լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
31.01.2018 | բանակ

«Չեմ հիշում՝ պայթյունի պահին խոսո՞ւմ էի, թե՞ արկղն էի վերցնում, մեկ վայրկյան տևեց էդ ձայնը»

«Չեմ հիշում՝ պայթյունի պահին խոսո՞ւմ էի, թե՞ արկղն էի վերցնում, մեկ վայրկյան տևեց էդ ձայնը»
Նախորդ տարվա նոյեմբերի 4-ը Արցախի Մարտակերտի զորամասում դեռ երկար կհիշեն՝ արցունքոտ աչքերով։ Հակատանկային նռնակը պայթել էր զորամասի զենքի պահեստում։ Մահացել էր 19-ամյա Հրանտ Մանգասարյանը, վիրավորները 7-ն էին։ Ծնունդով գորիսեցի Սերգեյ Ալումյանը հրաշքով է ողջ մնացել։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինծառայողը հիշում է, թե ինչպես ինքն ու Հրանտը հայտնվեցին զենքի պահեստում․ 

«Գնացել էինք զինապահեստ, որ բռոնի ժիլետ վերցնենք տանենք վաշտ։ Էնտեղ տղերքը գործ էին անում, մենք մոտեցանք իրենց, հենց էդ պահին պայթյունը եղավ։ Դրանից հետո արդեն չեմ հիշում ինչ եղավ»։ Նռնակի պայթյունից ջարդվել է Սերգեյի ծնոտը, զրկվել է ներքևի ատամնաշարից, աջ ձեռքի երկու մատները ամպուտացվել են։ Վնասվել է Սերգեյի ձախ ականջի նյարդը, ինչի պատճառով այդ ականջը չի լսում։ Ամբողջ մարմինը պատված է բեկորների հետքերով ու այրվածքներով։ Միայն ձախ ձեռքին 30 կար է դրվել։ Երիտասարդը երազում է պլասիկ վիրահատության մասին, այդ դեպքում միայն մաշկը նորից հին տեսքին կգա։ 

Սերգեյը պատմում է, որ վիրավորվելու առաջին օրերին բառերը դժվարությամբ էր արտասանում։ Վիրահատությամբ ծնոտը վերակագնելուց հետո է միայն սկսել խոսել։ Ինչպես մյուս վիրավորները, նա ևս չունի ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչու և ում մեղքով է պայթել նռնակը․ «Միգուցե անսարք ա եղել, չգիտեմ, ի՞նչ ասեմ․․․»։ Պայթյունի պահը չի հիշում, չգիտի նաև, թե ովքեր են իրեն պահեստից դուրս բերել։ Աչքերը բացել է երեք օր անց՝ Վերակենդանացման բաժանմունքում անցկացնելով ևս երկու շաբաթ։

Հրանտն ու Սերգեյը ընկերներ էին, ծառայում էին նույն՝ 8-րդ վաշտում։ Միասին էին նաև առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս։ Մահացած ընկերոջ անունը տալիս դեմքը լրջանում է, խիստ ու մտածկոտ հայացքը ուղղում երկնքին․ 

«Իրար հետ էինք պոստ պահում՝ առաջին գիծ։ Լավ տղա էր ու շատ մարդկային, ինչ հարցով էլ դիմեիր, միշտ կօգներ, հետդ կլիներ։ 14 ամսվա ծառայող եմ, բայց իրանից մի վատ բան չեմ տեսել։ Չպիտի լիներ էս բանը․․․»,- ասում է՝ ընկերոջ կորստի ցավը սրտում։ 

Հարուցված քրեական գործով Սերգեյը տուժող է ճանաչվել ու հարցաքննվել։ Նույնիսկ չի ուզում մտածել, թե դեպքի մեղավորն ով է։ Նշենք, որ Կենտրոնական բժշկակական հանձնաժողովի որոշմամբ՝ գորիսցի տղան արդեն այս շաբաթ դուրս կգրվի հոսպիտալից։ Բուժումը, հավանաբար, Հանրապետական հիվանդանոցում կշարունակի։

Զինծառայողի մայրը՝ Զեմֆիրա Դրավանցը ևս մեղավորներ ու պատասխանատուներ չի փնտրում։ Այս պահին կարևոր է որդու առողջությունը, ու մեկ էլ այն, որ Սերգեյը հաշմանդամության կարգ ստանա․ «Երեխես չի կարողանա աշխատել, գոնե ինքն իրեն պահի, կարիքի մեջ չլինի»։  



Ողբերգական դեպքից կցկտուր տեղեկություններ ունեն մահացած Հրանտ Մանգասարյանի հարազատները․ «Երեխեն կռացած վիճակով ա եղել, պայթյունի ուժն իրա վրայա վերցրել, ընկերները ասկոլկեքից են վիրավորվել»։ Հրանտի մարմինն այնպես էր վնասվել, որ դիահերձելիս դժվարացել են նրան նույնականացնել։ Դիահերձարանում տիկին Նունեն անմիջապես է ճանաչել որդուն․ «Ոտքի տակի շռամից հասկացա, որ տղաս է»։ Եթե Հրանտը չնետվեր ու մարմնով չփակեր նռնակը, հօդս կցնդեր զենքի ողջ պահեստը, կունենայինք մարդկային մեծ կորուստներ։ Նախաքննական մարմնի կողմից ներկայացվում է, թե վիրավորված պահեստապետ Գևորգ Հյուսնունցը փորձել է ականը հանել մարտական վիճակից, ու հենց այդ պահին նռնակը նրա ձեռքում պայթել է։ 

Հրանտի քեռին՝ Արամ Հակոբյանը տիրապետում է Հյուսնունցի նախնական ցուցմունքին, որում պահեստապետն ընդունել է, որ հակատանկային նռնակը լարումից հանելու փորձի ժամանակ այն իր ձեռքից ընկել է ու պայթել։ 

Հրանտ Մանգասարյանի ընտանիքը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի, օրինակ՝ ինչպե՞ս է պատահել, որ դիպուկահար Հրանտը հակատանկային նռնակի պահեստում է հայտնվել։ Պայթած նռնակը գտնվել է լարված, այսինքն՝ մարտական վիճակում։ Ինչո՞ւ էր նռնակը լարված, եթե պատերազմական դրություն չէր։ Արդյո՞ք դիտավորություն այստեղ չի եղել։ Այս հարցերին պատասխան չունի վիրավորված զինվորներից Մելսիկ Մարգարյանը, որը բուժվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում։ 

Մարտակերտի զորամասի 120մմ Ականանետային մարտկոցում ծառայած Մելսիկը պայթյունի վայրից երկու մետր հեռու է եղել՝ թիկունքով դեպքի Գևորգ Հյուսնունցը, ում մոտ եղել է պայթյունը։ Բեկորները Մելսիկին շատ չեն վնասել։ Ինքն ու ընկերը պահեստ էին եկել ականների արկղերը դասավորելու, գործն արդեն ավարտում էին ու պատրաստվում էին զորանոց վերադառնալ․

«Պայթյունի ուղղությամբ 2-3 հոգի էին կանգնած, որոնց թվում էր նաև Գևորգ Հյուսնունցը։ Չեմ հիշում՝ պայթյունի պահին խոսո՞ւմ էի, թե՞ արկղն էի վերցնում, մեկ վայրկյան տևեց էդ ձայնը․․․ մեկ էլ ինձ հիշում եմ, երբ աչքերս բացեցի։ Գետնին ընկած էի, փորձում էի կանգնել։ Պայթյունից աչքերս շաղվում էին, գլուխս՝ պտտվում, միատոն ձայն էր լսվում։ Ծուխ էր, մարմնիս ջերմությունը ահավոր բարձրացել էր, շարժվեցի դեպի լույսն ու ինձ դուրս նետեցի պահեստից»,- Մելսիկի լսողությունն այնքան էր ծանրացել, որ օգնության շտապած ծառայակիցները նրա հետ գոռալով էին խոսում։ 

Վիրավորներին տեղափոխում են զորամասի բուժկետ, հետո՝ Մարտակերտի և Ստեփանակերտի հոսպիտալներ, այնուհետև՝ Երևան։ Ինչպես այստեղ պարզվեց՝ պատռվել էր Մելսիկի աջ ականջի թաղանթը և լսողությունից զրկվել։ Հոսպիտալի բժիշկների ջանքերը հաջողությամբ պսակվեցին․ նռնակի պայթյունից 3 ամիս անց Մելսիկի աջ ականջի թաղանթը վերականգնված է ու արդեն լսում է։ Բայց, ինչպես նա է ասում, դեռևս մտահոգիչ է ձախ ականջի վիճակը․

«Խշշոցի ձայն ա գալիս, ոնց որ վրեդ ազդելիս լինի։ Տոկեր եմ ստացել, դեղեր եմ ընդունում, բայց գիշերը քնելիս խշշոցը չի անցնում։ Գլխացավեր եմ ունենում։ Երբ փողոց եմ դուրս գալիս, պետք է զգույշ լինեմ, որ չմրսեցնեմ։ Պատռված ականջս ավելի լավ ա լսում, քան էն մյուսը»,- Մելսիկը Մարտակերտի զորամասում հասցրել է ծառայել ընդամենը 1 տարի։ Նա ծնունդով Սյունիքի Ագարակ քաղաքից է։ Մելսիկի վիրավորվելու մասին ծնողներն իմացել են զորամասի՝ իր հետ ծառայող ընկերներից։ 

Նոյեմբերի 4-ին հակատանկային նռակից վիրավորվել էր նաև պահեստապետ Գևորգ Հյուսնունցը։ Կոտրվել է նրա աջ ոտքը, վիրահատությունից հետո դժվարությամբ է քայլում, մարմնին բեկորներ ու այրվածքներ կան։ Մեր այցելության պահին Գևորգը հոսպիտալում չէր։ Ընկերներն ասեցին՝ դուրս է գրվել, պարբերաբար գալիս է, զննություն անցնում ու գնում։ 

Նշենք, որ Սերգեյ Ալումյանը միակողմանի ծնողազուրկ է։ Երիտասարդի կարիքները մայրն է հոգում, որն ստիպված է ամեն անգամ Գորիսից հասնել Երևան։ Սոցիալապես դժվարին վիճակում հայտնված Զեմֆիրա Դրավանցն ասում է, որ որդու համար սննդամթերք տնից է բերում։ Ճիշտ է՝ հոսպիտալում ուտելիք տալիս են, բայց Սերգեյին կալորիաներով հարուստ սնունդ է անհրաժեշտ, որն այստեղ չկա։ Կինը համեստորեն նշում է, որ դրամական աջակցության համար չի դիմում Պաշտպանության նախարարություն, որտեղից իրեն մեկ անգամ արդեն ակնարկել են՝ Սերգեյի ընտանիքին դեռ դրամական փոխհատուցում չի լինի․ «Ասեցին, որ կարգ ստանալուց հետո ինչ-որ պետականորեն հասնում է, կտրվի, բայց միայն՝ կարգը ստանալուց հետո»։ 

Փաստորեն՝«Ազգ-բանակ» կոնցեպտը պրոպագանդող Պաշտպանության նախարարությունը միայնակ է թողել վիրավորված զինվորի ընտանիքին, ու կբարեհաճի Սերգեյին աջակցել միայն հաշմանդամության կարգ ստանալուց հետո։ 

Հավելենք, որ Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում նոյեմբերի 4-ի դեպքով քրեական գործ հարուցվել է Քր․ օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ըստ այդմ՝ հակատանկային նռնակը պայթել է Պաշտպանության բանակի 49971 զորամասի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, ինչն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել: Հրանտ Մանգասարյանը, Սերգեյ Ալումյանը տուժող են ճանաչվել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ այս դեպքով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալված անձ չկա։ Ընթանում է նախաքննություն։ 

Այդուամենայնիվ, Հրանտ Մանգասարյանի ընտանիքին Պաշտպանության նախարարությունում ընդունելության ժամանակ նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ գործն իր անմիջական հսկողության ներքո է և խոստանում է պատժել մեղավորներին։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ ականի պայթյունի մեղավորների շրջանակը շատ լայն է՝ շուրջ 15 բարձրաստիճան զինվորական։ Այս տվյալը նաև քննիչն է հաստատել, ընտանիքին բացատրելով, որ հակատանկային նռնակը պայթել է «ղեկավարության անփութության պատճառով», և պատասխանատու է 15 բարձրաստիճան զինվորական։ 

Ռոբերտ Անանյան
5023
Print
բանակ
Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները 16.02.2018 | բանակ

Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները

Ինչպես հայտնի է, 2017 թվականից քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ գումարը քաղաքացիների աշխատավարձերից պահում ու վճարում է գործատուն: 


«Զինված ուժերում մահացությունների դեպքերով պաշտոնական տվյալները հեռու են իրականությունից». 14.02.2018 | բանակ

«Զինված ուժերում մահացությունների դեպքերով պաշտոնական տվյալները հեռու են իրականությունից».

Հայաստանցի պաշտոնյաները հերթական առիթն են գտել հայտարարելու, թե բանակը տարեցտարի դառնում է անվտանգ։ Օրերս զինվորական դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զինդատախազ Վահե Հարությունյանը հայտարարել է, թե 2017 թվականին բանակում հանցագործությունները նվազել են։ Մասնավորապես

«Ոչ ծառայությունից խուսափել եմ, ոչ էլ կխուսափեմ։ Ուղղակի ուզում եմ իմ առողջականը բուժեն». զինծառայող Արթուր Դավիթյան 10.02.2018 | բանակ

«Ոչ ծառայությունից խուսափել եմ, ոչ էլ կխուսափեմ։ Ուղղակի ուզում եմ իմ առողջականը բուժեն». զինծառայող Արթուր Դավիթյան

«Ահավոր թուլություն ունեմ, ցավեր՝ լյարդի ու երիկամի հատվածում։ Զորամասում շատ ենք տանջվում, դրան միանում է սրտիս ցավը, աչքերիս դեմն ա սևանում»,- ժամկետային զինծառայող Արթուր Դավիթյանը տառապում է Ժիլբերի համախտանիշով։ Պարբերաբար վատանում է ինքնազգացողությունը, ծառայության 7 ամիսների ը

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: