լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
26.12.2017 | բանակ

զինվորի գլխին կրակած սպան «անբասիր վարքով» ծառայում է ՀՀ Զինված ուժերում (տեսանյութ)

զինվորի գլխին կրակած սպան «անբասիր վարքով» ծառայում է ՀՀ Զինված ուժերում (տեսանյութ)
Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է օգնել վիրավոր զինվորին   

Ապրիլյան քառօրյա պատերազմը դիմագրաված, սակայն դրանից ամիսներ անց Հադրութում իր իսկ սպայի կողմից գլխի ծանր վիրավորում ստացած նախկին զինծառայող՝ 21-ամյա Ալբերտ Դալլաքյանի մայրն արդեն մոտ 6 ամիս փորձում է գումար հայթհայթել՝ որդու վիրահատությունը Գերմանիայում իրականացնելու համար:   

ՊՆ սպա Ավագ Նահապետյանի կրակոցի արդյունքում ուղեղի մի մասը վնասած ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինվորի մորը պաշտպանության նախարարությունում մերժել են՝ ասելով, որ արտերկրում զինծառայողների բուժումը կազմակերպելը պաշպանության նախարարության իրավասությունը չէ և ուղարկել առողջապահության նախարարություն:   Առողջապահության նախարարությունը ևս հրաժարվել է պետբյուջեից գումար տրամադրել՝ առաջարկելով Հայաստանում կատարել վիրահատությունը, սակայն, ինչպես Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանն է ասում, պարզվել է, Հայաստանում նման վիրահատությունն արվում է հին սարքավորումով, ինչը էական ռիսկ է պարունակում, և կա մեկ մասնագետ:   

«Չեմ կարող ռիսկի գնալ, ասել էստեղ անենք՝ ինչ կլինի, կլինի, որովհետև էդ վիրահատությունից կախված է Ալբերտի ողջ հետագա կյանքը: Հայաստանում վտանագավոր է վիրահատություն անելը, քանի որ սարքավորում չկա: Էստեղ ոչ մի երաշխիք չեն տալիս, որ լավ ելք կլինի»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Ղազարյանը՝ շարունակելով.   

«Եթե Աստված մի արասցե, վիրահատության ժամանակ սնուցող անոթ կամ նյարդ փակեն, Ալբերտը կզրկվի վերջույթների շարժումներից, տեսողությունից: Ես միանշանակ չեմ գնա ռիսկի, որովհետև իրոք իմ երեխան վերածնվել է. 26 օր անգիտակից է եղել, արթնացել է, տեսողություն չի ունեցել, ինձ չի ճանաչել, հիմա խոսում, քայլում, մասնակի տեսնում է և հիշողությունը վերականգնվում է»:    

Հայաստանում Ալբերտի գլուխը 3 անգամ բավական հաջող վիրահատել են՝ փրկելով նրա կյանքը, սակայն անհրաժեշտ է անոթների ևս մեկ բարդ վիրահատություն:   Ուղեղի անոթների վերջին վիրահատության համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած գերմանական կլինիկան մոտ 40 հազար եվրո գումար է ուզել Ալբերտի վիրահատության համար, որը տարիուկես զինվորի առողջության համար մաքառող ընտանիքը չունի, պետությունն էլ հրաժարվել է տալ:   

«Լավ, ուղղակի զարմանում եմ: Իմ երեխան Ռուսաստանից ուսումը կիսատ թողեց, եկավ ծառայելու: Առողջ, մարզիկ տղա, գնա ծառայի, կես մարդ սարքեն, հիմա վսյո, էլ ոչ մի բանի հետ գործ չունե՞ն».-հարց է բարձրացնում զինվորի ծնողը՝ հավելելով. «Մեր պետությունը, մեր նախագահը գոնե ինչ որ չափով մասնակից լինեն էս գումարը հավաքեն, որ իմ երեխուն էս մի շանսն էլ տան: Ամեն վայրկյան վտանգը կա, Ալբերտի մոտ ցնցումներ լինում են, գանգի մի մասը չկա, ճնշումը մեծ չափերով տատանումներ է տալիս: Վտանգ կա, որ այդ հագույցը կպայթի»:   

Պետությունը առաջին կարգի վիրավոր զինվորին ամսական 90 հազար դրամ գումար է տալիս, իսկ ծնողի դիմումից հետո ՊՆ-ն մի քանի ամսվա վարձի գումար է տվել, քանի որ Ռուսաստանից եկած Ալբերտի ընտանիքն այստեղ այժմ վարձով է ապրում:     Ալբերտի դեղորայքի գումարն էլ բարերարներն են տալիս: 

«Ես չգիտեմ՝ Ալբերտի 90 հազար թոշակով դեղորայք առնե՞մ, թե՞ ուտելիք, թե՞ որ կարիքը հոգամ»,-ասաց մայրը՝ հավելելով. «Պետությունը ընդհանրապես մոռացել է: Մեր պետությունը, մեր նախագահը պետք է ուշադրություն դարձնեն: Զինվորն եկավ, ծառայեց, վիրավորվեց՝ վերջ, անպետք իրի նման կշպրտեն ու կմոռանան: Էջը կփակեն, կանցնեն առաջ»:    

Ռուսաստանում ուսումը կիսատ թողած ու կամավոր Հայաստան վերադարձած Ալբերտի մայրն այսօր ամենաշատը նեղվում է խնդրողի իր դերից, որ տղային ոտքի կանգնեցնելու 1.5 տարվա անպատմելի տառապանքներին ու ջանքերին զուգահեռ, ստիպված է խնդրել տղայի վիրահատության գումարի համար:    

«Իմ էս վիճակում, զինվորիս համար պայքար մղելով, հիմա էլ պետք ա ողորմություն խնդրելով զբաղվեմ, որ մեր ժողովրդին իրոք խնդրեմ մասնակից լինեն, էս գումարը հավաքեն, որ իմ զինվորի կյանքը փրկվի», -ասաց Արմինե Ղազարյանը:   

Զինվորի գլխին կրակած սպան, պարզվում է, ըստ ՊՆ-ի «անբասիր ծառայող է», ու շարունակում է դիրքերում աշխատանքը     

Ալբերտի մայրը մեկ այլ ցավ ևս ունի. Ալբերտին ծանր վիրավորած սպա Ավագ Նահապետյանը մինչ այժմ պատասխան չի տվել, քրգործի քննությունը դեռ շարունակվում է: Ավելին, նա շարունակում է աշխատանքը Հադրութի դիրքերում:   

«Ոչ մի բանով չի օգնել, այսքան ժամանակ չի հետաքրքրվել Ալբերտի վիճակով: Սկզբում ասում էին՝ հանկարծակիի է եղել, բայց ինչ է նշանակում, որ սպան կարա զենք բարձրացնի ու զնիվորի գլխին կրակի, իր մանկամտության, թե հղփածածության պատճառով կարա մի ամբողջ ընտանիք կաթվածահար անի ու լույս ու ճրագրից կտրի»,-ասաց զինվորի մայրը՝ շարունակելով. «Իմ նման շատ մայրեր այսօր նույն վտանգի առաջ են, որ իրենց երեխեն նրա ենթակայության տակ ծառայում է: Սա աններելի բան ա, որ կարա մեր պետությունը աչք փակի դրա վրա: Սա ցավի մյուս կողմ է»:    

Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:    

Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:   Իսկ դատարանում զինվորին վիրավորած սպան բնութագիր է բերել ղեկավարությունից, որ ինքն անբասիր ծառայող է. 

«Բնութագիր են տվել, որ նա անբասիր վարքի տեր սպա է, այսինքն, դա լա՞վ արարք է իրենց սպայի կողմից»,-ՊՆ-ին հարց է ուղղում որդու վիճակից խիստ նեղված մայրը, ով 1.5 տարի պայքարում է Ալբերտին կյանք վերադարձնելու համար:   Մանրամասները դիտեք տեսանյութում:   

Արտերկրում վիրահատվելու համար Ալբերտին օգնել ցանկացողները կարող են դիմել նրա մորը՝ Արմինե Ղազարյանին հետևյալ հեռախոսահամարով՝ +37495 96 46 96 

Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար «Յունիբանկում» կա բացված հաշվեհամար Արմինե Ղազարյանի անվամբ: 

24100365620400-Դրամ 

24100365620401-Ամերիկյան դոլար 

24100365620402-Եվրո SWIFT: UNIJAM22   



 Մարինե Խառատյան
14855
Print
բանակ
Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները 16.02.2018 | բանակ

Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները

Ինչպես հայտնի է, 2017 թվականից քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ գումարը քաղաքացիների աշխատավարձերից պահում ու վճարում է գործատուն: 


«Զինված ուժերում մահացությունների դեպքերով պաշտոնական տվյալները հեռու են իրականությունից». 14.02.2018 | բանակ

«Զինված ուժերում մահացությունների դեպքերով պաշտոնական տվյալները հեռու են իրականությունից».

Հայաստանցի պաշտոնյաները հերթական առիթն են գտել հայտարարելու, թե բանակը տարեցտարի դառնում է անվտանգ։ Օրերս զինվորական դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զինդատախազ Վահե Հարությունյանը հայտարարել է, թե 2017 թվականին բանակում հանցագործությունները նվազել են։ Մասնավորապես

«Ոչ ծառայությունից խուսափել եմ, ոչ էլ կխուսափեմ։ Ուղղակի ուզում եմ իմ առողջականը բուժեն». զինծառայող Արթուր Դավիթյան 10.02.2018 | բանակ

«Ոչ ծառայությունից խուսափել եմ, ոչ էլ կխուսափեմ։ Ուղղակի ուզում եմ իմ առողջականը բուժեն». զինծառայող Արթուր Դավիթյան

«Ահավոր թուլություն ունեմ, ցավեր՝ լյարդի ու երիկամի հատվածում։ Զորամասում շատ ենք տանջվում, դրան միանում է սրտիս ցավը, աչքերիս դեմն ա սևանում»,- ժամկետային զինծառայող Արթուր Դավիթյանը տառապում է Ժիլբերի համախտանիշով։ Պարբերաբար վատանում է ինքնազգացողությունը, ծառայության 7 ամիսների ը

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: