լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
25.12.2017 | բանակ

«երեխայիս մահից հետո ինձ համար էլ աշխարհ չկա, մոլորակը կանգնել ա․․․»(տեսանյութ)

«երեխայիս մահից հետո ինձ համար էլ աշխարհ չկա, մոլորակը կանգնել ա․․․»(տեսանյութ)
«Մինչև հիմա ուզում եմ հավատալ, որ Սարգիսը բանակում ա, հուլիսին զորացրվելու և տուն ա գալու։ Ամեն գիշեր ասում եմ՝ Սաք ջան, բարի գիշեր, անփորձանք ծառայություն քեզ, առավոտյան ասում եմ՝ բարի լույս, բալա՛, թեպետ քեզ համար արդեն մութ ա»,- մեկ ամիս առաջ Արցախում ականի պայթյունից մահացած Սարգիս Աբրահամյանի մոր խոսքերը հնչում են՝ ինչպես աղոթք առ զավակը։ 

Սուսաննա Հարությունյանն ամեն պահի խոսում է որդու հետ, նրան փոխանցում իր անսահման սերը․ «Երեխայիս մահից հետո ինձ համար էլ աշխարհ չկա, մոլորակը կանգնել ա․․․»։ Սարգիսի մարմինը ծնողներին փակ դագաղով են հանձնել։ 

Արցախի Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասում ականի պայթյունը խլել է 19-ամյա Սարգիս Աբրահամյանի ու ևս 2 զինծառայողների՝ սպա Գեղամ Զաքարյանի և ժամկետային զինծառայող Սարգիս Մելիքյանի կյանքը։ Ծանր վիրավորում է ստացել 19-ամյա Նարեկ Հովեյանը, որի մեկ աչքը հեռացվել է։ 

Զինծառայող Սարգիս Աբրահամյանի մահը ցնցել է ողջ Մասիս քաղաքը։ Հուղարկավորությունը ներկա էին հարյուրավոր համաքաղաքացիներ։ Մայրն ասում է՝ կհաշտվեր ցանկացած հարազատի մահվան հետ, բայց որդու մահը անհավատալի է․ «Բալեն ուրիշ բան ա, երեխու մահից դաժան բան չկա աշխարհում, ոչ մի մայր, թող չտեսնի էն, ինչ-որ իմ գլխին եկավ․․․»։ Թոռան մահվան վշտին չի դիմացել հիվանդ տատը․ հաջորդ օրը կնքել է մահկանացուն։ 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տարբերակված մոտեցում է ցույց տվել մահացած զինծառայողների ընտանիքների միջև։ Նոյեմբերի 23-ին Մուսալեռում ներկա է եղել սպա Գեղամ Զաքարյանի հուղարկավորությանը, բայց չի այցելել Մասիս՝ Սարգիս Աբրահամյանի ընտանիքին։ 

Սարգիս Աբրահամյանը սակրավոր էր։ Ծառայության էր մեկնել 2016-ի հուլիսի 6-ին։ Էջմիածնի ուսումնասկան զորամասում սակրավորի մասնագիտություն ստանալուց հետո տեղափոխվել է Արցախի Մարտակերտի զորամաս՝ սակրավորական վաշտ։ Սարգիսն ու ընկերները հաճախ էին գործ ունենում ականների հետ։ Զինվոր տղան մոր հետ կիսվում էր խնդիրներով, բայց ծառայողական հարցեր չէր քննարկում։ Սուսաննան որդու ձայնը վերջին անգամ ողբերգության օրն է լսել, տրամադրությունը լավ էր՝ մարտական։ Ական տեղադրելու մասին Սարգիսը երբեք մորը չէր տեղեկացնում, որ չանհանգստանա։ Նոյեմբերի 21-ին, զինվորը թերևս կանխազգացել էր մահը․ 

«Էդ օրը ինձ ասեց՝ մամ ջան, պատրաստվում ենք բարձրանանք վերև, մին տեղադրելու ենք գնում։ Էլ չզանգես, որ ինձ չանհանգստացնես։ Ես իջնեմ, եթե գիշերն ուշ եղավ, չեմ զանգի, բայց առավոտ շուտ հենց լուսացավ քեզ կզանգեմ»։ Սարգիսը մահից առաջ հրաժեշտ է տվել նաև ընկերուհուն։ Ընկերուհին Սարգիսին խնդրել է ական տեղադրելիս ուշադիր լինել․ «Սաքը ասել էր՝ դե որ ես չգամ, բերելը կա ու կա, երեխես կանխազգացել էր մահը․․․»,- ասում է Սուսաննան։ 

Սարգիս Աբրահամյանի ընտանիքին Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը չի այցելել ու չի բացատրել, թե ի՞նչ պայմաններում է մահացել իրենց որդին և ո՞վ է մեղավոր նրա մահվան մեջ։ Հայտնի է, որ ականի տեղադրմանը մասնակցած սպա Գեղամ Զաքարյանը 2 ամսվա սպա էր։ Սարգիսի մայրը բանակի հրամանատարությունից պահանջում է մյուս զինծառայողների հետ չվարվել այնպես, ինչպես իր որդու՝ ականի տեղադրումը հանձնարարել փորձառու մասնագետների․ 

«Եթե սպան փորձառու լիներ, ոչ իրա կյանքը կգնար, ոչ էլ մեր բալաների։ Սաքիս ասում եմ՝ բալա ջան, թող մենք լինենք վերջին որդեկորույս ծնողները, դու լինես վերջին մահացած զինվորը։ Մեղք են մեր մայրերն էլ, զինվորներն էլ․․․։ Պահանջս ի՞նչ ա՝ խի՞ են երկու ամսվա ծառայող սպային ուղարկում մին տեղադրելու։ Համ ինքը գնաց, համ մեր երեխեքին տարավ»։ 

Աբրահամյանների ընտանիքն ունի անպատասխան հարցեր, բայց վախենում են դրանց պատասխաններից․ 

«Թող ես իմանամ, որ իմ բալեն հավերժ զինվոր մնաց Մարտակերտում․ հավերժ զինվոր․․․ մամայից խռովել ա, չի զանգում, չի զանգում․․․ դաժան ա, դաժան, դաժան․․․»։ 

Կենսախինդ տղային Մասիսում սիրել են բոլորը։ Որտեղ Սարգիսն էր՝ այնտեղ ուրախություն ու ծիծաղ էր։ Ուներ անգնահատելի հումորի զգացում։ Բայց և աշխատող էր՝ չարաճճի։ Մայրը խոստացել էր՝ հենց նրան բանակ տանեին, զանգելու է հրամանատարին խնդրի, որ ձեռքը զենք չտան․ «Ասում էր մամ ջան, տենց մի ասա, դու կտեսնես թե ինչ ձևի եմ ծառայելու»։  Բայց մոր այդ զգուշավորությունն ավելորդ էր։ Բանակում Սարգիսը պատրաստված զինվոր էր՝ կարգապահ և հմուտ։ Երբ Մարտակերտ տեսակցելու էին այցելում, վաշտի հրամանատարը ծնողներին ասում էր․ «Սարգիսը իմ տղան է, ձերը չի․․․»։ 

Մյուս մահացած զինվորը Սարգիս Մելիքյանն է՝ Վարդենիս քաղաքից։ Տղաները նույն վաշտից էին՝ մոտ ընկերներ։ Երբ ծնողները զորամաս էին այցելում, Սարգիսները միասին էին դուրս գալիս տեսակցության։ Վարդենիսցի Սարգիսը մասիսցի ընկերոջից ավելի շուտ պետք է զորացրվեր։ Խոստացել էր ընկերոջ զորացրվելու օրն այցելել Մարտակերտ, ու իր մեքենայով տուն բերել։ Զինվորների երազանքն այդպես էլ չիրականացավ։ 

Տիկին Սուսաննան, որ մասնագիտությամբ բուժքույր է, ասում է՝ միշտ մտածել է, որ բժիշկը սխալվելու իրավունք չունի։ Հիմա արդեն վստահ է՝ սխալվելու իրավունք չունի նաև զինվորը։ Սարգիս որդու մահվան լուրը Աբրահամյան ընտանիքին հայտնել է Սուսաննայի ամուսնու եղբայրը։ Այդ օրերին ծանր հիվանդությամբ տառապում էր տատիկը, և բոլորի ուշադրությունը նրան էր ուղղված։ Երեկոյան անակնկալ այցով նրանց տուն է գալիս Սուսաննայի տեգրը` Աշոտը, ասելով, թե մորն է այցելել, բայց իրականում՝ գույժ էր բերել․ 

«Խոսում էինք տատիկից, բայց ընդհանրապես Աշոտի պետքը չէր։ Մեկ էլ ասեց՝ մեր Սաքին խփել են․․․ չոքեցի դեմն ասի՝ Աշոտ հո բան չի՞ եղել, պատասխանեց՝ եղել ա։ Ու էլ չեմ հիշում ինչ ա կատարվել․․․»։ 

Սարգիս որդու մասին Սուսաննան ներկայով է խոսում՝ կգա հուլիսն ու իր զինվորը կվերադառնա ծառայությունից․․․։ Կյանքը կտար որդու ձայնը նորից լսելու համար․ 

«Երեխես կյանքով ու նպատակներով լեցուն էր։ Ասում էր՝ պապ ջան, բանակից կգամ, տունը կվերանորոգեմ, կողքի տարածքում էլ ախպորս համար տուն կսարքեմ»։ 

Ականի պայթյունը փլեց նաև ընտանիքի հույսերն ու նպատակները, որ մնացին անկատար։ 

Զինծառայող Սարգիս Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» համար մեդալով։ Աբրահամյանների մյուս տղան՝ Ալիկը, նույնպես Մարտակերտի զորամասում է ծառայել, 3 ամիս առաջ է վերադարձել։ Եղբայրներն իրար հետ ծառայել են վեց ամիս։ 20-ամյա Ալիկ Աբրահամյանը ապրիլյան պատերազմի մասնակից է, բայց ինչպես շատ այլ զինծառայողների, նրա դեպքում էլ Պաշտպանության նախարարությունն անշնորհակալ է գտնվել՝ զինգրքույկում չնշելով ապրիլյան պատերազմին մասնակցած լինելու մասին։ 

Ռոբերտ Անանյան   
3286
Print
բանակ
Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին 25.05.2018 | բանակ

Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից 24.05.2018 | բանակ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին այլ աշխատանքի տեղափոխելու և պաշտոնից ազատելու հարցով: Այս մասին հայտարարել է վարչապետը՝ կառավարության նիստի սկզբում։ 


«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից  «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար 23.05.2018 | բանակ

«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Քարվաճառի սահմանին ձյան տակ մնացած ու ցրտահարության արդյունքում երկու ոտնաթաթերն ու կրունկը կորցրած Վարդենիսի բնակիչ Ալբերտ Մարտոյանն այժմ անդամահատված ոտքերով, փայտին հենված ստիպված է մի կերպ Երևան հասնել ու դիմել լրատվամիջոցի օգնությանը՝ հաշմանդա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: