Փաստաբանի այս դիրքորոշման հիմք է հանդիսանում Նարեկ Սարգսյանի բժշկական փաստաթղերը․ 

«Դրա ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ  ծառայության ընթացքում մի քանի անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտություն է առաջացել մի քանի անգամ ստացիոնար բուժում անցնելու։ Սա հիմք է, որ կրկին իրականացվի բժշկական կոնսիլիում՝ նրա ծառայությանը պիտանի լինելու հարցին լուծում տալու համար»։ 

Նարեկ Սարգսյանն առաջին բժշկական կոնիսլիումն անցել է մինչև զինվորական ծառայության անցնելը։ Ու քանի որ ծառայության ընթացքում նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատանում է, երկրորդ կոնսիլիումը անհրաժեշտություն է։ 

 Ռոբերտ Անանյան    
3926
Print
բանակ
Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին 25.05.2018 | բանակ

Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից 24.05.2018 | բանակ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին այլ աշխատանքի տեղափոխելու և պաշտոնից ազատելու հարցով: Այս մասին հայտարարել է վարչապետը՝ կառավարության նիստի սկզբում։ 


«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից  «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար 23.05.2018 | բանակ

«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Քարվաճառի սահմանին ձյան տակ մնացած ու ցրտահարության արդյունքում երկու ոտնաթաթերն ու կրունկը կորցրած Վարդենիսի բնակիչ Ալբերտ Մարտոյանն այժմ անդամահատված ոտքերով, փայտին հենված ստիպված է մի կերպ Երևան հասնել ու դիմել լրատվամիջոցի օգնությանը՝ հաշմանդա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: