«Միայն այն միտքը, որ մարդկանց խմբավորում և առանձնացնում են, արդեն իսկ խտրական վերաբերմունք է անձի նկատմամբ։ Իմ երեխաները պետք է լիարժեք ապրեն այն հասարակությունում, որը պատկանում է նաև մեզ՝ ոչ ներառականներիս»։

44-ամյա Արմինե Ավագյանը, ով իր խնամքին հաշմանդամություն ունեցող երկու աղջիկ ունի՝ 24-ամյա Մերին և 14-ամյա Ռուզաննան, ուղղակի ապշած է «Հայկական Կարիտաս» ՀԿ «Երեխաների քաղաք» ծրագրից։ Այն նախատեսում է «ապահով օթևան տրամադրել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխայի՝ իրենց ընտանիքների հետ միասին։ Արմինեի կարծիքով՝  սա ամենավտանգավոր նախագծերից մեկն է, որին ինքն ականատես է եղել․

«Իմ երկու աղջիկներն էլ լսողության խնդիր ունեն, Մերին՝ նաև խոսքի արտահայտման դժվարություն, սակայն մեր մտքով երբևէ չի անցել նրանց առանձնացնել, կտրել հասարակությունից։ Հաշմանդամություն ունեցող անձիք խոցելի են, քանի որ ամեն պահ խոչընդոտների են հանդիպում, այս դեպքում՝ մեր վերաբերմունքով, կրկնակի խոցելի կդարձնենք նրանց։ Տեղի կունենա «մենք» և «նրանք» տարաջատումը՝ «նրանք», «նրանց» քաղաքը, «նրանց» կենտրոնը։ Նմա՞ն հասարակության մոդել ենք ուզում ստեղծել»,- Forrights-ի հետ իր մտահոգությունները կիսեց տիկին Արմինեն։

Արմինեն առաջարկում է նախատեսած գումարը բաշխել մարզերին կամ ընտրել մեկ քաղաք և այն հնարավորինս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետությանը․

«Բավականին կլորիկ գումար է նախատեսվում ծրագրով, որի իրականացումը կնշանակի փողերի անիմաստ վատնում։ Ոչ մի մտահոգ ծնող իր երեխային չի կտրի հասարակությունից ու տանի վանդակում փակելու, որքան էլ որ այդ վանդակը գեղեցիկ ու հարմարավետ լինի; Թող այդ գումարը, օրինակ, տրամադրեն Արտաշատին կամ Արմավիրին, որն էլ թող դա ներդնի ներառական կրթության ինստիտուստի կատարելագործմանը»,- առաջարկում է Արմինեն։

Նրա, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող այլ երեխաների ծնողների հետ ծրագրի շրջանաներում քննարկում տեղի չի ունեցել։ Ծնողներն առաջին իսկ օրվանից են իրենց բողոքն արտահայտել ծրագրի մասին, հուսալով, որ իրենց ձայնը տեղ կհասնի և այդ «անթույլատրելի ծրագիրը կյանքի չի կոչվի»։

«Մենք սա համարում ենք մեկուսացման տանող ծրագիր, որը բացարձակ չի համապատասխանում ներառականության մեր պատկերացումներին»

«Երեխաների քաղաք» նախագծի շուրջ քննարկումը սկսվեց, երբ Կառավարությունը որոշում կայացրեց Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում  անհատույց տարածք տրամադրել «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությանը:

«Այդ տարածքում նախատեսվում է ստեղծել սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք՝ «Երեխաների քաղաք»»,- պարզաբանվեց նիստում։

Ծրագիրն ակնհայտ հակասում էր ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներին, ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 8-ին հաստատած ծրագրին և ՀՀ կառավարության կողմից այժմ իրականացվող մի շարք այլ ծրագրերի։

«Երեխաների քաղաք» ծրագրի մասին միանգամից բացասական դիրքորոշում հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և մի շարք իրավապաշտպան կառույցները։

Նախագիծը մի քանի փոփոխությունների ենթարկվելուց հետո հանրային քննարկման դրվեց e-draft կայքում։ Մասնավորապես, նախագծից դուրս մնաց «հաշմանդամություն ունեցող անձիք» ձևակերպումը, առաջ գալով «կարողությունների զարգացմանն ուղղված բազմաբովանդակ գործառույթներ» ենթատեքստով նախադասությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որն առաջին իսկ օրվանից բացասական դիրքորոշում է հայտնել ծրագրի վերաբերյալ, այսօր ևս նույն մտքին է։ «Մենք սա համարում ենք մեկուսացման տանող ծրագիր, որը բացարձակ չի համապատասխանում ներառականության մեր պատկերացումներին»,- Forrights-ի հետ զրույցում նշեցին նախարարությունից։

Նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հայտարարում է՝ քանի դեռ նախարարության համար անհասկանալի հարցեր են մնում, իրենք չեն փոխելու նախնական դիրքորոշումը․

«Միայն այն, որ ծրագիրը նախատեսված է սոցիալապես անապահով մարդկանց և հաշմանդամություն ունեցող անձանց համար, արդեն իսկ խիստ հակասում է ներառականության բոլոր կանոններին։ Մենք այս ծրագրին երբևէ կողմ չենք արտահայտվել, փոխարենն առաջարկել ենք որոշակի փոփոխություններ իրականացնել ծրագրում։ Այստեղ մեկ խնդիր չէ, որը մենք տեսնում ենք, դրանք բազմաթիվ են»- նշեց Մարտիրոսյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին մտահոգությունն է հայտնում «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

«Ծրագրի իրականացումն այս տարբերակով կնպաստի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի և խարանի խորացմանը»,- իր մտահոգությունն է հայտնում ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Անընդունելի է ցանկացած նախագիծ, որը տանում է մեկուսացվածության»

Ծրագրի վերաբերյալ քննարկում շահառու կողմերի և հաշմադամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ եղել է միայն մեկ անգամ, այն էլ միայն նախորդ ամիս, ոչ թե «Հայկական Կարիտաս»-ի նախաձեռնությամբ, այլ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Հանդիպմանը մասնակցած «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը Forrights—ին պատմեց, որ քննարկման ժամանակ նախագծի հեղինակներին առաջարկվել է ծրագրի միջոցներն ուղղել և մարզում կառուցել այնպիսի կառույց, որը միաժամանակ կծառայի բոլորին և չի բերի մեկուսացման․

«Ծրագիրը պետք է փոխվի ամբողջությամբ՝ հրաժարվելով հատկացված հողատարածքում ծրագիրը կյանքի կոչելու նպատակադրումից և ջանքերն ուղղել Հայաստանի գյուղերում, քաղաքներում բնակվող սոցիալապես դժվարին իրավիճակում գտնվող և կամ հաշմանդամություն ունեցող երեխաների արժանապատիվ և ներառական մանկություն ունենալու համար հավասար հնարավորությունների և պայմանների ստեղծմանը: Նախագիծը չպետք է հակասի ներառականության սկզբունքին։ Անընդունելի է ցանկացած նախագիծ, որը տանում է մեկուսացվածության»,- նշեց իրավապաշտպանը։

«Հայկական Կարիտաս» կազմակերպությունից մեզ տեղեկացրին, որ այս պահին տնօրեն Գագիկ Տարասյանը տեղում չէ և չգիտեն, թե երբ կվերադառնա։ Մեր մյուս զանգերը՝ մնացին անպատասխան։ Հիշեցնենք, որ դեռևս օգոստոս ամսին, ՀԿ-ից մեզ տեղեկացրին, որ ծրագրի մասին մանրամասներ կներկայացվեն սեպտեմբերին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Անցել է գրեթե 3 ամիս, սակայն ոչ մի ասուլիս այդպես էլ տեղի չի ունեցել։

Հավելելնք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի, «Երեխաների քաղաք»-ի մակերեսը կկազմի շուրջ 1 հա տարածք, ծրագրի արժեքը՝ կհասնի 1 մլն ԱՄՆ դոլլար, իսկ իրականացման համար նշվել է 3 տարի ժամանակահատված։

Նախագիծն այս պահին լրամշակման փուլում է։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest