լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.10.2017 | բանակ

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ»

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ»
Երևանի Ավան և Նոր-Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Այսօրվա նիստում վկա, նույն ինստիտուտի կուրսանտ Արայիկ Թամրազյանը արժեքավոր տեղեկություն հայտնեց: 

Նա պատմեց, որ այս գործով գլխավոր ամբաստանյալ Գնել Թևոսյանը, Հայկազ Բարսեղյանի դիակը գտնելուց հետո շարքում կանգնած հետևյալ խոսակցությունն է ունեցել կուրսանտ Գոռ Ասլանյանի հետ: 

 «Գնել Թևոսյանը Գոռ Ասլանյանին ասաց՝ հետ մի նայի, դեմդ նայի: Մի անգամ էլ Գոռ  Ասլանյանը հետ նայեց, Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ»,- պատմեց վկան: 

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դիակը գտել էին 2015 թվականի հունվարի 29-ի վաղ առավոտյան՝ մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հայկազի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:  

Առանցքային ամբաստանյալը հենց Գնել Թևոսյանն է, ում հայրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանն է: Մարկոսյանն այս դեպքից հետո աշխատանքից ազատվել էր և մեղադրվում էր պաշտոենական դիրքը չարաշահելու միջոցով որդու սովորելու ընթացքում նրա համար զորամասում արտոնյալ պայմաններ ստեղծելու մեջ: 

Վկա Արայիկ Թամրազյանը պատմեց, որ սպանության օրը ոչինչ չի տեսել, իսկ հաջորդ առավոտյան, երբ արթնացել է, միջանցքից գոռոց է լսել: Դուրս է եկել, մոտեցել է այն ննջարանին, որտեղ նաև Հայկազ Բարսեղյանն էր քնում, տեսել է նրա անկողինն արյունոտ է, իսկ Հայկազը չկա: Հետո կուրսանտները գնացել են փնտրելու Հայկազին և գտել են նրա դիակը՝ կախված վիճակում: 

Վկան ասաց, որ ամբաստանյալներ Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը իր հետ նույն ննջարանում են քնել, հունվարի 29-ի առավոտյան, երբ ինքն արթանցել է, Նորիկ Սահակյանն արդեն վեր էր կացել, իսկ Մովսես Ազարյանին դժվարությամբ արթնացրին քնից: Բայց թե երբ էին նրանք եկել քնելու, վկան դա չէր տեսել: 

Վկաներից Հովհաննես Հովհաննիսյանին էլ պաշտպաններն ու ամբաստանյալները բազմաթիվ հարցեր ուղղեցին: Նա հարցերի մեծ մասին պատասխանում էր, թե չի հիշում: Ըստ վկայի՝ դեպքի վաղեմության պատճառով մանրամասներ չի հիշում: Սակայն նա ևս արժեքավոր տեղեկություն հայտնեց դատարանին: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Հայկազ Բարսեղյանի դիակը գտնելուն նախորդած ուշ երեկոյան ինքը միջանցքում դաս սովորելիս տեսել է, թե ինչպես են ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը թևանցուկ տանում Հայկազին: 

Հարցերին, թե Հայկազ Բարսեղյանի վիճակն արտառո՞ց էր, վկան պատասխանեց. «Այո, նա ուշագնաց էր, արտառոց վիճակում»: 

Հետո ամբաստանյալները վերադարձել էին: Գնել Թևոսյանի փաստաբան Արա Զաքարյանի հարցին, թե ինքը նրանց վերադարձից հետո չհետաքրքրվեց, թե ո՞ւր տարան Հայկազին, ի՞նչ էր տեղի ունեցել նրա հետ, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ չէր պատկերացնում, թե նրան թևանցուկ տարած ամբաստանյալները կարող էին կապ ունենալ Հայկազի վատ վիճակի հետ և նրանց հարցեր չէր ուղղել: 

Վկան ասաց նաև, որ դեպքի մասին տեղյակ չի պահել հերթապահին կամ ինստիտուտի ղեկավարությունի որևէ մեկին, որովեհտև մտածել է, թե նրանք տեղյակ են, որ Հայկազը վատ է զգում, և նրան տարել են: 

Ամբաստանյալ Գնել Թևոսյանը ևս մի քանի հարց ուղղեց վկային: Նա փորձում էր հիշեցնել դեպքերը, բայց վկան ասաց, որ չի հիշում մանրամասները: Ամբաստանյալներին ակնհայտ դուր չեկավ, որ Հովհաննես Հովհաննիսյանը պատմեց, որ տեսել է, թե ինչպես են թևանցուկ տարել Հայկազին: 

Այսօրվա նիստում դատավորը սանկցիա կիրառել Հայկազ Բարսեղյանի հոր՝ Արկադի Բարսեղյանի նկատմամբ, քանի որ նա նկատողություն արեց ու վիրավորեց ամբաստանյալներից Մովսես Ազարյանին: Արկադի Բարսեղյանին դատավորը դուրս հրավիրեց նիստերի դահլիճից: 

Ամբաստանյալ Մովսես Ազարյանը աչքի էր ընկնում ագրեսիվ պահվածքով ու դժգոհում, որ վկաները գալիս են դատարան ու հայտարարում, թե ոչինչ չեն հիշում: Դատավորը նրան կարգի հրավիրեց և նախազգուշական սանկցիա կիրառեց՝ սպառնալով հաջորդ անգամ նման պահվածքի կրկվելու դեպքում տևական ժամանակ նրան զրկել նիստերին մասնակցելու հնարավորությունից:    

Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը դժգոհ է դատավարության ընթացքից: 

«Տևական ժամանակ է, հետաձգում են նիստերը տարբեր պատճառներով: Գործով դեռևս, եթե չեմ սխալվում 12 վկա դեռ պետք է հարցաքննվի, բայց մի վկան մեկ ամիս է՝ տարվում-բերվում է»,- forrights.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը: 

Նա նշեց, որ վկաների հիմնական խնդիրն այն է, որ դեպքից երկար ժամանակ անցնելու պատճառով չեն հիշում մանրամասները: Բոլոր հարցերին վկաները գրեթե պատասխանում են, թե չեն հիշում: 

«Նախաքննական ցուցմունքներում նրանք բովանդակալից պատմել են ամեն ինչ, ոչ միայն գործողություններն են պատմել, այլ խոսակցությունների մանրամասները: Վկաների ցուցմունքների մեծ մասը ամբաստանյալների դեմ են խոսել, բայց այդքանից հետո ամբաստանյալների ծնողների մոտ դեռ զայրույթ է առաջանում: Նորիկ Սահակյանի մայրը մի քանի նիստ առաջ հենց բակում հարձակվեց վկայի վրա: Սպանությունից հետո Նորիկ Սահակյանի հայրն էր գնացել այդ տղայի տուն և խնդրել, որ Հովհաննսեը ցուցմունքը հետ վերցնի, թե չէ, ասել էր, տղուս կտանեն, կնստացնեն»,- ասաց Արկադի Բարսեղյանը: 

Նրա խոսքով՝ ամեն ինչ ակնհայտ է, թե ով է սպանել իր որդուն, միայն որդու սենյակակիցները՝վեց վկաներ ամեն ինչ պատմել են՝ որպես ականատես, հետևաբար գործի քննությունն այսքան ձգձգելու կարիք չկա: Ամբաստանյալ Գներ Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը նույնպես խնդիր համարեց այն, որ վկաները չեն հիշում մանրամասները: 

«Այս գործն աչքի է ընկնում նրանով, որ չգիտես ինչու բոլոր վկաները դատաքննության հենց առաջին օրվանից գերթե ոչինչ չեն հիշում և ասում են, որ պնդում են իրենց նախաքննական ցուցմունքները: Սա մտահոգության տեղիք է տալսի, ո՞նց կարող է երիտասարդ մարդկանց մոտ հիշողության կորուստ լինի: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ինչ-որ մեկը նրանց ուղղորդում է, թե ինչպես պահեն իրենց դատարանում»,- դժգոհեց փաստաբանը: 

 Ըստ փաստաբանի՝ մի շարք դեպքերով ինքը վկաների ասածները կասկածի տակ է դնում: «Ըստ այդ վկաների՝ մոտ 40 րոպե տուժողին ծեծել են սենյակում, խեղդել են և այլն, բայց փորձաքննությամբ ոչ մի մասնիկ չի հայտնաբերվել տուժողի մարմնի վրա, որը կպատկաներ մեր պաշտպանյալներին: Սա ուղղակի ցնցող է, անգամ մեկ մատնահետք չեն հայտնաբերել»,- նշեց Արա Զաքարյանը: 

 Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին:

Ռոզա Հովհաննիսյան
304
Print
բանակ
«Երբ սպանում են զինվորին՝ մահանում է ոչ միայն զինվորը, այլ մի ամբողջ ընտանիք». սպանված կուրսանտի հայր 11.12.2017 | բանակ

«Երբ սպանում են զինվորին՝ մահանում է ոչ միայն զինվորը, այլ մի ամբողջ ընտանիք». սպանված կուրսանտի հայր

«Թող ցանկացած զինվոր հասկանա, որ իր կողքի զինվորներից ամեն մեկը մի տան ճրագ է. Երբ սպանում են զինվորին՝ մահանում է ոչ միայն այդ զինվորը, այլ մի ամբողջ ընտանիք՝ նրանք էլ դատապարտվում են դանդաղ մահվան»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվա

զինվորական դատախազությունը ճնշում է գործադրում անչափահաս վկայի նկատմամբ 8.12.2017 | բանակ

զինվորական դատախազությունը ճնշում է գործադրում անչափահաս վկայի նկատմամբ

Զինվորական դատախազությունը Ռազմական ոստիկանության միջոցով ճնշումներ  է սկսել Մեղրիի զորամասում օգոստոսի 20-ին մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ընկերուհու՝ 17-ամյա Աննա Ավետիսյանի նկատմամբ։ Վերջինս Անդրանիկ Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործում կարևոր վկա է։ Ցուցմունք

«ինձ մոտ 800 մետր քարերի ու հողերի միջով ընկերներս ձեռքերի վրա իջեցրել են դիրքերից» (տեսանյութ) 5.12.2017 | բանակ

«ինձ մոտ 800 մետր քարերի ու հողերի միջով ընկերներս ձեռքերի վրա իջեցրել են դիրքերից» (տեսանյութ)

«Ձայներ պարբերաբար լսվել էին, բայց դեպքի օրը ձայները արտասովոր էին ու մոտ, զենքի լիցքավորման ձայներ եմ լսել և ոտնաձայներ: Բարձրացա, որ դիտարկում անեի, բայց այնքան, որ չերևամ, հենց թեքվելու պահին էլ կրակեցին»: Թշնամու դիպուկահարի արձակած 2 գնդակից 1-ը վնասել է Լևոնի աջ թոքը, լյարդ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: