լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.01.2016 | բանակ

«պապ ջան, եթե էսօր չմեռա, ուրեմն անմահ եմ»՝ տեսանյութ

«պապ ջան, եթե էսօր չմեռա, ուրեմն անմահ եմ»՝ տեսանյութ
Դեկտեմբերի 18-ին շարքային զինծառայող Սիդար Ալոյանը երկու անգամ էր թշնամու կրակի տակ հայտնվել: Առաջին անգամ նա մահվանից խուսափել էր առավոտյան, հրաշքով էր փրկվել, հակառակորդի կրակոցներից միայն զինվորական կասկան էր գլխից ընկել: 

19 ամյա զինվորը զանգահարել էր հորը՝ Իգոր Ալոյանին և արձանագրել. «Պապ ջան, եթե էսօր չմեռա, ուրեմն անմահ եմ»:     

Բայց ինչ եղավ՝ եղավ այդ օրը. օրվա վերջում թշնամու գնդակը գտավ նրան և Սիդարը զոհվեց: Հրազենային երկու վնասվածք էր ստացել, որոնցից մեկը` մահացու:     

«Սիդար, նշանակում է հով անող, ծառերի ստվեր գցող: Նա եկավ, բոլորիս վրա գցեց իր ստվերը ու գնաց... իր անվան պես»,- ողբում է Սիդարի տատը`  իրեն ազգությամբ քուրդ-եզդի համարող Զինան, ով պահել՝ մեծացրել է իր որդու՝ Իգորի չորս տղաներից առաջնեկին՝ Սիդարին:       

66 ամյա Զինան շատ էր սիրում թոռանը և կորստյան ցավն անտանելի է, սակայն զսպում է իրեն և փորձում է արժանապատվորեն ներկայացնել Սիդարին, ինչպես որ կա:       

«Սիդարը ծառայության գնալիս պարծենում էր: Ասում էր` էնպիսի պատիվ- հարգանքի կարժանանամ, որ անունս կթնդա աշխարհով: Մենք լաց էինք լինում… Հորն ու մորը ասում էր` մի վախեցեք, կտեսնեք, թե ինչպիսի հարգանքով կվերադառնամ: Ինչի՞ եք վախում: Ես ոչնչից չեմ վախենում»:     

Ըսռ պաշտոնական հաղորդագրության 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից զոհվել է ժամկետային զինծառայող շարքային Սիդար Իգորի Ալոյանը:       

Սիդարը գյուղի առաջին զոհն է: Արագածոտնի մարզի եզդիաբնակԱլագյազ գյուղի ողջ համայնքը՝ 110 ընտանիք սգում է զինվորի մահը: Ալագյազի գյուղապետը պատմում է, որ բոլորը  առանձնահատուկ վորաբերմունք ունեին Սիդարի նկատմամբ և գյուղի համար մեծ ողբերգություն է նրա մահը:       

«Ցավալի է, բայց այսպես է: Եթե պատերազմ է` զոհեր էլ պետք է տանք: Եթե բոլորը նահանջեն, այս երկիրը ո՞վ պետք է պահի»,- ասում է Ալագյազի գյուղապետ՝ Ազիզ Մհոյանը:     
Ալոյանների տան պատից կախված Սիդարի լուսանկարի շրջանակը փաթաթված է  եռագույն ժապավենով: : Տատը բացատրում է քրդական դրոշի գույների նշանակությունը.         

«Կարմիրը մեր արյունն է, դեղինը մեր արևն է, կանաչն էլ` հարատևությունը: Մեր դրոշի գույներն են»:     

Սիդարը Գյուղակադեմիայի ուսանող էր, Բոլոնյան պայմանագրով էր սովորում՝ ուսումը հետագայում արտասահմանում շարունակելու պայմանով: Նաև երաժշտական կրթություն էր ստացել՝դաշնակահար էր: Մեծ հաջողությունների էր հասել  սպորտում՝ արևելյան մարզաձևերից մի քանի գոտի ուներ:     

Գյուղապետն ասում է իր աչքի առաջ է մեծացել Սիդարը.       

«Նա շատ հանգիստ տղա էր, շատ հետաքրքիր բնավորությամբ: Ամբողջ օրը ճանապարհներին էր: Գնում էր Ապարան` երաժշտական դպրոց, հետո գնում էր կարատեի դասերի: Նա Բաթումիում սեւծովյան ավազանի մրցաշարին էր մասնակցել, երկրորդ տեղն էր զբաղեցրել ու հաղթեց ադրբեջանցի հակառակորդին: Սա շատ հետաքրքիր բան էր…»:     Հաղթել էր, բայց ընկավ հակառակորդի գնդակից:     

Սիդար Ալոյանը զինվորական ծառայության մեջ գտնվեց 11 ամիս: Ծնողմերը մեկ անգամ են այցելել իրենց որդուն այդ ամիսների ընթացքում՝ մասնակցել են զինվորական երդման արարողությանը: Ալագյազ մեր այցելության օրը՝ Սիդարի մահվան 7-րդ օրն էր: Սիդարի մայրը՝ 39 ամյա Խաթունը մեր հարցերին պատասխանում է լռությամբ և բացակայող հայացքով: Խոսում էր միայն տատը՝ Զինան՝ մեծի իրավունքով:     

«Կցանկանայի, որ Սիդարը Հայաստանում զոհված վերջին զինծառայողը լիներ: Ինչքան սա հայերի, այդքան էլ եզդիների հայրենիքն է: Մենք ապրել ենք միասին կողք-կողքի: Վիշտը մեծ է, իմ թոռն է, բայց նա նամուսով, թասիբով է մահացել, չի լքել իր պոստը, մնացել է կանգուն…», ապա խոսակցությունը կտրուկ ընդհատում է՝ «Մենք պիտի գնանք սար»:     

Նա տեղից վեր է կենում, կանայք նրան ուղեկցում են դեպի դուռը և հավաքված մարդիկ սկսում են դանդաղ բարձրանալ գյուղին մոտ գտնվող սարը: Ալագյազի գերեզմանատունը սարի վրա է, այդ բարձունքում է թաղված Սիդարը:       

Հ,Գ. Դեպքի առթիվ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու հատկանիշներով:      

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Սիդար Ալոյանին  հետմահու պարգևատրել է  Արիության մեդալով:   

Անի Գևորգյան   

Տեսանյութ՝ Թեհմինե Ենոքյան
3288
Print
բանակ
մարտական դիրքում զինծառայող է զոհվել 11.10.2017 | բանակ

մարտական դիրքում զինծառայող է զոհվել

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։  

2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կ

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ» 9.10.2017 | բանակ

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ»

Երևանի Ավան և Նոր-Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Այսօրվա նիստում վկա, նույն ինստիտուտի կուրսանտ Արայիկ Թամրազյանը արժեքավոր տեղեկություն հայ

ականի պայթյունից 19 ամյա զինծառայող է  մահացել 1.09.2017 | բանակ

ականի պայթյունից 19 ամյա զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: 


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: