Քրեակատարողական ծառայությունը խրախուսանքի է արժանացնում ցմահ  դատապարտյալին, Դատախազությունը՝ շտապում կասեցնել այն դատապարտյալները բողոքում են

Օրեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Forrights-ին էին դիմել մի խումբ ցմահ դատապարտյալներ։ Նրանք բողոքում են. Դատախազությունն իրենց ձեռքից «խլում է» մեծ դժվարությամբ ստացած խրախուսանքները․

«Քրեակատարողական ծառայության 100-ամյակի շրջանակներում միջոցառումներ են կազմակերպվել, որին մասնակցել է նաև ամուսինս։ Իր ձեռքով պատրաստված աշխատանքներն են ցուցադրվել, մի մասը շախմատ է խաղացել, գրավել առաջին կամ երկրորդ տեղը։ Հենց դրանց շնորհիվ էլ ծառայության կողմից արժանացել են խրախուսանքների։ Դե բոլորիս համար էլ գաղտնիք չէ, թե ինչ դժվարությամբ է խրախուսանք տրվում դատապարտյալներին, այն էլ՝ ցմահներին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց ցմահ դատապարտյալներից մեկի կինը, ով ցանկացավ անանուն մնալ։

Խրախուսական մրցանակներ ՔԿՀ-ում ստացել են չորսը՝ յուրաքանչյուրը խրախուսանքի համար «պայքարել» է իր աշխատանքով։ Երկուսը ներկայացրել են ձեռագործ իրեր, մյուսները՝ մասնակցել շախմատի առաջնությանը։

«Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը, խրախուսանք տրամադրելուց մեկ ամիս անց, Գլխավոր դատախազության միջնորդությամբ կասեցրել և անվավեր է ճանաչել հոկտեմբերի 8-ի իր այն որոշումը, ըստ որի դատապարտյալները մասնակցել են միջոցառումների, դրսևորել դրական վարքագիծ, ինչն իրեն թույլատրել է խրախուսանքների ներկայացնել դատապարտյալներին։

Ըստ Գլխխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի պարզաբանման՝ դատախազի որոշումները պայմանավորված են եղել դրանց անհիմն, առարկայազուրկ կամ անօրինական լինելու հանգամանքներով․

«Դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելիս հաշվի չի առնվել սոցիալական, հոգեբանական, իրավական և դաստիարակչական աշխատանքներին նրանց մասնակցությունը և որևէ կերպ չի հիմնավորվել, թե նրանց նկատմամբ վերջին անգամ տույժի միջոց կիրառվելուց հետո ինչպիսի գործողություններով են դրական վարքագիծ դրսևորել, որոնք հիմք են հանդիսացել խրախուսանքի միջոցներ կիրառելու համար»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Աբրահամյանը։

Քրեակատարողական օրենսգրքի 93-րդ հոդվածը, սակայն, հակադարձում է Դատախազությանը։ Մասնավորապես, դատապարտյալների նկատմամբ կարող է կիրառվել խրախուսանք իրենց օրինապահ վարքագծի, աշխատանքի և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաև դրական վարքագծի դրսևորման համար, որոնք, փաստացի, դրսևորվել են դատապարտյալների կողմից։

Դատախազությունը մատնանշում է, որ դատապարտյալներից մեկի փաստաթղթերում նշվել է, թե 2016թ. փետրվար-ապրիլ ամիսներից սկսած՝ պատշաճ կերպով և մեծ պատասխանատվությամբ կատարել է իրեն տրված հանձնարարությունները, ինչպես նաև դրսևորել է օրինապահ վարքագիծ, «մինչդեռ անհասկանալիորեն այդպիսի վարքագծի պայմաններում մինչև 2019թ. օգոստոս ամիսը նրա նկատմամբ խրախուսանքի միջոց չի կիրառվել»։

Այստեղ Դատախազությանը հակադարձում են հենց իրենք՝ դատապարտյալները․

«Իրենք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչքան անհնար բան ա արժանանալ էդ մի հատիկ խրապուսանքի։ Տույժեր տալիս են ամեն փոքր բանից, ու չեն մտածում, որ էդ կարա մեր գործերի վրա ազդի, բայց ինչ ա թե մի հատ խրախուսանք են տվել, պետք ա մեր քթերից բերե՞ն»,- վրդովված նշեցին նրանք։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար զարմանում է. Դատախազությունը որտեղից է իմացել, որ դատապարտյալները խրախուսվել են։ Ըստ նրա՝ Դատախազությունը որևէ իրավասություն չունի միջամտել դատապարտյալ-ՔԿՀ կապին․

«Դատապարտյալի մասին առավել ինֆորմացիա կարող է իմանալ այն քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվում է անձը։ Հիմնարկն է ամենօրյա շփում ու աշխատանք տանում դատապարտյալի հետ, ուստի միայն նրան է իրավունք վերապահված տույժի կամ խրախուսանքի արժանացրել դատապարտյալին։ Դատախազությունն այստեղ որևէ անելիք չունի, որ կողմնակի ձևով միջամտի և միջնորդի անհիմն ճանաչել կամ կասեցնել խրախուսանքը։ Այս կառույցը հետին նպատակ է հետապնդում անել հնարավոր ամեն ինչ, որ դատապարտյալները չկարողանան պատժի կրման ռեժիմի փոփոխության կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար դիմել»,- նշեց իրավապաշտանը։

Նշենք, որ խրախուսանքները դատապարտյալներին օգնում են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, պատժի կրման ռեժիմի փոփոխության, ներման խնդիրագիր ներկայացնելու և մի շարք այլ հարցերում, ուստի դատապարտյալների համար շատ կարևոր նշանակություն են ունենում խրախուսանքները։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest